Քարեդարյան մարդու վաղ տարաբնակեցման խնդիրը Հայաստանում և Առաջավոր Ասիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանը, Առաջավոր Ասիան և քարեդարյան մարդկանց վաղ տարաբնակեցման խնդիրը. Հայկական լեռնաշխարհի և Առաջավոր Ասիայի սահմաններում նախնադարյան մարդկանց լայն տարաբնակեցմանը մեծապես նպաստել է պալեո-աշխարհագրական միջավայրի նշանակալից նմանությունը, որ հավանաբար, գալիս է ուշ պլիոցենի և վաղ պլեյստոցենի ժամանակաշրջանից։ Այդ տեսակետից առանձնապես հատկանշանական է այն փաստը, որ վաղ չորրորդական շրջանի մարդու բնակատեղիները, ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ նրան կից երկրներում ընկած են հաղորդակցության զարմանալի հարմար շրջաններում՝ հովիտներում և նրանց կից բարձր լեռնային սարահարթներում ու լեռնանցքներում։

Ասորիքի, Փոքր Ասիայի, Հայկական լեռնաշխարհի, Իրանի և Իրաքի միջև վաղ հին քարի դարի գործիքների մի շարք վայրեր են գտնվել Խաթայ վիլայեթի հարավում, Ալեքսանդրադրետի սանջակից ոչ հեռու (Ասորիքի և Նուրեդդինի միջև), Ալթին-դերե գետի ավազանի շերտերում։ Նույն ժամանակաշրջանի քարե գործիքների կուտակման խոշոր օջախներ են Փոքր Ասիայի կենտրոնական (Սակարա գետի հոսանքը՝ Չիբուկ, Կարմիր, Օվա, Իլիջա-սու վտակների ավազանը և Էմիր, Մոզան ոչ մեծ լճերի շրջակայքը), հյուսիսային լեռնային շրջանները (Սամսոն քաղաքի հարավարևելյան ծովային դարավանդը, Չամ լեռան ստորոտը) և Տավրոսի լեռները։ Տավրոսի լեռնաղեղումն է գտնվում «Դրունք Կիլիկիոյ» լեռնանցքը, որը մեծապես օգնել է մարդկային խմբերի տեղաշարժերին։

Այսպիսով, Փոքր Ասիայի տերիտորիայի վրա այժմ ուրվագծվում են հին քարի դարի հայտնագործությունների տարածման երկու հիմնական շրջան՝ Կենտրոնական Փոքր Ասիան և Հայաստանի` Ասորիք-Պաղեստինին հարող շրջանը, որն ըստ երևույթին, ստորին պալեոլիթի պաղեստինա-ասորական տեղային մարզի հյուսիսային ծայրամասն է։

Ստորին պալեոլիթի որոշակի խոշոր կենտրոններ են ուրվագծված նաև Հայկական լեռնաշխարհից հարավ և հյուսիս` Իրաքում, Իրանում և Կովկասի մերձծովյան շրջաններում։

Իրաքում հայտնաբերված գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր է, որ Իրաքում պալեոլիթյան գործիքներ են հայտնաբերված Սուլեյմանիևի, Ռևանդուզի, Ամադիայի, Ագրայի, Զալոյի լեռնանցքներում, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհի հարող շրջաններում։

Կովկասում հայտնաբերված գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշելյան գործիքների տարածումը ցույց է տալիս, որ միջին կամ ուշաշելյանմարդը լայնորեն յուրացրել էր Հայաստանի և Կովկասի շրջանները։ Կովկասյան լեռնաշղթան այն բնական սահմանն էր, որին հասնում էին Հայկական լեռնաշխարհից, Առաջավոր ու Փոքր Ասիայից շարժվող մարդկանց հնագույն խմբերը։

Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի միջև գտնվող Փոքր Ասիայի թերակղզին և Հայկական բարձրավանդակն իրենց աշխարհագրական դիրքով, բարենպաստ բնա-կլիմայական պայմաններով ու չափազանց վաղ բնակեցմամբ բացառիկ դեր են խաղացել պալեոլիթյան մարդու տարաբնակեցման քարեդարյան մշակույթի ձևավորման ու տարածման գործում։ Հայկական լեռնաշխարհի ու Պարսից ծոցի միջև ընկած տերիտորիան ամենահարմարն էր մարդկային վաղ կոլեկտիվների տարածման համար, այդ պատճառով էլ որոշ գիտնականներ այն համարում են օյկումենեի կենտրոնական մաս, պալեոլիթյան մշակույթի կարևոր առաջապահ։

Եփրատի հովիտը, Համայի, Սամսոնի, Բիթլիսի, Տավրոսի լեռնային անցումները, Զագրոսի անցքերը, Վանի և Ուրմիայի ընդարձակ տեկտոնիկ իջվածքները, Արածանիի ամբողջ հովիտը, այն բնական անցուղին էին, որոնցով հին մարդը կարող էր արտագաղթել Փոքր Ասիայից, Միջերկրականի արևելյան ավազանից, Հայկական լեռնաշխարհից` Իրանի արևմտյան սահմանի ուղղությամբ, դեպի հարավ-արևմուտք` Խուզեսթանի և Լոռեսթանի լեռնային սարահարթներով մինչև Միջագետքի հովիտը, որն իր հարավային մասում, մինչև ժամանակակից Մոսուլի սահմանները ծածկված էր Պարսից ծոցի ջրերով։

Հյուսիսային Փոքր Ասիայում հին մարդը կարող էր հաղթահարել Սամսոնի մոտի լեռնանցքը։ Ասորիքում ու Լիբանանում նախնադարյան մարդիկ ծովափից երկրի ներսը շարժվելիս օգտագործել են Խամիբեգարի հարավային լեռնանցքները (1800 մ)։ Կարելի է ենթադրել, որ մարդկության առանձին խմբերի բնակեցմանը և շարժմանը նպաստող պայմաններ գոյություն են ունեցել նախալեռներում, որոնք ձգվել են Զագրոսի լեռնային աղեղի բազմաթիվ հովիտներով, Հյուսիսային Միջագետքի մերձլեռնային շրջաններում։

Արևելյան Հայաստանի և Կովկասի սևծովյան ափի վաղ քարի հուշարձանները, իրենց հերթին, թույլ են տալիս ավելի ամբողջական պատկերացնելու նախնադարյան մարդու բնակությունը մեր երկրի սահմաններում. բացի այդ, հնարավոր է, որ դրանք նշում են հնագույն մարդկանց տեղաշարժի և տարածման ճանապարհները հյուսիսային ուղղությամբ դեպի Կովկասյան լեռնաշղթան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղայան, Ե․ Պ․; Առաքելյան, Բ․ Ն․; Գալոյան, Գ․ Ա․; Երեմյան, Ս․ Տ․; Խաչիկյան, Լ․ Ս․; Հակոբյան, Ա․ Մ․; հովհաննիսյան, Ա․ Գ․; Ներսիսյան, Մ․ Գ․ (1971). Հայ ժողովրդի պատմություն. Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն. էջ 74.