Inspiration4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Inspiration4
Ընդհանուր տեղեկություններ
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Տիեզերանավի թռիչքային տվյալները
Տիեզերանավի անվանումը Crew Dragon C207 Resilience
Կրող հրթիռ Falcon 9 FT Block 5
Մեկնարկային հրապարակ Քենեդի տիեզերական կենտրոն
Արձակում 16 սեպտեմբերի 2021, 00:02:56 UTC
Վայրէջք 18 սեպտեմբերի 2021, 23:06:49 UTC[1]
Վայրէջքի վայրը Ատլանտյան օվկիանոս
Ուղեծրի բարձրությունը 585 կմ
Թեքում 51,6°
Անձնակազմի թռիչքային տվյալներ
Կապված արշավախմբեր
Նախորդող Հաջորդող

SpaceX Crew-2

SpaceX Crew-3


SpaceX Inspiration4 (անվանման ոճավորված տարբերակ՝ Inspirati④n), Crew Dragon տիեզերանավի ոչ պրոֆեսիոնալ անձնակազմի առաքելությունը․ անձնակազմում միայն տիեզերական զբոսաշրջիկներ էին ընդգրկված։

Տիեզերանավի թռիչքի մեկնարկը տրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։ Թռիչքը տևել է 3 օր՝ ավարտվելով 2021 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 03։06, տիեզերանավը բարեհաջող վայրէջք կատարեց Ատլանտյան օվկիանոսում։ Սա տիեզերագնացության պատմության մեջ առաջին արբանյակային տիեզերական թռիչքն է, որի մասնակիցները սիրողոկան տիեզերագնացներ են։ Ինչպես նաև հարկ է նշել, որ այս թռիչքը հաստատեց ևս մի քանի ռեկորդ՝

  • SpaceX-ի կողմից իրականացված առաջին մասնավոր տիեզերական առաքելությունն էր,
  • տիեզերքում էր գտնվում ԱՄՆ-ի ամենաերիտասարդ քաղաքացին,
  • տիեզերքում էր գտնվում պրոթեզակիր առաջին սևամորթ կինը՝ որպես տիեզերագնաց,
  • բացի այդ, առաքելության մեկնարկը հատեց նաև ուղեծրի վրա միաժամանակ գտնվող մարդկանց քանակի ռեկորդը (14)[2]։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերանավի հրամանատար Ջարեդ Այզեքմանը, որը Shift4 Payments ընկերության հիմնադիրն է, որոշեց դեպի տիեզերք թռիչքն օգտագործել, որպեսզի հավաքի 200 միլիոն դոլարի չափով նվիրատվություն՝ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում գտնվող Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի համար[3][4][5][6]։ Ջարեդ Այզեկմանն ամբողջությամբ վճարեց թռիչքի համար։ Անձնակազմի տեղերից մեկը վիճակախաղի տեսքով խաղարկվում էր հիվանադանոցի համար նվիրատվություն կատարածների միջև։ Մյուս տեղը, ըստ մրցույթի արդյունքների, վիճարկվում էր այն ձեռնարկատերերի միջև, որոնց առաջարկվել էր ստեղծել առցանց-խանութներ՝ հիվանդանոցի հետ կապված, և սոցիալական կայքերում իրականացնել ծրագրի գովազդը։ Երրորդ տեղը հատկացված էր հիվանդանոցի անձնակազմի աշխատակիցներին[2][7]։ Անձնակազմը[8]՝

Անուն Պաշտոն
Ջարեդ Այզեքման անձնակազմի հրամանատար 1
Սիան Պրոկտոր օդաչու 1
Քրիստոֆեր Սամբրոսկի թռիչքի մասնագետ 1
Հեյլի Արսենո թռիչքի մասնագետ 1

Անձնակազմի անդամների մասին տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջարեդ Այզեկման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջարեդ Այզեկման — Shift4 Payments ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն, վճարումների դիտարկման ոլորտում ինտեգրվող որոշումների առաջատար։ Նա ընկերությունը հիմնել է իր տան նկուղում 1999 թվականին, երբ ինքն ընդամենը 16 տարեկան էր, իսկ հետո այն վերածեց 1200-ից ավելի գործընկերներ ունեցող, վճարային տեխնոլոգիաների ոլորտում գործող առաջատար ընկերության։

Այզեկմանը, լինելով ռեակտիվ ինքնաթիռի փորձառու օդաչու, սահմանել է մի շարք համաշխարհային ռեկորդներ, այդ թվում՝ 2008 և 2009 թվականներին կատարած շուրջերկրյա, արագություն զարգացնող թռիչքները, որոնք գումար էին հավաքում Make-a-Wish հիմնադրամի համար։ Նա Black Diamond Jet թիմի կազմում մասնակցել է ավելի քան 100 ավիաշոուների՝ յուրաքանչյուր ելույթը ծառայեցնելով նվիրատվությանը։ 2011 թվականին Այզեկմանը դարձավ աշխարհի խոշորագույն մասանվոր ռազմաօդային ընկերություններից մեկի՝ Draken International-ի հիմնադիրը, որն զբաղվում էր ԱՄՆ զինված ուժերի օդաչուների նախապատրաստմամբ[8]։.

Սիան Պրոկտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիան Պրոկտոր — ձեռնարկատեր, երկրաբան, մանկավարժ, հանրային կապերի մասնագետ։ 2010 թվականին մասնակցել է Discovery Channel-ի «Գաղութ»(The Colony) ռեալիթի շոուին[9], որտեղ կամավորների խումբն ապրում էր անապատային մեկուսացված միջավայրում։ Որպես տիեզերագնաց-նմանակիչ՝ մասնակցել է 4 առաքելություններում՝ 2 շաբաթ Mars Desert Research Station (MDRS)-ում, 2 շաբաթ LunAres Habitat-ում՝ լեհական Պիլա քաղաքում գտնվող լաբորատորիայում։ Պրոկտորը նաև մասնակցել է HI-SEAS-ի յոթամսյա՝ 2013 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսների առաքելությանը, ինչի արդյունքների հիման վրա՝ ծովամթերքի մասին գիրք է գրել (Meals for Mars)[10], մասնակցել է ՆԱՍԱ-ի երկշաբաթյա գիտափորձին, որը տիեզերական առաքելություն էր[4]։ Վերջինիս անձնակազմում միայն կանայք էին (Sensoria I)։ Առաքելությունը տեղի ունեցավ 2020 թվականին Հավայի մեծ կղզում[11][12][13]։

Քրիստոֆեր Սամբրոսկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆեր Սամբրոսկին հանդիսանում է տիեզերագնացության բնագավառի ինժեներ։ Ավելի վաղ նա եղել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայող, մասնակցել է Իրաքյան պատերազմին[14]։ Վիճակախաղով թռիչք իրականացնելու իրավունքը շահել էր նրա ընկերը, սակայն չկարողացավ թռչել և իր տեղը հատկացրեց Քրիստոֆերին[2]։

Հեյլի Արսենո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Հեյլի Արսենոն 10 տարեկան էր, նրա ծունկն սկսեց ցավել։ Նրա բժիշկը կարծում էր, որ դա ընդամենը հյուսվածների պրկում է, բայց ամիսներ անց անալիզները ցույց տվեցին, որ Հեյլին տառապում է օստեոսարկոմայով, ինչը ոսկորների քաղցկեղի տարատեսակ է։ Հեյլիի ընտանիքը դիմեց Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում գտնվող Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոց, որպեսզի երեխային բուժեն և խնամեն։ Բուժման գործընթացն իր մեջ ներառում էր քիմիաթերապիա և վիրահատական միջամտություն՝ վերջույթները փրկելու նպատակով։ Այժմ Հեյլին լիովին ապաքինված է։ 2014 թվականին նա ստացել է իսպաներենի բակալավրի աստիճան, իսկ 2016 թվականին՝ բժշկի օգնականի աստիճան։ Այժմ Հեյլին աշխատում է վերոնշյալ հիվանդանոցում՝ որպես արյան քաղցկեղ և լիմֆոմա բուժող բժշկի օգնական[8]։

Տիեզերանավի առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերանավի քթային հատվածի ծայրակցման հանգույցը փոխարինվել է մեծ, ապակյա գմբեթով, ինչի շնորհիվ տիեզերանավի անձնակազմը կարողանում էր հետևել տիեզերական տարածությանը[4]։

Գիտական առաջադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքի ժամանակ անցկացվել են բծշկական հետազոտություններ՝ պարզելու տիեզերական թռիչքի ազդեցությունը այն մարդկանց օրգանիզմների վրա, որոնք չէին անցել ընտրության հատուկ փուլը և մասնագիտացված նախապատրաստումը[15]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «JSR No. 797». Jonathan's Space Report. 2021 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 «SpaceX впервые отправила на орбиту экипаж, в котором нет профессиональных космонавтов. Места для участников миссии оплатил миллиардер Джаред Айзекман». Meduza.io. 2021 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «They 'could be our neighbors,' and they're going to space. SpaceX gets ready to fly the Inspiration4 crew». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 Копиев, Григорий (2021 թ․ մարտի 31). «Туристический корабль Crew Dragon получит прозрачный обзорный купол». N+1. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  5. «SpaceX сформировала первый коммерческий экипаж космического корабля». Интерфакс. 2021 թ․ մարտի 30. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  6. «SpaceX запустила корабль Crew Dragon с гражданским экипажем». РИА Новости. 2021 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. Kluger, Jeffrey (2021 թ․ օգոստոսի 23). «Inside Inspiration 4». Time. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Inspiration4 - Crew». Inspiration4. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  9. «Sian Proctor» (անգլերեն). PolarTREC. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  10. «Чем люди будут питаться на Марсе: тест в земных условиях». qwrt.ru. 2013 թ․ հունիսի 24. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  11. Панов, Кирилл (2020 թ․ հունվարի 20). «Команда женщин-марсианок «вернулась» на Землю». Популярная механика. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  12. Straub, Gale (2020 թ․ մարտի 4). «Episode 139: Chasing Space on Earth. Interview with Analog Astronaut Dr. Sian Proctor» (անգլերեն). She Explores. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  13. M. Wade Holler (2020 թ․ հուլիսի 7). «Sian Proctor, Ph. D» (անգլերեն). Explore Mars. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  14. Tourist Biography: Christopher Sembroski
  15. Thompson, Amy (2021 թ․ սեպտեմբերի 15). «Inspiration4 crew planning ultrasounds, microbe samples and more to understand health during flight». Space.com[en]. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]