Սոլ Զենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլ Զենց
Ծննդյան թիվ՝փետրվարի 28, 1921(1921-02-28)[1]
Ծննդավայր՝Փասայք
Վախճանի թիվ՝հունվարի 3, 2014(2014-01-03)[1] (92 տարեկան)
Վախճանի վայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր, երաժշտական պրոդյուսեր և պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0951763
zaentz.com

Սոլ Զենց (երբեմն՝ Սաուլ Զաենց, Զեյնց, Զենթց, անգլ.՝ Saul Zaentz, փետրվարի 28, 1921(1921-02-28)[1], Փասայք - հունվարի 3, 2014(2014-01-03)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր և սցենարիստ, տարվա լավագույն ֆիլմի պրոդյուսերության համար «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր (չհաշված Իրվինգ Թալբերգի անվան մրցանակը)։ Զենցը Middle-earth Enterprises ընկերության ղեկավարն է և Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» գրքերի կերպարների, անունների և անվանումների իրավունքների սեփականատերը, այս գրքերի բոլոր էկրանավորումների հիմնական կազմակերպիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Ջերսիում՝ Ռուսաստանից եկած հրեական ընտանիքում[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է։ Բանակից զորացրվելով՝ աշխատանքի է ընդունվել Fantasy Records ձայնագրման ընկերությունում, որը մասնագիտացված էր ջազում։ Այս բիզնեսում Զենցի աշխատանքի առավել նշանավոր իրադարձությունն է դարձել Creedence Clearwater Revival խմբի ստեղծումն ու առաջընթացը։ 1967 թվականին Զենցը գնել է ստուդիան։ 1970 թվականին ստուդիան ֆինանսական և հեղինակային հարցերով երկարատև դատական գործընթացի մեջ է մտել Ջոն Ֆոգերթիի հետ։ Զենցից նեղացած Ֆոգերթին իր ալբոմի մեջ է ներառել մի քանի երգ, որոնցում ուղղակի կամ ակնարկներով ծաղրել է Զենցին։ Սոլը Ֆոգերթիի դեմ դատարան հայց է ներկայացրել և ստացել է բարոյական փոխհատուցում։ Այս դեպքից հետո Զենցը թողել է երաժշտական բիզնեսը և վաճառել է Fantasy Records ընկերության իր բաժնեմասը։

1970-ական թվականների սկզբին Սոլը սկսել է զբաղվել ֆիլմերի պրոդյուսերությամբ։ Նրա պատկերները՝ «Թռիչք կկվի բնի վրայով» (1975), «Ամադեուս» (1984) և «Անգլիացի հիվանդը» (1996) որպես լավագույն ֆիլմեր երեք անգամ արժանացել են «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Նրա այլ պատկերներից են «Մատանիների տիրակալը» մուտֆիլմը («Սատուրն» մրցանակի անվանակարգ), «Գոյության անտանելի թեթևությունը» («Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգ),«Գոյայի ուրվականները» ֆիլմերը և այլն։

1970-ական թվականների սկզբին Զենցը ռեժիսոր Ջոն Բուրմենի հետ United Artists կինոընկերության համար մշակել է Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի էկրանավորման սցենարը։ Աշխատանքի ընթացքում նա մոտիկից ծանոթացել է Թոլքինի և նրա ընտանիքի հետ։ Չնայած այդ ժամանակ ֆիլմը այդպես էլ չի նկարահանվել, Զենցը դարձել է Պրոֆեսորի ստեղծագործության մեծ երկրպագուն։ 1976 թվականին նա Թոլքինի որդիներից 15 միլիոն դոլարով գնել է ոչ միայն էկրանավորման, այլ նաև Միջերկրի անունների, անվանումների և այլ տարրերի օգտագործման իրավունքները, որոնք հիշատակվել են «Հոբիթ» և «Մատանիների տիրակալը» գրքերում։ Սոլը հիմնադրել է Tolkien Enterprises ընկերությունը (ավելի ուշ վերանվանվել է Middle-Earth Enterprises), որը կանգնած է «Հոբիթ» և «Մատանիների տիրակալը» գրքերի բոլոր էկրանավորումների և բեմական մարմնավորման հետևում։

Middle-Earth Enterprises ընկերությունն այսպես թե այնպես կապված է Թոլքինի մինչև 2017 թվականը ստեղծված էկրանավորումների հետ։ Ինքը՝ Զենցը, անմիջականորեն մասնակցել է միայն Ռալֆ Բակշիի ֆիլմի նկարահանումներին (1978)։ 2000-ական թվականներին New Line Cinema կինոընկերության նախաձեռնած էկրանավորումների շարքում 80-ամյա Զենցն իր տեղը զիջել է պրոդյուսեր Փիթեր Ջեքսոնին։ 2008 թվականին, երբ Ջեքսոնի և New Line Cinema ընկերության միջև առաջացել է ֆինանասական վեճ, որը վտանգի տակ է դրել «Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» (2009) ֆիլմի նկարահանումները, Զենցը բացահայտորեն աջակցել է Ջեքսոնին։ Նա հայտարարել է, որ համաձայն է ֆիլմի նկարահանմանը միայն Ջեքսոնի մասնակցության պայմանով, և եթե մինչև 2009 թվականի վերջը New Line Cinema ընկերությունը չկարգավորի իր հարաբերությունները ռեժիսորի հետ և չսկսկի նկարահանումները, Սոլը լիցենզիան հետ կկանչի և Ջեքսոնի հետ կսկսի փնտրել այլ ստուդիա։ Կոնֆլիկտը լուծվել է 2009 թվականին․ Ջեքսոնը ստացել է պրոդյուսերի աթոռը, իսկ Գիլյերմո դել Տորոն դարձել է ռեժիսոր։ Որոշ ժամանակ անց դել Տորոն լքել է նախագիծը և Փիթեր Ջեքսոնը կրկին զբաղեցրել է ռեժիսորի պաշտոնը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլ Զենց» հոդվածին։