Ջուն Ուեյն
Ջուն Ուեյն | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1918[1][2][3] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 23, 2011[4] (93 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | վիմագրող, նկարչուհի, նկարազարդող և ակտիվիստ |
Աշխատավայր | Ռատգերսի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | junewayne.gallery |
June Wayne Վիքիպահեստում |
Ջուն Ուեյն (անգլ.՝ June Wayne, լրիվ անուն՝ June Claire Wayne, մարտի 7, 1918[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - օգոստոսի 23, 2011[4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի, դիզայներ և մանկավարժ, նաև ֆեմինիստական գործիչ։
Կալիֆոռնիայում Tamarind Lithography Workshop (1960—1970) արվեստանոցի (ներկայումս՝ Թամիրանդ ինստիտուտ) հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1918 թվականի մարտի 7-ին Չիկագոյում՝ Ալբերտ Լավինի (Albert Lavine) և նրա կնոջ՝ Դորոթի Էլիս Կլայնի (Dorothy Alice Kline) ընտանիքում, որոնց ամուսնութունը լուծարվել է նրա ծնվելուց շատ չանցած։ Ջունի դաստիարակությամբ զբաղվել է միայնակ մայրը և տատը[5]։
Ջունը ցանկանում էր նկարչուհի դառնալ և դպրոցից հեռացել է 15 տարեկան հասակում, որպեսզի հասնի այդ նպատակին։ Չնայած նա չուներ ֆորմալ նկարչական կրթություն, սկսել է նկարել և իր առաջին ցուցահանդեսն անցկացրել է Չիկագոյի Boulevard Gallery պատկերասրահում 1935 թվականին։ 17 տարեկանից սկսել է իր ջրաներկ նկարները ցուցադրել Ջուն Քլեր անվան տակ։ 1936 թվականին նա կրկին ցուցադրվել է Մեխիկոյի Գեղարվեստի պալատում[6]։ 1938 թվականին նա աշխատել է որպես Easel նախագծի նկարիչ ԱՄՆ հանրային աշխատանքների վարչությունում։
1939 թվականին Ուեյնը տեղափոխվել է Նյու Յորք՝ աշխատելով ցերեկները որպես ոսկերչական զարդերի դիզայներ և շարունակելով նկարել ազատ ժամանակ։ Նա 1940 թվականին ամուսնացել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի վիրաբույժ Ջորջ Ուեյնի (George Wayne) հետ, որը 1942 թվականին ուղարկվել է Երկրորդ աշխարհամարտի ռազմական գործողությունների թատերաբեմ։ Մինչ ամուսինը կռվում էր Եվրոպայում, Ջունը սկզբում տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ սովորել է Production Illustration Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում և վերապատրաստվել է, որն օգնել է նրան ավիացիոն արդյունաբերության համար գծագրերի մշակման աշխատանք գտնել, ապա տեղափոխվել է Չիկագո և աշխատել WGN ռադիոկայանում։ 1944 թվականին նա Լոս Անջելես է վերադարձել ամուսնու հետ, որն ավարտել էր ծառայությունը և տեղափոխվել ԱՄՆ։ Զույգը բաժանվել է 1960 թվականին, սակայն նկարչուհին շարունակել է օգտագործել Ջուն Ուեյն անունը որպես մասնագիտական ինքնություն մինչև կյանքի վերջ։
Լոս Անջելեսում Ջունը դարձել է Կալիֆոռնիայի գեղարվեստական կյանքի անբաժանելի մասը։ Շարունակելով նկարել և ցուցադրվել՝ նա 1948 թվականին վիմագրությամբ է զբաղվել Լինթոն Քիստլերի (Lynton Kistler) վիմագիր սենյակում[7][8]՝ սկզբում ստեղծելով իր նկարների հիման վրա վիմագրություններ, իսկ հետո՝ նոր վիմագրական աշխատանքներ։ 1950-ական թվականների վերջերին Ջուն Ուեյնը մեկնել է Փարիզ, որպեսզի համագործակցի վիմագրության ֆրանսիացի վարպետ Մարսել Դյուրասեի (Marcel Durassier) հետ[9] անգլիացի բանաստեղծ Ջոն Դոնի սիրային սոնետները պատկերող աշխատանքներում։ Նրա գործունեությանը աջակցել է Ուիլսոն Մաքնիլ Լոուրին (Wilson MacNeil Lowry)[10]՝ Ֆորդի հիմնադրամի արվեստի և հումանիտար ծրագրերի տնօրենը։ Երբ Ուեյնը հանդիպել է Լոուրիի հետ, իր հիասթափությունն է հայտնել Եվրոպա գնալու անհրաժեշտության հետ կապված, որպեսզի իր վիմագրական աշխատանքների համար գործընկերներ գտնի, Լոուրին առաջարկել է, որ վերջինս առաջարկություն ներկայացնի Ֆորդ հիմնադրամին՝ ԱՄՆ-ում վիմագրության արվեստի աշխուժացման և զարգացման համար գումար գտնելու համար։ Հիմնադրամի օժանդակությամբ Ջունը 1960 թվականին բացել է վիմագրության Tamarind Lithography Workshop արվեստանոցը։ Ոեյնը կատարել է տնօրենի պարտականությունները, նրա օգնականներն ու գործընկերներն են դարձել նկարիչ և փորագրող Քլինթոն Ադամսը և վիմագրության մասնագետ Կարո Անդրեասյանը։ Նրանք միասին աշխատել են վիմագրության պատրաստման վրա, նրանց հյուր են եկել այլ հայտնի նկարիչներ՝ Ռոմաս Վեսլուասը, Ռիչարդ Դիբենկորնը, Սեմ ֆրենսիսը, Ռուֆինո Տամայոն, Լուիզա Նևելսոնը, Ֆիլիպ Գուստոն, նաև Ջոզեֆ և Աննի Ալբերսները։ Թամարինդի արհեստանոցը դարձել է կրթական հաստատություն, որի նպատակն է եղել ամերիկյան տպագրողների և նկարիչների վիմագրությունների ուսուցումը։ 1970 թվականին Ուեյնը հրաժարական է տվել տնօրենի պաշտոնից, արհեստանոցը տեղափոխվել է Նյու Մեքսիկոյի համալսարան և ներկայումս գործում է որպես Թամարինդի ինստիտուտ։
Ոգեշնչված ընկերուհով՝ գոբելենների հեղինակ և փորձագետ Մադլեն Ջարիով (Madeleine Jarry)[11], Ջուն Ուեյնը որոշ ժամանակ գոբելեններ է ստեղծել Ֆրանսիայում՝ հայտնի Գոբելենների արհեստանոցում[12]։ 1970-ական թվականներին նա ներգրավված է եղել Կալիֆոռնիայում ֆեմինիստական գեղարվեստական շարժման մեջ։ Երիտասարդ նկարիչուհիների համար անցկացրել է «Joan of Art» խորագրով վերապատրաստման սեմինարներ՝ խրախուսելով նրանց մասնակցությունը ֆեմինիստական համայնքում։ Այլ նկարիչների հետ, որոնց թվում էին Շեյլա Լևրանտ դե Բրետվիլը և Ռութ Վայսբերգը, Ջուն Ուեյնը եղել է Los Angeles Council of Women in the Arts միության հիմնադիրներից մեկը, որը հասել է կին նկարիչների հավասար ներկայացմանը թանգարանային ցուցահանդեսներում։ Նա նաև ընդգրկված էր «Contemporary Issues: Works on Paper by Women» ցուցահանդեսի ընտրական հանձնաժողովի կազմում, որը բացվել է Լոս Անջելեսի Woman's Building-ում 1977 թվականին, որտեղ ներկայացված են եղել ավելի քան 200 նկարչուհիների աշխատանքներ[13]։ Նրա աշակերտների թվում էր Ֆեյթ Բրոմբերգը, որը հետագայում ինքն էր մասնակցում ֆեմինիստական գեղարվեստական շարժմանը։ 1982 թվականին Ջուն Ուեյնը դարձել է Vesta Award-ի առաջին մրցանակակիրներից մեկը, որը շնորհում էր Los Angeles Woman ' s Building-ը այն կանանց, որոնք արվեստի մեջ նշանակալի ներդրում են ունեցել[14]։
Ջուն Ուեյնի աշխատանքները ցուցադրվում են ամբողջ աշխարհում և մաս են կազմում մի քանի մշտական թանգարանային հավաքածուների։ Նա արժանացել է մի շարք մասնագիտական և հասարակական մրցանակների, ինչպես նաև արժանացել է ուսումնական հաստատությունների պատվավոր դոկտորի կոչման՝ Rhode Island School of Design, Moore College of Art and Design, California College of the Arts և Atlanta College of Fine Arts: 2002 թվականին Ուեյնը դարձել է Ռատգերի համալսարանի պրոֆեսոր-հետազոտող։ Նա նաև 3300 տպագիր հրատարակություններ է նվիրաբերել համալսարանին՝ նվիրված նրան և մյուս նկարիչներին, որոնք June Wayne Study Center and Archive-ի հիմքն են դարձել։
Մահացել է 2011 թվականին օգոստոսի 23-ին Լոս Անջելեսի սեփական ստուդիայում, քաղցկեղից[15]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brown, Betty Ann (2012). Afternoons with June: Stories of June Wayne's Art & Life. New York: Midmarch Arts Press. ISBN 978-1-877675-83-6.
- Hansen, T. Victoria (1995). Printmaking in America (1st. ed.). New York: Harry N. Abrams, Inc. p. 77. ISBN 0-8109-3743-3.
- Jules Heller; Nancy G. Heller (2013). North American Women Artists of the Twentieth Century: A Biographical Dictionary. Routledge. ISBN 978-1-135-63882-5.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 June Wayne — 2008.
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Gilmour P. Wayne, June // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T090896
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.latimes.com/news/obituaries/la-me-june-wayne-20110825,0,1934004,full.story
- ↑ Weisberg, Ruth June Wayne's Quantum Aesthetics(անգլ.) // Woman's Art Journal[en] : journal. — 1990. — Т. 11. — № 1. — С. 3—8. —
- ↑ «Celebrating the Life of June Wayne». The Art of June Wayne. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Kistler Printing and Lithography» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Obituaries : Lynton R. Kistler; Modern Artists' Lithographer
- ↑ Marcel Durassier (Biographical details)
- ↑ W. McNeil Lowry Is Dead; Patron of the Arts Was 80
- ↑ Madeleine Jarry
- ↑ «June Wayne's Narrative Tapestries: Tidal Waves, DNA, and the Cosmos». Art Institute of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Brodsky, Judith K. Exhibitions, Galleries, and Alternative Spaces // The Power of Feminist Art / Norma Broude; Mary D. Garrard[en]. — New York: Harry N. Abrams, Inc[en], 1994. — С. 104—119 [113].
- ↑ Wolverton, Terry Insurgent Muse: Life and Art at the Woman's Building. — San Francisco: City Lights, 2002. — С. 180.
- ↑ Grimes, William (2011 թ․ օգոստոսի 27). «June Wayne, Painter and Printmaker, Dies at 93». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուն Ուեյն» հոդվածին։ |
|