Ամպրոպ, մթնոլորտային երևույթ, արտահայտվում է ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող էլեկտրական պարպումների (կայծակի) ձևով, որոնք ուղեկցվում են որոտով։ Ամպրոպի առաջացումը կապված է հզոր կույտաանձրևային ամպերի զարգացման հետ և պայմանավորված է մթնոլորտի անկայուն հավասարակշռության վիճակով։ Ուղեկցվում է ուժեղ քամիներով և հորդառատ անձրևներով, որոշ դեպքերում՝ կարկուտով։ Ամպրոպը կարճատև երևույթ է (մինչև 2 ժ)։ Տարբերում են ամպրոպի ներզանգվածային (պայմանավորված են օդային զանգվածների ներսում ջերմափոխանցման զարգացմամբ) և ճակատային (ձևավորվումեն մթնոլորտային տաք ու ցուրտ ճակատների կույտաանձրևային և շերտաանձրևային ամպերում) տեսակներ, որոնք առանձնահատուկ երանգ են ստանում լեռնային ռելիեֆի պայմաններում։ Հայաստանում ամպրոպներով օրերի թիվը տարվա ընթացքում 20-70 (երբեմն՝ մինչև 100) է, հիմնականում՝ ապրիլ-հոկտեմբերին, առավելագույնը՝ մայիս-հունիսին։ Ամպրոպների 60-70 %-ը դիտվում է հետկեսօրյա ժամերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 330)։