Քրաուդֆանդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Geefunding crowdfunding.png

Քրաուդֆանդինգ (անգլ.՝ Crowdfunding, crowd - բազմություն, fund - դրամավորել, ֆինանսավորել), մեծ թվով անձանցից որևէ նախագծի, ընկերության կամ բիզնես ընդլայնման համար, սովորաբար համացանցային ռեուրսների[1][2] գործադրման ճանապարհով իրականացվող ֆինանսների հայթայթման գործիք, այլընտրանքային ֆինանսավորման տարատեսակ[3]։

Որպես կանոն, քրաուդֆանդինգի մոդելում հանդես են գալիս երեք խաղացողներ։

  1. Ծրագրի նախագծող, անձ (գյուտարար, արվեստագետ, գործածարար և այլն) կամ ստարտափ, որը ֆինանսների հայթայթման համար պոտենցիալ ներդնողներին է ներկայացնում սեփական գաղափարը և/կամ ծրագիրը․
  2. Բազմություն, տվյալ նախագծի համար ներդումներ իրականացնելու պատրաստակամ անձինք կամ խմբեր (դոնոր)․
  3. Հարթակ, գաղափարի իրականացման հարթակ, կարգավորող կազմակերպություն, որտեղ երկու կողմերը հնարավորություն են ունենում հանդիպելու (օր.՝ «Kickstarter», «Indiegogo», «Gofundme» և այլն)[4][5][6]

2013 թվականի տվյալներով, համաշխարհային քրաուդֆանիգի արդյունաբերությունում հանգանակվել է շուրջ 5,1 միլիարդ ԱՄՆ դոլար[7]։

էություն և սկզբնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրաուդֆանդինգային հանգանակությունների աճը ուշ 2000-ականներին

Քրաուդֆանդինգը (անգլերեն «crowd»՝ ամբոխ, «funding»՝ ֆինանսավորում բառերից)  այն մարդկանց համախմբված գործունեությունն է, որոնք, որպես կանոն, համացանցի միջոցով ինքնակամ միավորում են իրենց գումարը կամ այլ ռեսուրսները, որպեսզի աջակցեն այլոց (իրավաբանական կամ ֆիզ. անձանց)՝ սկսել որևէ գործունեություն։ Եթե ներկայացնենք տերմինների միջոցով, կասենք, որ դոնորներն աջակցում են ռեցեպիենտներին՝ որևէ ստարտափ սկսելու համար[1]:

Քրաուդֆանդինգները միտված են եղել ձեռնարկությունների աջակցությանը՝ շահույթ ստանալու նպատակով։ Դեռ 2015 թվականին ամբողջ աշխարհում քրաուդֆանդինգների միջոցով հավաքված գումարը կազմել է 34 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Ներկայիս քրաուդֆանդինգի մոդելը հիմնված է հետևյալ երեք դրույթների վրա՝ 1.նախագծողն առաջարկում է գաղափար կամ ֆոնդավորվող ծրագիր, 2.ի հայտ են գալիս անհատներ կամ խմբեր՝ ծրագրին աջակցելու նպատակով, և 3.ստեղծվում է «պլատֆորմ», որը միավորում է վերոնշյալ երկու կողմերին՝ նախագիծն իրականացնելու համար։

Քրաուդֆանդինգները ձևավորվել են դեռ վաղուց։ Նախկինում քրաուդֆանդինգի օրինակ է եղել գրքերի քրաուդֆանդինգը, երբ գրողը կամ հրապարակողը առաջին հերթին պետք է «գովազդեր» գրքի նախագիծը պարգևատրման և բաժանորդագրման սխեմաներում։ Դրանից հետո գիրքը պետք է գրվեր և հրատարակվեր միայն այն դեպքում, երբ բավարար քանակով հետևորդներ կհայտնեին իրենց պատրաստակամությունը՝ այն գնել հրատարակվելուց անմիջապես հետո։ Սակայն պետք է նշել, որ բաժանորդագրման բիզնեսի այսպիսի մոդելը դեռևս քրաուդֆանդինգ չէ. այն կվերածվի քրաուդֆանդինգի միայն այն ժամանակ, երբ լինի դրամական միջոցների ներհոսք։  

Համացանցում քրաուդֆանդինգը մեծ ճանաչում ստացավ արվեստի և երաժշտական համայնքներում։ Երաժշտական արդյունաբերության մեջ առցանց քրաուդֆանդինգի առաջին ուշագրավ դեպքը 1997 թվականին էր, երբ բրիտանական «Մարիլլիոն» ռոք խմբի երկրպագուները կարողացան ինտերնետ–արշավի միջոցով 60,000 ԱՄՆ դոլլարի չափով նվիրատվություն կատարել, ԱՄՆ տարածքում խմբի՝ շրջայց սկսելու համար։ Հետագայում խումբն ինքը սկսեց կիրառել այս մեթոդը իրենց ֆինանսավորելու համար։

Այս նույն «հնարքը» հետագայում հնարավոր եղավ կիրառել նաև կինոարտադրության ոլորտում։ Կինոարտադրության անկախ գրող, ռեժիսոր Մարկ Տապիո Կինեսը 1997 թվականին ստեղծեց կայք, որի միջոցով կֆինանսավորեր իր, այն ժամանակ դեռ անավարտ, «Արտասահմանյան թղթակիցներ» ֆիլմը։ 1999 թվականի դրությամբ նրան հաջողվել էր հավաքագրել ավելի քան 125,000 ԱՄՆ դոլլար և այդ գումարն ուղղել ֆիլմի վերջնական ստեղծմանը։

Առաջին կազմակերպությունը, որը սկսեց զբաղվել բիզնեսի այս մոդելով, ամերիկյան «ArtistShare» կայքն էր 2001 թվականին:Մոդելի զարգացման հետևանքով սկսեցին ի հայտ գալ քրաուդֆանդինգով զբաղվող այլ կայքեր, ինչպիսիք են «Kiva» (2005թ.), «GoFundMe» (2010թ.), «Kickstarter» (2009թ.), «Microventures» (2010թ.) և այլն։

Քրաուդֆանդինգների միջոցով ֆինանսավորվում են ինչպես մշակութային, այնպես էլ խոշոր բժշկական ծրագրեր, սակայն շատ դեպքերում այդ քողի տակ իրականացվում են մի շարք խաբեություններ։ Վերջինիս վառ օրինակն է  քաղցկեղի դեղերի ստեղծման կեղծ պատրվակով մեծ գումարների կորզումը։ Սակայն սա դեռ վերջը չէ. քրաուդֆանդինգային խարդախության հայտնի դեպքերից էր Սթիվեն Թենի կազմակերպած բազմաֆինանսավորման արշավը. 2013թ. ամռանը Սթիվեն Թենին 2 ամսում հաջողվում է հավաքել ավելի քան 1.5 մլն. ԱՄՆ դոլար հանրահայտ «Indiegogo» կայքի միջոցով, որի նպատակն էր նոր խելացի ժամացույցների (smartwatch) ստեղծումը։ Ցավոք, այդ ակնհայտ հաջողությունը միանգամից ավարտվեց ձախողմամբ, երբ ավելի քան 11,000 ներդրողներ կորցրին հազարավոր դոլարներ։ Որոշ ժամանակ անց Թենն իր կայքում բացատրական գրառում կատարեց, որտեղ ասվում էր, որ իր գործընկերը, դավադրություն կազմակերպելով իր դեմ, հավաքագրված գումարներից գրեթե 1 միլիոն ԱՄՆ դոլար է հափշտակել, այդպիսով ընկերությանը չթողնելով ետ վերադարձման ենթակա գումար։ Սակայն որոշակի դադարից հետո ներդրողներից ոմանք տեսնում են Թենին իր նոր «Ferrari» մեքենայով, որին ի պատասխան Թենը պնդում է, որ մեքենան պատկանում է իր ընկերոջը:[4]

Նմանատիպ դեպքերը ստացել են «Քրաուդֆրաուդինգ» (fraud` խարդախություն) անվանումը։

Քրաուդֆանդինգի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրաուդֆանդինգներն ունեն  4 գլխավոր տեսակներ, մյուս բոլոր տիպերը սինթեզվում են այս տեսակներից։ Քրաուդֆանդինգներն ունեն  4 գլխավոր տեսակներ. դրանք են`

Ա. Գործակիցների վարկավորում (Peer to peer (P2P) lending)՝ դոնորները գումար են տալիս կազմակերպությանը, ակնկալելով գումարների ետ վերադարձ տոկոսներով,

Բ. Բաժնետոմսերի հավաքագրում (Equity  crowdfunding)՝ մասնավոր կազմակերպության արժեթղթերի առցանց առաջարկն է՝ ներդրումներ ունենալու ակնկալիքով, այդ իսկ պատճառով էլ այն համարվում է կապիտալի շուկայի մի մասը,

Գ. Պարգևատրումների վրա հիմնված բազմաֆինանսավորում (Rewards-based crowdfunding)՝ անհատները նվիրատվություն են կատարում հօգուտ նախագծի կամ բիզնեսի, դրա դիմաց ակնկալելով ոչ ֆինանսական փոխհատուցում՝ ինչպիսիք են ապրանքները կամ ծառայությունները։ Այս կերպ հնարավորություն է տրվում կանխիկ դրամական հոսքերի օգնությամբ գործարկել նախագիծը կամ բիզնեսը և նախքան արտադրանքի թողարկումը հավաքել «հանդիսատես»,

Դ. Նվիրաբերումների վրա հիմնված բազմաֆինանսավորում (Donation-based crowdfunding)՝ մեծ թվով անհատներից խնդրվում է նվիրատվություն կատարել հօգուտ որևէ նախագծի կամ բիզնեսի։ Ի պատասխան, աջակիցները կարող են ստանալ պարգևանշաններ, և որքան մեծ լինի նվիրատվության գումարի չափը, այնքան բարձր կլինի աջակցի հեղինակությունը։ Ամենափոքր նվիրատվության դիմաց հնարավոր է, որ աջակիցը ոչինչ էլ չստանա։ Քրաուդֆանդինգի այս տեսակը օգտագործվում է նաև բարեգործական ծրագրեր իրականացնելիս,

Ե. Հիբրիդային քրաուդֆանդինգներ՝  նշանակում է, որ ներառված է քրաուդֆանդինգի մեկից ավելի տեսակ։

Ներկայումս շատ ու շատ սկսնակ ընկերություններ նախընտրում են ներդրման քրաուդֆանդինգային տարբերակը։ Բացի ֆինանսավորման հարմարավետությունը, կան քրաուդֆանդինգն ընտրելու այլ դրդապատճառներ ևս։

Հայտնի են հինգ քրաուդֆանդինգային ընկերություններ, որոնք ներկայումս դարձել են բազմամիլիոնանոց բրենդներ։ Դրանք են «Oculus VR(virtual reality)»–ը, որը նորագույն տեխնոլոգիաների «ներկայացուցիչն է», բավականին կիրառվող փոփսոքեթները, աշխարհի ամենահարմարավետ կոշիկներով հայտնի բրենդ «Allbirds»-ը, ինչպես նաև հանրահայտ և թանկարժեք MVMT ժամացույցները։

«Small business» կայքն էլ իր հերթին առանձնացրել է 2020 թվականի լավագույն քրաուդֆանդինգային հարթակները։ Ըստ այս կայքի դրանք յոթն են՝ ընդհանուր առմամբ լավագույն՝ «Kickstarter», ընդհանուր արդյունքով լավագույն՝ «Indiegogo», լավագույնը շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար՝ «Causes», լավագույնը ստեղծարարների համար՝ «Patreon», լավագույնը անձնական դրամահավաքի համար՝ «Gofundme», լավագույնը բաժնետոմսերի հավաքագրման մեջ ՝ «CircleUp», լավագույնը բիզնես վարկերի համար՝ «LendingClub»: Ինչպես արդեն կարելի է հասկանալ, սրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձին մասնագիտացումն ու ոլորտը։

Գործակիցների վարկավորում (Peer to peer (P2P) lending)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնորները գումար են տալիս կազմակերպությանը, ակնկալելով գումարների ետ վերադարձ տոկոսներով։ Այս տարբերակը նման է բանկի կողմից վարկավորվելուն, սակայն տարբերությունը կայանում է նրանում, որ քրաուդֆանդինգի արդյունքում ռեցեպիենտ հանդիսանում է ոչ թե մեկ իրավաբանական անձը՝ բանկը, այլ անհատը, որոշ դեպքերում էլ մեծ քանակով անհատներ։ Այստեղ առավելություն է հանդիսանում այն, որ բանկն անհատների միջև որպես միջնորդ հանդես չի գա, և կողմերը կայքերի միջոցով կկապվեն իրար ուղղակիորեն, որի արդյունքում էլ «գործարքը» ձեռնտու կլինի միանգամից երկու կողմերին էլ։ Այս գործարքի քայլային հաջորդականությունը հետևյալն է. Նախ ներդրողը կայքում հաշիվ է բացում և որոշակի գումար փոխանցում այդ հաշվին, որը հետագայում ընտրողաբար տրվելու է որևէ վարկառուի։ Վարկառուն էլ իր հերթին հրապարակում է ֆինանսական պրոֆիլ, որի մեջ ներառված է տեղեկատվություն իր ռիսկայնության վերաբերյալ։ Վերջինիս հիման վրա էլ որոշվում է, թե որքան տոկոս կվճարի վարկառուն։ Արդյունքում վերջինս վերանայում է բոլոր ներդրողների առաջարկը և կատարում իր ընտրությունը, սակայն հնարավոր է նաև աֆտոմատ ընտրության տարբերակը կայքի կողմից։ Հաճախ վարկառուները ընդունում են մի քանի ներդրումային առաջարկ, անհրաժեշտ գումարի չափը տրոհելով մի քանի ներդրողի մեջ։ Գումարի փոխանցումը և տոկոսների վճարումն իրականացվում է պլատֆորմի միջոցով։

Որոշ կայքեր մասնագիտանում են վարկառուների որոշակի տեսակների վրա։ Օրինակ StreetShares–ը նախատեսված է փոքր բիզնեսի համար։  Մեկ այլ օրինակ է «Lending Club»–ը («Վարկավորման ակումբ»), որն ունի «հիվանդների լուծումներ» կատեգորիա, այդպիսով կապելով անհատներին այն բժիշկների հետ, ովքեր առաջարկում են ֆինանսավորման ծրագրեր հեռանկարային հիվանդների հետ։

Կարևոր է նշել նաև, որ որոշ P2P կայքեր թույլատրում են ռեցեպիենտներին բացել հաշիվ՝ սկզբում հաշվի վրա ունենալով ամենաքիչը 25 ԱՄՆ դոլլար։

Բաժնետոմսերի հավաքագրում (Equity  crowdfunding)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժնետոմսերի հավաքագրումը մասնավոր կազմակերպության արժեթղթերի առցանց առաջարկն է՝ ներդրումներ ունենալու ակնկալիքով, այդ իսկ պատճառով էլ այն համարվում է կապիտալի շուկայի մի մասը։ Ի տարբերություն ֆոնդային բորսայում բաժնետոմսերի առք ու վաճառքի, այս պարագայում բաժնետոմսերը գնվում են ոչ այնքան հայտնի կազմակերպություններից, որոնք անգամ գոյություն չունեն ֆոնդային բորսայի անվանացանկում։ Բաժնետերը դառնում է ընկերության մասնակի սեփականատերը և ընկերության ճիշտ վարման դեպքում կստանա որոշակի շահույթ։ Հակառակ դեպքում, եթե ընկերությունը ձախողվի, ներդրողը կկորցնի իր ներդրած գումարն ամբողջությամբ կամ մասսամբ։ Նման ստարտափներում համաձայնվում են ներդրումներ կատարել մեծահարուստ անհատները, վենչուրային կապիտալիստները կամ բիզնես հրեշտակները։ Իսկ թե այսքանից ով կկատարի ներդրում, դա արդեն կորոշվի պլատֆորմի կողմից։

Քրաուդֆանդինգի այս տեսակի պլատֆորմները օգնել են ժողովրդավարացնել ներդրումների գործընթացը, լայն հնարավորություններ ստեղծելով «ամբոխ» (crowd) կոչվող ներդրողների առաջ։ Ինչպես արդեն կարելի է ենթադրել, քրաուդֆանդինգի այս տեսակն ունի իր ռիսկերը։ Նշենք դրանցից մի քանիսը։ ա) Շահույթ ստանալու համար հաճախ կարող են պետք գալ մինչև անգամ տարիներ։ Ծայրահեղ դեպքում, եթե ներդրողը ցանկանա վերավաճառել իր բաժնետոմսը, պետք կգա երկար ժամանակ, որպեսզի բաժնետոմսի արժեքն աճի։

բ) Երկար ժամանակ պետք է մոռանալ դիվիդենտ ստանալու մասին, քանի որ նմանատիպ ստարտափները երկար ժամանակ շահույթ չեն ապահովում, առավել ևս դիվիդենտներ։

գ) Բաժնետոմսը վերավաճառել ցանկացողները կանգնելու են խնդրի առաջ, քանի որ չկա դրանք իրացնելու համար երկրորդային շուկա, այլ կերպ ասած դրանք ցածր իրացվելի են։ Սա նշանակում է, որ ներդրողը ստիպված կլինի բաժնետոմսերը պահել այնքան ժամանակ, մինչև ֆոնդային բորսան կընդունի տվյալ կազմակերպության գոյությունը։

դ) Նոր ներդրողների հայտնվելուն պես հին ներդրողների բաժնեմասը տոկոսային առումով կնվազի։ Ամենավատ դեպքում կարող են նոր բաժնետերերին տրված բաժնետոմսերը լինել արտոնյալ, որոնք էլ անբարենպաստ պայմաններ ստեղծեն սկզբնական ներդրողների համար։

Ի վերջո, բոլոր ռիսկերը դիտարկելուց հետո, հարկ է նշել հետևյալը՝ որքան մեծ է ռիսկը, այնքան մեծ կլինի շահույթը։

Բաժնետոմսերի հավաքագրման ԱՄՆ լավագույն պլատֆորմներն են AngelList-ը (ստեղծված 2010թ., նվազագույն անհատական ներդրումը 1000ԱՄՆ դոլլար), CircleUp-ը (նվազագույն ներդրումը 1000ԱՄՆ դոլլար, սակայն կարող է լինել նաև 250 կամ 500 ԱՄՆ դոլլար), EquityNet-ը (ստեղծված 2005թ., նվազագույն ներդրումը 1000ԱՄՆ դոլլար) ևն։

Պարգևատրումների վրա հիմնված բազմաֆինանսավորում (Rewards-based crowdfunding)[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրաուդֆանդինգի այս տեսակի էությունն այն է, որ անհատները նվիրատվություն են կատարում հօգուտ նախագծի կամ բիզնեսի, դրա դիմաց ակնկալելով ոչ ֆինանսական փոխհատուցում՝ ինչպիսիք են ապրանքները կամ ծառայությունները։ Այս կերպ հնարավորություն է տրվում կանխիկ դրամական հոսքերի օգնությամբ գործարկել նախագիծը կամ բիզնեսը և նախքան արտադրանքի թողարկումը հավաքել «հանդիսատես»։

Քրաուդֆանդինգի այս տեսակը ունի մի շարք առավելություններ՝

ա) Ներդրված գումարը ետ վերադարձի ենթակա չէ, ընդամենը պետք է փոխհատուցել նախապես խոստացված ապրանքով կամ ծառայությունով։

բ) Արտադրանքի թողարկումից առաջ պատվերներն արդեն ապահովված են, իսկ բազմաֆինանսավորման արշավը թույլ է տալիս ներգրավել տարատեսակ հաճախորդների։

գ) Սա հիանալի միջոց է սկսնակների և ձեռներեցների համար, քանի որ հնարավորություն է տալիս ֆինանսավորել նոր ապրանքների թողարկումը։

դ) Հարմարավետ է այն ապրանքների համար, որոնք կամ նորարարական են, կամ էլ արժանի են սպառողների ուշադրության բարձր մակարդակին։

Այս բոլոր առավելությունների կողքին կարևոր է հիշել, որ այս տեսակը նաև իրենից ենթադրում է պարտավորվածություն՝ կատարել խոստումները ժամանակ առ  ժամանակ։

Նվիրաբերումների/բարեգործությունների վրա հիմնված բազմաֆինանսավորում (Donation-based crowdfunding)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամաբանությունը հետևյալն է՝ մեծ թվով անհատներից խնդրվում է նվիրատվություն կատարել հօգուտ որևէ նախագծի կամ բիզնեսի։ Ի պատասխան, աջակիցները կարող են ստանալ պարգևանշաններ, և որքան մեծ լինի նվիրատվության գումարի չափը, այնքան բարձր կլինի աջակցի հեղինակությունը։ Ամենափոքր նվիրատվության դիմաց հնարավոր է, որ աջակիցը ոչինչ էլ չստանա։ Քրաուդֆանդինգի այս տեսակը օգտագործվում է նաև բարեգործական ծրագրեր իրականացնելիս։

Քանի որ քրաուդֆանդինգի այս տեսակը հիմնված է նվիրատվությունների վրա, ֆինանսավորողները չեն ստանում սեփականության իրավունք կամ պարտատիրոջ կարգավիճակ։

Նվիրաբերումների վրա հիմնված քրաուդֆանդինգը ավելի հարմար է միկրոֆինանսավորման համար, քանի որ դրանից չեն ակնկալվում խոշոր դրամական հոսքեր։ Դրա հետ մեկտեղ գումարի ապահովման պահանջներն այնքան շատ չեն, որքան ֆինանսական հաստատությունների միջամտության դեպքում է։ Եվ իհարկե, նմանատիպ ծրագրերի դեպքում անգամ կարիք չի լինում դիմել ֆինանսական կազմակերպությունների, քանի որ պետք եղած գումարը կարող է ավելի քիչ լինել վարկի նվազագույն չափից։

Այս թվացյալ հեշտ մեթոդով գումար հավաքելու համար ցանկալի է պահպանել շարունակական ակտիվություն, քանի որ պլատֆորմը չի աշխատելու միայնակ։ Ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է հետևել մի քանի կարևոր կետերի՝

1. ունենալ իրատեսական թիրախային գումար,

2. պահպանել ապագա միջոցների օգտագործման վերաբերյալ թափանցիկություն,

3. որդեգրել «ամեն ինչ կամ ոչինչ» տարբերակը. դրամահավաքը պիտի պահպանի գումարը այնքան ժամանակ, մինչև կծառայեցնի իրական նպատակին,

4. առաջարկել հնարավոր նվիրատվության գումարի նվազագույն չափ,

5. կիսվել արշավով բլոգների, ֆորումների և այլ հարթակների միջոցով,

6. մշակել հաղորդակցության ճիշտ ստրատեգիա (օգտակար են սոցցանցերը),

7. արշավը փորձարկել մտերիմների շրջապատում (ընկերներ, ընտանիք, գործընկերներ), այնուհետև հանրայնացնել,

8. հրապարակել ներդրողների անունները, դրա միջոցով մոտիվացնելով պոտենցիալ ներդրողներին։

Գոյություն ունեն նաև հիբրիդային քրաուդֆանդինգների տեսակներ, որը նշանակում է, որ ներառված է մեկից ավելի տեսակ։

Ամենամեծ ներգրավվածությունը առկա է « նվիրատվությունների վրա հիմնված» քրաուդֆանդինգային տեսակում՝ 49%, իսկ ամենաքիչը՝  «պարգևատրումների վրա հիմնված» տեսակում` 11%։ Պատճառը հավանաբար կայանում է նրանում, որ «Donation-based» տեսակի քրաուդֆանդինգով զբաղվում են ոչ միայն քրաուդֆանդինգային հիմնական պլատֆորմները, այլ նաև սոցիալական կայքերը, որոնցից ամենահայտնին և օգտագործվողը «Ֆեյսբուք» սոց. կայքն է։

Չորս քրաուդֆանդինգային հաջողված նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս շատ ու շատ սկսնակ ընկերություններ նախընտրում են ներդրման քրաուդֆանդինգային տարբերակը։ Բացի ֆինանսավորման հարմարավետությունը, կան քրաուդֆանդինգն ընտրելու այլ դրդապատճառներ ևս։ Սակայն ևս մեկ անգամ նախորդ թեմայում չխորանալու համար վերադառնանք գլխավոր ասելիքին։

Այս գլխում կխոսենք հինգ քրաուդֆանդինգային ընկերությունների մասին, որոնք ներկայումս հայտնի են որպես բազմամիլիոնանոց բրենդներ։ Վերջիններս սկսել են իրենց արշավները քրաուդֆանդինգային հարթակներից, ինչպիսիք են Indiegogo-ն և Kickstarter-ը։

Oculus VR (virtual reality)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ «Oculus Rift»-ի հիմնադիր Փալմեր Լաքին 2012թ. սկսեց իր քրաուդֆանդինգային արշավը, ընդամենը 20 տարեկան էր։ Արշավի ավարտից անմիջապես հետո նա ուներ ավելի քան 9500 հովանավորներ, ովքեր հավաքել էին ավելի քան 2,4 միլիոն ԱՄՆ դոլար, դարձնելով այս արշավը պատմության մեջ ամենամեծ հաջողության հասածը։ Oculus Rift-ը ստեղծված էր մոլի խաղացողներին վիրտուալ իրականություն բերելու համար։

Ավելի ուշ՝ 2014թ. «Ֆեյսբուք»-ը ձեռք է բերում Oculus VR-ը 2 միլիարդ ԱՄՆ դոլարով։ Այսօր Oculus Rift-ը հայտնի է որպես Ֆեյսբուքյան հավելվածների և ծառայությունների ընտանիքի անդամ։  Կանխատեսվել էր, որ 2019թ. Oculus Rift-ի միայն այս սարքավորումից հասույթը պիտի կազմեր 4,95 միլիարդ դոլար։

Փոփսոքեթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոփսոքեթները փոքր պլաստիկ հարմարանքներ են լարով ականջակալների լարերը դրանց վրա փաթաթելու համար, որոնք ամրացվում են հեռախոսի ետնամասին։ Փոփսոքեթները ստեղծված են՝ կանխելու լարով ականջակալների խճճումը և դրանց օգտագործելն ավելի հարմարավետ դարձնելու համար։

Փոփսոքեթների առաջին տարբերակը ստեղծվել էր 2010թ. Դավիթ Բարնեթթի կողմից, ով Կոլորադոյում աշխատում էր որպես փիլիսոփայության պրոֆեսոր։ Սկզբում նա փորձում էր գտնել որևէ եղանակ սեփական ականջակալների լարերի խճճումը կանխելու համար։ Ի վերջո նա հասավ ցանկալի արդյունքին՝ հեռախոսի ետևում երկու կոճակ փակցնելով և ականջակալի լարերը դրա շուրջ փաթաթելով։

Որքան էլ որ այդ կոճակները տգեղ էին աչքի համար, այնուամենայնիվ դրանք ապահովեցին ցանկալի արդյունքը։

Փոփսոքեթի քրաուդֆանդինգային արշավը սկսվեց 2012թ. «Kickstarter» հարթակում, ինչը հետո դարձավ քրաուդֆանդինգային ամենահաջողակ բիզնեսներից մեկը։  Այժմ էլ փոփսոքեթը շարունակում է մնալ «Amazon»-ի լավագույն վաճառվող արտադրանքներից մեկը բջջային հեռախոսների աքսեսուարների կատեգորիայում։

2018 թվականին «PopSocket LLC»-ի հասույթը կազմել է ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլար, իսկ շահույթը ՝ ավելի քան 90 մլն ԱՄՆ դոլար։

Allbirds[խմբագրել | խմբագրել կոդը]

Allbirds-ը սկսել է իր քրաուդֆանդինգային արշավը 2014թ.՝ արագորեն դառնալով աշխարհի ամենահաջողակ քրաուդֆանդինգային ընկերություններից մեկը։

Առաջատար լրատվամիջոցները մշտապես գրում են «Allbirds»-ի մասին, որպես աշխարհի ամենահարմարավետ կոշիկների։ Kickstarter արշավի օգնությամբ հիմնադիրները 5 օրվա ընթացքում հավաքել են 120,000 ԱՄՆ դոլար 970 կողմնակիցների հետ, իսկ հետո դադարեցրել են արշավը։

Հաղորդվում է, որ այս բրենդը հանդիսանում է կոշիկի՝ աշխարհում ամենաարագ աճող ընկերություններից մեկը։ «Allbirds»-ը համագործակցել է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Nordstrom»-ը, «Outdoor Voices»-ը եւ նույնիսկ «Shake Shack»-ը։

MVMT ժամացույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ.-ից, երբ ընկերությունը հիմնադրվել է քոլեջի երկու սենեկակիցների (Լա Պլանտե և Ջեյք Կասան) միջև, մինչեւ 2017 թ. MVMT-ի կողմից վաճառվել է ավելի քան 1.5 միլիոն ժամ, արևային ակնոց եւ այլ նմանատիպ արտադրանքներ։

Նրանք սկսել են քրաուդֆանդինգի արշավը «Indiegogo» հարթակում, իսկ հետո սկսել են ևս մեկը, որտեղ նրանք հավաքել են մոտ 300 000 ԱՄՆ դոլար, ընդհանուր առմամբ 3850-ից ավելի հովանավորների օգնությամբ։

Հետաքրքրական է, որ «Kickstarter» հարթակի կողմից հիմնադիրների հայտը մերժվել է մեկի փոխարեն երկու անգամ, «Indiegogo»-ում հասնելով նմանատիպ հաջողության։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]