Տանձենի կովկասյան
Տանձենի կովկասյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Maleae |
Ցեղ | Տանձ (Pyrus) |
Տեսակ | Տանձենի կովկասյան (P. caucasica) |
Միջազգային անվանում | |
Pyrus caucasica |
Տանձենի կովկասյան (լատ.՝ Pyrus caucasica), վարդազգիների ընտանիքի, տանձենի ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևաթափ խոշոր ծառեր են` 20-25 մ բարձրությամբ և 60-80 սմ բնի տրամագծով։ Սաղարթը բրգաձև է, երիտասարդ ճյուղերը մերկ են, ծածկված մոխրագույն կեղևով, փշապատ։ Տերևները կլորավուն են կամ լայն ձվաձև, երբեմն մի փոքր երկարավուն, հազվադեպ՝ շեղանկյուն, 3-4 (երբեմն՝5) սմ երկարությամբ, կլորավուն հիմքով, բթածայր կամ միանգամից սրացող, ամբողջաեզր մերկ կամ ներքևից ու եզրերից սարդոստայնանման աղվամազով ծածկված, կիսակաշվեկերպ, վերևի կողմից փայլուն,ներքևից՝ անփայլ, երկար կոթունավոր և 2-3 անգամ գերազանցում են տերևաթիթեղի երկարությանը։ Պտուղը մերկ է, կլոր կամ սեղմված, հասունները սևավուն, գագաթին պահպանվում է ծաղկի բաժակը։ Ծաղկում է ապրիլ-մայիս, պտղաբերում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Պտուղները թափվում են հոկտեմբերին։
Չափազանց ցրտադիմացկուն է, դիմանում է մինչև -40 °C սառնամանիքներին, բավականին լուսասեր է և խոնավասեր, սակայն լավ է աճում նաև չոր վայրերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Ջերմադիմացկուն է, բավականին արագ է աճում։
Հայաստանի անտառներում պատվաստված ծառերը բավականին բարձր բերք են տալիս։ Պտուղը պարունակում է մեծ քանակությամբ շաքարներ, օրգանական թթուներ, վիտամիններ։ Ապրում է մինչև 300 տարի։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Կովկասում: Հայաստանի տարածքում հանդիպում է Աշոցքում (Վերին Ախուրյան), Լափում, Նոյեմբերյանի, Շամշադինի, Գուգարքի, Թումանյանի շրջաններում։ Աաճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում, կաղնեբոխային անտառներում, գետափերին[1]: Տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերում, Սյունիքի մարզի հյուսիսային շրջաններում և Արցախում[2]:
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են պտուղներն ու տերևները։ Տանձենու պտուղների եփուկն օգտագործում են որպես միզամուղ միջոց երիկամների, միզապարկի և միզուղիների բորբոքումների բուժման համար։ Թարմ պտուղներից պատրաստում են մուրաբա, ջեմ, կիսել, քաղցր ըմպելիքներ և մրգային գինի[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 337։
- ↑ 2,0 2,1 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|