Վարդատերեփուկ թուրանական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդատերեփուկ թուրանական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ցեղ Վարդատերեփուկ (Amberboa)
Տեսակ Վարդատերեփուկ թուրանական (A. turanica)
Միջազգային անվանում
Amberboa turanica

Վարդատերեփուկ թուրանական (լատին․՝ Amberboa turanica) բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա բույս է, որն ունի 2-15 սմ բարձրություն։ Ցողունները կարճ են՝ ծածկված կարճ-գանգուր մազիկներով։ Արմատամերձ տերևները ամբողջական եզրերից ատամնավոր են, ցողունային տերևները՝ փետրաձև-բլթակավոր կամ փետրաձև բաժանված։ Զամբյուղները գագաթնային են, միայնակ, կարճ ծաղկակոթերի վրա։ Եզրային ծաղիկները սակավաթիվ են, բաց դեղին։ Սերմնիկները պապուսի հետ միասին ունեն 4-5,5 մմ երկարություն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է Երևանի (Խոր Վիրապ ամրոցի շրջակայքից) և Մեղրու (Կարչևան, Ագարակ) ֆլորիստիկական շրջաներում։ Հանդիպում է նաև Հարավային և Արևելյան Անդրկովկասում, Ռուսաստանում, Իրանում, Կենտրոնական և Միջին Ասիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Արևմտյան Սիբիրում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատային բուսականության կազմում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Առկա է 2 ֆլորիստիկական շրջաններում։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.