Jump to content

Հակոբ Շահեն-Ջրպետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շահան Ջրպետյանից)
Հակոբ Շահեն-Ջրպետյան
Ծնվել էդեկտեմբերի 16, 1772(1772-12-16)[1][2]
Ուռհա[2]
Մահացել էդեկտեմբերի 5, 1837(1837-12-05)[2] (64 տարեկան)
Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան և գրող
Հաստատություն(ներ)Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ
Պաշտոն(ներ)Q15639454?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն և հայերեն[1]

Շահան Ջրպետյան, Շահան Հակոբ Սարգսի (դեկտեմբերի 16, 1772(1772-12-16)[1][2], Ուռհա[2] - դեկտեմբերի 5, 1837(1837-12-05)[2], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[2]), հայ լեզվաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1787 թվականից ճանապարհորդել է Կիլիկիայում, Ասորիքում, այցելել Երուսաղեմ։ 1789 թվականին եղել է Հռոմում, ապա՝ Ֆլորենցիայում, Լիվոռնոյում, ապրել է Ջենովայում։ 1798 թվականին անձնական ծանոթություն է հաստատել Նապոլեոն Բոնապարտի հետ, նրա հրավերով բնակություն է հաստատել Ֆրանսիայում և աշխատանքի նշանակվել Փարիզի արքունական մատենադարանում։ Նույն տարում Փարիզի Արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցում հիմնադրել է հայոց լեզվի ամբիոն, 1799-1801 թվականներին դասավանդել հայոց լեզու, 1811-1826 թվականներին վերջնականապես սկզբնավորել հայոց լեզվի և հայագիտական առարկաների դասավանդումը նույն դպրոցում, որտեղ հայագիտության մեջ առաջին քայլերն են կատարել ապագա նշանավոր հայագետներ Պ․ Ֆլորիվալը, Ժ․ Ա․ Սեն Մարտենը և ուրիշներ։ 1826 թվականին հրավիրվել է Թիֆլիս, մի քանի տարի դասավանդել Ներսիսյան դպրոցում, ապա իր հիմնադրած մասնավոր դպրոցում։

Շահան Ջրպետյանը եղել է Բարձրագույն կարգադրություն Ռուսաստանում գտնվող հայոց լուսավորչական եկեղեցու կառավարության մասին «Կանոնադրության» ստեղծողներից։ 1812 թվականին Փարիզում ֆրանսերեն ու հայերեն տեքստերով, ծանոթագրություններով և առաջաբանով Շահան Ջրպետյան լույս է ընծայել Մատթեոս Ուռհայեցու «Պատմութիւն»-ից երկու հատված, 1824 թվականին՝ հունարեն, գրաբար և ֆրանսերեն տեքստերով «Քերականութիւն Դիոնէսիոսի Թրակացւոյ․․․» («Մեմուար դը լա Սոսիետե դը լինգուիստիք դը Պարի», «Мёmoire de la Sociёtё de linguistique de Paris», առանձին գրքով՝ 1830) աշխատությունը՝ տեքստաբանական ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով, 1829 թվականին՝ Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմը։ Շահան Ջրպետյան արևելյան կենդանի լեզուների դպրոցում հայոց լեզու ուսուցանելու համար գրել և հրատարակել է «Քերականութիւն Արամեան լեզուի» (1823, ֆրանսերեն վերնագիրը՝ «Հայոց լեզվի քերականություն») դասագիրքը։ Ըստ Շահան Ջրպետյանի գրաբարը եղել է մեկուսացած լեզու, զերծ է մնացել այլ լեզուների ազդեցությունից, խառնուրդից։ Շահան Ջրպետյանը նկարագրել է հայոց լեզվի զարգացման ընթացքը, նրա պատմության վաղ շրջանի համար տարբերակել վեց հիմնական բարբառ (արարատցի, կորդուացի, աղուանցի, գուգարացի, փոքրհայեցի, պարսկահայեցի), իսկ ավելի ուշ շրջանի համար (14-րդ դար)՝ 30 բարբառ, որոնք անվանել է գավառականք կամ ռամկականք։ Բուն քերականությունը բաժանել է բառագիտության (ձևաբանությունը՝ խոսքի մասերով), շարահյուսության, լեզվաբանության (ուղղագրական, կետադրական, ստուգաբանական, բարբառագիտական, տաղաչափական և այլ հարցեր) բաժինների։ Չնայած Շահան Ջրպետյանի լեզվաբանական հայացքները մեծ մասամբ սխալ են, ստուգաբանությունները հիմնված են պատահական նմանությունների վրա և գիտական առանձին արժեք չեն ներկայացնում, այնուամենայնիվ նա որոշակի դրական դեր է կատարել Եվրոպայում հայոց լեզուն ուսումնասիրելու և հայագիտությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես առանձին գիտական առարկա դասավանդելու գործում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 546.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Շահեն-Ջրպետյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 546