Վրոցլավի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վրոցլավի համալսարան
Uniwersytet Wrocławski
LogoUWr.svg
Wrocław - budynek Uniwersytetu Wrocławskiego.jpg
Տեսակ համալսարան
Հիմնադրված է 1702
Անվանված է Բոլեսլավ Բերուտ, Ֆրիդրիխ Ուիլիամ III Պռուսացի և Լեոպոլդ I
Երկիր Flag of Poland.svg Լեհաստան
Տեղագրություն Վրոցլավ
Կայք uni.wroc.pl
Կոորդինատներ: 51°6′49.000000099594″ հս․ լ. 17°2′9.8803730250074e-08″ ավ. ե. / 51.11361111113877342° հս․. լ. 17.03333333336077970443511731° ավ. ե. / 51.11361111113877342; 17.03333333336077970443511731
Wrocław University Վիքիպահեստում

Վրոցլավի համալսարան (լեհ.՝ Uniwersytet Wrocławski), հանրային համալսարան Լեհաստանի Վրոցլավ քաղաքում: Ստորին Սիլեզիայի վոևոդության խոշորագույն համալսարանն է, որ 1945 թվականից ի վեր ունեցել է շուրջ 100.000 շրջանավարտ[1]:

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրոցլավի համալսարանը Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից է: 2008 թվականի նոյեմբերի տվյալներով նրա 12 ֆակուլտետներում սովորում էր մոտ 37.280 ուսանող: Դասախոսների ու գիտաշխատողների թիվը 3.390 է: Համալսարանում դասավանդումն իրականացվում է հետևյալ ֆակուլտետներում.

  • Բանասիրություն
  • Պատմություն և մանկավարժություն
  • Իրավունք, կառավարում ու տնտեսագիտություն
  • Ֆիզիկա և աստղագիտություն
  • Բիոտեխնոլոգիա
  • Կենսաբանություն
  • Աշխարհագրություն, երկրաբանություն և շրջակա միջավայր
  • Սոցիալական գիտություններ
  • Քիմիա
  • Մաթեմատիկա և ինֆորմատիկա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրոցլավի համալսարան

Վրոցլավում համալսարան հիմնադրելու առաջին փորձը վերաբերում է 1505 թվականին, երբ հուլիսին Լեհ-լիտվական, ինչպես նաև Չեխական և Հունգարական թագավորության արքա Վլադիսլավ II-ը` Յագելլոների դինաստիայից, հրաման ստորագրեց համալսարան բացելու մասին: Սակայն այդ տարածքներում մշտական պատերազմների, ինչպես նաև միջոցների բացակայության ու Կրակովի համալսարանի հետ մրցակցել չկարողանալու պատճառով այն այդպես էլ չի ստեղծվել: 1702 թվականին, 1638 թվականին բացված դպրոցի հիմքի վրա, Ճիզվիտների օրդենը Սիլեզիայի բարձրագույն խորհրդի համագործակցությամբ և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Լեոպոլդ I-ի հրամանով համալսարան է հիմնում Բրեսլաուում, որի միակ ֆակուլտետը փիլիսոփայության ու կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետն էր: Համալսարանը ստանում է Լեոպոլդինա անվանումը: Այն պաշտոնապես բացվում է 1702 թվականի նոյեմբերի 15-ին:

Յոթնամյա պատերազմից հետո, երբ Սիլեզիան Ավստրիայից անցնում է Պրուսիայի տիրապետության տակ, համալսարանը կորցնում է իր հակառեֆորմացիոն բնույթը` շարունակելով, սակայն, մնալ կաթոլիկ հոգևորականության բարձրագույն դպրոց Գերմանիայում: 1811 թվականի օգոստոսի 3-ին Պրուսիայում կրթական բարեփոխում անցկացնելու և Բրեսլաուի ու Օդերի Ֆրանկֆուրտի համալսարանների միավորման արդյունքում համալսարանը ստանում է նոր անուն` «Ֆրիդրիխ-Վիլհելմի սիլեզյան համալսարան»[2]: Այդ ժամանակ արդեն ուսանողները սովորում էին հինգ ֆակուլտետներում` կաթոլիկ աստվածաբանություն, բողոքական աստվածաբանություն, իրավունք, փիլիսոփայություն և բժշկություն: Այդպիսով, Բրեսլաուի համալսարանը գերմանական առաջին համալսարաններից էր, որն ուներ միաժամանակ և՛ կաթոլիկ, և՛ բողոքական ֆակուլտետներ: Համալսարանում կազմակերպվում են աստվածաբանական երեք դասընթացներ, գերմաներենի, անգլերենի, ռոմանական բանասիրության, պատմության, մաթեմատիկա-ֆիզիկական, իրավաբանության և պետական քաղաքականության սեմինարներ: 1842 թվականին դրանց ավելանում է սլավոնագիտության ամբիոնը: Համալսարանի ղեկավարությամբ գործում են բնագիտության 12 ինստիտուտներ, կլինիկական 6 կայաններ և թանգարանային 3 հավաքածուներ: 1881 թվականից համալսարանը ենթարկվում է Պրուսիայի գյուղատնտեսական ինստիտուտին: 1884 թվականին ուսանողների թիվն ինստիտուտում կազմում է 1.481, իսկ դասախոսներինը` 131:

Աուլա Լեոպոլդինա, Վրոցլավի համալսարան

Համալսարանական գրադարանը 1885 թվականին ուներ շուրջ 400.000 հատոր, որից 2.400-ը ինկունաբուլաներ` մինչև 1500 թվականի տպագրության, և 2.840 ձեռագրեր: Այստեղ եղել է նաև աստղադիտարան, բուսաբանական այգի` 5 հա տարածքով և բուսաբանական թանգարանով, իսկ 1862 թվականից նաև կենդանաբանական այգի` մարդաբանական ու կենդանաբանական թանգարանով: Համալսարանին կից գործել են քիմիական լաբորատորիա, մարդաբանության, բուսաբանության ու հանքաբանության ինստիտուտներ, պատկերասրահ, Սիլեզիայի պետական արխիվը և Սիլեզյան հնությունների թանգարանը:

Երկրորդ աշխարհամարտի ավարտից և Բրեսլաուի` Լեհաստանին անցնելուց հետո գերմանական համալսարանը փակվում է, ապա վերաբացվում որպես լեհական պետական համալսարան: Նրա պաշտոնական բացումը տեղի է ունենում 1946 թվականի հունիսի 9-ին:

1952-1989 թվականներին համալսարանը կրում է Լեհաստանի նախագահի և Լեհաստանի միացյալ բանվորական կուսակցության առաջին քարտուղար Բոլեսլավ Բերուտի անունը:

Սկսած 1988 թվականից` Վրոցլավի համալսարանի և Բոխումի Ռուրի համալսարանների միջև պաշտոնապես հաստատվում են գործընկերային հարաբերություններ: 2001 թվականին Վրոցլավում կազմակերպվում են տոնական հանդիսություններ` նվիրված համալսարանի հիմնադրման 300-ամյակին:

Նշանավոր ուսանողներ ու դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տարիների Բրեսլաուի համալսարանում սովորել ու դասավանդել են այնպիսի նշանավոր մարդիկ,գիտնականներ, ինչպիսիք են.

  • Աննա Գերման
  • Ադոլֆ Անդերսեն
  • Մաքս Բորն
  • Սերգեյ Բուբնով
  • Ռոբերտ Վիլհելմ Բունզեն
  • Յոհան Գուստավ Բյուշինգ
  • Դավիդ Կասել
  • Յակով Կարո
  • Գուստավ Կիրխհոֆ
  • Շանդոր ֆոն Կորանի
  • Ֆերդինանդ Լասալ
  • Թեոդոր Մոմզեն
  • Կարլ Նեյման
  • Մաքս Դեն
  • Յակոբ Ռոզանես
  • Մալգոժատա Ռուխնևիչ
  • Էրնստ Ստեյնից
  • Ստանիսլավ Տոլպա
  • Յոհան Ցուկերտորտ
  • Օտտո Շտեռն
  • Ֆերդինանդ Էյզենշտեյն
  • Պաուլ Էրլիխ
  • Քույր Էդիտ Շտայն
  • Օյհեն Քյոլբինգ
  • Ստանիսլավ Լենարտովիչ
  • Յադվիգա Ժիլինսկայա

Դրամագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք մարկ արժողությամբ հուշադրամ, 1911

Համալսարանի բացման 100-ամյակի կապակցությամբ 400.000 օրինակով թողարկվել է 3 մարկ արժողությամբ հուշադրամ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joseph Reinkens: Die Universität zu Breslau vor der Vereinigung der Frankfurter Viadrina mit der Leopoldina. Breslau 1861.
  • Georg Kaufmann (Hrsg.): Festschrift zur Feier des hundertjährigen Bestehens der Universität Breslau. 2 Bände. Breslau 1911.
  • Erich Kleineidam: Die katholisch-theologische Fakultät der Universität Breslau 1811—1945. Köln 1961, ISBN 3-87909-028-9.
  • T. Kulak, M. Pater u. W. Wrzesiński: Historia Uniwersytetu Wrocławskiego 1702—2002. Wydawnictwo Uniwersytetu Wrocławskiego, 2002 (Geschichte der Universität Breslau 1702—2002; Uniwersytet Wrocławski-Verlag)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Małgorzata Porada (July 27, 2009). "Od jezuickiej Leopoldiny do polskiego Uniwersytetu Wrocławskiego (From Jesuit Leopoldina to Polish University of Wrocław)". O nas (About Us) (in Polish). Uniwersytet Wrocławski. Retrieved August 27, 2012. T. Kulak, M. Pater, W. Wrzesiński, Historia Uniwersytetu Wrocławskiego 1702-2002, Wrocław 2002
  2. Norman Davies Microcosm page 389, 390