Վեներայի ճանճակալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներինա ճանճակալ
Վեներինա ճանճակալ
Վեներինա ճանճակալ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Ցողիկազգիներ (Droseraceae)
Ցեղ 'Dionaea'
Տեսակ Վեներինա ճանճակալ (D. muscipula)
Միջազգային անվանում
Dionaea muscipula
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Վեներայի ճանճակալ (լատին․՝ Dionaea muscipula), միջատակեր բույսերի տեսակ է՝ ցողախոտերի ընտանիքի Դիոնեա մոնոտիպային ցեղից։ Բույսը հատուկ է Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան ափեզրի ճահճացած տարածքներին (Հյուսիսային և Հարավային Կարոլինա)[1]։ Վեներայի ճանճակալն իր զոհերին (միջատներ, սարդեր) որսում է՝ օգտագործելով թակարդի մասնագիտացված հարմարանքը, որը ձևավորվում է տերևների եզրային մասերից։ Թակարդը փակվում է տերևի մակերևույթի վրա ձգվող զգայուն բարակ մազիկների օգնությամբ։ Այն փակելու համար հարկավոր է մեխանիկական ազդեցություն թողնել տերևի առնվազն երկու մազիկների վրա ոչ ավելի, քան 20 վայրկյան ընդմիջումով։ Դա պաշտպանում է հարմարանքը պատահական փակումից՝ ի պատասխան սննդային արժեք չունեցող առարկաների (անձրևաջրեր, աղբ և այլն) ընկնելուն։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկող Վեներայի ճանճակալ

Տեսակի գիտական անվանումը (muscipula) լատիներենից թարգմանվում է որպես «մկան թակարդ»՝ հավանաբար բուսաբանական սխալի պատճառով, համենայն դեպս այդպես է ընդունված համարել։ Բույսը Վեներայի ընդհանուր անվանումը ստացել է՝ ի պատիվ սիրո հռոմեական աստվածուհի Վեներայի։

Ցեղի անունը՝ Դիոնեա («Դիոնի դուստր»), վերաբերում է հունական աստվածուհի Աֆրոդիտեին, մինչդեռ տեսակի գիտական անվանումը՝ muscipula, լատիներենից թարգմանվում է որպես «մկան թակարդ» կամ «ճանճի թակարդ»[2][3]։ Լատիներեն muscipula բառը (մկան թակարդ) բխում է mus («մուկ») և decipula («ծուղակ») բառերից, մինչդեռ համանուն muscipula բառը («թռիչք») բխում է musca(«ճանճ») և decipula («ծուղակ») բառերից[3][4][5]։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեներայի ճանճակալի ծաղկի չափը

Վեներայի ճանճակալը 4-7 տերևանոց փոքրիկ խոտաբույս է, որը աճում է կարճ ստորգետնյա ցողունից։ Ցողունը սոխուկանման է։ Տերևները երեքից յոթ սանտիմետր են, կախված սեզոնից, երկար թակարդ-տերևները սովորաբար ձևավորվում են ծաղկումից հետո։ Այն աճում է տորֆային հողի վրա, ինչպիսիք են ճահիճները, որոնք աղքատ են ազոտով։ Ազոտի պակասը թակարդների առաջացման պատճառն է. միջատները ծառայում են որպես սպիտակուցների սինթեզի համար անհրաժեշտ ազոտի աղբյուր։ Բույսը շատ քմահաճ է, թթվային կազմի փոփոխության դեպքում (օրինակ՝ ծառերի սերմերի ներթափանցման հետևանքով) կամ հողի չորացման հետևանքով, այն կարող է արագ մահանալ։

Դեկորատիվ այգեգործության մեջ մշակված տեսակ է։ Կարող է աճել որպես սենյակային բույս, բայց բնականոն զարգացումն այս դեպքում դժվարանում է՝ օդի անբավարար խոնավության և ձմռանը չափազանց բարձր ջերմաստիճանների պատճառով[6]։ Ծուղակը ձևավորվում է տերևի եզրերով։

Գիշատչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոհերի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեներայի ճանճակալի պտուղը

Ըստ ժամանակակից տվյալների՝ Վեներայի ճանճակալի «սննդակարգը» մոտավորապես հետևյալն է՝ մրջյուններ՝ 33%, սարդեր՝ 30%, բզեզներ՝ 10%, մորեխներ՝ 10%, իսկ թռչող միջատներ՝ 5%-ից պակաս[7]։

Ենթադրվում է, որ Dionaea-ն Drosera ցեղի անդամների (մսակեր բույսեր, որոնք օգտագործում են կպչուն մազեր՝ փակվող թակարդի փոխարեն) հետ զարգացել է ընդհանուր նախնուց և որ ցեղերի տարանջատման պատճառը հետևյալում է. Drosera ցեղի ներկայացուցիչները «մասնագիտացել» են փոքր թռչող միջատներ կուլ տալու գործընթացում, մինչդեռ Dionaea ցեղի նախանիները սկսել են սողացող ավելի մեծ միջատներ ուտել։ Արդյունքում, Dionaea ցեղը կարողացել է ավելի մեծ որսից ստանալ պակասող հանքանյութերը, ինչը Dionaea-ին տվել է էվոլյուցիոն առավելություն նախկին ձևերի նկատմամբ, որոնք օգտագործում էին կպչուն թակարդներ[8]։

Թակարդի փակման մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թակարդի փակման մեխանիզմը

Վեներայի ճանճակալը պատկանում է բարձր բույսերի ոչ մեծ խմբին, որոնք ունակ են արագ շարժումներ կատարելու, այդպիսի տեսակներ են նաև Mimosa pudica-ը, Codariocalyx motorius-ը, ցողախոտը (Drosera ցեղ) և խորշաբույսը (Utricularia ցեղ)։

Տերևի փակման մեխանիզմը կախված է նրա էլաստիկության, տուրգորի և աճի միջև բարդ փոխազդեցությունից։ Թակարդը փակվում է զգայուն մազերի երկու անընդմեջ դիպումից հետո (դրանց միջև փոքր ընդմիջումով). դա թույլ է տալիս խուսափել ջրի կաթիլների կամ աղբի ներթափանցման պատճառով թակարդի կեղծ հրահրումից։ Բաց վիճակում թակարդի օղերն ուռուցիկ են՝ դեպի դուրս, փակվելուց հետո թեքվում են՝ ներսից խոռոչ ձևավորելով, որի ելքը փակվում է մազիկներով։ Նմանատիպ մեխանիզմը նկարագրվում է որպես երկստաբիլ համակարգ, որն արագ անցում է կատարում[9], սակայն ներկայումս թակարդների փակման մանրամասն մեխանիզմը լիովին հասկանալի չէ։ Զգայուն մազերի մեխանիկական խթանմամբ ստեղծվում է գործողության ներուժ (այս գործընթացում կալցիումի իոնները նշանակալի դեր են խաղում)։ Գործողության ներուժն այնուհետև տարածվում է թակարդի մասերի երկայնքով և խթանում է երկու մասերի բջիջները։ Ենթադրվում է, որ Վեներայի ճանճակալն ունի իոնների կենտրոնացման շեմ, որի հաղթահարումը թույլ է տալիս թակարդին արձագանքել խթանմանը[10]: Փակումից հետո Վեներայի ճանճակալը «հաշվում է» լրացուցիչ խթանները մինչև հինգը, որից հետո այն սկսում է աշխատեցնել մարսողական ֆերմենտները[11]։

Մարսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե զոհը չի կարողանում ազատել իրեն, այն շարունակում է խթանել տերևի ներքին մակերեսը՝ առաջացնելով բջիջների աճ։ Ի վերջո, տերևների եզրերը մոտենում են իրար՝ ամբողջովին ծածկելով թակարդը և ձևավորելով «ստամոքս», որում տեղի է ունենում մարսողական գործընթացը։ Մարսողական ֆերմենտների սեկրեցումը վերահսկվում է հասմոնաթթվի միջոցով։ Հետաքրքիր է, որ այս հորմոնը նաև նպաստում է խոտաբույսերի մոտ թունավոր երկրորդային մետաբոլիտների ձևավորումանը՝ թունավոր բույսերից պաշտպանվելու համար[11][12]։:

Մարսողությունը կատալիզացվում է ֆերմենտների, հիդրոլազների օգնությամբ։ Ենթադրվում է, որ նախքան ֆերմենտային մարսողությունը տեղի են ունենում սպիտակուցների օքսիդային փոփոխություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kew World Checklist of Selected Plant Families
  2. "Background Information on Venus Fly Traps – Venus Fly Trap naming and history". FlyTrapCare.com. 4 April 2008. Archived from the original on 17 December 2008.
  3. 3,0 3,1 Ellis, John (1768). The London Magazine, Or, Gentleman's Monthly Intelligencer. October 1768. R. Baldwin. p. 523.
  4. Donaldson, John William (1852). Varronianus: A Critical and Historical Introduction to the Ethnography of Ancient Italy and to the Philological Study of the Latin Language. J. W. Parker & Son. pp. 431. cipula.
  5. Wase, Christopher (1662). Dictionarium Minus: A Compendious Dictionary English-Latin and Latin-English. Maxwell.
  6. Лапшин П. Венерина мухоловка (Dionaea muscipula)
  7. Ellison, DM; Gotelli, NJ (2009). "Energetics and the evolution of carnivorous plants – Darwin's 'Most Wonderful plants in the world'". Journal of Experimental Botany. 60 (1): 19–42. doi:10.1093/jxb/ern179. PMID 19213724.
  8. Gibson, TC; Waller, DM (2009). "Evolving Darwin's 'most wonderful' plant: ecological steps to a snap-trap". New Phytologist. 183 (1): 575–587. doi:10.1111/j.1469-8137.2009.02935.x. PMID 19573135.
  9. Forterre Y., Skotheim J. M., Dumais J., Mahadevan L. How the Venus flytrap snaps. (англ.) // Nature. — 2005. — Vol. 433, no. 7024. — P. 421—425. — doi:10.1038/nature03185. — PMID 15674293.
  10. doi:10.1002/cbic.201000392
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  11. 11,0 11,1 Böhm J., Scherzer S., Krol E., Kreuzer I., von Meyer K., Lorey C., Mueller T. D., Shabala L., Monte I., Solano R., Al-Rasheid K. A., Rennenberg H., Shabala S., Neher E., Hedrich R. The Venus Flytrap Dionaea muscipula Counts Prey-Induced Action Potentials to Induce Sodium Uptake. (англ.) // Current biology: CB. — 2016. — Vol. 26, no. 3. — P. 286—295. — doi:10.1016/j.cub.2015.11.057. — PMID 26804557.
  12. Bemm F., Becker D., Larisch C., Kreuzer I., Escalante-Perez M., Schulze W. X., Ankenbrand M., Van de Weyer A. L., Krol E., Al-Rasheid K. A., Mithöfer A., Weber A. P., Schultz J., Hedrich R. Venus flytrap carnivorous lifestyle builds on herbivore defense strategies. (англ.) // Genome research. — 2016. — Vol. 26, no. 6. — P. 812—825. — doi:10.1101/gr.202200.115. — PMID 27197216.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներայի ճանճակալ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներայի ճանճակալ» հոդվածին։