Պացցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պացցիներ
Pazzi
ազնվական տոհմ
ԵրկիրՖլորենցիայի հանրապետություն
ՏարածաշրջանՏոսկանա
ՀիմնադիրՊացցո դե Ռանիերի
ԱզգանունՊացցի և դե Պացցի
ԱնդամներՅակոբո դե Պացցի (1260), Անդրեա դե Պացցի, Յակոբո դե Պացցի (1478), Ռենատո դե Պացցի (1478), Ֆրանչեսկո դե Պացցի (1478), Գուլիերմո դե Պացցի, Մարիա Մագդալենա դե Պացցի (1478)

Պացցիներ (իտալ.՝ Pazzi), միջնադարյան ազնվական ընտանիք Ֆլորենցիայում։ Պացցիները զբաղվել են բանկային գործունեությամբ։ 1478 թվականին տեղի ունեցած Պացցիների դավադրությունից հետո նրանց ընտանիքը արտաքսվել է Ֆլորենցիայից, իսկ նրանց ունեցվածքը` բռնագրավվել։ Պացցի ընտանիքի անդամները ստիպված են եղել փոխել իրենց ազգանունները։

Ընտանիքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի պատմությունը սկսվել է Պացցո դե Ռանիերիից, ով 1099 թվականին, Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ մասնակցել է Երուսաղեմի պաշարմանը։ Նա իր հետ Սուրբ Հարության տաճարից Ֆլորենցիա է բերել կայծքարային ապարներ, որոնք օգտագործվել են Սուրբ շաբաթվա ընթացքում կրակ վառելու համար[1][2]։ 19-րդ դարի կեսերին այս լեգենդի ճշմարտացիությունը հարցականի տակ է դրվել Լուիջի Պասերինի Օրսինի դե Ռիլիի կողմից[1]։

Ընտանիքի առաջին ականավոր անդամը Յակոբո դե Պացցի իլ Վեչիոն է, ով 1260 թվականին՝ Մոնտապերտիի ճակատամարտի ժամանակ եղել է Գվելֆերի հեծելազորի հրամանատար։ Նրա որդին Պացցինո դի Յոկոբո դե Պացցին եղել է Սև Գվելֆ և եղել է Չարլզ դե Վալոիսի հետևորդը[3]։

Անդրեա դե Պացցին եղել է Ֆրանցիսկյան միաբանության անդամ[2]։

1464 թվականին նրա որդի Յակոբո դե Պացցին դառնում է ընտանիքի առաջնորդ։

1460 թվականին Գիլելմո դի Անտոնիո դե Պացցին ամուսնանում է Լորենցո Մեդիչիի քրոջ` Բիանկա Մեդիչիի հետ[3]։ Նրանց որդի Կոզիմո Պացցին 1508 թվականին դառնում է Պիզայի արքեպիսկոպոս[4]։

1477-1478 թվականներին տեղի ունեցած Պացցիների դավադրության կազմակերպողներից մեկը համարվում է Ֆրանչեսկո Պացցին, որի ձախողումից հետո, նա, Յակոբո Պացցին և Յակոբոյի եղբայր` Ռենատո Պացցին մահապատժի են ենթարկվում[4]։

Ռաֆայել Պացցին եղել է քարոզիչ և մահացել է 1512 թվականին Ռավեննայի ճակատամարտի ժամանակ[5]։

Մարիա Մագդալենա Պացցին եղել է կարմելիտ և միստիկ[6]։ 1669 թվականին նա կանոնականացվել է[7]։

Պացցիների դավադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1477 թվականի սկզբին Ֆրանչեսկո Պացցին (Հռոմում Պացցիների բանկի կառավարիչը), Ջիրոլամո Ռիարոն (Ֆրանչեսկոյի զարմիկը և Սիքստոս IV պապի «ընկերը») և Ֆրանչեսկո Սալվիատին, ում Հռոմի պապը դարձրել էր Պիզայի արքեպիսկոպոս, որոշում են սպանել Լորենցո դե Մեդիչիին և նրա եղբորը՝ Ջուլիանոյին, որպեսզի Մեդիչիների ընտանիքին այլևս չկառավարի Ֆլորենցիան[2]։ Նրանք ունեցել են Սիքստոսը պապի համաձայնությունը[8]։ Սպանության փորձը տեղի է ունեցել 1478 թվականի ապրիլի 26-ին Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարում՝ պատարագի ժամանակ։ Ջուլիանոն մահանում է, Լորենցոն՝ վիրավորվում, սակայն հասցնում է փախչել[8]։ Սալվիատին, Պերուջայից եկած վարձու մարդասպանների հետ միասին չի կարողանում գրավել պալացցո Վեկկիոն[2]։ Դավադրության հեղինակներից շատերը, նաև Ֆրանչեսկո Պացցին, շուտով ձերբակալվում, ապա մահապատժի են ենթարկվում (նրանց կախում են պալացցո Վեկկիոի պատուհաններից)[2]։ Յակոբո դե Պացցին, ընտանիքի գլուխը, կարողանում է փախչել Ֆլորենցիայից սակայն շուտով նրան բռնում են ու ետ են բերում քաղաք, որտեղ նրան տանջում են և կախում են Սալվիատիի արդեն քայքայվող դիակի կողքին։ Նրան թաղել են Սանտա Կրոչեում, սակայն նրա դիակը հանել, քարշ տալով քաղաքի փողոցներով բերել են պալացցո Պացցիի դիմաց, ապա գցել Առնո գետը[2]։

Պացցիները աքսորվել են Ֆլորենցիայից, իսկ նրանց հողերն ու ունեցվածքը՝ բռնագրավվել, անվան և զինանշանի օգտագործումը արգելվել։ Նրանց անունը ջնջվելէ քաղաքի գրանցամատյանից և բոլոր շենքերը, որոնք կրել են նրանց անունը անվանափոխվել են[2]։ Նրանց վահանը, որի վրա դելֆիններ էին պատկերված, ոչնչացվել է։ Պացցի անուն կրողներին ստիպել են փոխել այն։ Գիլելմո դե Պացցին, ով Լորենցո Մեդիչիի քրոջ՝ Բիանկայի ամուսինն էր, տնային կալանքի տակ է հայտնվում, իսկ հետագայում արտաքսվում և զրկվում քաղաք մտնելուց[4]։

1494 թվականին Պիեռո դե Մեդիչիի տապալումից հետո Պացցի ընտանիքի անդամները Ֆլորենցիա վերադառնալու իրավունք են ստանում[4]։

Պացցիի մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պացցի մատուռի ճարտարապետը Ֆիլիպո Բրունելեսկիին է[9]։ Շինարարությունը սկսվել է 1442 թվականին Սանտա Կրոչի Ֆրանցիսկյան եկեղեցում[10]։ Բարձր Վերածննդի դարաշրջանի ճարտարապետական ոճին համապատասխան ձևավորումը զուսպ է։ Գմբեթը կիսագնդաձև է, որն ավարտվել է Բրունելեսկու մահից հետո՝ ըստ նրա պլանի։

Պալատներ Ֆլորենցիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պալացցո Պացցի. ընտանիքի հիմնական նստավայրը, որը կառուցվել է 1462-1472 թվականներին Յակոբո դե Պացցիի պատվերով, Ջուլիանո դե Մայանոի նախագծով։ Շենքը եռահարկ է՝ ցոկոլային հարկը կոպիտ տաշված քարով շարված, պատուհանների եզրերը՝ սվաղով նախշազարդված (զգացվում է Բրունելսկու ազդեցությունը)։ Կենտրոնական բակը երեք կողմից շրջապատված է կամարաշարքով։
  2. Պալլացո Պացցի (իտալ.՝ Palazzo Pazzi dell'Accademia Colombaria). պատկանել է Պացցի ընտանիքին։ Ձեռք է բերվել 1476 թվականին Գուլիելմո և Ջիովանի Պացցիներիի կողմից։ Դավադրությունից հետո այն բռնագրավվել է։ Ավելի ուշ, Պացցիները գնել է տները և վերականգնել ֆասադը (որոշ աղբյուրներ վերագրում են Ամանատիին, 16-րդ դարի երկրորդ կես)։ 1830-ական թվականներին եղել է Կոլումբարիայի ակադեմիայի նստավայրը, որից էլ ստացել է իր անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Arnaldo D'Addario (1970). Pazzi (in Italian). Enciclopedia Dantesca. Rome: Istituto dell'Enciclopedia Italiana. Retrieved October 2015.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Christopher Hibbert (1979 [1974]). The Rise and Fall of the House of Medici. Harmondsworth, Middlesex: Penguin. 0140050906.
  3. 3,0 3,1 Claudia Tripodi (2015). Pazzi, Guglielmo de' (in Italian). Dizionario Biografico degli Italiani, volume 82. Rome: Istituto dell'Enciclopedia Italiana. Retrieved October 2015.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Vanna Arrighi (2015). Pazzi, Cosimo de' (in Italian). Dizionario Biografico degli Italiani, volume 82. Rome: Istituto dell'Enciclopedia Italiana. Retrieved April 2018.
  5. Pazzi, Raffaele de' (in Italian). Encliclopedie on line. Rome: Istituto dell'Enciclopedia Italiana. Retrieved April 2018.
  6. Clare Copeland (2016). Maria Maddalena De' Pazzi: The Making of a Counter-Reformation Saint. Oxford: Oxford University Press. 9780198785385.
  7. Joseph Hammond (2012). An Old Altarpiece for a New Saint: The Canonization of Santa Maria Maddalena de' Pazzi and the Decoration of Santa Maria dei Carmini in Venice. Explorations in Renaissance Culture 38 (1–2): 149–169. doi:10.1163/23526963-90000431. ISSN 0098-2474. (subscription required).
  8. 8,0 8,1 Vincent Cronin (1992 [1967]). The Florentine Renaissance. London: Pimlico. 0712698744.
  9. Taylor-Foster, James (2014 թ․ նոյեմբերի 19). «A Renaissance Gem in Need of Restoration». ArchDaily. ISSN 0719-8884. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  10. Kleiner, Fred S. (2009 թ․ հունվարի 7). Gardner's Art through the Ages: The Western Perspective. Vol. 2. Cengage Learning. էջ 107. ISBN 9780495573647.