Իտալացի դերասան և ռեժիսոր Վիտտորիո դե Սիկան ծնվել է 1901 թվականի հուլիսի 7- ին, Սորայում։ Մանկությունն անցկացրել է Նեապոլում։ Դե Սիկան «Ալ վարդեր» կինոնկարով (1940) առաջին անգամ հանդիսատեսին հաղորդակից է դարձրել իր ռեժիսորական հյուսվածքի խորությանը և հստակությանը։ Զարգացնելով նեոռեալիզմի սկզբունքները՝ համաշխարհային ճանաչման է արժանացել «Շուշա» (1946) ֆիլմով։ Նրա լավագույն ֆիլմերից են «Մադլեն, զրո վարքից» (1940), «Թերեզա- Ուրբաթ» (1941), «Մի գարիբալդիական վանքում» (1942), «Երկնքի դուռը» (1944), «Հեծանիվ հափշտակողները» (1948), «Հրաշք Միլանում» (1950), «Վերջին կանգառը» (1950), «Ումբերտո Դ․» (1951), «Հաց, սեր և երևակայություն» (1953), «Նեապոլի ոսկին» (1954), «Տանիքը» (1956), «Գեներալ դելա Ռովերե» (1959), «Աուստերլից» (1960), «Ահեղ դատաստան» (1961), «Երեկ, այսօր, վաղը» (1963), «Ամուսնություն իտալական ձևով» (1964, ըստ Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի), «Իտալացին Ամերիկայում» (1967) «Արևածաղիկներ» (1970, «Մոսֆիլմ»-ի մասնակցությամբ, իտալա-ֆրանսական արտադրություն) կինոնկարները։
Վիտտորիո դե Սիկայի գերեզմանը: Հռոմ:
Դե Սիկայի ստեղծագործություններն ունեն խոր հումանիստական բնույթ՝ ներթափանցված բուրժուական բարքերի, ֆաշիզմի ու պատերազմի դեմ բողոքով։ Դե Սիկայի դերասանական և ռեժիսորական աշխատանքներին հատուկ է ժանրային բազմազանությունը, հոգեբանական խորությունը, սուր սատիրականի ու նուրբ կոմիկականի համադրումը։ Լավագույն ռեժիսորական աշխատանքներից են «Չոչարա» (1960) «Ալտոնայի մենակյացները» (1962), «Բում» (1963), «Երեկ, այսօր, վաղը» (1963), «Ամուսնություն իտալական ձևով» (1965), «Կախարդուհիները» (1966), «Յոթ անգամ կին» (1969) «Սիրահարների ժամանակը» (1969), «Կարճատև արձակուրդ» (1973) և այլ կինոնկարներ։ 1971 թվականին Դե Սիկան նկարահանեց իր առաջին «Հունիսի 2» հեռուստատեսային ժապավենը։ Ռեժիսորը չհասցրեց նկարահանել իր երազած կինոժապավենը...Նա մահացավ Փարիզում, 1974 թվականին, հազիվ ավարտած «Շրջագայությունը» նկարը (1974)։ Դե Սիկայի «Հրաշք Միլանում» և «Տանիքը» կինոնկարները արժանացել են Կաննի չորրորդ (1951) և իններորդ (1956) միջազգային կինոփառատոների Մեծ մրցանակներին, իսկ «Երեկ, այսօր, վաղը» կինոնկարը 1964 թվականին պարգևատրվել է ամերիկյան բարձրագույն «Օսկար» մրցանակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 352)։