Պետության կառուցվածքի ձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետության տարածքային կազմակերպում, երբ պետության տարածքը բաժանվում է տարբեր կարգավիճակ ունեցող մասերի։ Տարածքային կազմակերպման նպատակը պետական գործունեության ընթացքում երկրի ներքին տարածքային առանձնահատկությունները մանրամասն հաշվի առնելն է, հասարակական կյանքը կազմակերպելու և կառավարելու համար։ Տարածքային միավորը կապող օղակ է հանդիսանում բնակավայրերի և կենտրոնական պետական իշխանության միջև[1]։ Բոլոր պետություններում առանձնացվում են տարածքային միավորներ, սակայն տարբեր պետություններում միավորների քանակը կարող է տարբեր լինել։ Ներկայումս ամենամեծ քանակն ունեն Ֆրանսիան՝ 96 (դեպարտամենտ) և Ռուսաստանը՝ 89 (հանրապետություն, երկրամաս, մարզ կամ օկրուգ)։ Պետությունների մեծ մասում տարածքային բաժանման միավորների թիվը տատանվում է 10-ից 50-ի միջև։

     Ունիտար      Դաշնային

Պետություններն ըստ տարածքային կազմակերպման[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետություններն ըստ տարածքային կազմակերպման լինում են՝ ունիտար, դաշնային և համադաշնային։

Ունիտար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունիտար կամ միացյալ է համարվում այն պետությունը, որտեղ առկա է մեկ միասնական սահմանադրություն և որի ամբողջ տարածքում գործում են կենտրոնացված պետական իշխանություն և կառավարման միասնական համակարգ։ Այստեղ ներքին տարածական բաժանումը ընդունված է անվանել վարչատարածքային բաժանում, իսկ միավորները՝ վարչատարածքային միավորներ։ Աշխարհի պետությունների մեծ մասն ունիտար են, օրինակ՝ Լեհաստանը, Լիտվան, Ճապոնիան, Ֆրանսիան և այլն։ Ունիտար է նաև Հայաստանի Հանրապետությունը, որն ունի երկաստիճան կառուցվածք։ Այն բաղկացած է վարչական մարզերից և մարզերին ենթական համայնքներից (քաղաք, գյուղ

Դաշնային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային կամ ֆեդերատիվ պետությունը իրենից ներկայացնում է սահմանափակ պետական անկախություն ունեցող քաղաքական տարածքային կազմավորումների միություն։ Դաշնային պետություններում յուրաքանչյուր դաշնային միավորի տարածքում բացի համապետական օրենքներից գործում են նաև տեղական օրենքներ, իսկ առանձին դեպքերում՝ նաև առանձին սահմանադրություն։ Այն որպես տարածքային կազմակերպման ձև ծագել է 19-րդ դարում և լայնորեն տարածվել 20-րդ դարում։ Այն համարվում է ժողովուրդների համախմբման, ինտեգրման եղանակ։ Աշխարհում Դաշնային պետությունների քանակը կազմում է ավելի քան երկու տասնյակ։ Դաշնային պետությունների օրինակ են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրիան, Բրազիլիան, Կանադան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Գերմանիան և այլն։

Դաշնային պետություններում տարածքային բաժանումն անվանում են քաղաքական տարածքային բաժանում, իսկ միավորները՝ քաղաքական տարածքային միավորներ։ Ըստ էության այդ միավորները մասնակցում են երկրի կառավարմանը և ունեն որոշակի ազդեցություն այդ հարցում։ Քաղաքական տարածքային միավորը իր հերթին բաժանվում է վարչատարածքային միավորների։ Պետության ներսում միավորների քանակի և նրանց միջև սահմանների որոշման ժամանակ հաշվի են առնվում մի շարք գործոններ։ Գլխավոր գործոններն են՝ էթնոմշակութային, բնակչության խտության, տարածքի յուրացվածության, բնական պայմանների բնույթի, տնտեսության կառուցվածքի և այլն։

Համադաշնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համադաշնությունը կամ կոնֆեդերացիան անկախ պետությունների միավորումն է, որոշակի գործողություններ համաձայնեցնելու և իրականացնելու նպատակով։ Այս դեպքում միավորում է տեղի է ունենում ոչ թե՛ սահմանադրության հիման վրա, այլ պետությունների միջև կնքված պայմանագրերի միջոցով։ Համադաշնությունում չկա մեկ միասնական պետական տարածք և քաղաքացիություն։ Նրանք համարվում են նաև միջազգային իրավունքի սուբյեկտներ և կարող են վարել նաև միջազգային քաղաքականություն։

Վարչատարածքային կառուցվածքի փոփոխման սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության վարչատարածքային կառուցվածքը հազվադեպ է փոփոխվում, իսկ փոփոխման դեպքում էլ կատարվում են չնչին փոփոխություններ, ձգտելով պահպանել նախկին սահմանների զգալի մասը։ Այնուամենայնիվ, դրանք անխուսափելի են և ամեն պետություն որոշակի ժամանակահատվածում իրականացում է վարչաքաղաքական վերափոխում։ Նման փոփոխությունները հիմնվում են մի շարք սկզբունքների հիման վրա, որոնցից են՝

  • վարչատարածքային միավորի տարածքային միասնականություն,
  • տարածքային միավորի հավաքություն կամ կոմպակտություն,
  • համաչափություն, որը նշանակում է տարածքի մակերեսի, բնակչության թվի և խտության, տնտեսական ներուժի, տարածքի յուրացվածության օպտիմալ պայմաններ։
  • ժառանգականություն. հնարավոր չափ պետք է ձգտել պահպանել արդեն կայացած, օբյեկտիվ սահմանները,
  • համապատասխանություն ազգաբնակչության նույնականացման զգացմունքին, որը նշանակում է հաշվի առնել պատմական և մշակության ավանդույթները,
  • «կրիտիկական զանգվածի» անհրաժեշտություն, որը նշանակում է յուրաքանչյուր միավոր պետք է ապահոված լինի տեղական ինքնակառավարման համար անհրաժեշտ միջոցներով։
  • փոխլրացում, սա ենթադրում է վարչատարածքային միավորի սահմաններում որոշակի համամասնության, համաչափության պահպանում հարուստ ու աղքատ, զարգացած և թերզարգացած տարածքների միջև։
  • ճկունություն և հարմարվողականություն. հնարավորություն է տալիս հեշտ հարմարվել հասարակական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին[1]։

Այս սկզբունքների կիրառման արդյունավետությունը պայմանավորված է, թե ինչպիսի՞ն է առաջարկվող փոփոխությունների գիտական հիմնավորումը, ի՞նչ մակարդակով և խորությամբ են վերլուծված ու գնահատված վարչաքաղաքական բաժանման ռեֆորմի առաջարկվող տարբերակներից յուրաքանչյուրի իրականացման հնարավոր հետևանքները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ա.Լ. Վալեսյան, Լ.Հ. Վալեսյան, Քաղաքական աշխարհագրություն, Երևան, 2009։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Туровский Р.Ф., Политическая география, М., 1999.
  2. КолосовВ.А., . МироненкоН.С, Геополитика и политическая география, М., 2002:
  3. Семевский Б. Н., Политическая география как составная часть экономической географии, в книге «Вопросы теории экономической географии». — Л., 1964.
  4. Колосов В. А., Мироненко Н. С. Геополитика и политическая география. Учебник для студентов вузов. — М., 2001
  5. Туровский Р. Ф. Политическая география. — М., 2006.
  6. Бусыгина И. М. Политическая география. Политическая карта мира. — М., 2010.
  7. Agnew J (1997) Political geography: a reader London: Arnold ISBN 0-470-23655-8
  8. Bakis H (1987) Géopolitique de l'information Presses Universitaires de France, Paris
  9. Bakis H (1995) ‘Communication and Political Geography in a Changing World’ Revue Internationale de Science Politique 16 (3) pp219–311 - http://ips.sagepub.com/content/16/3.toc