Պիտեր Ֆրոյխեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիտեր Ֆրոյխեն
Peter Freuchen
Ֆրոյխենը 1921 թվականին
Ծնվել է1886 փետրվարի 2
Նյուկյոբինգ Ֆալսթեր, Դանիա
Մահացել էսեպտեմբերի 2, 1957(1957-09-02) (տարիքը 71)
Անքորեջ, ԱՄՆ
բնական մահով
Բնակության վայր(եր)Կոպենհագեն, Qaanaaq?, Նյու Յորք և Enehøje?
ՔաղաքացիությունԴանիա
Ազգությունդանիացի
Մասնագիտությունմարդաբան
Հաստատություն(ներ)Ude og Hjemme?
ԱնդամակցությունThe Adventurers' Club of Denmark?[1] և Danish resistance movement?[2]
Ալմա մատերԿոպենհագենի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն և դանիերեն[3][4]
Ինչով է հայտնիբևեռախույզ, հեղինակ, լրագրող, մարդաբան
Կուսակցությունսոցիալ դեմոկրատներ
Ամուսին(ներ)Նավարանա (Մեքուպալուկ)
Մագդա Ֆանգ Լաուրիդսեն
Դագմար Քոն
Երեխա(ներ)Pipaluk Freuchen?
 Peter Freuchen Վիքիպահեստում

Լորենց Պիտեր Էլֆրեդ Ֆրոյխեն (դան․՝ Lorenz Peter Elfred Freuchen, փետրվարի 2, 1886, Նյուկյոբինգ Ֆալսթեր, Դանիասեպտեմբերի 2, 1957, Անքորեջ, ԱՄՆ), դանիացի բևեռախույզ, հայտնագործող, գրող, մարդաբան, դերասան և լրագրող։ 1910 թվականին Կնուդ Ռասմուսսենի հետ հետազոտական կայան է բացել Թուլեում։ Բացի արկտիկական արշավախմբերը, 1935 թվականին այցելել է Հարավային Աֆրիկա։ Եղել է Դանիայում հասարակական անարդարության և նացիզմի դեմ պայքարի նշանակալի դեմք։

Միդելալդերցենտրետ թանգարանում գտնվում է Պիտեր Ֆրոյխենի հետազոտական կենտրոնը, որտեղ պահվում են նրա ուսումնասիրությունները և պահոցները[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտեր Ֆրոյխենն իր հյուրերի հետ Էնեհյոյե կղզում
Պիտեր Ֆրոյխենն իր կնոջ` Դագմար Քոնի հետ

Պիտեր Ֆրոյխենը ծնվել է 1886 թվականին Դանիայում` Նյուկյոբինգ Ֆալսթերում։ Նրա ծնողներն էին Աննե Պետրինե Ֆրեդերիկե-Ռասմուսսենը (1862–1945) և Լորենց Բենսոն Ֆրոյխենը (1859–1927): Նրա հայրը ձեռներեց էր։

Ութ տարեկանում Պիտեր Ֆրոյխենն ստացել է իր առաջին նավակը, որով նա առավել տարված էր, քան դպրոցական կրթությամբ։ Նա ընկերացել էր մերձակա նավահանգիստների նավաստիների հետ, ումից լսել էր պատմություններ հեռավոր երկրների մասին։ Ֆրոյխենը Կոպենհագենի համալսարանում սովորել է բժշկություն[7]։ Սակայն որոշ ժամանակ անց հասկացել է, որ դա չէ իր կոչումը և 1906-08 թվականներին մասնակցել է Գրենլանդիա ուղևորված արշավախմբին որպես կրտսեր անդամ։ 1910-1924 թվականներին նա մասնակցել է մի քանի այլ բևեռային արշավախմբերի, հիմնականում հայտնի հետազոտող Կնուդ Ռասմուսսենի հետ։

Իր առաջին գրենլանդական գիտարշավից հետո Դանիա վերադառնալուց հետո Ֆրոյխենը հոդվածներ է գրել Կրիստալիյտ Դայբլադ թերթի և պատմվածքներ` Ֆամիլիը Ջորնալեն ամսագրի համար։ Նա համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ Պիտեր Ֆրոյխենը Կնուդ Ռասմուսսենի հետ միասին դասախոսություններով շրջագայել է Դանիայում և որպես լրագրող աշխատել է Պոլիտիկեն օրաթերթի համար։ 1910 թվականին հրաժարվել է համագործակցել դանիական թանգարանների հետ։ 1913-1920 թվականներին եղել է Թուլեի գավառապետը։ Այդ տարիներին նա ապրել է ինուիտների միջավայորւմ և փորձել է ապրել նրանց կենսակերպով։ Ֆրոյխենը բացասական էր տրամադրված դրանց քրիստոնեացնելու գործընթացին։ Նա սխալ էր համարում քրիստոնեական քարոզիչների մոտեցումն, ովքեր փորձում էին փոխել ինուիտների ավանդույթներն առանց դրանք հականալու։ 1936 թվականին իր «Իմ գրենլանդական երիտասարդությունը» գրքում նա պատմում է, որ ինքը ոչ թե երազել է բևեռախույզ դառնալ, այլ` նավով կատարել հեռավոր ճանապարհորդություններ։

1911 թվականին Պիտեր Ֆրոյխենն ամուսնացել է ինուիտուհի Մեքապուլակի հետ, ով ամուսնանալուց հետո սկսել է կոչվել Նավարանա։ Նրանք ունեցել են երկու զավակ, որդի` Մեքուսաք Ավատաք Իգիմաքսուսուկտորանգվապալուկը (1916-մոտ 1962) և դուստր` Պիպալուկ Յետե Տուկումինգվաք Կասալուկ Պալիկա Հեգեր (1918–1999): Նրա որդին հոգեպես անառողջ էր և բուժում է անցել Րյոդբյուգյարդի հոգեբուժարանում։ Նրա դուստրը Կանադայի առաջին ինուիտ պատգամավոր Փիթեր Իթինուարի մայրն է[8]։ Նավարանան ուղեկցել է ամուսնուն նրա մի քանի ուղևորություններում։ Նա մահացել է 1921 թվականին իսպանական գրիպից։ Քանի որ Նավարանան մկրտված չէր, Ուպերնավիկի տեղական եկեղեցին հրաժարվել է նրան թաղել և Ֆրոյխեն անձամբ է կատարել նրա թաղման ծեսը։ Հետագայում նրա անունն օգտագործել է Կնուդ Ռասմուսսենն իր «Պալոյի հարսնատեսը» գրքում, որն էկրանավորվել է Արևելյան Գրենլանդիայում 1933 թվականին[9]։

1923 թվականին ցրտահարել է ոտքը` արշավախմբի հետ ձնասահնակով ճանապարհորդելիս։ Նրա մատներից երկուսը սևացել են, իսկ Դանիա վերադառնալուց հետո` հեռացվել է մի ոտքը։ Տուն վերադառնալուց հետո` 1926 թվականին նա գնել է Էնեհյոյե կղզին Նակսկով ֆյորդում։ Այդտեղ նա մինչև 1940 թվականն զբաղվել է երկրագործությամբ։ Այդ ժամանակահատվածում նա գրել է մի քանի գրքեր և հոդվածներ։ Նա նաև լայն ժողովրդական ճանաչում էր ստացել որպես դասախոս[10][11]։ 2000 թվականից կղզին Նակսկովի արգելոցի մաս է[12]։

1924 թվականին Ֆրոյխենն ամուսնացել է համր ֆիլմերի դերասանուհի Մագդա Ֆանգ Լաուրիդսենի (1881–1960) հետ։ Նա դանիացի հարուստ մարգարինարտադրող Յոհաննես Պիտեր Լաուրիդսենի դուստրն էր։ Նրանք ամուսնալուծվել են 1944 թվականին։ 1945 թվականին Ֆրոյխենն ամուսնացել է տարազանկարիչ Դագմար Քոնի (1907–1991) հետ[13]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին նավարկությունը Ֆրոյխենը կատարել է 1906 թվականին՝ Գրենլանդիա ուղևորված դանիական արշավախմբի կազմում։ 1910-1924 թվականներին նա կատարել է մի քանի նավարկություն նշանակալի բևեռախույզ Կնուդ Ռասմուսսենի հետ։ Միասին նրանք ճեղքել են Գրենլանդիայի Սառցե գոտին։ Ֆրոյխենը երկար տարիներ անցկացրել է Թուլեում և ապրել ինուտների հետ։ 1935 թվականին նա այցելել է Հարավային Աֆրիկա, իսկ 1930-ականների վերջին` Սիբիր[14][15]։

1910 թվականին Ռասմուսսենը և Ֆրոյխենը Քեյփ Յորքի մերձակայքում հիմնել են Թուլեի վաճառակայանը, որն անվանակոչել են առասպելական Թուլեի պատվին, որպես աշխարհի առավել հյուսիսային վաճառակայան[16]։ Թուլեի վաճառակայանը դարձել է 1912-1933 թվականներին իրականացված մի քանի գիտարշավների սկզբնակայանը։ Դրանք առավել հայտնի են որպես Թուլեի գիտարշավներ։

Ռասմուսսենի և Ֆրոյխենի կազմակերպած Թուլեի առաջին գիտարշավը նպատակ ուներ պարզել Ռոբերթ Փիրիի այն պնդումը, թե Փիրիի երկիրը նեղուցով անջատված է Գրենլանդիայից։ Նրանք հերքեցին դա մոտ 1000 կիլոմետր տևած և նրանց համարյա սպանած ճանապարհորդությունից հետո[17]։ Բրիտանական թագավորական աշխարհագրական ընկերության նախագահ Քլեմենթս Մարքհեմը նշել է, որ դա շնասահնակներով կատարված լավագույն գիտարշավներից է[18]։ Ֆրոյխենն այդ և այլ ճանապարհորդությունների մասին իր հուշերը գրի է առել «Թափառական վիկինգը» (1953) և «Ես նավարկել եմ Ռասմուսսենի հետ» (1958) գրքերում։ Առաջին գրքում նա նշել է, որ բացի այդ ճանապարհորդությունը ևս միայն մեկ շնասահնակային ճանապարհորդություն է հաջողվել։ Ճանապարհորդություններից մեկի ժամանակ նա մնացել է ձնահյուսի տակ և իր կղանքից դանակ է պատրաստել ազատվելու համար[9]։

1920-ական թվականների վերջում Ֆրոյխենն անդամակցել է Դանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությանը և թղթակցել ձախական ազատական Պոլիտիկեն օրաթերթին։ 1926-1932 թվականներին եղել է Ուդե օկ Հյեմե ընտանեկան շաբաթաթերթի խմբագիրը, որը պատկանում էր իր երկրորդ կնոջ ընտանիքին[19]։ Նույն ժամանակաշրջանում նա նաև գլխավորել է կինոստուդիա։

Դանիա վերադառնալուց հետո Ռասմուսսենը և Ֆրոյխենը մի շարք դասախոսություններ են ունեցել ինուիտական մշակույթի վերաբերյալ։ Ֆրոյխենը դրանց ընթացքում քննադատել է քրիստոնեական միսիոներներին, ովքեր հետաքրքրված չէին հասկանալու ինուիտական մշակույթը և ավանդույթները։

1926 թվականին նրա մի ոտքի անդամահատումը պատճառ դարձավ, որ նա չկարողանա մասնակցել դժվար գիտարշավների։ 1932 թվականին Ֆրոյխենը վերադարձել է Գրենլանդիա։ Այդ ճանապարհորդությունը ֆինանսավորել է Մետրո-Գոլդուին-Մայեր կինոընկերությունը, որի հետ համագործակցել է Ֆրոյխենը։ Նա կինոընկերությունում աշխատում էր որպես սցենարիստ և խորհրդական, հատկապես Արկտիկային վերաբերող թեմաներով։ Նրա գրքերի հիման վրա բնիկ ամերիկացի Ռեյ Մալայի գլխավոր դերակատարմամբ նկարահանվել է «Էսկիմոսյան կնավաճառներ» օսկարակիր ֆիլմը, որում Ֆրոյխենը խաղացել է նավապետի դերը։

1938 թվականին նա հիմնադրել է Ճանապարհորդի ակումբը (դան․՝ Eventyrernes Klub), որը գործում է մինչև հիմա։ Հետագայում, այն վայրում, որտեղից Ֆրոյխենը մեկնել է դեպի Գրենլանդիա իր առաջին ճանապարհորդությանը, նրան մեծարելու համար ստեղծվել է էսկիմոսյան քարեմարդ։ Այն գտնվում է Կոպենհագենում, Ջրահարսի արձանից ոչ շատ հեռու։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրոյխենն ակտիվ ներգրավվել է Դանիայի հականացիստական դիմադրությանը։ Չլինելով հրեա, նա իրեն հրեա էր ներկայացնում այն դեպքերում, երբ առնչվում էր հակասեմականության դրսևորումների[20][21]։ Նրան կալանավորել են Դանիան օկուպացրած գերմանացիները, սակայն նա դիմել է փախուստի և հանգրվանել Շվեդիայում։ 1945 թվականին նա ամուսնացել է հրեական ծագումով շվեդուհի Դագմար Քոնի հետ։

«Թափառական Վիկինգը» գրքում Ֆրոյխենը նշում է, որ ընկերական հարաբերություներ ուներ սկանդինավյան արքայական ընտանիքների հետ, սակայն Նյու Յորքում և Հոլիվուդում աշխատելով մուտք է գործել շարժանկարների «արքայական» շրջանակներ և մերձեցել վաշինգթոնյան քաղաքական գործիչների հետ։

Ուշ տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտեր և Դագմար Ֆրոյխենները տեղափոխվել են Նյու Յորք, միաժամանակ տուն ունենալով Քոնեքթիքութի Նոանք քաղաքում։

1956 թվականին 64.000 դոլարանոց հարց հեռուստախաղի ժամանակ պատասխանելով «7 ծովերը» թեմայի հարցերին Ֆրոյխենը հաղթել է գլխավոր մրցանակը` 64.000 ԱՄՆ դոլար։

1957 թվականի օգոստոսի 30-ով է թվագրվում Պիտեր Ֆրոյխենի վերջին` «Յոթ ծովերի գիրք» գրքի նախաբանը։ Նա մահացել է դրանից երեք օր անց` 1957 թվականի սեպտեմբերի 2-ին, Ալյասկայի Անքորեջ քաղաքում գտնվող ԱՄՆ օդուժի Էլմենդորֆ ռազմաբազայում։ Նրա աճյունափոշին սփռել են Թուլեի մերձակայքում գտնվող սեղանակերպ Դունդաս լեռան վրա։

Մրցանակներ և անդամակցություն տարբեր կառույցների[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիայի թագավորական աշխարհագրական ընկերության անդամ
  • Ամերիկյան աշխարհագրական ընկերության իրական անդամ
  • Դանիայի թագավորական աշխարհագրական ընկերության Հանս Էգեդեի անվան մեդալ

Ֆրոյխենի երկիրը Գրենլանդիայում անվանակոչվել է նրա անունով։

Գրական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1938 - Սոֆուս Միխաելիսի Լեգատ[22]
  • 1954 - Հերման Բանգսի հիշատակի Լեգատ[23]
  • 1955 - Կապիտան Հ. Ք. Լունդգրենի Լեգատ[24]

Ընտիր երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրենլանդիա, երկիրը և ժողովուրդը (Grønland, land og folk), 1927 (ուղեցույց) Ֆրոյխենի առաջին գիրքը
  • Մեծ որսորդը (Storfanger), 1927 (վեպ)
  • Փրկարարը (Rømningsmand), 1928 (վեպ)
  • Հյուսիսատլանտյան մերկ կետը (Nordkaper), 1929 (վեպ)
  • Իվալուն (Ivalu), 1930 (վեպ)
  • Կնուդ Ռասմուսսեն, Հուշագիրք, 3 հատորով (Knud Rasmussen. Mindeudgave), 1934 (Պիտեր Ֆրոյխեն, Թերքել Մաթիասսեն, Կայ Բիրկետ-Սմիթ) (հուշագրություն)
  • Փախուստ դեպի Հարավային Ամերիկա (Flugten til Sydamerika), 1935 (հուշագրություն)
  • Արկտիկական արկած. Իմ կյանքը սառցակալած հյուսիսում ("Arctic Adventure: My Life in the Frozen North"), 1935, (հուշագրություն)
  • Իմ գրենլանդական երիտասարդությունը (Min grønlandske ungdom), 1936 և 1953 (հուշագրություն)
  • Իմ երկրորդ երիտասարդությունը (Min anden ungdom), 1938 (հուշագրություն)
  • Սիբիրյան արկածներ (Sibiriske eventyr), 1939 (հուշագրություն)
  • Ադամանդե թագուհին (Diamantdronningen), 1941 (վեպ)
  • Սպիտակ մարդ (Hvid mand), 1943 (վեպ)
  • Էսկիմոսյան հեքիաթներ (Eskimofortællinger), 1944 (վեպ)
  • Արևալեռ (Solfjeld), 1944 (վեպ)
  • Լարիոնի օրենքը (Larions lov), 1948 (վեպ)
  • Փոքրիկ ինուիտ Իվիկը (Eskimodrengen Ivik), 1949 (վեպ)
  • Նեգր Դենը (Nigger-Dan), 1951 (վեպ)
  • Ամենայն անկեղծությամբ (I al frimodighed) 1953 (հուշագրություն)
  • Սառցազանգվածներ և այրվող ջուր ("Ice Floes and Flaming Water"), 1954 (հուշագրություն)
  • Թափառական վիկինգը (Vagrant Viking), 1954 (հուշագրություն)
  • Ամեն ինչ դեռ անկեղծ է (Fremdeles frimodig), 1955 (հետ է կանչվել և ոչնչացվել), 1956 և 1960 (հուշագրություն)
  • Մելվիլի ծոցի որսորդները (Fangsmænd i Melville-bugten), 1956 (վեպ)
  • Թուլեից Րիո (Fra Thule til Rio), 1957 (հուշագրություն)
  • Պիտեր Ֆրոյխենի գիրքը յոթ ծովերի մասին ("Peter Freuchen's Book of the Seven Seas"), 1957 (պատմվածք)
  • Բևեռային տարի ("The Arctic Year"), 1958, (Պիտեր Ֆրոյխեն և Ֆին Սալմոնսեն) (հուշագրություն)
  • Ես նավարկել եմ Ռասմուսսենի հետ ("I Sailed with Rasmussen), 1958 (հուշագրություն)
  • Կետորսերը (Hvalfangerne), 1959 (վեպ)
  • Պիտեր Ֆրոյխենի արկածներն Արկտիկայում ("Peter Freuchen's Adventures in the Arctic"), 1960, (խմբագիր` Դագմար Ֆրոյխեն) (հուշագրություն)
  • Պիտեր Ֆրոյխենի էսկիմոսյան գիրքը ("Peter Freuchen's Book of the Eskimos"), 1961, (խմբագիր` Դագմար Ֆրոյխեն) (հուշագրություն)
  • Հուշեր (Erindringer), 1963, (խմբագիր` Դագմար Ֆրոյխեն) (հուշագրություն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bogen om Peter Freuchen (1958)
  • Dansk forfatterleksikon: Biografier, red. by John Chr. Jørgensen (2001)
  • "Altid Frimodig - Biografi om polarforskeren, forfatteren og eventyreren Peter Freuchen" (2013) af Janni Andreassen

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://adventurersclub.dk/bruger/peterlefreuchen/
  2. Frihedsmuseets modstandsdatabase
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. CONOR.Sl
  5. «Middelaldercentrets nyhedsblad vinteren 2005/06» (PDF). Միդելալդերցենտրետ. 2005 (vinter). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  6. «Middelaldercentrets nyhedsblad vinteren 2006/07» (PDF). Միդելալդերցենտրետ. 2006/2007 (vinter). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  7. Schmidt Family tree
  8. Peter Ittinuar
  9. 9,0 9,1 Vagrant Viking Time. time.com. April 7, 1958.
  10. Պիտեր Ֆրոյխենի մահազդը Tidskriftet Grønland ամսագրում, Թերկել Մաթիասեն
  11. Big Dane Tamed Time. July 4, 1938.
  12. «Nakskov». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  13. «Dagmar Freuchen-Gale; Artist and Illustrator». The New York Times. 1991 թ․ մարտի 22. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  14. Liukkonen, Petri. «Peter Freuchen». Books and Writers (kirjasto.sci.fi). Finland: Kuusankoski Public Library. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին.
  15. Sam Alley. «Knud Johan Victor Rasmussen». Minnesota State University. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  16. Knud Rasmussen, 1927, Across Arctic America, Introduction.
  17. Cruwys, Elizabeth (2003). "Rasmussen, Knud (1879-1933)"
  18. Sir Clements R. Markham, The Lands of Silence: A History of Arctic and Antarctic Exploration, 1921
  19. «Ude og Hjemme fejrer 50 års fødselsdag». Ude og Hjemme (Danish). 2013 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Freuchen, Peter; David Goldsmith Loth; George Plimpton (2003). Peter Freuchen's Book of the Seven Seas. Globe Pequot. էջեր 11–12. ISBN 1-59228-125-7.(չաշխատող հղում)
  21. Bogen om Peter Freuchen, 1958 - Page 191: "Han var aldeles ikke jøde, hvilket han tilstod, da jeg gik ham nærmere på klingen. Men han proklamerede uforanderligt sin lidet underbyggede påstand om, at han var jøde, specielt hvis han havde nogen i selskabet mistænkt for antisemitisme." [1]
  22. Niels Jensen. «Sophus Michaëlis' Legat». Dansk litteraturpriser. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  23. Niels Jensen. «Herman Bangs Mindelegat». Dansk litteraturpriser. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  24. Niels Jensen. «Kaptajn H.C. Lundgreens Legat». Dansk litteraturpriser. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.