Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի հուշարձան (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի հուշարձան
«Մեծ եռյակի» հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և քանդակ
Երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
ԲնակավայրՅալթա և Լիվադիա
Շինության ձևխմբաքանդակ
Ներկա վիճակԿանգուն

Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի հուշարձան կամ «Մեծ եռյակի» հուշարձան (ռուս.՝ Памятник Сталину, Черчиллю и Рузвельту, Памятник «Большой тройке»), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքային շրջանի կազմում գտնվող Լիվադիա ավանում, որը պատկերում է Հակահիտլերյան դաշինքի «Մեծ եռյակի» ղեկավարների լուսանկարվելու պահը Լիվադիական պալատի Իտալական բակում։ Բացվել է 2015 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործական հորինվածքը, որը վերարտադրում է Լիվադիական պալատի Իտալական բակում Հակահիտլերյան դաշինքի «Մեծ եռյակի» ղեկավարների լուսանկարվելու պահը։ Հուշարձանը կանգնեցվել է Լիվադիական պալատից ոչ հեռու, որտեղ 1945 թվականի փետրվարին ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ղեկավարները մշակեցին հետպատերազմյան աշխարհակարգի պլանը։ Բրոնզաձույլ արձանը ներկայացնում է այն պահը, երբ երեք երկրների ղեկավարները նստած են կողք կողքի։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 2 մետր է, լայնությունը՝ 6 մետր, քաշը՝ մոտ 10 տոննա[1]։

Հուշարձանը տեղադրված է «Լիվադիա» առողջարանի ճաշարանի մոտ[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերչիլը, Ռուզվելտը, Ստալինը Յալթայում։ 1945 թվականի փետրվար։

1945 թվականի փետրվարի 4-11-ին Լիվադիական պալատում տեղի ունեցավ Յալթայի կոնֆերանսը՝ երկրորդը 1943 թվականի Թեհրանի կոնֆերանսից հետո։ Հուշարձանը նվիրված է այդ իրադարձության հիշատակին։

Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի բրոնզե հուշարձանը, որը կշռում է մոտ 10 տոննա, ստեղծվել է 2005 թվականին Մոսկվայում քանդակագործ Զուրաբ Ծերեթելու կողմից։ Այն ցանկանում էին տեղադրել Լիվադիայում Յալթայի կոնֆերանսի 60-ամյակի կապակցությամբ։ Այդ գաղափարին դեմ էին արտահայտվել Ղրիմում իրենց մասնաճյուղերն ունեցող մի շարք ուկրաինական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ՝ մեղադրելով Ստալինին ուկրաինացիների ցեղասպանության համար, ինչպես նաև Ղրիմի թաթարները, որոնք Ստալինին մեղադրեցին Ղրիմի թաթարների տեղահանման մեջ։ Եվ 2005 թվականին հուշարձանը չտեղադրվեց։ 2014 թվականի նոյեմբերին հուշարձանը տեղափոխվեց Ղրիմ։

2015 թվականի փետրվարի 4-5-ին Ղրիմում տեղի ունեցավ «Յալթա 1945. անցյալը, ներկան, ապագան» միջազգային խորհրդաժողովը, որը նվիրված էր հակահիտլերյան դաշինքի երկրների ղեկավարների հանդիպման 70-ամյակին։ Խորհրդաժողովի ավարտին՝ փետրվարի 5-ին, հուշարձանը հանդիսավորությամբ բացվեց Ռուսաստանի օրհներգի հնչյունների ներքո։ Հուշարձանի բացմանը ելույթ ունեցավ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի վեցերորդ գումարման Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որն իր խոսքում հիշեցրեց, որ հենց այստեղ՝ Լիվադիական պալատում, 70 տարի առաջ, Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի, որոշմամբ, ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը և սկսվեց հետպատերազմյան խաղաղությունը, սկիզբ դրվեց համաշխարհային անվտանգության և գլոբալ հարաբերությունների նոր համակարգին։ «Հուշարձանի բացումը հարգանքի տուրք է 70 տարի առաջ տեղի ունեցած մեծ պատմական իրադարձության հիշատակին։ Սա մաժամանակ ևս մեկ նախազգուշացում է այն քաղաքական գործիչներին և սպեկուլյանտներին, որոնք փորձում են լկտիաբար և ցինիկաբար խեղաթյուրել Երկրորդ աշխարհամարտի և հետպատերազմյան աշխարհակարգի պատմությունը»,- ասաց Նարիշկինը։

Միևնույն ժամանակ, Ղրիմի թաթարների մեջլիսի անդամ Աբդուրահման Էգիզը ելույթ է ունեցել հուշարձանի «սրբապիղծ» տեղադրման դեմ[2], քանի որ պատկերվածների թվում է Իոսիֆ Ստալինը, որը մեղավոր է Ղրիմի թաթարների 1944 թվականի տեղահանության համար։ Մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովի հայտարարության համաձայն՝ հուշարձանը կոչված է դամբարան դառնալու բոլոր նրանց համար, ովքեր աջակցում են Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանին[3]։ Ղրիմի թաթարների գործերով Ուկրաինայի նախագահի լիազոր ներկայացուցիչ Մուսթաֆա Ջեմիլևը հուշարձանի տեղադրումն անվանել է սադրանք։ Ղրիմի թաթար, լրագրող Այդեր Մուժդաբաևը տեղի ունեցածը համեմատել է Իսրայելում Հիտլերի հուշարձանի տեղադրմանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Памятник Сталину, Черчиллю и Рузвельту («Большой тройке»)». Վերցված է 2019 Փետրվար 12-ին.
  2. Член Меджлиса: установка памятника Сталину в Крыму — кощунство в отношении крымскотатарского народа
  3. Чубаров: те, кто оправдывал памятник Сталину в Крыму, будут собственноручно его выкорчевывать
  4. Айдер Муждабаев (2015 թ․ փետրվարի 6). «Сталин в Крыму — как Гитлер в Израиле». Эхо Москвы.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]