Քեմալ Բուտկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեմալ Բուտկա
Ծնվել է1907
ԾննդավայրButkë, Kolonjë District, Կորչայի գավառ, Ալբանիա
Մահացել էնոյեմբերի 28, 1997(1997-11-28)
Վախճանի վայրՏիրանա, Ալբանիա
ԿրթությունՎիեննայի տեխնիկական համալսարան

Քեմալ Բուտկա (ալբ․՝ Qemal Butka, 1907, Butkë, Kolonjë District, Կորչայի գավառ, Ալբանիա - նոյեմբերի 28, 1997(1997-11-28), Տիրանա, Ալբանիա), ալբանացի ճարտարապետ, քաղաքական գործիչ, նկարիչ, փորագրող, փոստային նամականիշերի դիզայներ: 1935-1936 թվականներին եղել է Տիրանայի քաղաքապետ, սակայն 1939 թվականին հեռացել է Ալբանիայից, բնակվել Թուրքիայում և ԱՄՆ-ում: Ալբանիայում հայտնի է որպես բազմաթիվ հուշարձանների և հասարակական շինությունների նախագծերի հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմալ Բուտկան ծնվել է 1907 թվականին Օսմանյան կայսրության Բուտկա գյուղում (այժմ՝ Կոլյոնյա օկրուգ, Ալբանիայի հարավ արևելքում): Նրա հայրը սպանվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, և նա դաստիարակվել է հորեղբոր՝ ալբանացի ազգային բանաստեղծ և 19-րդ դարի քաղաքական գործիչ Սալի Բուտկայի (1852-1938) ընտանիքում: Քեմալը կրթություն է ստացել Ավստրիայում՝ սկսելով Լինցի բարձրագույն դպրոցից[1][Նշում 1]: Ուսումնառությունն ավարտել է Վիեննայի տեխնիկական համալսարանում՝ ստանալով ինժեներ-ճարտարապետի մասնագիտություն: 1931 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո, Բուտկան վերադարձել է Ալբանիա և հիմնականում աշխատել ճարտարապետական նախագծերի վրա: Ալբանիայում Քեմալի հայտնի աշխատանքներից են` Ազգային գրադարանի շենքը, Ժողովրդական ազատության հուշարձանը, Կորչայի քաղաքապետարանի շենքը, Ալբանիայի անկախության հռչակագրի 25-ամյակին նվիրված հուշատախտակը: Քեմալ Բուտկան առանձնանում է Տիրանայում, Դուրրեսում և ալբանական այլ քաղաքներում շքեղ ամառանոցների շինարարության մեջ: Բուտկան հայտնի է նաև նամականիշերի շարքի նախագծման աշխատանքներով (օրինակ՝ Ալբանիայի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված շարքը)[1](ալբ.):

Քեմալ Բուտկան նշանակվել է Տիրանայի քաղաքապետ Մեհտի Բեյ Ֆրաշերի վարչապետության ժամանակ (1935 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 1936 թվականի նոյեմբերի 9-ը): 1939 թվականին ֆաշիստական Իտալիայի Ալբանիա ներխուժումից հետո Բուտկան, գրող Բրանկո Մերկժանիի հետ միասին, Հունաստանով արտագաղթեց Թուրքիա: Նա մնաց Թուրքիայում 1940 թվականից մինչև 1958 թվականը, բացառությամբ 1943-1945 թվականների, երբ աշխատում էր Կահիրեում: Թուրքիայում նա ծանոթացավ և ամուսնացավ Թուրքիայի ազգային առաջնորդ Քեմալ Աթաթուրքի անձնական բժշկի՝ Մեհմեդ Բերկ Կամիլի դստեր՝ Ջելիլի հետ (Xhelile, մասնագիտությամբ ճարտարապետ, ավարտել է Բոստոնի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը): 1958 թվականին Բուտկան կնոջ՝ Ջելիլի հետ արտագաղթել է ԱՄՆ, որտեղ բնակվել են մինչև 1990-ական թվականները: ԱՄՆ-ում Բուտկան աշխատել է հեղինակավոր արվեստանոցներում՝ որպես ճարտարապետ (մասնակցել է Նյու Յորքի One Astor Plaza երկնաքերի նախագծի կազմմանը), իսկ կինը՝ Ջելիլը, մասնակցել է Նյու Յորքի երկվորյակ երկնաքերերի շինարարության նախագծմանը[2]: Քեմալ Բուտկան մի քանի անգամ փորձել է այցելել Ալբանիա՝ որպես ԱՄՆ-ի բնակիչ, սակայն կոմունիստական իշխանությունները մուտքի թույլտվություն չեն տվել: Նա հայրենիք կարողացել է մեկնել միայն 1987 թվականին՝ Ալբանիայի դիկտատոր Էնվեր Խոջայի մահից հետո: 1990 թվականից հետո նա վերադարձել է Ալբանիա, որտեղ էլ մահացել է 1997 թվականի նոյեմբերի 28-ին:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լինցում ուսանել է նկարչություն, ստեղծել ազգային հերոսներ Իսմայիլ Քեմալիի (1844-1919) և Բայրամ Ցուրիի (1862-1925) դիմանկարները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Architectuul. Qemal Butka» (անգլերեն)։ Architectuul.com։ Վերցված է 2015-06-17 
  2. «Qemal Butka & Xhelile Butka» (ալբաներեն)։ Forumi archiEDU։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-10-ին։ Վերցված է 2015-06-17 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]