Ջրահարսը (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրահարսը
տեսակտեսարժան վայր և քանդակ
քանդակագործԷդվարդ Էրիքսեն
տարի1913
բարձրություն125 սանտիմետր
ժանրնյու, հանրային արվեստ և արձան
նյութբրոնզ
գտնվելու վայրLangelinie?
քաղաքԿոպենհագեն
պատվիրատուԿարլ Յակոբսեն
կայք
 Statue of the Little Mermaid (Copenhagen) Վիքիպահեստում


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրահարսը (այլ կիրառումներ)

Ջրահարսը (դան․՝ Den Lille Havfrue, բառացի` ծովային օրիորդ), Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի կերպարը ներկայացնող քանդակ։ Տեղադրված է Կոպենհագենի ծովափին։ Քանդակն ունի 1.25 մ բարձրություն և 175 կգ քաշ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը կերտել է դանիացի քանդակագործ Էդվարդ Էրիքսենը։ Այն բացվել է 1913 թվականի օգոստոսի 23-ին։

Քանդակը պատրաստվել է «Carlsberg» գարեջրի ընկերության հիմնադրի որդու` Կառլ Յակոբսենի պատվերով, ով հիացած էր Դանիայի աքայական թատրոնում «Ջրահարսը» հեքիաթի մոտիվներով բալետի բեմադրությամբ։ Նա խնդրել էր բալետի առաջնակարգ պարուհի Էլեն Փրայսին բնորդ լինել քանդակի համար։ Սակայն պարուհին հրաժարվել է մերկ բնորդ լինելուց, իսկ քանդակագործը պատկերել է պարուհու գլուխը ջրահարսի գլխի փոխարեն։ Կերպարի համար բնորդ է ծառայել քանդակագործի կինը` Էլինե Էրիքսենը[1][2]։

Կրկնօրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրահարսի արձանը Վանկուվերում

Ջրահարսը դարձել է Կոպենհագենի ամենաճանաչելի խորհրդանիշերից մեկը` մեծ հռչակ վայելելով զբոսաշրջիկների շրջանում։ Դրա ապացույցն է այն հանգամանքը, որ քանդակի կրկնօրինակները տեղադրված են աշխարհի շատ քաղաքներում` Ամստերդամում, Փարիզում, Հռոմում, Տոկիոյում, Սիդնեյում, Վանկուվերում, Սարատովում[3]։

Քանդակի հեղինակային իրավունքի ժամկետը չի սպառվել, այդ պատճառով էլ 1959 թվականին մահացած քանդակագործի հետնորդները պնդում են, որ քանդակի պատկերներն ու կրկնօրինակները օգտագործելու համար պետք է գումար վճարեն[4]։

Վանդալիզմի դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանի հանդեպ վանդալիզմի մի շարք դեպքեր են գրանցվել` սկսած 1960-ական թվականներից, ամեն անգամ, սակայն, արձանը վերականգնվել է։

  • 24 ապրիլի, 1964 - քանդակի գլուխը սղոցվել և գողացվել է սիտուացիոնիստական նկարիչների կողմից[5]։ Գլուխն այդպես էլ չի հայտնաբերվել, սակայն քանդակը վերականգնվել է։
  • 22 հուլիսի, 1984 - սղոցվել է աջ ձեռքը։ Ձեռքը վերադարձվել է երկու օրից, վանդալները եղել են երկու դեռահասներ։
  • 1990 - գլուխը առևանգելու հերթական փորձն է կատարվել, սակայն ձախողվել է` վզին թողնելով 18 սմ-ոց կտրվածք։
  • 6 հունվարի, 1998 - քանդակը կրկին գլխատվել է։ Մեղավորները չեն հայտնաբերվել, սակայն գլուխը վերադարձրել են` թողնելով հեռուստակայանի մոտ։ Փետրվարի 4-ին գլուխը վերականգնվել է։
  • Քանդակը մի քանի անգամ ներկել են կարմիր ներկով, 1961 թվականին նկարել են կրծկալ։
  • 2004 թվականին քանդակը փաթաթել են փարաջայով` ի նշան Թուրքիայի` Եվրամիություն մտնելու բողոքի։
  • 8 մարտի, 2006 - քանդակը ներկել են կանաչ գույնով` պատվանդանին թողնելով «մարտի 8» գրությունը։
  • 3 մարտի, 2007 - վանդալները կրկին ներկել են քանդակը։
  • 20 մայիսի, 2007 - արձանին հագցրել են փարաջա և հիջաբ։

2007 թվականին Կոպենհագենի իշխանությունները հայտարարել են, որ արձանը կարող է տեղափոխվել նավահանգստի խորքը` հետագայում վանդալիզմի նման դրսևորումներից և զբոսաշրջիկների` քանդակի վրա բարձրանալուց խուսափելու համար։

Ջրահարսի ճամփորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին քանդակն առաջին անգամ մի քանի ամսով լքել է Կոպենհագենը` ներկայացվելով Շանհայի համաշխարհային ցուցահանդեսի` մանուկների համար նախատեսված տաղավարում։ Վանդալիզմից խուսափելու համար քանդակի ճամփորդության ուղերթը գաղտնի է պահվել, իսկ ցուցահանդեսում խիստ հսկողություն է սահմանվել։ Քանդակի բացակայության ժամանակ նրա տեղում տեսապատկեր են ապահովել, որ մշակել էր չինացի նկարիչ, արվեստագետ Այ Վեյվեյը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. էլինե Էրիքսենը անգլերեն Վիքիպեդիայում
  2. «The Little Mermaid statue in Copenhagen Harbor of the Hans Christian Andersen fairy tale figure The Little Mermaid — Copenhagen Pictures». Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  3. ««Ջրահարսը» Կոպենհագենի ծովափին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  4. Michigan 'Little Mermaid' Statue Prompts Copyright Concern — WSJ.com
  5. «Kopenhagens Nixe: Alter schützt Meerjungfrau nicht vor Rabauken» [Copenhagen Mermaid: Age does not protect Mermaid against vandals]. Der Spiegel (German). JOL/Deutsche Presse-Agentur. 2008 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրահարսը (քանդակ)» հոդվածին։