Ջինջառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջինջառ բույսի վրա

Ջինջառը, սպիտակ ձյունանման նստվածք է, որն առաջանում է ծառերի և թփերի ճյուղերին, փշատերևների, հաղորդալարերի, մետաղալարե ցանկապատերի և այլ բարակ առարկաների, ինչպես նաև առարկաների ելուստների, անկյունների և եզրերի վրա։

Առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն առաջանում է սառնամանիքային մառախլապատ եղանակին, իսկ ուժեղ սառնամանիքների դեպքում` նաև պարզկա եղանակին։ Ուժեղ քամիները հեշտությամբ կարող են տանել առաջացող ջինջառը։ Ջինջառի նստվածքը կարող է լինել շատ զգալի, հատկապես լեռնային անտառներում։ Ջինջառ կարող է առաջանալ օրվա տարբեր ժամերին, ընդ որում հորիզոնական մակերևույթների` աննշան քանակությամբ։ Ջինջառը, ինչպես պինդ նստվածք, կարող է դիտվել արհեստականորեն ստեղծված պայմաններում պատուհանի ապակիներին, պատերին, առաստաղին և այլն։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինջառ, 2մմ հաստություն ունեցող պողպատյա մետաղարից պատրաստված ցանկապատի վրա

Բյուրեղային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ուժեղ սառնամանիքների (-2--7 °C և երբեմն ավելի ցածր) դեպքում ջինջառն առաջանում է մառախուղի գերսառած կաթիլների` առարկաներին սառել-կպչելու հետևանքով։ Մառախուղի կաթիլներն առարկաներին հպվելիս այնքան արագ են սառում, որ չեն հասցնում կորցնել իրենց ձևը և առաջացնում են աչքով չտարբեվող սառցային հատիկներից բաղկացած ձյունանման սառցակալում[1]։ Այդպիսի ջինջառն աճում է առավելապես առարկաների հողմակողմ մասում և, երբեմն հասնելով մեծ չափերի, պատճառ է դառնում տարբեր տեսակի ավերածությունների առաջացման։ Օրինակ, ծառերի ճյուղերի կոտրատում, հաղորդալարերի վնասում։ Օդի ջերմաստիճանի աճման և մառախուղի կաթիլների խոշորանալու ժամանակ ջինջառի խտությունն աճում է և այն աստիճանաբաչր անցնում է մերկասառույցի։

Հատիկավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուժեղ սառնամանիքների (-11–25 °C և երբեմն ավելի ցածր) դեպքում ջինջառը սառույցի բարակ կառուցվածք ունեցող, բյուրեղներից կազմված սպիտակ տեղումի տեսք ունի[1]։ Ծառերի ճյուղերի, մետաղալարերի և այլնի վրա նստելիս ջինջառն ունենում է շարանների (ծաղկաշղթաների) ձև, որոնք հեշտությամբ թափվում են ցնցումներից։ Այդպիսի ջինջառը հաճախ առաջանում է գիշերային ժամերին, երբ երկինքը պարզկա է կամ ամպերը բարակ են, կամ եղանակը հանդարտ է և նկատվում է մառախուղ։ Այդ պայմաններում ջինջառի բյուրեղները գոյանում են մառախուղի կաթիլների գոլորշացումից առաջացած ջրային գոլորշիների անմիջապես սառույց դառնալուց (սուբլիմացիա)։ Առանձին, առավելապես շատ ուժեղ սառնամանիքների (-30 °C-ից ցածր) դեպքում բյուրեղային ջինջառը կարող է գոյանալ առանց մառախուղի` ի հաշիվ օդի մեջ եղած ջրային գոլորշիների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թ.Գ. Վարդանյան, Վ.Գ. Մարգարյան, Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Երևան, 2014 թ.:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ. Գ. Վարդանյան, Վ.Գ. Մարգարյան, Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Երևան, 2014 թ.:
  • Գ. Ա. Ալեքսանդրյան, Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Երևան, 1980 թ.: