Jump to content

Գագիկ Հարությունյան (լուսանկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Հարությունյան (այլ կիրառումներ)
Գագիկ Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1946(1946-09-22)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 30, 2021(2021-11-30) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունլուսանկարիչ

Գագիկ Հարությունի Հարությունյան (սեպտեմբերի 22, 1946(1946-09-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 30, 2021(2021-11-30), Երևան, Հայաստան), հայ վավերագրող լուսանկարիչ, հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Հարությունյանը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 22-ին, Երևանում։ 1965 թվականին ավարտել է Երևանի Հաստոցաշինական տեխնիկումը` մետաղների սառը մշակման տեխնոլոգիայի մասնագիտացմամբ։ 1964-1971 թվականներին աշխատել է Երևանի տարբեր գործարաններում որպես հաստոցագործ և ինժեներ։ 1965 թվականին սկսել է զբաղվել լուսանկարչությամբ։ 1968 թվականին ղեկավարել է Պատանի տեխնիկների կայանի ֆոտոխմբակը[3][4]։

Գագիկ Հարությունյանը ինքնուս է, սկսել է լուսանկարել պատանի հասակում` հորից նվեր ստացած ֆոտոխցիկով, տարված է եղել լուսանկարչության ուսումնասիրությամբ։ Հարությունյանի հիմնական հետաքրքրությունների առարկան ու ոգեշնչման աղբյուրն են եղել լեհական, չեխական, գերմանական, հունգարական ֆոտոամսագրերում տեղ գտած հատկապես չեխ և լեհ լուսանկարիչների ավանգարդիստական աշխատանքները։

Գագիկ Հարությունյանն իր գործունեությունը սկսել է սկզբնապես ուսումնասիրելով նախ արխիվային նյութը, այնուհետև անդրադարձել է այնպիսի թեմաների, որոնցով նա փոխանցել է իր ժամանակաշրջանի նկարագիրը։ Հարությունյանի վավերագրական, ֆոտոռեպորտաժային լուսանկարները բովանդակային առումով բազմաշերտ են և այլաբանական։ Լուսանկարիչն ուղիղ ձևով չի փոխանցել իր ասելիքը, այլ թույլ է տվել, որ դիտողն ինքը մտածի, լրացնի և իր անհատական ընկալմամբ հասկանա[3]։

Գագիկ Հարությունյանն իր գործունեությունն սկսել է 1971 թվականին՝ որպես «Կոմսոմոլեց» թերթի թղթակից և աշխատել է մինչև 1974 թվականը։ 1976-1989 թվականներին Հարությունյանն աշխատել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում», բազմիցս գործուղվել է մի շարք եվրոպական ու աֆրիկյան երկրներ՝ Դանիա, Ֆրանսիա, Հունաստան, Ավստրիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Հունգարիա, Գվինեա, Սենեգալ, Գերմանիա, Մերձբալթյան հանրապետություններ, Ռուսաստան և այլն։ Հարությունյանը չի հետաքրքրվել ճամփորդական բնույթի թեմաներով. նա ամենուրեք փնտրել է մարդուն, փորձել ծանոթանալ նրա հոգսերին ու խնդիրներին։ Այս փնտրտուքների ընթացքում լուսանկարիչն ակնկալվող տարբերությունների փոխարեն խորը նմանություններ է գտել, ինչպես ինքն է նշել․

Ես տեսա, որ մարդն ամենուր նույնն է …[3]

Հարությունյանի հետաքրքրությունների շրջանակում են եղել մասնավորապես հետևյալ թեմաներով` բնապատկեր, մարդու փոխհարաբերությունը բնական միջավայրի հետ, քաղաքական կյանք և սիմվոլիկ լուսանկարչությունը։

Հարությունյանի աշխատանքները շարքերով հրապարակվել են հայաստանյան ամսագրերում, մասնավորապես` «Սովետական Հայաստան», «Հայաստանն այսօր», «Գարուն» ամսագրերում, 1970-1980-ականներին ցուցադրվել են «Ժուռնալիստների տանը» և «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության» շենքում կազմակերպվող ցուցահանդեսներին[3]։

1981 թվականին Հարությունյանի համագործակցությունը «Գարուն» ամսագրի հետ զգալի ազդեցություն է թողել գեղարվեստական լուսանկարչության ընկալումների փոփոխության վրա։

1989-1991 թվականներին որպես լուսանկարիչ Հարությունյանն աշխատել է արդեն «Հայք», «Անդրադարձ» և «Զինվոր» թերթերում։ Հարությունյանի վավերագրական լուսանկարներն անընդմեջ տպագրվել են հայաստանյան, ինչպես նաև ռուսական և արևելաեվրոպական մամուլում։ 1993-1999 թվականներին դասավանդել է Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում` որպես գեղարվեստական լուսանկարչության ուսուցիչ[3]։

1990-ականների վերջերին խորը հիասթափություն վերապրելով՝ Հարությունյանը ոչնչացրել է իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն։ Պահպանված սևապատկերներից շուրջ երկու հարյուրը վերականգնվել ու տպվել են վերջերս և վերականգնման համար անհրաժեշտ է եղել շուրջ վեց տարի։

1997-2009 թվականների ընթացքում Հարությունյանը ոչնչացրել է գրեթե երկու հազար ժելատին արծաթե լուսանկար և սևապատկեր` համոզված լինելով, որ դրանք այլևս որևէ մեկին չեն հետաքրքրի։ 1990-ականների վերջերին թողել է լուսանկարչությունը, սակայն, բարեբախտաբար, սևապատկերները պահպանվել են։

2000-2013 թվականներին հիմնականում աշխատել է որպես կահույքագործ[3]։

Հարությունյանն իր աշխատանքներով նորովի է ներկայացնում մարդուն, կյանքը, հայրենիքը, սերը, մարդկային ողբերգությունն ու մշակույթը։ Նրա արվեստի բնորոշ, ընդհանուր գիծը սերն է[3]։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1977 - «Հայաստան, հողը և մարդիկ», ԱՕԿՍ, Երևան,
  • 1978 - «Բարև Դանիա», ԱՕԿՍ, Երևան,
  • 1979 - «Ֆրանսիա», ԱՕԿՍ, Երևան,
  • 1980 - «Հայաստան, հողը և մարդիկ», Հայաստանի ժուռնալիստների տուն, Երևան,
  • 1981 - Անհատական ցուցահանդես, Բուդապեշտ, Գյոր, Հունգարիա,
  • 1983 - Անհատական ցուցահանդես,Կոնակրի, Գվինեա,
  • 1983 - Գագիկ Հարությունյան, Nei Liicht ֆոտո ցուցասրահ, Լյուքսեմբուրգ,
  • 1984 - Աֆրիկա, Հայաստանի ժուռնալիստների տուն, Երևան,
  • 1989 - «Բելգիա», AOKS, Երևան,
  • 2000 - «Ղարաբաղ», Lew Kopelew Forum, Քյոլն, Գերմանիա,
  • 2017 - «Ժամանակի ստվերները. Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը, 1970-1995», Հայաստանի նկարիչների միություն,
  • 2020 - «Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը», Գեղագիտության ազգային կենտրոն։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը «Ժամանակի ստվերները. Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը, 1970-1995» ցուցահանդեսին ընդառաջ նախաձեռնել և իրականացրել է Հարությունյանի ծավալուն առաջին պատկերագրքի հրատարակումը։ Պատկերագրքի հեղինակն է Վիգեն Գալստյանը։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գալստյան Վիգեն։ Ժամանակի ստվերները. Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995, Լուսադարան հայ լուսանկարչության հիմնադրամ, Մշակույթների երկխոսություն հիմնադրամ, Երևան, 2017։
  • Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ196-201։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մահացել է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը
  2. «ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Ես տեսա, որ մարդն ամենուր նույնն է». Գագիկ Հարությունյանի արվեստը դուրս է ֆոտոլրագրության սահմաններից
  4. «Սև ու սպիտակի մեջ թաքնված գույների վարպետը` Գագիկ Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2023-07-25-ին. Վերցված է 2021-12-01-ին.