Պոլ Ֆլորիվալ
Պոլ Ֆլորիվալ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1799[1] |
Մահացել է | հունվարի 20, 1862[1] (62 տարեկան) |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | թարգմանիչ, հայագետ և լեզվաբան |
Պաշտոն(ներ) | Q15639454? |
Ալմա մատեր | Խարտիաների ազգային դպրոց (1822) |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պոլ Էմիլ Լը Վայյան դը Ֆլորիվալ (ֆր.՝ Paul-Émile Le Vaillant de Florival, փետրվարի 11, 1799[1] - հունվարի 20, 1862[1]), ֆրանսիացի հայագետ։
Սովորել է Հրովարտակաց վարժարանում և Արքունի մատենադարանին (հետագայում՝ Ազգային գրադարան) կից Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցում՝ աշակերտելով Շահան Ջրպետյանին։ 1826 թվականին ավարտել է դպրոցը, ժամանակավորապես փոխարինել իր ուսուցչին, իսկ 1828 թվականին նշանակվել նույն դպրոցի հայերենի ուսուցիչ, 1830 թվականի արքունական հրովարտակով՝ անվանակիր ուսուցիչ, դարձել հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը։
Հայագիտության մեջ կատարելագործվելու համար 1834 թվականին մեկնել է Վենետիկի Մխիթարյան միաբանություն, սովորել ճեմարանում, ընտրվել միաբանության հայկական ակադեմիայի (Մխիթարյանների գիտական միաբանություն) անդամ։
Ֆլորիվալը զբաղվել է հայ մատենագիրների երկերի թարգմանությամբ։ Հայերենից ֆրանսերեն է թարգմանել (1836 թ. և 1841 թ.) Մովսես Խսորենացու «Հայոց պատմություն»-ը։ Երկրորդ թարգմանությանը Ֆլորիվալը կցել է նաև երկի գրաբար բնագիրը։ Առաջաբանում հակիրճ ուրվագծել է հայ մատենագրության անցած ուղին, նշել նրա դերը համաշխարհային գրականության մեջ, բարձր գնահատել Խորենացու երկը։
Գրել է նաև Կ․ Պոլսի կաթոլիկ հայերի հալածանքի մասին, համառոտակի շարադրել Մխիթարյան միաբանության պատմությունը, անդրադարձել V դարի հայ փիլիսոփայության մտքին, թարգմանել Մարգար Խոճենցի (Գեղամյան) «Բարառնական դիմառնութիւն բարոյական, այսինքն՝ րօման մօրալէ, ի դիմաց վարդոյ և լուսինեկի, այն է պլպուլի» վիպակը (ֆրանս․ 1832, իտալ․ 1879), Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ը (1853), Մխիթար Գոշի առակները (թարգմանությունը չի պահպանվել)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շրումպֆ Գ.Ա. Ուսումնասիրութիւնք հայ լեզուի և մատենագրութեան յԱրևմուտս (ԺԴ-ԺԹ դար), թարգմ․ և լրց․ Գ․ Զարբհանալյանք, Վենետիկ․, 1895։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 682)։ |