Ուլուջանլար բանտ-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլուջանլար բանտ-թանգարան
Ankara, Turkey - panoramio (223).jpg
Տեսակբանտ, տեսարժան վայր, թանգարան և prison museum?
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա[1]
ՏեղագրությունԱլթընդաղ (Անկարա)
Հիմնադրվել է1925
Կայքulucanlarcezaevimuzesi.com

Ուլուջանլար քաղաքական բանտ-թանգարան (թուրքերեն՝ Ulucanlar Cezaevi Müzesi), նախկինում` քաղաքական բանտ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, որը վերածվել է թանգարանի և բացվել է այցելության համար 2011 թվականին։ Թուրքիայում այն եզակի թանգարան է իր տեսակի մեջ, ինչպես նաև` առաջին և միակ պետական բանտն է քաղաքում[2][3]։

Բանտի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բանտ Ուլուջանլարը բացվել է 1925 թվականին, Ալտինգադ շրջանի համանուն մարզում, Թուրքիայի Հանրապետության ձևավորումից կարճ ժամանակ անց և մայրաքաղաքի` Ստամբուլից Անկարա տեղափոխվելուց հետո։ Օբյեկտը կառուցվել է որպես ռազմական պահեստ, որն ուներ 34.000 քմ ընդհանուր մակերես[4]։

Ըստ 1960 թվականի Բանտերի կենտրոնական վարչության և Անշարժ գույքի ազգային վարչության նամակագրության, որը գտնվել է պատմական ուսումնասիրությունների ընթացքում, Ուլուջանլարը կառուցվել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարության կողմից, ըստ գերմանացի նախագծող Կարլ Քրիստոֆ Լյոխերի առաջարկի։ Նա վայրի ընտրությունը բացատրել է նրանով, որ այդ շրջանում շատ էին վարելահողերը և դաշտավայրերը, որտեղ և կարող էին աշխատել ազատազրկվածներն ու այդպիսով օգուտ բերեին հասարակությանը[5][6]։

Ֆրանսիացի ճանապարհորդ Պիտոն դե Տուրնեֆերտի` 1717 թվականի փորագրության վրա կարելի է տեսնել, որ բլուրը, որի վրա գտնվում է բանտը, օգտագործվել է որպես գերեզմանոց[7]։

Բանտը մի քանի անգամ անվանափոխվել է. այն կոչվել է Cebeci Tevkifhanesi (Ջեբեջի քննչական մեկուսարան), Cebeci Umumi Hapishanesi (Ջեբեջի հասարակական բանտ), Cebeci Sivil Cezaevi (Ջեբեջի քաղաքացիական բանտ), Ankara Merkez Kapalı Cezaevi (Անկարայի` փակ տեսակի կենտրոնական բանտ) և Ulucanlar Merkez Kapalı Cezaevi (փակ տեսակի Ուլուջանլար բանտ)[8]։ 1999 թվականի հուլիսին և սեպտեմբերին բանտում տեղի են ունեցել մի շարք խռովություններ, որոնց ընթացքում սպանվել է 28 մարդ, 38 հսկիչներ գերի են վերցվել, 5 հսկիչ և 2 բանտարկյալ վիրավորվել են[9]։ Այդ ժամանակ հայտնաբերվել են փախուստի ծրագրեր և թունելի էսքիզներ, բահեր, իսկ ավելի ուշ շրջանում անօրինական թունել է հայտնաբերվել[10][11]։

2006 թվականին՝ բանտը փակելու մասին որոշումից հետո, այնտեղ բանտարկվածները տեղափոխվել են ոչ վաղ անցյալում կառուցված բանտն Անկարայի Սինջան շրջանում[4]։

Հայտնի բանտարկյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերակառուցում բանտարկյալների խցում

Ուլուջանլարը գործող բանտ է եղել մինչև 2006 թվականը, և 81 տարվա գործունեության ընթացքում այստեղ իրենց բանտարկությունն են կրել քաղաքական տարբերվող հայացքներով մտավորականներ, այդ թվում` լրագրողներ, բանաստեղծներ, գրողներ, ինչպես նաև` պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, տարբեր ակտիվիստներ և պարզապես հանցագործներ։ Հայտնի ձերբակալվածների թվում են եղել թուրք հետևյալ գործիչները[8].

  • Հուսեյն Ջահիդ Յալչին (1875–1957), լրագրող, գրող, քաղաքական գործիչ
  • Նազըմ Հիքմեթ (1902–1963), բանաստեղծ, արձակագիր, սցենարիստ, դրամատուրգ և հասարարական գործիչ
  • Ջևատ Շաքիր Կաբաաղաչլի (1890–1973), վեպերի և նովելների, էսսեների, ազգագրական և ճանապարհորդական ակնարկների հեղինակ
  • Քեմալ Թահիր (1910–1973), գրող և գիտնական
  • Նեջիպ Ֆազիլ Քիսաքյուրեք (1904–1983), բանաստեղծ, գրող, դրամատուրգ, փիլիսոփա և ակտիվիստ
  • Օսման Յուքսել Սերդենղեչթի (1917–1983), լրագրող և քաղաքական գործիչ
  • Յիլմազ Գյունեյ (1937–1984), կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և գրող
  • Օսման Բյոլյուկբաշի (1913–2002), քաղաքական գործիչ
  • Մեթին Թոքեր (1924-2002), լրագրող և գրող
  • Բյուլենթ Էջևիթ (1925-2006), թուրք սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, գրականագետ, լրագրող
  • Մուխսին Յազիջիողլու (1954–2009), քաղաքական գործիչ, ազգայնական կուսակցության նախագահ
  • Յաշար Քեմալ (1923-2015), արձակագիր-ռեալիստ, բանաստեղծ և իրավապաշտպան
  • Ջյունեյթ Արջայուրեք (1928-2015), լրագրող և գրող
  • Ֆաքիր Բայկուրտ (1929-1999), գրող, լուսավորչական գործիչ, արհմիության ղեկավար
  • Հապիթ Դիջլե (1954), քրդական ծագման քաղաքական գործիչ, Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության անդամ
  • Լեյլա Զանա (1961), քուրդ իրավապաշտպան, ակտիվիստ և թուրքական խորհրդարանի նախկին անդամ
  • Սիրրի Օնդեն (1962), դերասան, սցենարիստ, սյունակագիր և քաղաքական գործիչ

Մահվան դատապարտվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտի բակում ըստ տարբեր տվյալների իրականացվել է 17-19 մահապատիժ` կախաղանի միջոցով[8].

  • Իսկիլիպլի Մեհմեդ Ատիֆ Խոջա (1875–1926), իսլամագետ, Աթաթուրքի բարեփոխումների հակառակորդ
  • Ֆեթհի Գյուրջան (1922–1964), մայոր, ձիավար, 1956 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից
  • Թալաթ Այդեմիր (1917–1964), զինվորական
  • Յուսուֆ Ասլան (1947–1972), Թուրքիայի ազգային-ազատագրական բանակի հիմնադիր, մարքսիզմ-լենինիզմի կողմնակից
  • Դենիզ Գեզմիշ (1947–1972), Թուրքիայի ազգային-ազատագրական բանակի հիմնադիր, մարքսիզմ-լենինիզմի կողմնակից
  • Հյուսեյն Ինան (1949–1972), Թուրքիայի ազգային-ազատագրական բանակի հիմնադիր, մարքսիզմ-լենինիզմի կողմնակից
  • Նենջեթ Ադալի (1958–1980), մարքսիզմ-լենինիզմի կողմնակից, քաղաքական ակտիվիստ
  • Մուստաֆա Փեհլիվանօղլու (1958–1980), ազգայնական, իսլամիստ, ակտիվիստ
  • Էրդալ Էրեն (1964–1980), մարքսիզմ-լենինիզմի կողմնակից, քաղաքական ակտիվիստ
  • Ալի Բյուլենտ Օրքան (1982), ուսանող, կոմունիստական գաղափարների կողմնակից։ Եղել է Ուլուջանլարում մահապատժի ենթարկված վերջին մարդը[12]։

Թանգարանի հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային և բնական ժառանգության պահպանության խորհուրդը հայտարարել է, որ բանտը պատմական հետաքրքրություն է ներկայացնում և այդ պատճառով չի կարող ավերվել, ընդլայնվել կամ փոխանցվել` առանց հատուկ թույլտվության։ Ալտինդաղի շրջանային մունիցիպալիտետը շրջանային ղեկավար Վեյսել Տիրյակիի նախաձեռնությամբ վերականգնել է բանտի շենքն ըստ իր սկզբնական տեսքի և հանրության համար բացել է այն որպես «Ուլուջանլար բանտի մշակույթի և արվեստի թանգարան» 2011 թվականի հունիսի 15-ին[5]։

Վերականգնողական աշխատանքներն անց են կացվել 2009-2010 թվականներին և արժեցել են 10 միլիոն թուրքական լիրա (6.7 ամերիկյան դոլար, ըստ 2010 թվականի կուրսի)[4]։ Արխիվային նյութերի մեծ մասը ոչնչացվել է երկու հրդեհների ժամանակ։ Վերականգնվել են միայն 1997 թվականի լուսանկարներն ու վերականգնման նախագծերը, որն իրականացվել է 2000 թվականին[8][6]։ Թանգարանի համար տեղեկատվություն և ցուցանմուշներ տրամադրել են ձերբակալվածների հարազատները։ Թանգարանում կա գրադարան, որտեղ պահվում են բանտարկյալների գրած գրքերը, ինչպես նաև` գրքեր Թուրքիայի քաղաքական կյանքի մասին և դատական արձանագրություններ։ Բանտի պատերին պահպանվել են դատապարտյալների արած գրաֆիտիներն ու նկարները։ Բոլոր ցուցանմուշներն օրիգինալ են։ Թանգարանում կան նաև խորհրդաժողովների և մշակութային միջոցառումների սրահներ, ինչպես նաև` նկարահանման հրապարակ[4][13]։

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի մուտքի մոտ տեղակայված են №9 и №10 սենյակները, որոնք հաճախ համեմատվել են «Հիլթոնի սենյակների» հետ, քան որ չափերով ավելի փոքր են, և հետևաբար` ավելի հարմարավետ։ Այս սենյակներում պահվել են հիմնականում գրողներ, բանաստեղծներ և լրագրողներ, սակայն եղել են նաև այնպիսի հայտնի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Բյուլենտ Էջեվիտն ու Օսման Բելյուքբաշին։ Այժմ այդ սենյակներում ցուցահանդես կա` նրանց կենսագրություններով[8]։

«Հիլթոնից» աջ տեղակայված է «Müteferrika»-ն` մեկուսարան այն բանտարկյալների համար, ում վերջնական դատավճիռը դեռևս հրապարակված չի եղել, բանտի կարգապահությունը խախտողների կամ էլ այնպիսի հատուկ հանցագործների համար, որոնց պետք է եղել մեկուսացնել մյուսներից։ Այս հատվածի նեղ միջանցքը, թույլ լույսը, երկաթե դարպասներն ու մեկտեղանոց մութ սենյակները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ բանտում մարդկանց պահելու պայմանները։ Տարածքներում բարձրախոսների միջոցով հնչում են հսկիչների ու դատապարտյալների ճիչերը։ Հնչում են նաև պատմական թյուրքյուներ և բանաստեղծություններ, որոնք այցելուներին հիշեցնում են կտտանքների ու պատիժների ժամանակաշրջանի մասին[2][3]։

Մեկուսարաններում և սենյակներում գտնվում են մոմե 22 արձաններ, որոնք պատկերում են դատապարտյալներին` իրենց բանտային կյանքի տարբեր իրավիճակներում։ № 5 խցի երկհարկանի մահճակալների վրա փակցրած են հայտնի դատապարտյալների կենսագրություններ։ Խցերում ցուցադրված են նաև հայտնի բանտարկյալների անձնական իրերը` ժամացույց, ծխախոտ, ամանեղեն, թեյնիկ, հարազատների և ընկերների նամակները և այլն։

Մեծ բակում տեղակայված է համամ` դատապարտյալների համար։ Դրա կողքին է գտնվում գեղարվեստական պատկերասրահը։ Բակում է գտնվում նաև կախաղան` սեղմօղակով։ Հենց այստեղ են իրականացվել տասնյակ մահապատիժներ։ Կախաղանի հետևում աճում է «Հսկայական կաղամախին» (թուրքերեն՝ Ulu Kavak): Հիշատակի ծառի վրա կախված են հայտնի բանտարկյալների լուսանկարները։ 2004 թվականին Թուրքիայում պաշտոնապես հանվել է մահապատիժը[8][12]։

Թանգարանի վերակառուցման ժամանակ կառուցվել է հատուկ բաժին` գոյություն ունեցող մեկուսարանների վերևում։ Հավելյալ վճարի պարագայում այցելուներին կարող են փակել այնտեղ 15 րոպեով կամ մեկ ժամով, որպեսզի նրանք կարողանան իրենց վրա զգալ բանտային պայմանները։ «Դատապարտյալին» ձեռնաշղթաներով մտցնում են խցիկ, առանց ժամացույցի և բջջային հեռախոսի։ Այդ այցելուներին չի թույլատրվում լքել խցիկը մինչև ժամանակի լրանալը[8]։

Բանտ-թանգարանը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Յիլմազ Գյունեյը ոգեշնչվել է Ուլուջանլարում անցկացրած բանտարկության սեփական հիշողություններով «Պատը» (թուրքերեն՝ Duvar) ֆիլմը ստեղծելիս, որը մասնակցել է Կաննի 1983 թվականի կինոփառատոնին[4].

1989 թվականին բանտում անց են կացվել «Թույլ մի տուր նրանց կրակել օձին» (թուրքերեն՝ Uçurtmayı Vurmasınlar) ֆիլմի նկարահանումները, որտեղ Նուր Սյուրերը կատարել է բանտում երեխա ունեցած քաղաքական բանտարկյալի դերը[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 Joshua G. Adair, Amy K. Levin, 2020
  3. 3,0 3,1 Алёна Палажченко (2012-05-28)։ «Под музейным конвоем: первая "политическая" тюрьма Турции»։ РИА Новости։ Վերցված է 2020-06-02 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Ulucanlar kültür merkezi olacak» (թուրքերեն)։ Arkitera։ 2009-01-26։ Վերցված է 2020-06-02 
  5. 5,0 5,1 «Ulucanlar Prison» (անգլերեն)։ Ebratmuseum։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-11-ին։ Վերցված է 2020-06-02 
  6. 6,0 6,1 Eren Koldemir (2012-07-26)։ «ACILARIN VE HÜZÜNLERİN MÜZESİ:ULUCANLAR CEZAEVİ» (թուրքերեն)։ library.atilim.edu.tr։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2020-06-02 
  7. «“Taş Taşı Ama Laf Taşıma”» (թուրքերեն)։ Нayla Рaber։ 2011-11-09։ Վերցված է 2020-06-02 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Ulucanlar Cezaevi müze oldu» (թուրքերեն)։ Hürriyet։ 2010-12-28։ Վերցված է 2020-06-02 
  9. Hürriyet (1999-12-23)։ «Ulucanlar’da yine isyan» (թուրքերեն)։ Hürriyet։ Վերցված է 2020-06-02 
  10. Ersin Bal (1999-09-28)։ «PKK'lılar katılmadı» (թուրքերեն)։ Sabah online։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-27-ին։ Վերցված է 2020-06-02 
  11. «Cezaevinde isyan dalgası» (թուրքերեն)։ Sabah online։ 1999-07-21։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2020-06-02 
  12. 12,0 12,1 «Музей-тюрьма в Анкаре Ulucanlar»։ Taggta։ 2018-07-21։ Վերցված է 2020-06-02 
  13. Korstanje, Maximiliano, George, Babu, 2017
  14. Donmez-Colin, 2013

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]