Բալթիմորի գեղարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալթիմորի գեղարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ, թանգարանի շենք և հրատարակչություն
Երկիր ԱՄՆ[1][2][3]
ՏեղագրությունԲալթիմոր[4][1][3][…]
ՎայրCharles Village?[5][6]
Ղեկավարության նստավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[7]
Հասցե10 Art Museum Dr, Baltimore, MD 21218-3898[5][8][8][…]21218[5][8][8][…]
Հիմնադրվել է1914[4][9][10][…]
ՏնօրենFlorence Nightingale Levy?[11], Adelyn Dohme Breeskin?[12] և Charles Percy Parkhurst?[13]
Կայքartbma.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Բալթիմորի գեղարվեստի թանգարան (անգլ.՝ Baltimore Museum of Art, համառոտ` BMA), գեղարվեստի թանգարան ԱՄՆ-ի արևելքում` Բալթիմոր քաղաքում։

Հիմնադրվել է 1914 թվականին։ Թանգարանի շենքը կառուցվել է 1929 թվականին, դասական ոճի շինություն է` Ջոն Ռասել Պոուպի նախագծով կառուցված հին հռոմեական տաճարի նմանությամբ։ Բալթիմորի գլխավոր թանգարանի կոչմանն արժանանալու համար մրցում է Ուուլթերսի գեղարվեստի թանգարանի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականի մեծ հրդեհից հետո, որը վնասել էր քաղաքի կենտրոնը, որոշում ընդունվեց վերամշակել Բալթիմորի թանգարանի ստեղծման գլխավոր պլանը։ 1914 թվականին ստեղծված Քաղաքային գեղարվեստի թանգարանի սկզբնական հավաքածուն տեղակայվեց Պիբոդի կոնսերվատորիայում։ Հավաքածուն մի քանի անգամ փոխեց իր տեղակայության վայրը, մինչև որ 1927 թվականին Ջ.Պոուպի նախագծով և ճարտարագետ Հենրի Ադամսի մասնակցությամբ ստեղծված եռահարկ շինությունը 1929 թվականին բացվեց հանրության առջև։

Թանգարանի հավաքածուն ավելացավ մասնավոր հարուստ նվիրատվությունների շնորհիվ, ինչը պահանջում էր ընդլայնել թանգարանի տարածքը։ 1950 թվականին կառուցվեց Սեյդի Մեյի թևը (անգլ.՝ Saidie A. May Wing), 1956 թվականին՝ Վուդվորդի թևը (անգլ.՝ Woodward Wing), իսկ 1957 թվականին՝ Կոունի թևը (անգլ.՝ Cone Wing): Շինության այդ նոր բաժինները նախագծել են ճարտարապետներ Ռենը (անգլ.՝ Wrenn), Լյուիսը (անգլ.՝ Lewis) և Ջենքսը (անգլ.՝ Jencks) Պոուպի սկզբնական շինության ոգով։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ներառում է 90 000 ցուցանմուշ։ Եվրոպական ավանդական արվեստից բացի հետաքրքրության են արժանի նախակոլումբոսյան քաղաքակրթությունների, խաղաղօվկիանոսյան կղզիների և Ասիայի արվեստի բաժինները, Անտիոքի անտիկ խճանկարների և Կոուն քույրերի հավաքածուները։ Առանձին թև է հատկացված ժամանակակից արվեստի ցուցադրությանը։

Աֆրիկյան արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալթիմորի գեղարվեստի թանգարանն ԱՄՆ-ի առաջին թանգարաններից մեկն է, որ ցուցադրում է աֆրիկյան արվեստի հավաքածու։ Դրա մեծ մասը թանգարանին են նվիրաբերել Ջանեթ և Ալան Վյուրցբուրգերները (անգլ.՝ Wurtzburger) 1954 թվականին։ Այսօր հավաքածուն ներառում է ավելի քան 2000 առարկա Հին Եգիպտոսից մինչև ժամանակակից Զիմբաբվե, ինչպես նաև աֆրիկյան տարբեր մշակույթների նմուշներ` ներառյալ արվեստի տարբեր տեսակներ, գլխի զարդեր, դիմակներ, քանդակներ, գործվածքներ, զարդեր, շքահանդեսային զենքեր և կերամիկա։

Ներկայացված է նաև աֆրիկյան ժամանակակից արվեստը։

Ամերիկյան արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի ամերիկյան մշակույթի աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը, որը ներառում է գաղութային շրջանից մինչև 20-րդ դարի վերջը։ Հասկանալի պատճառներով շատ լավ է ներկայացված Բալթիմորի արվեստը` Չարլզ Պիլի, Ռոմբրանդ Պիլի և այդ ընտանիքի այլ անդամների դիմանկարները, «Սամուել Կիրկ և որդի» ընկերության արծաթները, Ջոն և Հյու Ֆինլիների պատրաստած կահույքը։

Գեղանկարչության հավաքածուի մեջ ներառված են 18-19-րդ դարերի դիմանկարներ, բնանկարներ և ամերիկյան իմպրեսիոնիզմից մինչև մոդեռնիզմի այլ կտավներ, այդ թվում` Ջոն Սինգլտոն Կոպլիի, Թոմաս Սալիի, Թոմաս Իկինսի, Ուիլյամ Քենդալի, Ջոն Սինգեր Սարջենթի, Չայլդ Հասսամի և Թոմաս Հարթ Բենթոնի աշխատանքները։

Ցուցադրությունը լրացնում են փորագրությունների և նկարների հավաքածուները, ինչպես նաև ժամանակակից լուսանկարները, այդ թվում` Իմոջեն Քանինգեմի, Ման Ռեյի, Պոլ Ստրենդի և Ալֆրեդ Ստիգլիցի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]