Քառակող կոթող (Ուջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քառակող կոթող
Տեսակմշակութային արժեք և կոթող
Երկիր Հայաստան
ԲնակավայրՈւջան
Շինության ձևՔառակող
Մասն էԴղյակ

Քառակող կոթող, կենդանակերպ քառակող կոթող և չպահպանվող պատմամշակութային հուշարձան Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, նրանից մոտ 1 կմ հյուսիս գտնվող «Ատամի բաղեր» տեղավայրում, փոքր ձորակի եզրին՝ երկու բլուրների միջև ընկած սարահարթում գտնվող փոքրիկ ամրոցի (հաշվառված է որպես դղյակ) կենտրոնական շինության հարավային ճակատի մոտ[Ն 1][1]։ Հուշարձանը ներառված չէ Ուջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2]։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

9-13-րդ դարերով թվագրվող դղյակը։

Քառակող կոթողը և նրա պատվանդանը գտնվում են զարգացած միջնադարով թվագրվող (9-13-րդ դարեր) փոքրիկ ամրոցի կենտրոնական շինության հարավային ճակատի մոտ, կանգնած վիճակում[Ն 2][1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոթողը պատրաստված է ամբողջական տուֆ քարից, որի բարձրությունը 141 սմ է, լայնությունը՝ 54 սմ, իսկ հաստությունը՝ 48 սմ։ Դիմերեսին պատկերված է եղջերավոր կենդանու, ենթադրաբար խոյի երկրաչափական պատկեր, որի ներքնամասից սկսվում է նիզակաձև պատկեր՝ սլաքը դեպի ներքև։ Այս ամբողջը պատկերված է մեկ ուղղությամբ, որի մեջ ակոսագծերով ամբողջ իմաստապատկերն է։ Եղջյուրները և դունչը կլոր են, որոնց մեջ առկա են երեք եռանկյունիներ՝ կազմելով դեմքի առաջնային մասը։ Ներքին եռանկյունին վերնամասում չի հատվում, այլ կլորանալով՝ վերարտադրում է աչքերը[1]։

Դարձերեսը հարդարված է ավելի վատ և բավականին մաշված վիճակում է[Ն 3]։ Վերջնամասում՝ կենտրոնական դիրքում, նշմարվում է առանձնացված շրջանակի մեջ ներառված և դեպի ծայրերը շեշտակի լայնացող խաչապատկեր։ Աջ կողմում պատկերը չի երևում, իսկ ձախում՝ վերնամասում, կենտրոնական դիրքով նույն խաչապատկերից է, որից թեքությամբ երկու տարբեր ուղղություններով ճառագայթներ են արված։ Անմիջապես տակից մինչև վերջ ձգվում է սլաքը՝ դեպի ներքև ուղղված նիզակի պատկերը[1]։

Պատվանդան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոթողի աջ կողմում գտնվում է խորանարդաձև պատվանդանը՝ ձախ կողը կորացող է, տեղ-տեղ թերի մշակված, որի բարձրությունը 60 սմ է, լայնությունը՝ 78 սմ, իսկ հաստությունը՝ 72 սմ։ Պատվանդանի վերնամասում փոս է արված՝ 25 սմ տրամագծով և 29 սմ խորությամբ։ Պատվանդանի դիմերեսին առկա է հազիվ նշմարելի ճառագայթաձև խաչապատկեր։ Այն կենտրոնում ունի պարույր[1]։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կոթողն իր պատկերագրական առանձնահատկություններով մտնում է վաղ միջնադարյան քառակող կոթողների՝ «Շիրակի խմբի» մեջ, որոնք անկյուններում ունեն որմնասյուներ և ավելի ոճավորված պատկերներ։ Այս խմբում գտնվող կոթողներում առկա են կենդանիների և կենդանագլուխ ֆիգուրների պատկերները[3]։

Արագած լեռան հարավահայաց հատվածում կան նաև այլ կոթողներ, որոնք ունեն սլաքի պատկերներ։ Քանդակագործության մեջ այսպիսի զարդերը Ասատուր Մնացականյանը համարում է «Հայկական քանդակագործության հնագույն նմուշներից մեկը», որոնք հանդիսանում են պտղաբերության խորհրդանիշ[4]։ Ըստ Մովսես Խորենացու վկայության, Արշակ Ա-ն Փոքր Ասիա կատարած հաղթական արշավանքի կապակցությամբ քարե կոթող է կանգնեցնում, որի վրա քանդակված է եղել նիզակ[5]։ Այդ կոթողը, ըստ Սեդրակ Բարխուդարյանի, համարվում է հաղթության խորհրդանիշ, որի ակունքները հասնում են դեպի Վանի թագավորության Մուսասիրի տաճարի նիզակնեի պատկերագրությունը[6]։ Քառանիստ կոթողների վրա եռանկյունաձև զարդերի առկայությունը ուրարտական պատկերագրության հետ է կապում նաև Գրիգոր Գրիգորյանը[7]։ Իսկ Լևոն Ազարյանը սլաքը և եռանկյունաձև սեպի պատկերը համարում է աստվածայինի խորհրդանիշ և այն կապում է Տիրի հետ[1][8]։

Ուջանի այս քառակող կոթողը համարվում է Հայկական վաղ միջնադարյան արվեստի կարևոր օրինակներից։ Այն առաջին հայացքից հիշեցնում վիշապ քարակոթողներին բնորոշ ցլի կամ խոյի առաջնային պատկերները, ինչը պատահական չէ[Ն 4][Ն 5], քանի որ Արագած լեռը համարվում է վիշապ քարակոթողների տարածման էպիկենտրոններից մեկը[1][10]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հուշարձանը՝ դղյակը հաշվառվել է ՀՍՍՀ մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության՝ հուշարձանների համահավաքի անձնագրող արշավախմբի կողմից 1983 թվականին, կազմող՝ Գ. Սարգսյան[1]։
  2. Դղյակին վերաբերվող արխիվային փաստաթղթերում հայտանբերվել են կոթողին և պատվանդանին վերաբերվող լուսանկարներ, որոնցում կոթողը պառկած վիճակում է[1]։
  3. Կոթողի պատկերները իրենց մանրամասնությամբ հաջողվել է տեսնել լուսանկարչական արտացոլիչ սարքի միջոցով[1]։
  4. Ուջանում արձանագրվել է նաև վիշապ քարակոթող, որը հետագայում չի մտել ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակ, իսկ նրա գտնվելու վայրը ներկայումս անհայտ է մնում[1]։
  5. Հուշարձանը վկայագրել է Գարսևան Շառոյանը՝ 1989 թվականին[1][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 ««Կենդանակերպ պատկերով քառանիստ կոթող Ուջանից», Լևոն Մկրտչյան, Էջմիածին, 2017». www.academia.edu. Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
  2. «Հայաստանի կառավարության որոշում N 628, 29 մայիսի 2002 թ.». www.arlis.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
  3. «Հայկական վաղմիջնադարյան քանդակը (4-7-րդ դդ.)», Զարուհի Հակոբյան, Երևան, 2016, էջ 66-71․
  4. «Հայկական զարդարվեստ», Ասատուր Մնացականյան, Երևան, 1955, էջ 74-75․
  5. «Հայոց պատմություն», Մովսես Խորենացի, Երևան, 1961, էջ 160․
  6. «Հայաստանի կոթողային հուշարձանները», Սեդրակ Բարխուդարյան, ՏՀԳ, 1960, թ․ 7-8, էջ 59․
  7. «Վաղ միջնադարյան քառանիստ կոթողների վիճակը», Գրիգոր Գրիգորյան, Երևան, 2009, էջ 65։
  8. «Վաղ միջնադարյան հայկական քանդակը», Լևոն Ազարյան, Երևան, 1975, էջ 66․
  9. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազստական կենտրոն» ՊՈԱԿ-ի արխիվի Ուջանի նյութեր։
  10. «Վիշապաքարերի հնագիտություն․ Վիշապ քարակոթողները», համահեղ․՝ Արսեն Բոբոխյան, Ալեսանդրա Ջիլիբերտ, Պավոլ Հնիլա, Երևան, 2015, էջ 275-281․