Պահքի ուտեստը Գյումրիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ պասը կամ Մեծ Պահքը սկսվում էր Բուն Բարեկենդանի ավարտից հետո և տևում մինչև Զատիկ՝ Քրիստոսի Հարության տոնը։ Այդ ընթացքում օգտագործում էին միայն բուսական ծագման ուտելիք ու մթերք։ Հայաստանի յուրաքանչյուր բնակավայր ուներ իր ավանդական պասային կերակուրների տեսականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենցաղում Մեծ պասի բաղկացուցիչներն էին առաջին շաբաթվա, Միջինքի և Չարչարանաց շաբաթվա հետ կապված ժողովրդական ծեսերն ու ավանդույթները[1]։ Բարեկենդանին հաջորդած Մեծ պասի ժամանակ չեն օգտագործել կենդանական ծագման մթերք։ Գործածել են բուսական յուղ, բանջարեղեն ու թթուներ։ Պատրաստել են հատուկ կերակուրներ՝ պասուց, սուտլիկ տոլմա, ածիկ, մախոխ, անժուր ապուր, թանապուր, բանջարեղենային աղցաններ։ Մեծ պասի օրերի կեսն անցնելուց հետո թխել են «միջինք» բաղարջ, որը նման էր տարեհացին։ Թխել են նաև կլոր հաց՝ երեսին մեջրաջուր։ Բուն Բարեկենդանին Շիրակում կազմակերպել են խնջույքներ, երգ ու պար։ Մեծ պասի առաջին օրը' երկուշաբթին նույնպես տոնական է եղել։ Երիտասարդները այցելել են հարազատ տարեցներին, ձեռքը համբուրել ասելով՝ պասդ շընավոր։ Առավոտ կանուխ թխել են պասուց գաթա և հալվա, պարտադիր եփել են պոչով ապուր։ Այդ օրը երեկոյան ընդունված է եղել գնալ նշանված աղջիկ կամ նորահարս ունեցող մտերիմներին այցի՝ կաղին խաղալու։ Խաղացողը վերցրել է մի բուռ կաղին, հարցրել՝«թա՞ք է, թե՞ջուխտ»։ ճիշտ գուշակողը վերցրել է կաղինը։ Եկեղեցական ժամերգությունը Մեծ պասի ընթացքում կատարվում էր օրը 3 անգամ, հատկապես տարեցները շտապում էին եկեղեցի՝ աղոթելու[2]։

Կերակրատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատիկները շատ են պատմել, թե ինչպես էին սնվում այդ օրերին, ինչ կերակուրներ էին եփում։ Եփել են ավելուկ, կարտոֆիլ, շատ են օգտագործել թթուներ՝ կարմիր ճավիկով, ղմիով (շուշան), զոխով(սիբեխ), ղանձիլով, խրխնդուկով, կաղամբով։ Հայրենական պատերազմի ընթացքում և դրանից հետո, երբ սով էր, պատրաստել են թերած կարտոֆիլ․ խաշել են կարտոֆիլը, համեմել սոխով, աղով ու կարմիր պղպեղով։ Հարգի է եղել թնդրի շրթին խփած կարտոֆիլը՝ կարմիր հատ լոբով, գլուխ սոխով ու կարմիր պղպեղով։ Անպայման սեղաններին եղել են չրեր՝ ծիրանի չիր, չամիչ, ընկույզ, սալորի ու խնձորի չիր։ Տատիկները գոգնոցի գրպանում միշտ ունեցել են չրեր ու ընդեղեն։

  • Ավանդական պոչով ապուրը գյուղերում հայտնի է նաև «սըլ ու փըստ» անվանումով։ Բանասաց տատիկները պատմել են, որ «սըլ» ասելով նկատի են ունեցել լոբին, այն սըլլալով կուլ էր գնում, իսկ «Փըստը» խմորն էր, այստեղից էլ թաթար բորանու բարբառային «փըստ» անվանումը[3]։

Սիրված կերակրատեսակներ էին՝

  • պասուց և սուտլիկ տոլմաներ,
  • քռչիկ,
  • կոնջոլ,
  • ձավարով կլուլիկ,
  • տապակած ավելուկ,
  • ձավարով ու ավելուկով ճաշ,
  • ավանդական ձեթով հալվա

Նոր ժամանակներում սկսել են ներմուծել նաև տարատեսակ բանջարեղենային աղցաններ՝ մակարոնով, եգիպտացորենով, գազարով, կաղամբով ու կարտոֆիլով, թթու կաղամբով, ոսպով ու համեմունքներով (խմելի- սունելի, զաֆրան), եգիպտացորենով, կաղամբով թթու վարունգով ու թթվասերով, եգիպտացորենով, թթու վարունգով, կարտոֆիլով, համեմանքներով (աղ, սև պղպեղ) ու մայոնեզով, թթվասերով, նաև տարբեր ապուրներ՝ ոսպով, սիսեռով։ Հետաքրքիր է թթուների բազմազանությունը՝բամիայով, ղմիով, հոնի, վարունգի։

  • Ձավարով կլուլիկի պատրաստման ձևին շատ քչերն են տիրապետում այժմ, հիմնականում մեծ տատիկներն են պատրաստում։ Այսպես․ ձավարն աղում են, ավելացած ալյուրը խաոնում են ձավարից պատրաստվող կլուլիկին, որ կպչուն լինի, չքանդվի, հետո ձեռքի մեջ «շաղվում են» աղի, սև ու կարմիր պղպեղի

հետ[4]։

Պահքի վերջին՝ Չարչարանաց շաբաթվա ընթացքում շատերը ծոմ են պահել՝ սնվելով միայն հացով ու ջրով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ․Հարոյան, Պահոց ուտեստը Գյումրիում (XX-րդ դարի 2-րդ կես), ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ, Գիտական աշխատանքներ, հ․14, 2011։</ref>:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մկրտչյան Ս., Տոներ, Մեծ Պաս, Երևան, 2010, էջ 56-57։
  2. Հ․ Գյոլեցյան, Գյումրի, 1976, Տետր 2։
  3. Հարոյան Օ., Դաշտային ազգագրական նյութեր. Մարմաշեն, Վահրամարերդ, Ղյարիբջանյան գյուղեր, 2011։
  4. Օ․ Հարյան, Պահոց ուտեստը Գյումրիում(XX-րդ դարի 2-րդ կես), ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ, Գիտական աշխատանքներ, հ․14, 2011, էջ 142։