Այցեքարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկուտեղ Անտոն Դելվիգի, Դենիս Դավիդովի, Պյոտր Վյազեմսկու և այլ գործիչների այցեքարտերով, Վ.Լ.Պուշկինի տուն-թանգարան

Այցեքարտ, մարդու կամ կազմակերպության մասին կոնտակտային տեղեկատվության կրիչ։ Պատրաստվում է ոչ մեծ ստվարաթղթից կամ պլաստմասսայից։ Կան նաև CD-այցեքարտեր, որոնք պատրաստվում են 50×90մմ մակերեսով CD-սկավառակի վրա։ Կիրառելի են նաև փայտյա կամ մետաղյա այցեքարտերը։

Այցեքարտը ներառում է տիրոջ անունը, ընկերությունը (սովորաբար պատկերանիշի հետ միասին) և կոնտակտային ինֆորմացիա (հասցե, հեռախոսահամար և/կամ էլեկտրոնային հասցե)։

Փոխաբերական իմաստով «ինչ-որ բանի այցեքարտ» արտահայտությունը նշանակում է որևէ տարբերակող, բնութագրական հատկանիշ (հիմնականում դրական), որը մատնանշում է նրա տիրոջը, և որպես կանոն` նրան դարձնում ճանաչված և հայտնի։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանականորեն կարելի է առանձնացնել այցեքարտի հետևյալ տեսակները՝ անձնական (ընտանեկան), կորպորատիվ և գործնական։

Անձնական այցեքարտը սովորաբար օգտագործվում է ընկերական ծանոթությունների ժամանակ։ Այդպիսի այցեքարտի մեջ, որպես կանոն, նշվում է տիրոջ անունը, ազգանունը և հեռախոսահամարը։ Զբաղեցրած պաշտոնը և հասցեն կարելի է չնշել։ Այն կարելի է տպել ցանկացած դիզայնով և տիրոջ անձնական նախասիրություններին համապատասխան։

Կորպորատիվ այցեքարտը սովորաբար անուն և ազգանուն չի պարունակում։ Դրանում նշվում է ընկերության մասին ինֆորմացիա, գործունեության ոլորտը, մատուցվող ծառայությունների ցանկը, կոնտակտային հեռախոսահամարները, ինտերնետային հասցեն։ Կորպորատիվ այցեքարտն արտացոլում է ընկերության ոճը։ Կրում է գովազդային բնույթ և օգտագործվում ցուցահանդեսների, կոնֆերանսների, գործուղումների ժամանակ։

Գործնական այցեքարտն օգտագործվում է բիզնեսում, պաշտոնական հանդիպումների և բանակցությունների ժամանակ ապագա հաճախորդներին կոնտակտային տեղեկություն հաղորդելու նպատակով։ Այսպիսի այցեքարտում նշվում է գործարարի անունը, ազգանունը, պաշտոնը, ինչպես նաև ընկերության անվանումը և գործունեության տեսակը։ Ընդունված է սկզբում գրել անունը, հայրանունը, ապա ազգանունը։ Այցեքարտի վրա նշվում է նաև ընկերության ֆիրմային ոճը և պատկերանիշը։ Գործնական այցեքարտերն ունենում են խիստ դիզայն։ Պետական ծառայողների և քաղաքական գործիչների այցեքարտում կարող են նշվել նաև պետական տարբերակող նշաններ, այդ թվում՝ երկրի դրոշը և զինանշանը։ Գործնական այցեքարտերը պետք է պարունակեն հնարավորինս ընթեռնելի տառաչափ։ Խորհուրդ չի տրվում օգտագործել բարդ գեղարվեստական տառատեսակներ, շեղ կամ մուգ գրվածք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն պատմական վկայությունների` աշխարհի առաջին այցեքարտերը ի հայտ են եկել Հին Չինաստանում մ.թ.ա.3-2-րդ դարերում։ Չինական պաշտոնյաները, համաձայն հատուկ հրամանի, պարտավորվում էին ունենալ կարմիր թղթիկներ, որոնց վրա պետք է նշեին իրենց անունը և զբաղեցրած պաշտոնը։ Այդ այցեքարտերը այսօր էլ կարող են ծառայել որպես զսպվածության և էսթետիկության նմուշ. դրանցում չի պարունակվում ոչ մի ավելորդ տարր։

Հան դինաստիայի այցեքարտերի օրինակներ` е 謁 (yè), հայտնաբերվել են Ցզյանսու նահանգի Հուանշիյան վայրում։ Դրանք փայտից պատրաստված նմուշներ են 21,5×6,5 սմ չափի։ Այցելությունների ժամանակ հանձնելուց բացի դրանք նաև օգտագործվում էին թաղման արարողությունների ժամանակ մահացողի անունը և կարգավիճակը նշելու նպատակով[1]։

Այցեքարտերի մասին առաջին պաշտոնական հիշատակումը եղել է Լյուդովիկոս XIV-ի կառավարման տարիներին։ Այն ի հայտ է եկել Ֆրանսիայում և դարձել անհրաժեշտություն, ժամանակի բնակչության վերին խավի ներկայացման անբաժան պիտույք` դառնալով նրանց համար պարտադիր պարագա։ Ունենալով այցելուի անունը (այդտեղից էլ առաջացել է այցեքարտ անվանումը` ֆր.՝ Visite-այցելել) պարունակող խաղաքարտի տեսք` այցեքարտը իր տիրոջը ներկայացնում էր լավագույն կողմերից։

Առաջին տպագիր այցեքարտը գտնվել է Գերմանիայում և թվագրված է 1786 թվականով։ Այցեքարտերը դարձել էին շփման էթիկետի անհրաժեշտ պայման։ Գերմանական արիստոկրատիան հետևում էր ֆրանսիական փորձին։ Հետագայում այցեքարտերը դարձան միջին դասի կանանց և տղամարդկանց բնորոշ պարագա, իսկ ցածր դասի ներկայացուցիչները չունեին։

16-17-րդ դարերում Ֆլորենցիայի և Վենեցիայի քաղաքացիներն ունեին փորագրված այցեքարտեր (այն ժամանակ դրանք կոչվում էին «վիզիտե-բիլետե»)։ Հենց այդտեղ այդ ժամանակաշրջանում շատ զարգացած էր պոլիգրաֆիան։ Այցեքարտերի պատրաստումը հանդիսանում էր արվեստի յուրահատուկ տեսակ, որով զբաղվում էին ժամանակի լավագույն վարպետները։

Խցիկ այցեքարտերի համար, արտոնագրել է Ադոլֆ-Էժեն Դիզդերին 1854 թվականին

Նկարիչ-դիմանկարողները փորագրողների և վիմագիրների հետ արդյունավետորեն մրցակցելու նպատակով ձգտում էին ստանալ ավելի մեծ և տպավորիչ նկարներ։ 1854 թվականին Ադոլֆ-Էժեն Դիզդերին (1819-1890) Փարիզում արտոնագրեց «քարտ դե վիզիտը»։ Այն չորս օբյեկտիվ ունեցող լուսանկարչական ապարատ էր, որը նկարում էր 3,25×1,125 դյույմ չափի ութ նկար 6,5×8,5 չափի «ամբողջական» ֆոտոժապավենի վրա։ Այդ ութ նկարից յուրաքանչյուրը հանդիսանում էր 4×2,5 դյույմ չափի այցեքարտ և վաճառվում էր 4 դոլլարով։ Դա երկու անգամ ավելի էժան էր սովորական դիմանկարից։ Նորույթը մեծ հաջողություն ունեցավ` թույլ տալով ոչ միայն ընդլայնել հաճախորդների քանակը, այլև դառնալ հավաքածուների առարկա։ Մեծ պահանջարկ սկսեցին վայելել նշանավոր մարդկանց այցեքարտերը[2]։

Դիզդերին աշխատում և ծախսում էր հսկայական գումարներ։ 1866 թվականին «քարտ դե վիզիտի» պահանջարկը նույնքան անսպասելիորեն նվազեց, որքան որ սկսել էր։ Դիզդերին մտածեց իր անկող բիզնեսը թարմացնելուն ուղղված տարբեր նորույթներ, սակայն ոչինչ չօգնեց։ Նա չկարողացավ հաղթահարել իր իսկ ստեղծած էժանությունը. «քարտ դե վիզիտի» գինը իջավ մինչև մեկ դյուժինի համար մեկ դոլլարի։

Անհրաժեշտ էր գտնել որևէ միջոց տարբեր առիթներով ստացած բազմաթիվ այցեքարտերը պահպանելու համար։ Այդ նպատակով ստեղծվեց այցեքարտերի համար նախատեսված ալբոմ։ Դրանք հիմնականում վաճառվում էին սովորական գնով, սակայն կային նաև հատուկ մշակված և թանկարժեք կաշվից պատրաստված ալբոմներ։ Այդպիսի ալբոմները դառնում էին քննարկման հատուկ թեմա տարբեր արվեստանոցներում և սրահներում։

Չափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից այցեքարտը արտաքին տեսքը
  • ԱՊՀ-ում այցեքարտերի ընդունված չափը 90×50 միլիմետրն է։
  • Լայնորեն կիրառվում է ISO 7810 ID-1 ձևաչափը։ Այդպիսի չափ ունի նաև կրեդիտ քարտը` 85,6×53,98 մմ, երբեմն էլ 85×55 մմ։
  • Գովազդելիս ամենահարմարավետ ձևաչափը համարվում է այն, որը համապատասխանում է դրամապանակների համապատասխան բաժնին։
  • Հազվադեպ է հանդիպում A8 ձևաչափին համապատասխան ձևաչափը` 74×52 մմ։
  • ԱՄՆ-ում հիմնականում ընդունված է 3,5×2 դյույմ ձևաչափը (88,9×50,8 մմ, երբեմն էլ 89×51 մմ)։
  • Ճապոնիայում օգտագործվում է 91×55 մմ (3,582×2,165 դյույմ) ձևաչափը։
  • Կիրառելի է նաև «Ֆոտո» ձևաչափը` 100×65 մմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. E. Giele. «Excavated manuscripts» in Nylan-Loewe, China’s Early empires, 2010:132.
  2. Владимир Левашов. Лекции по истории фотографии / Галина Ельшевская. — 2-е изд.. — М.: «Тримедиа Контент», 2014. — 464 с. Лекции по истории фотографии, 2014, с. 60.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Владимир Левашов. Лекции по истории фотографии / Галина Ельшевская. — 2-е изд.. — М.: «Тримедиа Контент», 2014. — 464 с.
  • Джим Эйтчисон. Разящая реклама. Как создать самую лучшую в мире печатную рекламу брендов в XXI веке = Cutting Edge Advertising: How to Create the World’s Best Print for Brands in the 21-st Century. — 2-е изд. — М.: Вильямс, 2007. — 512 с. — ISBN 981-244-557-9.
  • Ильясов Ф. Н. Непрогнозируемая реклама // Со-общение. — 2001. — Вып. 5.