Վահկա (բերդաքաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահկա (այլ կիրառումներ)

Վահկա, բերդաքաղաք Լեռնային Կիլիկիայում, Սարոս գետի վերին հոսանքի աջ ափին, Սիս քաղաքից մոտ 50 կմ հյուսիս-արևմուտք, Բարձրաբերդից արևմուտք, Առյուծ և Կաստաղոն բերդերի մերձակա տարածքում[1]։ Բերդը կառուցված է մի բարձր լեռան կատարին[2]։ VII—VIII դարերում եղել է Բյուզանդական կայսրության կարևոր ռազմական հենակետ՝ Արաբական խալիֆայության դեմ պայքարում։ Այն 1080 թվականին Կիլիկիայում հաստատված Ռուբինյան իշխանների առաջին ու ամենակարևոր հենակետերից մեկն էր[2]։ 1097 թվականին Կիլիկիայի Հայոց իշխան Կոստանդին Ա բյուզանդացիներից ազատագրել է Վահկան և հռչակել իր իշխանապետության մայրաքաղաք։ Նրա հաջորդը՝ Թորոս Ա (1100—1129), վերակառուցել է Վահկայի ամրությունները, հիմնել դղյակ, պալատներ և այլ շինություններ։ 1137 թվականին Բյուզանդիայի կայսր Հովհաննես Կոմնենոսը խոշոր բանակով պաշարել է Վահկան, որի հայկական կայազորը և բնակչությունը՝ Կոստանդին զորավարի գլխավորությամբ մարտնչել են հերոսաբար։ Ի վերջո թշնամին գրավել է Վահկան և գերեվարել պաշտպաններին, այղ թվում Մեծ իշխան Լեոն Ա-ին ու նրա որդիներին՝ Ռուբենին ու Թորոսին։ 1145 թվականին Վահկան ազատագրել է գերությունից փախած Թորոս Բ Մեծ իշխանը։ Նրա եղբայրը և հաջորդը՝ Մլեհը, 1173 թվականին իշխանության մայրաքաղաքը հռչակել է Սիսը և գահանիստը Վահկայից տեղափոխել այնտեղ։ Այնուհետև Վահկան հիշատակվում է որպես ըմբոստ իշխանների ու պալատականների կալանատեղի։ Կիլիկյան Հայաստանի պետականության անկումից (1375) հետո Վահկան մնացել է Աջապահյանների գերդաստանի ձեռքում (մինչև XIX դար)։ XIX դարի վերջին Վահկան ավան էր (հայերն անվանում էին Վաքա, թուրքերը՝ Ֆեքե) և համանուն գավառակի (կազայի) կենտրոնը՝ մոտ 800 հայ բնակչությամբ։ Վահկայի միջնադարյան եկեղեցիներից XIV դարում հիշվում է Սուրբ Նշանը։ XIX դարում Վահկայում գործում էին Սուրբ Հրեշտակապետ, Սուրբ Թորոս, Սուրբ Մինաս, Սուրբ Գևորգ եկեղեցիները և Սուրբ Հովհաննես մենաստանը, որի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրումը վերագրվում էր Ներսես Շնորհալուն։ Վահկայի հայերը բռնի տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց զգալի մասը զոհվել է գաղթի ճանապարհին, սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Վահկայի ամրոցը տեղադրված է բարձր լեռնագագաթին և ձգվում է հյուսիսից հարավ (երկարությունը 180 մ, լայնությունը մեջտեղում՝ մոտ 25 մ)։ Ռուստաձև մշակված բազալտե քարերից շարված բարձր պարիսպների հյուսիս և արևելք հատվածները ուժեղացված են հատակագծում կիսաշրջանաձև, սնամեջ և հոծ բուրգերով։ Արևմտյան կողմից մոտ 30 մ պարիսպների փոխարեն, որպես պատնեշ ծառայում են անանցանելի ուղղաձիգ ժայռերը։ Ամրոցը բաղկացած է երկու՝ ստորին և հիմնական՝ վերին մասերից։ Միակ մուտքը ստորին ամրոցի արևելյան աշտարակից է։ Բազմաստիճան միջանցքը մուտքի դարպասից ձգվում է պարիսպների երկայնքով՝ մինչև վերին ամրոցը, որը հնարավորություն է տալիս հսկողության տակ պահել այն և ոչնչացնել ամրոց թափանցած թշնամուն։ Վերին ամրոցում են գտնվում պալատական շենքերի, ջրամբարի, զինանոցների և այլ շինությունների ավերակները։

Վահկա բերդաքաղաքի անունը կրող այլ տեղանուններ Կիլիկյան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահկա գավառակ Կիլիկյան Հայաստանի Սիս գավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադանայի նահանգի Քոզան կամ Սիս գավառում կար Վահկա (թուրքերեն՝ Ֆեքե) անունով գավառակ[3]։ Վերջինիս կենտրոնն էր Վահկա (թուրքերեն՝ Ֆեքե) անունով գյուղաքաղաքը[3]։

Վահկա գյուղաքաղաք Կիլիկյան Հայաստանի Սիս գավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադանայի նահանգի Քոզան կամ Սիս գավառ Վահկա (թուրքերեն՝ Ֆեքե) անունով գավառակում կար Վահկա (թուրքերեն՝ Ֆեքե) անունով գյուղաքաղաք, որը տվյալ գավառալի կենտրոնն էր[3] Ներկայումս այդտեղ գտնվում է Ֆեքե քաղաքը՝ Ադանայի նահանգի նույնանուն շրջանի կենտրոնը, որտեղով անցնում է Ադանա-Սիս-Վահկա-Փինարբաշի թիվ 815 ավտոմայրուղին, որը Փինարբաշիում հատվում է Կեսարիա-Փինարբաշի-Գյուրուն-Մալաթիա-Մուշ-Դատվան թիվ 300 ավտոմայրուղու հետ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, Ն-Վ, Երևան, 1998, էջ 737։
  2. 2,0 2,1 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, Ն-Վ, Երևան, 1998, էջ 737
  3. 3,0 3,1 3,2 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, Ն-Վ, Երևան, 1998, էջ 737-738։
  4. Turkey, Eurocountry map, 1:800.000, printed in Germany.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 246