Օշականի ճակատամարտ (1827)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օշականի ճակատամարտից)
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Օշականի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Օշականի ճակատամարտ
Ռուս պարսկական/ Կովկասյան ճակատ
План боя при д. Ушаган и монастыре Эчмиадзин 17 августа 1827 года.jpg
Օշականի ճակատամարտի հատակագիծ
Թվական 1827 թվականի օգոստոսի 17
Վայր Օշական-Էջմիածին, Արևելյան Հայաստան
Արդյունք Հայ-ռուսական զորքերի հաղթանակ
Հակառակորդներ
Իրան Պարսկաստան Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հրամանատարներ
Իրան Աբբաս-Միրզա
Flag of Eriwan Khanate.JPG Հուսեյն խան
Ռուսական կայսրություն Կրասովսկի
Կողմերի ուժեր
30000
  • 24 թնդանոթ
2800-3000
  • 12 թնդանոթ
Կորուստներ
3000 ավելի զոհվել են`
  • 2 անձնակազմի աշխատակից
  • 4 սպա
  • 679 զինվոր

վիրավորվել են

  • Կրասովսկի` հրամանատար
  • 1 գնդի հրամանատար
  • 13 սպա
  • 318 զինվոր

Անհայտ կորած

  • 134 զինվոր

Օշականի ճակատամարտ, ճակատամարտ հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև, որ տեղի է ունեցել 1827 թվականի օգոստոսի 17-ին: Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով: Օշականի ճակատամարտ (հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ), տեղի է ունեցել 1827 թվականի օգոստոսի (29) 17֊ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև:

1827 թ. օգոստոսի սկզբին պարսկական բանակը ներխուժեց Արևելյան Հայաստան և, միավորվելով էրիվանյան սարդար Քաջար Հուսեյն խանի զորքերի հետ, պաշարեց Էջմիածնի եկեղեցին: Էջմիածնից 35 վերստ հեռու գտնվող գեներալ Կրասովսկու ռուսական զորաջոկատը իրեն միացած հայկական և վրացական կամավորներով օգնության հասավ պաշարված վանքին և, չնայած պարսկական բանակի տասնապատիկ ավել քանակին[1], կարողացավ ճեղքել հակառակորդի պահպանաջոկատի արգելափակումը, որից հետո հենց նույն գիշեր պաշարումը դադարեցվեց[2]: Ճակատամարտի ընթացքում ռուսական ջոկատը ծանր կորուստներ կրեց: Այն ռուսական բանակի ամենամեծ կորուստն էր Պարսկաստանի հետ պատերազմի ողջ ժամանակահատվածում[3][4]:

Ճակատամարտի մասին ամենաարժեքավոր վկայությունները թողել են դրա անմիջական մասնակիցները՝ ջոկատի հրամանատար Ա. Կրասովսկին[5][6], կապիտան Մ. Սոբոլևը[7] և դեկաբրիստ Ե. Լաչինովը[8][9]:

Մարտի ընթացքի վրա մեծ ազդեցություն ունեցան այդ օրվա ուժասպառող շոգը և ռուսական ջոկատի ընթացուղուն աղբյուրների բացակայությունը: Ջոկատի գործողությունները զգալիորեն կաշկանդում էր պարենի գումակը: Շարասյունները շարժվում էին հակառակորդի հրետանու և հրացանների կրակահերթերի ներքո: Մինչ ռուսական առաջապահ ջոկատը «սվիններով իր ուղին էր հարթում», վերջապահը հետ էր մղում իրանցիների սանձարձակ հարձակումները թիկունքից: Հակառակորդը, զբաղեցնելով նպաստավոր դիրք, ռուսական ջոկատին թևային հարվածներ հասցրեց: Հարկ է նշել նաև, որ Կրասովսկու ջոկատի հաջող անցմանը նպաստեցին ռուսական հրետանու գրագետ գործողությունները, որն ավելի բարենպաստ բարձունքներ էր զբաղեցնում, և հրետանային պաշտպանության տակ հնարավորինս կասեցնում էին հակառակորդի հարձակումները: Իրանցիներն այնքան էին դաժանացած, որ չնայած մանրագնդակային և հրացանային կրակից ծանր կորուստներին, նրանք ներխուժեցին ռուսական հետևազորի շարքերը, որը սվիններով հետ էր շպրտում թշնամուն[10][11][12]:

1833-1834 թվականներին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ եկեղեցու և տեղաբնակների միջոցներով Օշականաի ճակատամարտին նվիրված հուշակոթող կանգնեցվեց[13][14]:

2011 թ. ապրիլի 19-ին տեղի ունեցավ Օշականի հուշահամալիրի հանդիսավոր բացումը՝ «նվիրված 1827 թվականի Օշականի ճակատամարտում Մայր Աթոռ Էջմիածնի համար զոհված ռուս փրկարար-զինվորների հիշատակին»:

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի՝ պաշարումից հանելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 15-ին (27) Երևանի պաշարման համար ժամանեց 20-րդ հետևակային դիվիզիան[15], որը գլխավորում էր գեներալ Կրասովսկին: 1827 թվականի ամառը անչափ շոգ էր և չորային[16]: Ջերմաստիճանը հասնում էր մինչև 43 °R (53.7 °C) տապի արևի տակ և 33 °R (41.2 °C) ստվերում: Տեղի կլիման նպաստում էր զինվորների շրջանում մասսայական հիավանդությունների տարածմանը, ովքեր վերջերս էին ժամանել Ռուսաստանից[17][18]: Տենդերի և դիզենտերիայի բռնկված համաճարակի պատճառով 20-րդ դիվիզիայում մնաց ոչ ավելի, քան 4000 մարտունակ զինվոր[19]: Օգոստոսին Կովկասյան կորպուսի հրամանատար, գեներալ-ադյուտանտ Իվան Պասկևիչը, նկարագրելով Կովկասում ռուսական բանակի գործերի ընդհանուր դրությունը, զեկուցում էր Նիկոլայ I, որ շոգը շարունակվում էր, արոտավայրեր չկային, ձիերը հյուծված էին, իսկ զորքի ⅓ գտնվում էր հոսպիտալներում: 1800 մարդուց բաղկացած գնդում շարքերում մնացել էին մոտ 1000-ը[20] (բացառությամբ գվարդիայի, որում հիվանդների թիվը կազմում էր ոչ ավելի, քան 200 մարդ, իսկ 900 մնացել էին զինված)[21]: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակ՝ որոշում կայացվեց դադարեցնել Երևանի պաշարումը և մինչ աշուն քաշվել դեպի լեռները:

Պաշարման դադարեցման պատճառներից էր նաև այն, որ պարենով և պաշարման զինամթերքվ տրանսպորտը սպասվում էր օգոստոսից ոչ շուտ[15]:

Հունիսի 21-ի (հուլիսի 3-ի) գիշերը դիվիզիան հանվեց պաշարման դիրքերից և նահանջեց դեպի Էջմիածնի վանք: Վանքում ստեղծվեց հոսպիտալ հիվանդ զինվորների համար: Վանքի երեք աշտարակների վրա տեղադրեցին մեկական դաշտային հրանոթ: Հունիսի 24-ին (հուլիսի 6-ին) մոտ 2000 զինվորներ սկսեցին նախապատրաստել պարենը:

Մատակարարելով վանքին բավականաչափ պարեն՝ Կրասովսկին հունիսի 30-ին (հուլիսի 12-ին) իր զորաջոկատով շարժվեց դեպի Բաշ-Ապարանյան բարձրավանդակը և ճամբարեց Ջենգուլի բնակավայրի մոտ: Վանքում մնացել էին Սևաստոպոլի հետևակային խմբի գումարտակը (մինչև 500 սվին), 5 հրանոթ, հայերի հեծյալ կամավորական ջոկատի հարյուրյակ[22], որը Կրասովսկուց օգնություն էր խնդրել վանքի պաշտպանության համար[23], և 700 հիվանդ զինվորներ[24]:

Ճակատամարտի գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Խախտելով զինադադարը, պարսկական զորքերը թագաժառանգ Աբաս-Միրզայի գլխավորությամբ օգոստոսի 4-ին գետանցել են Արաքսը` նպատակ ունենալով գրավել Էջմիածինը, ոչնչացնել գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զորամասը,հարձակվել Թիֆլիս-Ելիզավետպոլ-Ղարաբաղ ուղղությամբ՝ կանխելով գեներալ Պասկևիչի առաջխաղացումը Թավրիզ: Օգոստոսի 6-ին պարսկական բանակը գրավում է Աշտարակը, բանակում Քասաղ գետի ափերին: Օգոստոսի 15-ին` պաշարում և հրետակոծում են Էջմիածինը: Օգոստոսի 16-ի երեկոյան Կրասովսկին 3 հազարանոց զորախմբով և 12 թնդանոթով Ապարանի սարահարթից շարժվում է դեպի Էջմիածին: Ճակատամարտը սկսվել է առավոտյան ժամը 8-ին Օշականից 2 վերստ հեռավորության վրա, էջմիածին տանող ճանապարհի վրա՝ Քասաղի կիրճում: Օգտվելով ուժերի նպաստավոր դասավորությունից, Աբաս-Միրզան փորձել է շրջապատել և ոչնչացնել կիրճում գտնվող ռուսական զորախումբը: Սակայն, սրընթաց հարձակումով ճեղքելով հակառակորդի գերակշիռ ուժերի պատնեշը, ռուսական զորքը դուրս է գալիս Քասաղի կիրճից և շարժվում դեպի Էջմիածին: Սկսված սվինամարտի ժամանակ ռուսական զորքին օգնության են հասել Էջմիածնի գումարտակը և հայ կամավորները: Մարտում իրենց մեծ ավանդով նշանավորվել են 39-րդ և 40-րդ եգերական գնդերը:

Ճակատամարտի վճռական պահին հմուտ թնդանոթաձիգ Հակոբ Հարությունյանը, որին բռնի զորակոչել էին պարսիկները, անգլիական ծանր թնդանոթով թիկունքից ռմբակոծել է պարսկական դիրքերը: Ռուսական զորախումբը, օգտվելով թշնամու ճակատում առաջացած խուապից, ճեղքել է պարսկական զորաշղթան և մտել Էջմիածին: Ճակատամարտն ավարտվել է ժամը 17-ին: Հակոբ Հարությունյանը փորձել է փախչել, սակայն պարսիկները նրան բռնել և հրեշավոր խոշտանգումների են ենթարկել. հանել են աչքերը, կտրել են ականջները, կրունկները, շրթունքները և նետել դիակներ մեջ: Հերոսը ուշքի գալով կարողացել է հասնել Էջմիածին:

Ճակատամարտի հետևանքները և հաջորդող իրադարձությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս զինվորները և նրանց շարքերում մարտնչող հայ կամավորները բացառիկ խիզախության և ծանր կորուստների գնով կարողացան փրկել Էջմիածինը թշնամու ձեռքն ընկնելուց և ավերումից, թիֆլիսի վրա հարձակվելուց:

Ռուսներին հաջողվեց առանց կորուստների գրավել պարսկական կարևոր ամրություններից մեկը՝ Սարդարապատը: Դրանից հետո ռուսական զորքը շարժվեց և պաշարեց Երևանը: Երևանի բերդը կառուցված էր քաղաքի հարավային ծայրամասում՝ Հրազդան գետի բարձր ու ժայռոտ ափին: Այն երեք կողմից շրջափակված էր երկշարք պարիսպներով: Բերդի շուրջը փորված էին մեծ փոսեր, որոնք լցված էին ջրով: Այն ամրացված էր եվրոպական ռազմական մասնագետների ղեկավարությամբ: Հասան խանը այս անգամ ևս հրաժարվում է հանձնել բերդը: Պասկևիչը հրամայում է գրոհով վերցնել այն: Ռուսական պաշարողական հրանոթները օր ու գիշեր ռմբակոծում են բերդը: «Հինգ օր, հինգ գիշեր, սար ու ձոր դմբում, դմբդմբում էր: Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել»,- գրում է այդ դեպքերի ժամանակակից Խ. Աբովյանը: 1827 թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը մտավ բերդ: Ընկավ պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում: Գերի վերցվեցին բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը:

Իվան Պասկևիչ, հեղինակ՝ Ջորջ Դեյվ, Ռազմական պատկերասրահ

Գրավվեցին 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Երևանի գրավման համար Պասկևիչը ստացավ «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը: Ռուսներից և հայերից շատերը պարգևատրվեցին «Երևանի բերդի գրավումը» մեդալով: Երևանի գրավումը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական խոշոր նշանակության իրադարձություն էր: Դրա հետ էր կապում հայ ժողովուրդը իր լավ ապագայի հույսերը: Երևանի գրավումը ուրախությամբ ընդունեց ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական գաղութների բնակչությունը: Հայ նշանավոր գրողներ Հ. Ալամդարյանը Թիֆլիսից, Մ. Թաղիադյանը Հնդկաստանից, Նոր Նախիջևանի (Դոնի Ռոստով) հայությունը Ռուսաստանից «հայրենիքի փրկության առթիվ» շնորհավորական ջերմ ուղերձներ առաքեցին Հայաստան:

Ներսես Աշտարակեցի

Պատերազմում մեծ էր ժամանակի նշանավոր գործիչ, վրացահայության հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու դերը, որը սրտառուչ կոչերով ոգեշնչում էր հայրենակիցներին: «Հասավ ժամը,- գրում էր նա,- երբ աչքով պիտի տեսնեք Արարատյան աշխարհի և հայոց ազգի ազատագրությունը..., ոտքի՛ կանգնեք, հայո՛ց քաջեր, թոթափեցեք պարսից լուծը, ուրախացրե՛ք ալեզարդ Մասիսին, մի անգամ արյունով ներկեցե՛ք հայրենի հողը և ապա ապրեցե՛ք ազատ»: Պատերազմին ակտիվ մասնակցություն ունեցան հայ կամավորները և դեկաբրիստները: 1827 թ. գարնանը Ներսես Աշտարակեցու և Հարություն Ալամդարյանի գլխավորությամբ Թիֆլիսում կազմակերպվեցին կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորամասերի հետ մասնակցեցին ռազմական գործողություններին: 1827 թ. մարտին Թիֆլիսում կազմակերպվեց 117 հոգուց բաղկացած հայ կամավորների առաջին ջոկատը: Մայիս ամսին քաղաքի այդ ջոկատներում ցուցակագրվել էին շուրջ 600 կամավորներ: Երևանյան արշավանքի ժամանակ կամավորների շարքերը համալրվեցին՝ հասնելով ավելի քան 1000 հոգու: Պատերազմական գործողություններին գործուն մասնակցություն ունեցան Կովկաս աքսորված դեկաբրիստները: Նրանցից 70 սպաներ և 3000 շարքայիններ մասնակցեցին ռազմական գործողություններին: Աչքի ընկնող դեկաբրիստներից էին Ե. Լաչինովը, Մ. Պուշչինը, Դ. Դավիդովը, Ի. Բուրցովը, Ն. Օրժիցկին և շատ ուրիշներ: Դեկաբրիստ սպաների ռազմական խոր գիտելիքները, շարքայինների փորձն ու մարտունակությունը էական նշանակություն ունեցան հաղթանակի գործում:

Հուշակոթողը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օշականի ճակատամարտի հուշակոթողը

Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա 1833-1834 թվականներին, ինժեներ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով ճակատամարտի վայրում հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս: Ամեն տարի օգոստոսի 17-ին օշականցիները, ռուսաստանից ժամանած հյուրերի հետ այցելում են հուշակոթող և իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհվածների հիշատակին:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Հարությունյանին իր սխրանքի համար Ռուսական կայսրությունը սահմանել է ցմահ կենսաթոշակ:
  • Գեներալ Կրասովսկին հմուտ ռազմավարության համար պարգևատրվել է Ս. Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշանով:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրք (լույս 2000 թվական,խմբագիր` Բարխուդարյան)
  • Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագիրք (լույս 2007 թվական,խմբագիր` Բարխուդարյան)
  • Հայկական սովետական հանրագիտարան հատոր 12

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սոբոլև, 1828, էջ 25
  2. Խաչիկյան, 2009, էջ Գլ. 13, § 2
  3. Կերսնովսկի, 1993 (репр. 1910), էջ 100 / Т. 2
  4. Շիրոկորադ, 2009, էջ 30
  5. Ներսիսյան, 1978, էջ 244-257, «Реляция»
  6. Կրասովսկի, 1901
  7. Սոբոլև, 1828, էջ 4-46
  8. «Հայաստանի պատմություն: Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին․ Արևելյան Հայաստանի ազատումը խանական խաղերից:» (ռուսերեն)։ ARMENICA.info։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 18 
  9. Լաչինով, 1985
  10. Ներսիսյան, 1978, էջ 251, «Реляция»
  11. Զուբով, 1837, էջ 153
  12. Տունյան, 2007, էջ 40-41
  13. Ներսիսյան, 1978, էջ 242
  14. Գրիգորյան, 1959, էջ 112
  15. 15,0 15,1 Baddeley, 2011 (репр. 1908), с. 166 (en)
  16. Бобровский, 1895, с. 102 / Ч. 4
  17. УРВК, 1906, с. 274 / Т. 4, Ч. 1
  18. Нерсисян, 1975, с. 41
  19. Керсновский, 1993 (репр. 1910), с. 100 / Т. 2
  20. Бобровский, 1895, с. 105 / Ч. 4
  21. АКАК, 1878, с. 560, № 517, «Рапорт ген. Паскевича» / Т. 7
  22. Шишкевич, 1911, с. 66 / Т. 6
  23. Потто, 1888, с. 452-453 / Т. 3
  24. Тунян, 2007, с. 40