Սեցեսսիոնի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Wien - Secessionsgebäude.JPG
Սեցեսսիոնի տան մուտքը

Վիեննական սեցեսսիոնի ցուցադրության տաղավար, Սեցեսսիոնի տուն, հաճախ կոչվում է «Սեցեսսիոն», կառուցվել է 1897-1898 թվականներին Վիեննայում՝ ըստ ավստրիացի ճարտարապետ Յոզեֆ Մարիա Օլբրիխի նախագծի։ Այն ավստրիական կամ վիեննական մոդեռնի ճարտարապետական առավել նշանավոր հուշարձաններից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարության ծախսերի մեծ մասն իրենց վրա են վերցրել նկարիչները, քաղաքն անվճար հողատարածք է տրամադրել Լինկե Վինցայլե փողոցի սկզբում՝ Կարլսպլաց հրապարակից և Նաշմարկտ շուկայից ոչ հեռու։ Քաղաքի համար այդ շինության կառուցումը կապված էր Վիեննա գետի փակ ջրանցքը կահավորելու և Կարլսկիրխե հրապարակի (գերմ.՝ Karlsplatz) նոր տեսքի հետ։ Սակայն այդ նախագիծը, ինչպես նաև ծառուղին Կարլսկիրխե եկեղեցու և Սեցեսսիոնի տան միջև բաժանելու ծրագիրը չեն իրագործվել։ Սակայն Լինկե Վինցայլե փողոցի երկայնքով տեղակայված են վիեննական մոդեռնի ոճի երեք տուն, որոնք կառուցվել են 1898-1899 թվականներին, ըստ նշանավոր ճարտարապետ, վիեննական դպրոցի ղեկավար Օտտո Վագների նախագծի, որի աշակերտն էր Յոզեֆ Օլբրիխը։ Սեցեսսիոնի դիմաց է գտնվում Նկարիչների տան ապակե տաղավարը, որտեղ պարբերաբար անց են կացվում գեղարվեստական ցուցահանդեսներ և ժամանակակից երաժշտության համերգներ։ Մյուս կողմից տեղակայված է Կերպարվեստի ակադեմիայի շենքը, իսկ քիչ հեռու՝ Վիեննական էլեկտրագնացքի Կարլսպլաց կայարանի երկու տաղավարներ՝ Օտտո Վագների ճարտարապետական գլուխգործոցները (1898)։ Այս բոլոր կառույցները Սեցեսսիոնի թաղամասը դարձնում են Ավստրիայի մայրաքաղաքի կարևոր գեղարվեստական կենտրոն։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունը կառուցվել է վիեննական մոդեռնին բնորոշ երկարաչափական ոճով։ Այն բաղկացած է զանգվածային մի քանի խորանարդային ծավալներով, որոնց վրա հազարավոր ոսկեզօծ դափնետերևներով փայլող թափանցիկ գմբեթ է բարձրանում՝ խորհրդանշելով արվեստի երիտասարդությունը։ Շենքի բաժանումները արդյունավետորեն ընդգծվում են «վանգերյան» պարզ զարդարանքով։ Մուտքի մոտ ոսկե տառերով փորագրված է Սեցեսսիոնի կարգախոսը, որը հորինել է վիեննացի քննադատ ու շարժման պատմագիր Լյուդվիգ Հևեշին. գերմ.՝ «Der Zeit Ihre Kunst, Der Kunst Ihre Freiheit» («Ամեն ժամանակին՝ իր արվեստը, ամեն արվեստին՝ իր ազատությունը»)։ Մուտքից ձախ ևս գրություն կա. լատ.՝ «Ver Sacrum» («Սուրբ գարուն»)։ Վերջինս այն ալմանախի անվանումն է, որը լույս էր ընծայում Ռուդոլֆ ֆոն Ալտը[1]։

Գլխավոր մուտքի մոտ տեղակայված են Գորգոնների քանդակած գլուխներ։ Նրանց միջև գրություն կա՝ «Գեղանկարչություն։ Ճարտարապետություն։ Ճկունություն»։ Չափերով փոքր շինության մեջ կա պատկերասրահ, որի համար Գուստավ Կլիմտը ստեղծել է «Բեթհովենյան ֆրիզը», որն առաջին անգամ ցուցադրվել է «Վիեննական Սեցեսսիոնի նկարիչների միության» 14-րդ ցուցահանդեսին, որն անց է կացվել 1902 թվականին և նվիրված է եղել Լյուդվիգ վան Բեթհովենին։ Սրահի ներքին հարդարանքն ու կողային պատերի վիտրաժները նախագծել է Սեցեսսիոնի հիմնադիրներից մեկը՝ վիեննացի վարպետ Կոլոման Մոզերը։ Սրահի կենտրոնում տեղակայված է Բեթհովենի արձանը, որը Մաքս Քլինգերի աշխատանքն է (1902)։ Արտասովոր ճարտարապետության համար վիեննացիները շինությունը բարի հումորով անվանում են «գերեզմանոց», «արևելյան դամբարան», «ջերմոցի և կրաքարի վառարանի հիբրիդ»[2]։ Սեցեսսիոնի շինության մոտ տեղակայված է «Մարկ Անտոնիոն՝ առյուծներով լծված կառքով» բրոնզե քանդակների խումբը, որը քանդակագործ Արթուր Շտրասսերի աշխատանքն է և ստեղծվել է 1900 թվականի Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի համար։

Սեցեսսիոնի շինությունն ավերվել է 1945 թվականին։ 1985 թվականին այն հիմնովին վերանորոգվել է, վերականգնվել է արտաքին տեսքը, սակայն փոխվել է ինտերիերը, որին ավելացել է նաև նկուղային սրահը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Берсенева А. А. Европейский модерн: Венская архитектурная школа. — Екатеринбург: Изд-во Уральского ун-та, 1991. — С. 11 (вариант перевода А. А. Берсеневой)
  2. Frampton K. Modern Architecture. A critical History. London: Thames&Hudson, 1980. Pp. 112

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]