Գաբրիել Պատկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պատկանյան Գաբրիելից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պատկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գաբրիել Պատկանյան
Ծնվել էփետրվարի 26, 1802(1802-02-26)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 13, 1889(1889-04-13) (87 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան, արձակագիր և ուսուցիչ
ԶավակներՀովհաննես Պատկանյան և Ռափայել Պատկանյան
Գաբրիել Պատկանյան Վիքիդարանում

Գաբրիել Սերովբեի Պատկանյան (փետրվարի 26, 1802(1802-02-26), Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 13, 1889(1889-04-13), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայ բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ։

Սերովբե Պատկանյանի որդին է, Միքայել Պատկանյանի եղբայրը, Ռափայել Պատկանյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1805 թվականին ընտանիքը տեղափոխվել է Աստրախան։ Սովորել է հոր՝ Սերովբե Պատկանյանի հիմնադրած Աղաբաբյան դպրոցում, ապա ռուսական հոգևոր սեմինարիայում։ Տիրապետել է ռուսերենին, անգլերենին, գերմաներենին։ 1827 թվականին նշանակվել է Աստրախանի հոգևոր կոնսիստորիայի ատենադպիր և հոգևոր դպրոցի ուսուցիչ, ձեռնադրվել քահանա։ 1818 թվականին թարգմանել է Դիոդորոս Սիկիլիացու «Պատմութիւն Մեծին Աղեքսանդրի Մակեդոնացւոյ» գիրքը (հրատարակվել է 1827) և գրել «Վարդապետութիւն ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» աշխատությունը։ 1826 թվականին տեղափոխվել է Նոր Նախիջևան, քաղաքային վարժարանում դասավանդել հայերեն, ռուսերեն, պատմություն, աշխարհագրություն, աչքի ընկել հասարակական գործունեությամբ։ Պատկանյանը եկեղեցական գումարներով գնված հացահատիկով օգնել է ընչազուրկ գյուղացիներին, առաջ է քաշել եկեղեցական եկամուտների համար հաշվետու լինելու հարցը։ Այս պատճառով 1832 թվականին հեռացվել է վարժարանից։ 1836 թվականին բացել է մասնավոր վարժարան, որտեղ նրան աշակերտել են Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյանը և այլք։ 1847 թվականին Ներսես Աշտարակեցու հրավերով տեղափոխվել է Թիֆլիս, նշանակվել Նորաշեն եկեղեցու վանահայր, 1850 թվականին կարգվել Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնակատար, միաժամանակ հրատարակել «Արարատ»[1] աշխարհաբար շաբաթաթերթը։ 1852 թվականին Նոր Նախիջևանում Հ․ Խալիբյանի դեմ կազմակերպված մահափորձին մասնակցելու ամբաստանությամբ 7 տարի բանտարկվել է Ռոստովի բանտում։ 1860 թվականին ազատվել է, բայց կայսերական հրամանով կարգազուրկ է արվել, իսկ 1861 թվականին Գ․ Այվազովսկու հրամանով ցմահ աքսորվել է Վյատկա։ Հայ հասարակայնության և մասնավորապես իր որդիների՝ Ռափայել և Հ․ Պատկանյանների ջանքերով 1862 թվականին փոխադրվել է Կոստրոմա, ապա, մեկ տարի անց, Պետերբուրգ, որտեղ զբաղվել է ուսուցչությամբ և գրական աշխատանքով[2][3][4]։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմել է դասագրքեր, բառարաններ, օրացույցներ, գրել տոմարագիտական ու կրոնական աշխատություններ։ Հրապարակախոսական հոդվածներում նշել է աշխարհաբարի առանձնակի դերն ազգի կազմավորման գործում, անդրադարձել հայ ժողովրդի առջև ծառացած այլազան խնդիրների։

Թողել է հարուստ գրական ժառանգություն։ Նրա «Գողթան երգեր» շարքի «Հարսանիք Արտաշեսի և Սաթենիկայ», «Յուլունսն Շամիրամայ», «Արի արքայն արքայից», «Վահագն» և այլ բանաստեղծություններ դարձել են ժամանակի սիրված երգերից։ «Օրորոցի երգ գյուղական այրի կնոջ», «Գեղեցիկ Նախիջևան», «Քրտնաջան այգեպան», «Իշխան անխելք և հիմար», «Առ Հայրենիս», «Փունջ հայոց պատմության» բանաստեղծություններում արտահայտել է ժամանակի ոգին, ազատագրական պայքարի կոչ արել։ «Վարդնամակ կամ Արկածք Վարդանա», «Դյուցազն մեր ժամանակի» գործերը հայ արկածային վեպի առաջին փորձերից են։ Պատկանյանի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում դյուցազներգությունը։ «Շավարշ երկրորդ կամ Նորոգյալ Հայաստան» (1864), «Անուշավան․․․» (1875), «Հռիփսիմե կամ փրկություն Հայաստանի» (1875), «Զավան և Փառնակ Ա» (1877), «Պարույր կամ Առումն Նինվեի» (1876) և այլ գործերում Պատկանյանն աշխատել է պատմական հերոսների անունների տակ ներկայացնել ժամանակի մարդկանց և դեպքեր, ինչպես նաև անցյալի հերոսական կերպարներով ոգեշնչել երիտասարդ սերնդին, արթնացնել ազգային ինքնագիտակցությունը։

Գրել է պատմական ուսումնասիրություններ՝ «Հայոց ազգի պատմությունը» (1863), «Միջնավեպք Հայոց ազգի պատմութենից» (1863) և այլն։ Մեծ արժեք է ներկայացնում «Հիշատակարան» աշխատությունը, որն իր ընդգրկումով, փաստերի առատությամբ և գրելաձևի վարպետությամբ դասվում է հայ նոր գրականության նշանակալից երևույթների շարքը։ 1850 թվականին թարգմանել է Շեքսպիրի «Համլետը», որից պահպանվել են մի քանի տեսարաններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արձագանք» 1889, № 14, 18։
  • Երվանդ Շահազիզ, Տեր-Գաբրիել քահանա Պատկանյանց, Թ․, 1910, 141 էջ։
  • Նազարյան Շ․, Գաբրիել Պատկանյանի կյանքն ու գրական-հասարակական գործունեությունը (1830-60-ական թթ․), Ե., 1956։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐԱՐԱՏ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. Գաբրել Պատկանյան և Ներսես Աշտարակեցի(չաշխատող հղում)
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  4. «Շուշանիկ Նազարյան. Գաբրիել Պատկանյանի Կյանքն ու գրական-հասարակական գործունեությունը. (1830 -1860-ական թթ.)» (PDF).
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Պատկանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։