Հայրական կողմից եղել է Լենկթեմուրի, իսկ մայրական կողմից՝ Չինգիզ խանի հետնորդներից մեկը։ 12 տարեկան հասակում հորից ժառանգել է Ֆերգանայի գահը։ 1504 թվականին նվաճել է Քաբուլը։ 1519 թվականին արշավանք է կատարել դեպի Հնդկաստան, 1525 թվականին՝ Դելի։ 1526 թվականին հիմնադրել է Հնդկաստանում Մեծ մողոլների պետությունը։ Իր արշավանքի պատմությունն է տվել «Բաբուր-նամե» ինքնակենսագրական երկում, ուր պատկերել է նաև ավատական ավագանու բարքերը, դարաշրջանի սովորույթները։ Թողել է նաև քնարական բանաստեղծությունների մի ժողովածու («Դիվան»)։ Գրել է չաղաթայերեն․ հետագայում նրա երկերը թարգմանվել են պարսկերեն և այլ լեզուներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 196)։