Ցեսիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ցեսիս
բելառուս․՝ Вендэн
ռուս.՝ Венден
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
Հիմնադրված է1206 թ.
Մակերես19,27 կմ², 18,71 կմ²
ԲԾՄ119 մետր
Բնակչություն14 713 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Փոստային դասիչLV-41(01-03)
Պաշտոնական կայքcesis.lv
Ցեսիս (Լատվիա)##
Ցեսիս (Լատվիա)

Ցեսիս (լատիշ․՝ Cēsis), Վենդեն (գերմ.՝ Wenden, լատիշ․՝ Venden), քաղաք Լատվիայում, Ցեսիսի շրջանի վարչական կենտրոն։ Գտնվում է Գաույա գետի մոտ՝ Ռիգայից 90 կմ հյուսիս-արևելք։ Բնակչությունը 17.2 հազար մարդ է (2016)։ 2014 թվականին եղել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք կոչման հավակնորդներից մեկը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական Վենդեն ամրոցը, որը կառուցվել է 1213 թվականին, Լիվոնյան օրդենի գլխավոր կենտրոններից է եղել և նրա մագիստրոսների նստավայրը։ Գերմանական անվանումը ծագում է այստեղի երբեմնի բնակիչների՝ վենդերի անունից, որոնց էթնիկ ծագումն անհայտ է։ Նրանք 11-րդ դարում Ռիեկստուկալնս բնակավայրում կառուցել են իրենց ամրոցը։ Վենդական այս բնակավայրն ու հարևանությամբ կառուցված քարե ամրոցը դարձել են ապագա քաղաքի հիմքը։

Միջնադարում այն հանզայական միության մեջ է մտել։ Այստեղ ամեն տարի հավաքվել է օրդենի գլխավոր կապիտուլը։ Լիվոնյան օրդենի մագիստրոս Վալտեր ֆոն Պլետենբերգը և մի շարք այլ մագիստրոսներ թաղված են օրդենի՝ Սուրբ Հովհաննեսի եկեղեցում (13-րդ դար)։

Լիվոնյան դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1198 թվականին Հռոմի Իննոկենտիոս III պապը խաչակրաց արշավանք է հայտարարել Մերձբալթիկայի հեթանոսների դեմ։ 1202 թվականի ամռանը Ռիգայի ապագա եպիսկոպոս Ալբերտ Բուկսգևդենը 23 նավերով ուղևորվել է հնազանդեցնելու Դաուգավայի շրջանի լիվերին և հիմնադրել է Սուսերակիրների օրդենը։

1206 թվականին վենդերն ընդունել են կաթոլիկություն և հպատակություն հայտնել Լիվոնի եպիսկոպոսությանը։ 1208 թվականին վենդական քաղաքում տեղավորվել է սուսերակիրների կայազորը։ Այն գլխավորել է մագիստրոս Բերտոլդը։ Նույն թվականին լատգալական կառավարողները և ասպետները համաձայնագիր են կնքել, որն ուղղված էր էստերի դեմ։

1210 թվականի ամռանը քաղաքը փորձել են գրավել էստերը, սակայն անհաջողություն են կրել։ 1218 թվականին Վենդենը պաշարել են Սմոլենսկի իշխան Վսեվոլոդ Մստիսլավիչը զորքերը, սակայն վենդերը խաչակիրների օգնությամբ ստիպել են նրանց նահանջել։ Այս հարձակման ժամանակ տարեգիր Հենրիխ Լատվիացին հիշատակել է Վենդենի մերձակայքի բնակավայրը։

1213 թվականին եպիսկոպոս Ալբերտն ու Սուրերակիրների օրդենը պայմանագիր են կնքել հողերի նոր բաժանման մասին, որի արդյունքում օրդենը ստացել է Վենդենն ու քաղաքից հարավ-արևելք ընկած մեծ տարածքը։ Հենց այդ ժամանակ էլ վենդական բնակավայրի դիմաց կառուցվել է քարե ամրոց (Ցեսիսի ամրոց)։

1225 թվականին Հռոմի պապի դեսպան Վիլհելմ Մոդենացին ժամանել է Վենդեն։

1226 թվականի հուլիսի 28-ին առաջին անգամ հիշատակվում է ռատուշան։ Դա նշանակում է, որ Վենդենն արդեն քաղաքի կարգավիճակ է ունեցել։

1245 թվականին 500 լիտվացի աննկատ հասել է Վենդեն և պարտության մատնել Լիվոնյան օրդենին։ Լիտվացիների ներկայացուցիչ Լուգվենը ասպետներից մեկին ստիպել է քաղաքի կոմտուրի կտրված գլուխը հասցնել Լիտվա։ 1262 թվականին Վենդենի վրա է հարձակվել լիտվացի իշխան Մինդովգը, սակայն ռուսների կողմից չստանալով խոստացված օգնությունը՝ լիտվացիները նահանջել են։

Լիվոնիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ 1298 թվականին Ռիգայի եպիսկոպոսության դաշնակիցները պարտության են մատնել Լիվոնյան օրդենի զորքերին։ Սպանվել են մեծ մագիստրոսը, 22-60 ասպետներ և մոտ 1.500 տեղացիներ։ Լիտվացիները կորցրել են մոտ 800 զինվոր։

1367 թվականին քաղաքը մտել է հանզայական միության մեջ և մասնակցել Դանիայի դեմ մղված պատերազմին, որն ավարտվել է Դանիայի պարտությամբ։ Դա ազատ ելք է ապահովել Բալթիկ ծովի ու Հյուսիսային ծովի միջև։

1383 թվականի փաստաթղթերից մեկում Վենդենը նկարագրված է որպես քաղաք, որը շրջապատված է քարե ամուր պարսպով և երեք մեծ աշտարակներով, չորս դարպասներով։ Ամրոցի ու եկեղեցու մոտ ձևավորվել են նեղ փողոցներ՝ առևտրականների ու արհեստագործների շենքերով։ Վենդենի առևտրականները մտել են Մեծ գիլդիայի մեջ։ Քաղաքը ծաղկում է ապրել, օրդենի արհեստագործները հիմնել են Սևագլուխների եղբայրության տեղի խումբը։ Քաղաքի կենտրոնը լիվերի հատվածից տեղափոխվել է Սուրբ Հովհաննեսի եկեղեցու մոտ, որտեղ առևտրական հրապարակ է ձևավորվել։

1401 թվականին Վենդենում առաջին անգամ կայացել է լիվոնյան քաղաքների կապիտուլը։ Հետագայում այն բազմիցս կայացել է Վենդենում։

Աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ՝ Վենդենը ակտիվ առևտուր է հաստատել Պսկովի ու Նովգորոդի հետ։

1472 թվականին Վենդենում բացվել է դրամահատարան, որտեղ, ինչպես Ռիգայում, հատել են Լիվոնյան օրդենի դրամներ։ Վենդենը եղել է Լիվոնիայի միակ քաղաքը, որտեղ ոսկե ու արծաթե դրամներ են հատել մակագրությամբ (Moneta Wendes կամ Moneta Wenden):

1494 թվականին Մոսկվայի իշխան Իվան III-ը փակել է Նովգորոդի հանզայական միությունը, որի առևտրական գլխավոր գործընկերը Լիվոնիան էր, բռնագրավել է ունեցվածքը և ձերբակալել լիվոնյան առևտրականներին։ Նույն թվականի հուլիսի 7-ին օրդենի մեծ մագիստրոս է դարձել վալտեր ֆոն Պլետենբերգը։ Նա փորձել է Վենդենը Լիվոնյան օրդենի մայրաքաղաք հռչակել՝ զգալով Մոսկվայի իշխանի կողմից եկող վտանգը։ 1501 թվականին, երբ Դերպտի մոտ ձերբակալվել է ռուս 150 առևտրական, սկսվել են ռազմական գործողություններ, որին ի պատասխան՝ ռուսները հարձակվել են Վենդենի վրա, սակայն հետ են մղվել։ Սմոլինի լճի մոտ կայացած վճռական ճակատամարտում Լիվոնյան դաշնության միացյալ զորքը (գերմանացիներ, լատիշներ, էստոնացիներ) հաղթանակ է տարել, որը մոտ հիսուն տարով ապահովել է երկրի խաղաղությունը։

1522 թվականին Լիվոնիայում սկսվել է Ռեֆորմացիան. կաթոլիկությունը փոխարինվել է լյութերականությամբ։ Երեք տարի անց Վենդենում հրավիրաված լանդտագը որոշել է թույլ տալ լյութերականության տարածումը ամբողջ Լիվոնիայով։

Լիվոնյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեսիս

Լիվոնյան պատերազմը սկսվել է Իվան Ահեղի զորքերի հարձակումով 1558 թվականի հունվարի 17-ին։ Հուլիսին ռուսները հաղթանակ են տարել Վենդենի մերձակայքում, սակայն քաղաքի վրա չեն համարձակվել հարձակվել։

1559 թվականի հունվարին ռուսներն ավերել են Վենդենի շրանի որոշ ամրոցներ։ Էրմեսի մոտ կայացած ճակատամարտից հետո Իվան Ահեղը տիրել է Ֆելինի ամրոցին, ինչը հանգեցրել է Լիվոնյան դաշնության կազմալուծմանը։

1561 թվականին Լիվոնյան օրդենի մագիստրոսը, Ռիգայի եպիսկոպոսը և Ռիգան հպատակություն են հայտնել Լիտվական մեծ իշխանությանը։ Իրավական առումով Լիվոնյան օրդենի գոյությունն ավարտվել է 1563 թվականի մարտի 5-ին, և դրա հետ մեկտեղ Վերդենն էլ կորցրել է մայրաքաղաքի իր կարգավիճակը։

1569 թվականին Լիտվան ու Լեհաստանը միավորվել են Ռեչ Պոսպոլիտայի մեջ։ 1577 թվականի օգոստոսին՝ Վենդենի ճակատամարտի ժամանակ, լատիշները Վենդենի ամրոցից վանել են լեհական կայազորը, և այնտեղ հաստատվել է իշխան Մագնուսը, որը համարվում էր Լիվոնիայի արքա։ Բնակիչները հույս ունեին, որ քաղաքը կպաշտպանվի ռուսների հարձակումներից։ Չնայած Մագնուսը խոստացել էր Վենդենը հանձվել Իվան Ահեղին, սակայն ամրոցի պաշտպանները հրաժարվել են հանձնվել։ 1577 թվականին Վենդենի ամրոցը Իվան Ահեղի գրոհի ժամանակ պայթեցվել է հենց պաշտպանների կողմից[3]։

Ռեչ Պոսպոլիտայի և Շվեդիայի տիրակալության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1582 թվականին լեհ արքա Ստեֆան Բատորին Վենդենին այնպիսի իրավունքներ է տրամադրել, ինչպիսիք ունեցել է Ռիգան։ Քաղաքը սկսել է արագ ծաղկում ապրել։ 1588 թվականին Վենդենում լիվանյան լանդտագը գահընկեց է արել լեհ արքային։ 1598 թվականի վենդենը դարձել է Վենդենի վոևոդության կենտրոնը։

Վենդենը կրկին ավերվել է լեհ-շվեդական պատերազմի հետևանքով։ 1600-1602 թվականներին շատ ցուրտ ձմեռներ են եղել, անձրևոտ ամառներ, և զինվորների գործած վայրագություններին ավելացել են սովն ու համաճարակը։

1625 թվականին Վենդենն անցել է Շվեդիայի տիրապետությանը։ Գուստավ II արքան քաղաքից վտարել է բոլոր ճիզվիտներին։ Այդ ժամանակ արդեն ծայրամասի շատ բնակավայրեր լքվել էին։ Բարեփոխումների, առևտրի, արհեստագործության ու հողագործության շնորհիվ՝ քաղաքն աստիճանաբար սկսել է վերելք ապրել։ Շվեդիայի թագուհի Քրիստինան արգելել էր քաղաքում գարեջրի վաճառքը, իսկ արհեստագործներն իրավունք չունեին թողնել իրենց արհեստն ու գարեջուր պատրաստել։

Ալեքսեյ Միխայլովիչ ցարի՝ 1656 թվականի արշավանքից հետո լատիշներն աշխարհազոր են կազմավորել, որոնք հաջորդ տարի հաջողությամբ կանխել են ռուսների հարձակումը քաղաքի վրա։ 1657 թվականին Վենդենը կարճ ժամանակով գրավել ու ավերածությունների են ենթարկել լեհերը, սակայն տեղի բնակիչների կազմակերպած դիմադրության հետևանքով նրանք մոտ 6.000 զինվոր են կորցրել։ 1669 թվականին Ռեչ Պոսպոլիտայի ու Շվեդիայի միջև կնքվել է Օլիվի հաշտության պայմանագիրը, որը Լիֆլանդիայի համար խաղաղություն է ապահովել հետագա 40 տարիներին։

1665 թվականին կառուցվել է քաղաքային հիվանդանոցը։ 1667 թվականին բացվել է լատիշական առաջին դպրոցը։ 1680 թվականին հաստատվել է Ցեսիսի Փոքր գիլդիայի կանոնադրությունը։ 1669 թվականին քաղաքում եղել է քարե և փայտե 119 շինություն։

Անկախ Լատվիայի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական զորքերի փաստացի օկուպացիայի պայմաններում 1918 թվականի նոյեմբերի 18-ին Լատվիայի ժողովրդական խորհուրդը հռչակել է Լատվիայի Հանրապետության անկախությունը։ Վեդենում սկսել են ձևավորվել ինքնապաշտպանական խմբեր։ Դեկտեմբերի 1-ին Լատվիա են ներխուժել Կարմիր բանակի զորքերը։ Լատվիայի կառավարությունը սկզբնական շրջանում չէր վայելում լատիշների մեծ վստահությունը, ուստի ռուսական զորքերին դիմագրավելու համար գերմանական բանակի զինծառայողներից ձևավորել է Երկաթյա դիվիզիան։

Սակայն դիվիզիան հրաժարվել է Վենդենը պաշտպանելուց, և դեկտեմբերի 23-ին Կարմիր բանակը ներխուժել է քաղաք։

Հունվարի 9-ից մինչև մայիսի կեսեր Ցեսիսի հեղափոխական ռազմական դատարանը 71 ցեսիսցու մահապատժի է ենթարկել։ Քաղցի ու ահաբեկչության պայմաններում Պյոտր Ստուչկայի կառավարությունն ավելի ու ավելի անկայուն էր դառնում։ Մայիսի 13-ին ազգային պարտիզանները Արթուրս Վեցկալնինշսի գլխավորությամբ հարձակվել են Ցեսիսի բանտի վրա և ազատել ձերբակալվածներին։

Մայիսի 30-ին Ցեսիսն ազատագրվել է Արթուրս Ապարնիեկսի պարտիզանական ջոկատի գլխավորությամբ, իսկ մի քանի ժամ անց այնտեղ են մտել հյուսիսլատվիական ջոկատները։

Մայիսի 3-ին քաղաքը փորձել է գրավել գերմանական դիվիզիան։ Հունիսի 19-23-ին տեղի է ունեցել Ցեսիսի ճակատամարտը էստոնական ու լատիշական միացյալ ուժերի և գերմանական լանդեսվերի միջև։ Էստոնական ու լատիշական կողմի հաղթանակի շնորհիվ կանխվել է դեպի Ռիգա առաջխաղացումը, և հուլիսի 6-ին այն ազատագրվել է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ վիճակագրական վարչության տվյալներով քաղաքի բնակչությունը եղել է 15.666 մարդ[4]։

1989 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության կազմը հետևյալ պատկերն է ունեցել[5][6].

Ազգություն Մարդ
(1989)
% Մարդ
(2015)
%
ընդամենը 21123 100,00 % 15666 100,00 %
լատիշներ 16223 76,80 % 13549 86,49 %
ռուսներ 3734 17,68 % 1451 9,26 %
բելառուսներ 366 1,73 % 180 1,15 %
ուկրաինացիներ 291 1,38 % 123 0,79 %
լեհեր 220 1,04 % 156 1,00 %
լիտվացիներ 77 0,36 % 62 0,40 %
այլք 212 1,00 % 145 0,93 %

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենդեմի ամրոցի ավերակները ամինից մեծն են և ամենի լավ պահպանվածը Լիֆլյանդիայի նահանգում։ Հսկայական չորս աշտարակները, որոնց պատերի հաստությունը հասնում է մինչև 3.5 մ-ի, հարում են նույն հաստությամբ ամրոցային պատերին։ Աշտարակներն իրար հետ կապված են ստորգետնյա ուղիներով։ Վենդեմը հայտնի է իր լավ կլիմայով, հատկապես ջրով, որի շնորհիվ այստեղ գործում է ջրաբուժության հայտնի հաստատություն։

Լիվոնյան օրդենի մագիստրոսի ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհաննես եկեղեցի

Ամրոցը քաղաքի պատմական կենտրոնի կորիզն է։ Այն կառուցված է բլրի վրա և այստեղ գոյություն ունեցած վենդերի ամրոցից բաժանվել է խանդակով։ Ամրոցը կառուցվել է մոտ 1220 թվականին և բազմիցս վերանորոգվել է, իսկ 1237 թվականից եղել է Լիվոնյան օրդենի մեծ մագիստրրոսի նստավայրը։ Սկզբնական ամրոցից պահպանվել են միանավ կապելլայի մնացորդները ամրոցի արևելյան մասում։ Պահպանվել են նաև ուշ ռոմանական ոճի ճարտարապետական դետալներ։

14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին ամրոցը վերակառուցվել է։ Այդ կառույցից պահպանվել է երկու մասնաշենք՝ ուղիղ անկյան տակ կտրված, և արևմտյան գլխավոր աշտարակի երկու հարկեր։ Գլխավոր աշտարակի մոտ եղել է մուտք դեպի ներքին բակ, ինչպես նաև արտաքին կամարակապ սյունաշար։

Վենդեմի ավերված ամրոցը

15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին ամրոցին կից կառուցվել են հրետանային զենք պահելու համար նախատեսված Հյուսիսային և Հարավային աշտարակնեըր (կոչվում են Երկար Գերման)՝ մոտ 4 մ հաստությամբ պատերով, իսկ ամրոցի առաջ Լանդամահերի և Արևմտյան աշտարակները։ Ավարտին է հասցվել արևմտյան գլխավոր աշտարակի շինարարությունը, որտեղ տեղակայվել է մեծ մագիստրոսի հարկաբաժինը (ավարտին է հասցվել 1522 թվականին)։

Լիվոնյան պատերազմի ժամանակ ամրոցը մասամբ ավերվել է Իվան Ահեղի զորքերի կողմից, իսկ 18-րդ դարի սկզբին` լքվել։

1777 թվականին ավարտին է հասցվել Լանդամահերի աշտարակի շինարարությունը, իսկ նրա մոտ կառուցվել է այսպես կոչված Նոր ամրոցը՝ մանսարդային ծածկով երկհարկանի պալատը։

1912-1914 թվականներին տանիք է կառուցվել գլխավոր աշտարակի վրա, 1957 թվականին մասնակիորեն վերանորոգվել է Երկար Գերմանը։ 1952-1962 թվականներին ամրացվել է հյուսիսային աշտարակը, անցկացվել են հնագիտական պեղումներ։

Սուրբ Հովհաննես եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եկեղեցին միջնադարյան ամենամեծ բազիլիկն է Լատվիայի տարածքում՝ Ռիգայի սահմաններից դուրս։ Այն կառուցվել է 1281-1284 թվականներին և եղել է Լիվոնյան օրդենի գլխավոր տաճարը։ 1582-1621 թվականներին այն եղել է Լիվոնիայի կաթոլիկ եպիսկոպոսի, իսկ 1621 թվականից՝ լյութերական եկեղեցու գլխավոր տաճարը։ Այստեղ են թաղվել շատ մագիստրոսներ ու եպիսկոպոսներ։

Եկեղեցին եռանավ, վեց մույթով բազիլիկ է։ Պատերը կրաքարային խոշոր, կոպիտ տաշած քարերից են, իսկ կամարներն ու ջլաղեղները՝ աղյուսից։ Առաստաղի կամարները վերաբերում են 14-րդ դարի կեսերին։ 15-րդ դարում ընդարձակվել է նավի ու խորանի միջև եղած հատվածը, կառուցվել է արևմտյան աշտարակը, իսկ հյուսիսային մասում՝ կապելլա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Iedzīvotāju skaits pēc tautības reģionos, pilsētās, novados, pagastos, apkaimēs un blīvi apdzīvotās teritorijās gada sākumā (pēc administratīvi teritoriālās reformas 2021. gadā) 2021 - 2022Central Statistical Bureau of Latvia.
  2. «Cēsis - the candidate city of European Capital of Culture 2014». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3.  Chisholm, Hugh, ed. (1911). «Wenden». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 28 (11th ed.). Cambridge University Press. էջ 518.
  4. «Численность постоянного населения по полу: города республиканского значения, края, города и волости в начале и в середине года» (լատվիերեն).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) // «Iedzīvotāji — Datubāze (Население. База данных)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Centrālā statistikas pārvalde (Центральное статистическое бюро Латвии)
  5. Ethnic composition: 1989 census
  6. «Ethnic composition: 2015 estimation». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Анспак А. Цесис: Путеводитель по городу и его окрестностям / Пер. Л. Кахан; Худ. Г. Кирке. — Рига: Латвийское гос. изд-во, 1960. — 204 с. — 3000 экз. (в пер.)
  • Памятники искусства Советского Союза: Белоруссия, Литва, Латвия, Эстония. — М.: Искусство, 1986.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեսիս» հոդվածին։