95 թեզիսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյութերի 95 թեզիսները

95 թեզիսներ (Դոկտոր Մարտին Լյութերի դիսպուտը ապաշխարության և ինդուլգենցիայի վերաբերյալ), Մարտին Լյութերի կողմից գրված փաստաթուղթ՝ կաթոլիկական աստվածաբանության քննադատության շարադրանքով, որում նա պնդում էր, որ իշխող կրոնական վարդապետությունը կործանում է հավատը[1]։

Այդ փաստաթղթից հաշվվում է Ռեֆորմացիայի սկիզբը և բողոքականության պատմությունը։ 95 թեզիսները գրելու հիմնական շարժառիթը և գաղափարը Հռոմի պապերի՝ մեղքերին թողություն տվող ինդուլգենցիաների և նրանց բացառիկ իրավունքների քննադատությունն էր, ինչպես նաև Սուրբ Գրքի՝ որպես միակ հեղինակության հաստատումը։

Մինչ XX դարը փաստ էր համարվում, որ Լյութերի կողմից թեզիսները Վիթթենբերգի (Սաքսոնիայի իշխանության վարչական կենտրոնը) ամրոցի դռան վրա են փակցվել 1517 թվականի հոկտեմբերի 31-ին, սակայն դա վիճարկվել է Էրվին Իզերլոյի կողմից[2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի Պապ Լևոն X-ը Հռոմում Սուրբ Պետրոսի տաճարի շինարարության ծախսերը ծածկելու նպատակով 1517 թվականի հոկտեմբերի 18-ին ինդուլգենցիաների պրակտիկա սահմանեց։ Հռոմի քաղաքականության և ինդուլգենցիայի պրակտիկայի հանդեպ դժգոհությունը նախկինում էլ էր նկատվում, սակայն աստվածաբանության դոկտոր և ավգուստին–վանական Մարտին Լյութերը անդրադարձավ այս պրակտիկայի աստվածաբանական ասպեկտին, որը պարարտ հողի վրա դրվեց։ Թեզիսների հրապարակման մեջ մեծ դեր է խաղացել դոմինիկ–վանական Յոհան Տեցելի անձը, ով առանց ամաչելու ինդուլգենցիաներ էր վաճառում Վիթթենբերգում[փա՞ստ]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, դոկտոր Մարտին Լյութերի 95 թեզիսերը ցույց են տալիս, որ նա դեռևս իրեն նույնացնում է կաթոլիկ լինելու հետ, հանդես է գալիս որպես խեղաթյուրումներից հավատքի մաքրման ջատագով և Հռոմի պապի պաշտպանը՝ իր հրամանների կեղծ կատարողներից։

Մարտին Լյութեր

Առաջին յոթ թեզիսներում Լյութերը պնդում է, որ ապաշխարությունը, որին կոչ է անում Հիսուս Քրիստոսը, չի սահմանափակվում ապաշխարության և քավության արարողությամբ, քանի որ այն տևում է քրիստոնյայի ողջ կյանքի ընթացքում և ավարտվում է միայն երկնքի արքայության մեջ մտնելով (թեզիս 4)։ Հռոմի պապը ցանկանում է և կարող է ներել միայն այն պատիժները, որոնք կա՛մ իր իշխանությամբ, կա՛մ եկեղեցական իրավունքով նա է դրել մարդու վրա։ Ներել մեղքերը պապը կարող է՝ հաստատելով այն Աստծո անունով (թեզիս 6)։ Միևնույն ժամանակ, Լյութերը պնդում է, որ քահանային (որը նրա պատկերացմամբ՝ Աստծո կուսակալն է) հնազանդ լինելը ներման պայման է՝ «Ոչ մեկի մեղքը Աստված չի ներում՝ չստիպելով միաժամանակ ամեն բանում հնազանդվել քահանային՝ իր կուսակալին» (թեզիս 7)։ Լյութերը թերահավատորեն է վերաբերում մարդու վստահությանը իր ապաշխարության ճշմարտացիության և ամբողջական ներման հարցում (թեզիս 30)։

Լյութերը ընդունում է Հռոմի պապի՝ մահացածների համար Սուրբ Հոգու (թեզիս 9) և նրա բարեխոսության գործողությունները (թեզիս 26)։ Պապի միջոցով մարդկանց տրվում է Ավետարանը, նրա «հրաշագործ զորությունները, բժշկելու պարգևները» (թեզիս 78)։ Բողոքականության հիմնադիրը կոչ է անում անտեսել պապական ներողամտությունը և մասնակցությունը (թեզիս 38)։ Լյութերն արդարացնում է Պապին՝ համարելով, որ խախտումները գալիս են քահանաներից ու եպիսկոպոսներից, որոնք սխալ են կատարում Հռոմի պապի հրամանները (թեզիսներ 50, 51, 53, 55, 71-73)։ Թեզիս 81-ում նա բողոքում է, որ գիտնական այրերը սխալ ուսուցանող եպիսկոպոսների, քահանաների և աստվածաբանների մեղքով դժվարանում են հարձակումներից պաշտպանել Հռոմի պապին։ «Ով խոսում է պապական թողության ճշմարտության դեմ, թո՛ղ նա նզովյալ լինի և անիծվի։ Բայց ով պահակ է կանգնած քարոզչի սանձարձակ և լկտի խոսքի դեմ, թող օրհնված լինի» (թեզիս 71, 72)։

Քավարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյութերը քննադատում է իր կարծիքով կեղծ դատողությունները քավարանի մասին։ Քավարանի ճշմարտությունը նա դեռ անպայման ընդունելու է (թեզիսներ 16, 22, 25, 26, 29 և այլ)։ Լյութերը գրում է, որ մեռնողի վախը, սարսափը և հուսահատությունը նույնն են, ինչ որ անդրշիրիմյան քավարանի տանջանքները (թեզիս 15) ։ Լյութերը խոսում է այն մասին, թե ինչ են զգում հոգիները քավարանում (17-19–րդ թեզիսներ)։ 21-52-րդ թեզիսներում Լյութերըընդհանուր առմամբ դեմ է ինդուլգենցիային, չնայած փոքր բարիքի համար ընդունում է դրանք (թեզիս 55), բողոքում է, որ այդքան քիչ մարդիկ են «ըստ կանոնների գնում ինդուլգենցիաներ» (թեզիս 31)։ Ինդուլգենցիաները գործում է միայն ներեկեղեցական կանոնների խախտման դեպքում (թեզիս 34), փրկությունը դրանց հետ կապված չէ։ Միայն Աստծո ամենաթողությունն է տանում փրկության (28–րդ թեզիսը մոնեգիզմի հիմքն է)։ Ինդուլգենցիայի նպատակը ազատ արձակման գիր գնելով չի սահմանափակվում, այլ անկեղծ ապաշխարությամբ և «մարմնի ամենազոր մահով»՝ մինչև մահ (թեզիս 3)։

Ինդուլգենցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

55–66-րդ թեզիսներում Լյութերը հաստատում է Ավետարանի առաջնահերթությունը (լատին․՝ verbum dei) ինդուլգենցիաների նկատմամբ (թեզիս 55)։ «Եկեղեցու իրական գանձը,–գրում է նա 62-րդ թեզիսում,– Աստծո փառքի և շնորհի մասին Սուրբ Ավետարանն է(լատին․՝ verus thesaurus ecclesiae est sacrosanctum evangelium gloriae et gratiae dei)», որը Աստված հայտնել է խաչի վրա (թեզիս 68)։ Դրանում կարելի է տեսնել բողոքական Sola Scriptura սկզբունքի զարգացման նախադրյալները։

Լյութերը խենթություն է անվանում բոլոր դեպքերում պապի ինդուլգենցիային վստահելը, քանի որ այդ դեպքում կարելի էր ենթադրել Աստվածամոր մեղքի ներման հնարավորությունը (թեզիս 75)։ Ի ապացույց այն բանի, որ Պապի ինդուլգենցիան չի ապահովում հանդերձյալ կյանքում ներումը, Լյութերը մեջբերում է այն պնդումը,որ եթե դա հնարավոր լիներ, ապա Հռոմի պապը իր սիրալիրությամբ վաղուց կազատեր բոլոր նրանց, ովքեր քավարանում են (թեզիս 82)։ Լյութերը նաև Սուրբ Պետրոսի տաճարի կառուցումը չի համարում ինդուլգենցիա մտցնելու արդարացում (թեզիս 86)։

Վերջում Լյութերը բերում է մի շարք տրամաբանական հակասություններ, որոնց հանգեցնում է ինդուլգենցիաների փրկության գաղափարը։ Նա եզրակացնում է, որ «եթե ինդուլգենցիաները քարոզվում են պապի ոգով և մտքով», ապա այդ բոլոր հակասություններն իրենք իրենց անհետանում են։

Խաչի աստվածաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին թեզիսները հիմք են դնում խաչի աստվածաբանությանը։ Այստեղ հեղինակն ասում է, որ պետք է տառապանքների մեջ ընդօրինակել Քրիստոսին և երկինք բարձրանալ վշտերով (94-95–րդ թեզիսներ)։

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

95 թեզիսների հրապարակումը Հռոմում կտրուկ արձագանք առաջացրեց և ըմբռնվեց գերմանական իշխանների կողմից, ինչը կանխորոշեց Եվրոպայի կրոնական պառակտումը հիմնականում գերմանական բողոքականների և ռոմանական կաթոլիկների միջև։ Թեզիսների թողարկումից 3 տարի անց այն ժամանակ արդեն ոչ անհայտ Մարտին Լյութերը կաթոլիկ եկեղեցուց հեռացվեց Հռոմի Պապի որոշմամբ, ինչը եկեղեցու արագ ճյուղավորման և մեծ պառակտման սկիզբ դարձավ։ Այդ հակամարտությունների պատճառով Արևմտյան Եվրոպայում կրոնական հակամարտությունների և պատերազմների ալիք բռնկվեց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]