Jump to content

Ստոլբովյան հաշտության պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստոլբովյան հաշտություն, հաշտության պայմանագիր՝ կնքված 1617 թ․ փետրվարի 27-ին (մարտի 9) Ստոլբովոում (մոտ է Տիխվինին), այն դրեց 1610- 1617 թթ․ ռուս- շվեդական պատերազմի վերջը։ Հաշտության պայմանագիրը կնքվել է Ցարական Ռուսաստանի (ցարը՝ Միխայիլ Ֆյոդորովիչ) և Շվեդական թագավորության (թագավորը՝ Գուստավ II Ադոլֆ) միջև՝ Անգլիայի թագավոր Հակոբ I-ի միջնորդությամբ։ Նախնական բանակցություններն անց են կացրել, ռուսական կողմից, Դանիլո Մեզեցկոյը, շվեդական կողմից՝ Յակոբ Դելագարդին։

1617 թվականի Ստոլբովյան հաշտության պայմանագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1616 թ․ հունվարին՝ Ցարական Ռուսաստանի և Շվեդական թագավորության միջև ռազմական գործողությունների դադարեցումից հետո, Հին Ռուսսայում հավաքվում են Շվեդիայի և Ռուսաստանի պատվիրակությունները՝ հաշտության պայմանագրի կնքման համար։ Միջնորդներ էին հանդիսանում անգլիացի Ջոն Մերիկը և հոլանդացի դեսպանները։ Բայց խորքային տարաձայնությունների երևան գալուց երկու ամիս անց բանակցությունները խափանվեցին և փետրվարին պատվիրակությունների անդամները մեկնում են իրենց երկրներ։ Սակայն բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունն ակնհայտ էր և, գերեթե մեկ տարի անց, 1616 թ․ դեկտեմբերին, շվեդական կողմի նախաձեռնությամբ, պատվիրակները հավաքվում են Տիխվինի մերձակա Ստոլբովո գյուղում, որը գտնվում էր Սյաս գետի վրա՝ ժամանակակից Լադոգայից 53 կմ հեռավորության վրա։ Այս անգամ որպես միջնորդ հանդես է գալիս միայն Ջոն Մերիկը։

1617 թ․ հունվարի բանակցությունների բուռն վեճերից երկու ամիս անց՝ նույն տարվա փետրվարի 27-ին, ստորագրվեց հաշտության պայմանագիր, որն ստացավ Ստոլբովյան հաշտություն անվանումը։

Պայմանագրի տեքստի համաձայն՝ նովգորոդյան հողերը բաժանվում էին երկու պետությունների միջև․ Ցարական Ռուսաստանին էին վերադարձվում Խառնակ տարիներին նվաճված ողջ Մեծ Նովգորոդը, այդ թվում՝ Հին Ռուսսան, Լադոգան, Պորխովը, Գդովը՝ գավառների հետ միասին, ինչպես նաև, Սումերական շրջանը (Սամրո գետի շրջան, նախկին Լենինգրադի մարզի Սլանցեվյան շրջանը) և շվեդների կողմից այս տարածքում նվաճած պետական ու եկեղեցական ողջ գույքը, Շվեդական թագավորությանն էին զիջվում ռուսական Իվանգորոդ, Յամ, Կոպորիե, Կորելա քաղաքները, ողջ Նևան և Օրեշեկը՝ գավառների հետ միասին[1]։ Բացի այդ, Մոսկվան պարտավորվում էր շվեդական արքունիքին վճարել 20 000 արծաթե ռուբլի, որը հսկայական գումար էր՝ հաշվի առնելով XVII դարի սկզբին ռուսական ռուբլու փոխարժեքը (XVII դ․ սկզբին մեկ ռուբլին կազմում էր 49 գրամ արծաթ, համապատասխանաբար, 20 000 արծաթե ռուբլին հավասար էր 980 կգ արծաթին)։ Մոսկվան հրաժարվում էր Լիվոնիայի և Կարելյան հողերի նկատմամբ հավակնություններից։

Հաստատվում էր ազատ առևտրի իրավունք երկու երկրների վաճառականների համար։ Բայց շվեդական վաճառականներին չէր թույլատրվում Մոսկովյան պետության միջով ապրանքներով անցնել Պարսկաստան, Թուրքիա և Ղրիմ, իսկ մոսկվացիներին՝ Շվեդիայի միջով անցնել Անգլիա, Ֆրանսիա և արևմտաեվրոպական այլ երկրներ։

1617 թ․ մայիսի 1։ Շվեդական թագավոր Գուստավ Ադոլֆի՝ Ռուսաստանի և Շվեդիայի միջև կնքված հավերժական խաղաղության Ստոլբովյան պայմանագրի վավերագիրը։ Մագաղաթ։ Շվեդական լեզուն, թագավորի տիտղոսը կատարված են ոսկե ներկով և կարված մետաքսյա լարով։ Թագավորի ստորագրությունը։

Երկու կողմերը պարտավորվում էին չհրապուրել արտասահմանյան փախստականներին և հանձնել նրանց, ովքեր արդեն հատել էին սահմանը։

Ստոլբովյան պայմանագիրը Ռուսաստանին ամբողջությամբ կտրեց Բալթիկ ծովից, ինչը Գուստավ Ադոլֆ թագավորին թույլ էր տալիս պայմանագիրը համարել շվեդական բանակի ու դիվանագիտության խոշոր հաղթանակ։ Հանդես գալով շվեդական խորհրդարանում՝ ռիկսդագում, նա ասել է․

Աստծո կողմից Շվեդիային պարգևած բարիքներից մեկը կայանում է նրանում, որ ռուսները, որոնց հետ մենք վաղուց կասկածելի հարաբերությունների մեջ ենք եղել, այսուհետ պիտի հրաժարվեն այն ծայրագավառներից, որոնց համար, հաճախ, անհանգստացնում էին մեզ։ Ռուսաստանը վտանգավոր հարևան է։ Նրա տիրույթները տարածվում են դեպի Հյուսիսային ու Կասպիական ծովեր, հարավից այն եզերվում է, գրեթե, Սև ծովով։ Ռուսաստանն ուժեղ ազնվականություն, բազմաքանակ գյուղացիություն, ազգաբնակ քաղաքներ ու մեծ զորքեր ունի։ Այժմ, առանց մեր թույլտվության, ռուսները չեն կարող Բալթիկ ծով ուղարկել ոչ մի նավակ։ Լադոժյան և Պեյպուս մեծ գետերը, Նավարական բացատը, 30 վերստ լայնությամբ ճահճուտները և հզոր ամրոցներ են մեզ անջատում նրանցից։ Այժմ ռուսներից խլված է Բալթիկ ծով դուրս գալու հնարավորությունը և, հուսամ, նիրանց համար հեշտ չի լինի քայլել այդ առվակի վրայով։
Ֆինլանդիայի քարտեզը, որ ցույց է տալիս Ռուսաստանի ու Շվեդիայի սահմաները տարբեր ժամանակներում՝ ըստ պայմանագրի, ինչպես նաև, ըստ գեներալական շտաբի քարտեզի, Գերմելինան, Լոթթերան, Աֆ- Կնորրինգան և այլն։ Կեսար Ֆիլիպովիչ- «Ֆինլանդրիայի նվաճումը․Նկարագրման փորձը՝ ըստ չհրատարակված աղբյուրների », հատ․ 1, Սանկտ Պետերբուրգ, Ի․ Ն․ Սկորոդոխովա, 1889 թ․։

Թագավորն առատորեն պարգևատրեց շվեդական պատվիրակության՝ բարդ բանակցություններ վարած և պայմանագրի տեքստն ստորագրած անդամներին։

Մոսկովյան իշխանությունները, նույնպես, գոհ էին պայմանագրի կնքումից, թեև ծանր պայմաններով։ Առաջին հերթին, նրանք ձգտում էին վերադարձնել Մեծ Նովգորոդը՝ իր հողերով, որը հրաժարվում էր շվեդական թագին երդում տալուց։ Երկրորդ հերթին, Մոսկվան, ապահովելով թիկունքը, հնարավորություն ստացավ անխոչընդոտ կերպով շարունակել պատերազմը Լեհաստանի հետ՝ արևմտյան սահմաններում գրավված ռուսական տարածքները վերադարձնելու համար։ Բանակցությունների ռուսական պատվիրակության ղեկավար իշխան Մեզեցկոյը և քարտուղար Զյուզինը պարգևատրվեցին․ առաջինը ստացավ բոյարական, իսկ երկրորդը՝ օկոլնիչիի պաշտոն։

Մոսկովյան իշխանությունները բարձր էին գնահատում բանակցություններին միջնորդ Ջոն Մերիկի մասնակցությունը։ Նրան պարգևատրեցին այդ տարիներին մեծ արժեք ունեցող մորթիներով, ոսկյա շղթայով, թանկարժեք քարերով և արևելյան կտորներով[2]։

Ստոլբովյան հաշության արդյունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոլբովյան պայմանագրով հաստատված սահմանները պահպանվեցին մինչև Հյուսիսային պատերազմի (1700- 1721) սկիզբը։

Ստոլբովյան պայմանագրի գնահատականը

[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դ․ սկզբի միջազգային ու ներքին բարդ իրադրությամ մեջ, երբ նոր էր ավարտվել երկիրն աղետի եզրին դրած Խառնակ ժամանակների դրամատիկ դարաշրջանը, Ռուսաստանի հյուսիսարևմտյան սահմաններում Ստոլբովյան հաշտությունը կայունացման դրական, բայց ժամանակավոր փուլ էր։ Շվեդների կողմից նվաճված ռուսական հողերի ճակատագիրը վճռված չէր։ Այժմ պարզ էր, որ Գուստավ Ադոլֆ թագավորը ժամանակից շուտ էր ուրախացել։ Ռուսաստանի պայքարը Բալթիկ ծովի ափ դուրս գալու համար միայն սկսվել էր։ Եվ Ստոլբովյան պայմանագիրն այդ ճանապարհին առաջին կարևորագույն քայլն էր։

1656 թ․ պալատական սեղանապետ Պ․ Ի․ Պոտյոմկինը (1617- 1700) ռուսական զորքերի հետ արշավում է Նևայի ափ՝ այն տեղը, ուր Օխտա գետը թափվում էր նրա մեջ։ Նա գրոհով վերցնում է շվեդական Նիենշանց ամրոցը, որը ռուսներն անվանում էին Կանց (Շանց)։ Այնուհետև նա գրոհում է Նևայի վերին շրջանում գտնվող շվեդական մի ուրիշ ամրոցի՝ Շլիսսելբուրգի (շվեդական անվանումը՝ Նոտեբուրգ, ռուսական անվանումը՝ Օրեշեկ) վրա, բայց այն գրավել չի կարողանում և 1658 թ․ ստիպված էր ետ քաշվել՝ էստաֆետը փոխանցելով հաջորդ սերնդին։

Այս տարածքը վերջնականապես Ռուսաստանին է միացնում Պյոտր I-ը, ինչն արձանագրվեց 1721 թ․ օգոստոսի 30-ին Շվեդիայի հետ կնքած Նիշտադտյան հաշտության պայմանագրում։ Պայմանագրի 24 հոդվածներն ամրապնդում էին Ռուսաստանի ու Շվեդիայի միջև պետական սահմանը։ Ըստ այդ պայմանագրի՝ Ռուսաստանըվերադարձրեց 1617 թ․ կորցրած հողերը՝ Կարելիան ու Ինգերմանլանդիան, և իրավաբանորեն ամրապնդեց տարածքային ելքը դեպի Բալթիվ ծով[3]։ Բացի այդ, ըստ պայմանագրի, Շվեդիան Ռուսաստանի օգտին կորցնում էր իր նահանգներ Լիֆլանդիան՝ Ռիգոյ քաղաքով և Էստլանդիան՝ Ռեվելյեի ու Նարվայի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Makar, A. B.; McMartin, K. E.; Palese, M.; Tephly, T. R. (1975-06). «Formate assay in body fluids: application in methanol poisoning». Biochemical Medicine. 13 (2): 117–126. doi:10.1016/0006-2944(75)90147-7. ISSN 0006-2944. PMID 1.
  2. Bose, K. S.; Sarma, R. H. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Delineation of the intimate details of the backbone conformation of pyridine nucleotide coenzymes in aqueous solution». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1173–1179. doi:10.1016/0006-291x(75)90482-9. ISSN 1090-2104. PMID 2.
  3. Smith, R. J.; Bryant, R. G. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Metal substitutions incarbonic anhydrase: a halide ion probe study». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1281–1286. doi:10.1016/0006-291x(75)90498-2. ISSN 0006-291X. PMID 3.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]