Աստվածածնա պար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստվածածնա պար, Ջավախքում պահպանված հայկական ծիսական պար, որը տարածված է եղել Կարինի շրջանում։ Պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի ընտանիքին։

Խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարը կապված էր հեթանոսական մայր աստվածության պաշտամունքի մնացորդների հետ, նվիրված էր մայրության և պտղաբերության աստվածուհուն՝ Անահիտին։ Պարը կատարում էին Խաղողօրհնեքի տոնին, որը նույնպես կապված էր պտղաբերության հետ։ Հետագայում այս պարի կատարումը վերագրվեց Մարիամ Աստվածածնին, իսկ պարել սկսեցին միայն Աստվածածնա վերափոխման տոնին, որը կրկին համատեղվեց Խաղողօրհնեքի տոնակատարության հետ։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը պարն ավանդաբար կատարել են տարին մեկ անգամ՝ Աստվածածնի Վերափոխման տոնին։ Հետագայում, Աստվածածնի պաշտամունքի խարխլման հետևանքով, պարն աստիճանաբար մոռացության է տրվել, մի բան, որը ծիսական պարերի համար դարձել է ընդհանուր երևույթ։

Պարային քայլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստվածածնա պարը» դանդաղ, հանդիսավոր պար է։ Պարում են կլոր, պարտադիր փակ շրջանով։ Կանգնում են կողք կողքի, երեսները դեպի շրջանի կենտրոնը։ Ձեռքերը բռնում են թևկախ, ափ ափի։ Գրառված «Աստվածածնա պարում» տեմպը դանդաղ է, ռիթմը՝ անհավասար։ Պարեղանակը 7/8 է։ Ամեն մի քայլը զբաղեցնում է 1/16 ժամանակ և նույնքան էլ դադար է պահվում։

Պարային քայլերն են․

  • աջ թաթով քայլ դեպի աջ՝ երկրորդ դիրքից կես թաթ առաջ,
  • ձախով քայլ միացում՝ վեցերորդ դիրքից կես թաթ առաջ,
  • կրկնել 1-ի քայլը,
  • ձախ ոտքի ծունկը 90˚ անկյամբ վեր բարձրացնել, ապա անկյունը բաց անելով՝ թաթն առաջ մղել մինչև աջ ոտքի ծնկի մակարդակը,
  • ձախ թաթով քայլ դեպի ձախ՝ երկրորդ դիրքից կես թաթ ետ,
  • աջ թաթը բարձրացնել ճիշտ այնպես, ինչպես ձախը 4-ին,
  • աջ թաթը միացնել ձախին՝ առանց մարմնի ծանրությունն ընդունելու։

Պարի բոլոր հաշիվներին կատարվում է մեկ ծունկկոտրուկ՝ 1/16 տևողությամբ։ Յուրաքանչյուր հաշվին քայլից հետո կատարվում է իրանի աջ ու ձախ 15˚ առանցքային թեքումներ, այսինքն՝ շորոր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աստվածածնա պար». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]