Տարաս Շևչենկոյի անվան ազգային թանգարան
Տարաս Շևչենկոյի անվան ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Կիև |
Վայր | Կիև |
Հասցե | бульвар Тараса Шевченка, 12, Київ, УкраїнаՏարաս Շևչենկոյի անվան բուլվար (12) |
Հիմնադրվել է | 1940 |
Կայք | museumshevchenko.org.ua |
Տարաս Շևչենկոյի անվան ազգային թանգարան, թանգարան Կիևում։ Ստեղծվել է 1949 թվականին Խարկովի Տարաս Շևչենկոյի նկարների պատկերասրահի և Կիևի Տարաս Շևչենկոյի անվան կենտրոնական պետական թանգարանի միավորմամբ։ Գտնվում է Տարաս Շևչենկոյի անվան բուլվարի թիվ 12 հասցեում[1][2]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականին Խարկովի Տարաս Շևչենկոյի անվան ինստիտուտում գործող Գրական թանգարանի հիման վրա ստեղծվել է Տարաս Շևչենկոյի անվան նկարների պատկերասրահը, որը սկսեց գործել 1934 թվականին։ Տարաս Շևչենկոյի ինստիտուտից պատկերասրահ են տեղափոխվել նկարչի 106 բնօրինակ արվեստի գործեր[3]։
1939 թվականին, Կիևում նրա ծննդյան 125-ամյակի կապակցությամբ, Ուկրաինական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի տանը կազմակերպվեց Շևչենկոյի հանրապետական հոբելյանական ցուցահանդեսը, որին բացի պատկերասրահի ցուցանմուշներից ներկայացվել են նկարներ և այլ նյութեր Կիևի, Խարկովի, Մոսկվայի, Լենինգրադի, Սարատովի, Լվովի, Բաքվի արխիվներից և թանգարաններից։ 1940 թվականին Ուկրաինական ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշել է հանրապետական հոբելյանական ցուցահանդեսի բազայի հիման վրա Կիևում կազմակերպել Տարաս Շևչենկոյի կենտրոնական պետական թանգարան՝ այդտեղ կենտրոնացնելով Տարաս Շևչենկոյի կյանքին և ստեղծագործությանը վերաբերվող բոլոր բնօրինակ նյութերը։ Որոշման համաձայն ցուցահանդեսին տարբեր թանգարանների և հաստատությունների կողմից ներկայացված բոլոր նյութերը հատկացվել են թանգարանին, որի ցուցադրությունը բացվել է 1941 թվականի ապրիլին Մարիինյան պալատի շենքում։ Հավաքվել է մոտ 10000 ցուցանմուշ։ Թանգարանի գործունեությունը դադարեցվել է պատերազմի սկսելու հետ կապված։ Միայն արժեքավոր ցուցանմուշները տարհանվել են Նովոսիբիրսկ՝ մինչև գերմանական օկուպացիայի սկսվելը (Ուկրաինա վերադարձվել են 1944 թվականին)։
1949 թվականի ապրիլի 24-ին Շևչենկոյի Բուլվարի 12 հասցեում կառավարության կողմից հատկացված տարածքում բացվել է նոր ցուցադրություն։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն բաղկացած է եզակի արժեքներից՝ Շևչենկոյի բնօրինակ նկարներից, նրա կյանքի և ստեղծագործության մասին փաստաթղթերից, նրա պոեզիայի ձեռագիր ցուցակներից, բանաստեղծի և նրա ընկերների հազվագյուտ լուսանկարներից, Շևչենկոյի առաջին գործերից՝ իր ինքնագրերով, բանաստեղծի ստեղծագործությունների գրեթե բոլոր հրատարակություններից և նրա մասին գրականությունից՝ սկսած կենդանության ժամանակաշրջանից և վերջացրած ժամանակակից հայրենական և արտասահմանյան հրապարակումներից[4]։ 24 սրահներում տեղադրված է ավելի քան 4000 ցուցանմուշ։
Ցուցասրահներում ներկայացված են ականավոր արվեստագետների, քանդակագործների, գրողների և կոմպոզիտորների գործեր, որոնք արտացոլում են Շևչենկոյի դարաշրջանը, նրա կյանքն ու ստեղծագործությունը, Կառլ Բրյուլովի, Իլյա Ռեպինի, Վասիլի Տրոպինինի, Իվան Կրամսկոյի, Վասիլի Շտերնբերգի, Իվան Սոկոլովի, Միխայիլ Բաշիլովի, Կոնստանտին Տրուտովսկու, Լև Ժեմչուժնիկովի, Իվան Սոշենկոյի, Միխայիլ Միկեշինի, Սերգեյ Վասիլկովսկու, Նիկոլայ Սամոկիշի, Աֆանասի Սլաստիոնի, Ֆոտի Կրասիցկու, Իվան Իժակևիչի, Վասիլի Կասիյանի, Միխայիլ Դերեգուսի, Կարպ Տրոխիմենկոյի, Բորիս Սմիրնովի, քանդակագործներ Ֆեոդոր Կամենսկու, Պյոտր Կլոդտի, Վլադիմիր Բեկլեմիշևի, Ֆեոդոր Բալավենսկու, Իվան Կավալերիձեի, Միխայիլ Լիսենկոյի, Իվան Մակոգոնի, Պյոտր Մոլչունի, Վալենտին Զնոբայի և այլոց ստեղծագործությունները։ Մի քանի սրահներում ցուցադրված են նյութեր, որոնք վկայում են Շևչենկոյի ստեղծագործության համաշխարհային նշանակության մասին, նրա ստեղծագործությունների թարգմանությունները բազմաթիվ օտար լեզուներով[3]։
2002 թվականի հուլիսի դրությամբ թանգարանի հավաքածուն ներառել է հիմնական ֆոնդի 28007 ցուցանմուշ (գեղանկարներ, գծանկարներ, դեկորատիվ արվեստներ, քանդակագործություն, արխիվներ, տպագիր նյութեր, գրքեր, լուսանկարներ, հուշանվերներ), օժանդակ ֆոնդը՝ 44 662, ընդհանուր թվաքանակը՝ 72 669։ Առաջարկվում են աուդիո ուղեցույցի ծառայություններ։
-
Թանգարանի ինտերիեր
-
Տարաս Շևչենկո, «Մոդել»
-
Տարաս Շևչենկո, «Ընդհատված հանդիպում»
-
Թանգարանի ցուցանմուշներ
-
Թանգարանի կենտրոնական մուտքը
Գրական հուշահամալիր տուն-թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Փայտե տունը կառուցվել է 1835 թվականին «Այծի ճահիճ» նախկին նրբանցքում։
Տարաս Շևչենկոն այս տանը բնակություն է հաստատել 1846 թվականի գարնանը՝ Սեդնևից վերադառնալուց հետո։ Տարաս Շևչենկոյի հետ բնակություն են հաստատել նրա երկու ընկերները՝ նկարիչ Միխայիլ Սաժինը և բանաստեղծ Ալեքսանդր Աֆանասիև-Չուժբինսկին։
Տարաս Գրիգորևիչի բնակելի տարածքը բաղկացած է եղել մի փոքրիկ սենյակից, որի պատուհանները նայել են դեպի փողոց և մի արհեստանոցից, որը գտնվել է ձեղնահարկում։ Ժամանակի ընթացքում տունն ու դաստակերտը փոփոխության են ենթարկվել։ 1876 թվականին այն ընդարձակվել է մինչև 325 քառակուսի սաժեն։ Աստիճանաբար փոխվել են նաև ճակատների ձևավորումը և տան տարածքների դասավորությունը։
1925 թվականի օգոստոսի 12-ին Կիևի շրջանային գործկոմը հրաման է տվել կոմունալ տնտեսության վարչությանը վերաբնակեցնել բնակիչներին, վերանորոգել և տունը փոխանցել Գիտությունների ակադեմիային։ Վասիլի Կրիչևսկուն է պատկանում ռեստավրացիայի կազմակերպման նախաձեռնությունը, տուն-թանգարանի գեղարվեստական ձևավորման ղեկավարումը, սենյակների, արհեստանոցի և պարտեզի գեղարվեստական նախագծերի կազմումը։
1928 թվականի նոյեմբերի 10-ին թանգարանը հանդիսավոր կերպով բացվել է այցելուների համար։
Տարաս Շևչենկոյի հուշահամալիր տուն-թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]1859 թվականին, Ուկրաինայի մայրաքաղաք կատարած իր վերջին այցի ժամանակ, Տարաս Շևչենկոն նախընտրել է բնակարան վարձել քաղաքի ծայրամասում՝ գեղատեսիլ Պրիորկեում։ 1989 թվականին Վիշգորոդսկայա փողոցի 5 հասցեում գտնվող տան տեղում, որտեղ նա ապրել է երկու շաբաթ, կառուցվել է շենք, որտեղ բացվել է Տարաս Շևչենկոյի հուշահամալիրի տուն-թանգարանը։
Հիմնականում ցուցանմուշները բաղկացած են այն իրերից, որոնք թանգարանին են նվիրաբերել Կիևի բնակիչները՝ այն մարդկանց ժառանգները, ովքեր անձամբ շփվել են բանաստեղծի հետ։ Թանգարանի սենյակներում վերարտադրվում է Շևչենկոյի ժամանակաշրջանի կիևցիների կյանքը։ Տնից ոչ հեռու շուրջ 400 տարի կանգնած է մի կաղնի, որի ստվերում, ժամանակակիցների պատմելով, նստել է Տարաս Շևչենկոն։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дорошенко К. П. Державний музей Т. Г. Шевченка в Києві // Шевченківський словник. Том 1 / Інститут літератури імені Т. Г. Шевченка Академії Наук УРСР. — Київ : Головна редакція УРЕ, 1976. — С. 187—188. (укр.)
- Національний музей Тараса Шевченка: [Альбом] / Упоряд.: Т. Андрущенко, С. Гальченко. — К.: Мистецтво, 2002. — 224 с. — ISBN 966-577-136-1.
- С. А. Гальченко. Шевченка Тараса Національний музей //
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Кобзар :: Національний музей». 2013 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
- ↑ Schäfer, Günther (2011). Kiev: Rundgänge durch die Metropole am Dnepr (գերմաներեն). Trescher Verlag. ISBN 978-3-89794-181-6.
- ↑ 3,0 3,1 «Національний музей Тараса Шевченка у Києві — Енциклопедія Сучасної України». esu.com.ua. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ Ugryumova, Victoria; Nevzorov, Vladimir; Soboleva, Natalia (2022 թ․ մարտի 4). Interesting UKRAINE: TOP100 Symbols (անգլերեն). Nahs Haus. ISBN 978-966-2536-42-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարաս Շևչենկոյի անվան ազգային թանգարան» հոդվածին։ |
|