Արարատյան բարբառ
Արարատյան բարբառ (նաև՝ Երևանի բարբառ) - հայերենի ում ճյուղի քառաստիճան բաղաձայնական համակարգի բարբառ։
Խոսվում է Արարատյան դաշտում, մասամբ նաև՝ Վայոց ձորում, Լոռու և Գեղարքունիքի մարզերում։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արարատյան բարբառը հայոց լեզվի հնագույն տարբերակներից է։ Արևելյան բարբառախմբի -ում ճյուղի այս բարբառը անցել է զարգացման բավականին երկար ուղի։ Արարատյան բարբառի հետքերն ի հայտ են եկել դեռևս 13-րդ դարի աղբյուրների մեջ։ Այսպես, Վարդան Բարձրաբերդցին գրում է. «Ամենու սիրտն հետ քեզ լաւ են, և քեզ աղօթք են առնում»։ Այս նախադասության մեջ Երևանի բարբառից նկատում ենք անկատար դերբայը, դերբայական խոնարհումը և նախադասության կառուցվածքը, որտեղ օժանդակ բայն ընկնում է դերբայից առաջ։ Երևանի բարբառի դրսևորումներ նկատելի են նաև 15-րդ դարի հեղինակների գործերում, բայց այն լավագույնս իր արտահայտությունն է գտել 17-րդ դարի վաճառական Զաքարիա Ագուլեցու օրագրային գրառումներում («Օրագրություն»)։ Վերջինս գրել է ժողովրդին հասկանալի, պարզ լեզվով, թեև նրա խոսքում նկատվում է նաև Ջուղայի և Ագուլիսի բարբառների ազդեցությունը։ 1675 թվականին Մարսելում հրատարակված «Արհեստ համարողության» և 1687 թվականին Վենետիկում լույս տեսած «Պարզաբանություն» աշխատությունները Արարատյան բարբառի առաջին գրավոր աղբյուրներից են։ Արարատյան բարբառն ուներ տարածքային մեծ ընդգրկունություն` Արևելյան Հայաստանի կենտրոնական մաս, Նախիջևան, Աստապատ, Կաղզվան, Ճակատք (Սուրմալու), Խանլար, Շահումյան և այլն։ Արարատյան բարբառով խոսող բնակավայրեր կան Վրաստանի Մառնեուլի շրջանում։ Սակայն Շահ-Աբասի մեծ գաղթը, ինչպես նաև 1827 թվականի ռուս-պարսկական պատերազմները մեծ հետք թողեցին բարբառի տարածքային ընդգրկման վրա։ Ներկայումս Արարատյան բարբառն ընդգրկում է ՀՀ բազմաթիվ բնակավայրեր` Աշտարակ, Էջմիածին, Արմավիր, Նաիրի, Կոտայք։ Արարատյան բարբառի խոսվածքներից տարածքային ամենամեծ ընդգրկվածությունն ունի Լոռին։ Բջնին, Արզականը, Ալափարսը Հրազդանում, Դդմաշենը, Ծաղունքը Սևանում նույնպես մտնում են Արարատյան բարբառի սահմանների մեջ։
Ըստ Հր. Աճառյանի՝ այս բարբառի մեջ են մտնում Բայազետի եւ Թավրիզի ենթաբարբառները։
Հնչյունական կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արարատյան բարբառն ունի վեց պարզ ձայնավոր՝ ա, է, ի, ը, օ, ու։ Այս ձայնավորների արտասանությունը բառացի զուգադիպում է մեր ժամանակակից արևելահայ գրական լեզվի ձայնավորների արտասանությանը։ Արարատյան բարբառի ձայնավորները և հատկապես «ու» ձայնավորը սղվում են շեշտվող վանկից թե′ առաջ և թե′ հետո (օրինակ՝ գը′րըմ էմ, դա′շտըմը)։ Երևանի բարբառի բաղաձայնական համակարգը քառաստիճան է, այսինքն՝ ենթարկված է երկրորդ աստիճանի լրիվ տեղաշարժին։ Գրաբարի համեմատությամբ բառասկզբի ձայնեղները արտասանվում են շնչեղ ձայնեղ, բառամիջի խուլերը արտասանվում են ձայնեղ, բառասկզբի խուլերը մնում են խուլ, իսկ շնչեղները մնում են շնչեղ։
Արարատ Ղարիբյանն իր «Հայ բարբառագիտություն» (Ե., 1948) գրքում[1] առանձնացնում է բաղաձայնների մասնակի փոփոխության հետևյալ դեպքերը.
- «Հ» հնչյունը «ո»-ից առաջ արտասանվում է ֆ, օրինակ՝ ֆօտ>հոտ, ֆող>հող, ֆօքի>հոգի, ֆօրթ>հորթ։
- «Խ» հնչյունը վերածվում է «հ» հնչյունի, եթե բառի մեջ հաջորդող բաղաձայնը «ղ» է, օրինակ՝ հաղալ>խաղալ, հեխդել>խեղդել, հավող>խաղող, հեղճ>խեղճ։
- «Ր» հնչյունը որոշ բառերի մեջ դուրս է ընկնում, օրինակ՝ դուս>դուրս, նես>ներս, աժել>արժել։
- «Ր» և «ղ» հնչյուններից հետո բառամիջում և վերջում ձայնեղ հնչյունները վերածվում են շնչեղ խուլերի, օրինակ՝ մարթ>մարդ, կարք>կարգ, վօրփ>որբ։
- «Տ» կապակցությունը դառնում է «նն», օրինակ՝ գետնին>գէննին, ոտներ>վօննէր։
- «Ղ» հնչյունը խուլ հնչյուններից առաջ արտասանվում է «խ», օրինակ՝ կեխդօդ>կեղտոտ, մէխք>մեղք։
- «Ր» հնչյունը խուլ պայթականներից առաջ արտասանվում է կոշտ «ր», երբեմն էլ՝ «ռ», օրինակ՝ առտ>արտ, առծիվ>արծիվ։
- Ռնգայիններից հետո, ինչպես նաև մյուս դեպքերում ձայնավորներից հետո կամ առաջ խուլ հնչյունները արտասանվում են ձայնեղ, օրինակ՝ աշագէրդ>աշակերտ, հարգ>հարկ, ճանջ>ճանճ։
- Բառամիջում ձայնավորներից հետո բոլոր ձայնեղները արտասանվում են շնչեղ խուլ, օրինակ՝ ֆօքի>հոգի, կարաք>կարագ, մարաք>մարագ։
Արարատյան բարբառում գրաբարյան երկբարբառների փոխարեն պարզ հնչյուններ են։ Օրինակ՝ «այ» երկբարբառի փոխարեն՝ ա բառավերջում և է բառասկզբում և բառամիջում՝ էս, էտ, էն>այս, այդ, այն, էրէխա>երեխայ։ «Իւ» և «ոյ» երկբարբառների դիմաց Արարատյան բարբառում «ի» պարզ հնչյունն է, օրինակ՝ քոյր>քիր, հարիւր>հարիր, լոյս>լիս։
Ձևաբանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արարատյան բարբառին բնորոշ է շեշտը բառերի վերջընթեր վանկի վրա դնելը՝ ի տարբերություն գրական լեզվի։ Հոգնակին կազմվում է գրական լեզվի նմանությամբ՝ միավանկ բառերը ստանում են «էր», իսկ բազմավանկ բառերը «նէր» վերջավորությունը, օրինակ՝ ձի-ձիեր, սիրդ-սըրդեր։ Մի շարք գոյականներ ունեն «արէնք» վերջավորություն (գեղարէնք, տէղարէնք), «տիք» վերջավորություն (կընկըտիք կամ կընանիք), «տինք» վերջավորություն (ախպըրտինք-եղբայրներ)։ Արարատյան բարբառի հոլովումը գրականին շատ մոտ է։ Հիմնական տարբերությունն այն է, որ Արարատյան բարբառը բոլոր հոլովներում հոդ է ստանում (դառդիցը, սարէրըմը և այլն)։ Ներգոյական հոլով ունեն և′ անձ, և′ առարկա ցույց տվող գոյականները (քըվօրըմ(ը), ախպօրըմ(ը)), այնինչ գրական լեզուն անձ ցույց տվող գոյականներից ներգոյական հոլով չի կազմում։
Ածականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արարատյան բարբառում ածականների արտահայտած հատկանիշն առավել ուժեղ շեշտվածությամբ արտահայտելու համար հաճախ ածականը կրկնվում է՝ սիրուն-սիրուն ախչիգ (շատ սիրուն աղջիկ), մէ-մէնձ մարդ (խոշոր մարդ)։
Դերանուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքիր է հատկապես դերանունների հոլովումը, թեպետ անձնական դերանունների հոլովումը շատ նման է գրական լեզվին.
Եզակի Հոգնակի
- Ուղղ. յէս դու մէնք դուք
- Սեռ. իմ քու մէր ձէր
- Տր. ինձ քէզ մէզ ձէզ
- Հայց. ինձ քէզ մէզ ձէզ
- Բաց. ինձանից քէզանից մէզանից ձէզանից
- Գործ. ինձանօվ քէզանօվ մէզանօվ ձէզանօվ
- Ներգ. ինձանում քէզանում մէզանում ձէզանում
Ցուցական դերանուններ
Եզակի
- Ուղղ. էս էդ էն
- Սեռ. ըստուր ըդուր ընդուր
- Տր. » » »
- Հայց. էս էդ էն
- Բաց. ըստուց ըդուց ընդուց
- Գործ. ըստօվ ըդօվ ընդօվ
- Ներգ. ըստում ըդում ընդում
Հոգնակի
- Ուղղ. ըստօնք ըդօնք ընդօնք
- Սեռ. ըստօնց ըդօնց ընդօնց
- Տր. » » »
- Հայց. նման է տրականին կամ ուղղականին
- Բաց. ըստօնցից ըդօնցից ընդօնցից
- Գործ. ըստօնցօվ ըդօնցօվ ընդօնցօվ
- Ներգ. ըստօնցըմ ըդօնցըմ ընդօնցըմ
Մյուս դերանունները նման են գրական լեզվին։
Խոնարհում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արարատյան բարբառն ունի երեք խոնարհում` էլ, իլ, ալ. իլ խոնարհումը լինում է սովորաբար ժխտականի դեպքում։ Բաղադրյալ ժամանակները կազմվում են դերբայով և օժանդակ բայով։
Ներկա – գըրըմ էմ, գըրըմ էս, գըրըմ ա, գըրըմ էնք, գըրըմ էք, գըրըմ էն
Անցյալ անկատար – գըրըմ ի, գըրըմ իր, գըրըմ էր, գըրըմ ինք, գըրըմ իք, գըրըմ ին
Ապառնի – գրելու յէմ, գրելու յէս, գրելու յա, գրելու յէնք, գրելու յէք, գրելու յէն
Անցյալ ապառնի – գրելու յի, գրելու յիր, գրելու յէր, գրելու յինք, գրելու յիք, գրելու յին
Վաղակատար – գրէլ էմ, գրէլ էս, գրէլ ա, գրէլ էնք, գրէլ էք, գրէլ էն
Անցյալ վաղակատար – գըրէլ ի, գըրէլ իր, գըրէլ էր, գըրէլ ինք, գըրէլ իք, գըրէլ ին
Հարակատար – գրած էմ, գրած էս, գրած ա, գրած էնք, գրած էք, գրած էն
Անցյալ հարակատար – գըրած ի, գըրած իր, գըրած էր, գըրած ինք, գըրած իք, գըրած ին
Անցյալ կատարյալ – գրէցի, գըրէցիր, գըրէց, գըրէցինք, գըրէցիք, գըրէցին
Ըղձական և պայմանական եղանակները նման են գրական լեզվին, տարբերությունը միայն այս եղանակների անցյալ ապառնիի կազմության մեջ է.
Ըղձական եղանակ – գըրի, գըրիր, գըրէր, գըրինք, գըրիք, գըրին։
Պայմանական եղանակ – կըգըրի, կըգըրիր, կըգըրէր, կըգըրինք, կըգըրիք, կըգըրին։
Ապառնի - պըդի գըրէմ կամ գըրիլ պըդէմ, պըդի գըրէս կամ գըրիլ պըդէս, պըդի գըրի կամ գըրիլ պըդի, պըդի գըրէնք կամ գըրիլ պըդէնք, պըդի գըրէք կամ գըրիլ պըդէք, պըդի գըրէն կամ գըրիլ պըդէն։
Անցյալ ապառնի – պըդի գըրի կամ գըրիլ պըդի, պըդի գըրիր կամ գըրիլ պըդիր, պըդի գըրէր կամ գըրիլ պըդէր և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղարիբյան, Արարատ (1947). Հայ բարբառագիտություն. Երևան: Հեռակա Մանկավարժական Ինստիտուտի հրատարակչություն. էջեր 72–88.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկանուշ Մեսրոպյան։ Երևանի բարբառի ընդհանուր բնութագիրը (հոդված)։ http://aybuben.com/st19
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 699)։ |