Միմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Միմոս (այլ կիրառումներ)
Միմոս
PANTOMIME-PABLO.jpg

Միմոս (< հուն.՝ μίμος — նմանակող, նմանակում), կատակերգակ դերասան Հին Հունաստանում, Հռոմում և Բյուզանդիայում։ Դերասանի այս տիպը զարգացել է հատկապես հելլենիզմի դարաշրջանում (III—I դարեր) և դարձել հռոմ․, ապա՝ վաղ միջնադարյան առաջավորասիական թատրոնին բնորոշ երևույթ։ Միմոս են կոչվել նաև հելլենիզմի շրջանի պիեսները, որոնք նախատեսել են մնջկատակի, պարի, երգի ու խոսքի համատեղում։

Թե՛ հին, թե՛ միջին դարերում, արքունիքներում և անհատների տներում, քաղաքների հրապարակներում, հանդիպում էին առանձնահատուկ տիպի մարդիկ, որոնց հանձնարարված էր զվարճացնել նրանց, ում համար կյանքը թվում է միապաղաղ ու ձանձրալի։ Այդ միմոսներից մի քանիսը իրենց արհեստն այն աստիճանի էին բարձրացրել, որ կարող էին վերցնել իրենց վրա ավելի վեհ, ավելի կարևոր պարտականություններ։ Այս մարդիկ, օգտվելով իրենց անպատժելիությունից, ճշմարտությունն էին ասում անմիջապես իրենց ղեկավարներին՝ ադպիսով հասցնելով բարի խորհուրդները գահին, կամ էլ ողորմություն էին խնդրում ճնշվածների համար։

Միմոսներին թույլատրվում է ասել ամեն ինչ՝ այն իրավունքը, որից նրանք օգտվում էին, ժամանակ առ ժամանակ չարաշահում էին, բայց պաշտոնապես միմոսները հաճախ ներկայանում էին որպես իրականության սերմանողներ ու տարածողներ։ Հենց նրանց օգնությամբ էր իրականությունը հասնում տիրակալներին, կամ հակառակը։ Շատ միմոսների վերաբերյալ հորինվում էին լեգենդներ, որպեսզի նրանց անուններն անմահացնեին։ Այդպիսին է, օրինակ, Տրիբուլը, ում Վիկտոր Հյուգոն ներկայացրել է իր լավագույն վեպում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած հին հույներից, հռոմեացիներից խոսվում է նրանց մասին, ում պարտավորությունների մեջ մտնում էր իրենց շուրջը կատակներով, սրամտությամբ և ծամածռությամբ հրահրել ծիծաղ: Ամենահին միմոսները նույնիսկ վերապրել են Հռոմեական կայսրության անկումը։ Այդ ժամանակներում միմոսները շատ ցանկալի հյուրեր են եղել բարձրաշխարհիկ ընտանիքներում, հատկապես կանայք էին սիրում ունկնդրել նրանց։ Պատճառն այն է, որ իրականում դղյակներում կյանքը շատ միատեսակ էր ու ձանձրալի։ Դղյակների տերերը զվարճանում էին որսով և պատերազմներով, իսկ կանայք՝ միմոսներով։ Եղել են ընտանեկան, պալատական միմոսներ, նաև միմոսական միություններ։ Այդ մարդիկ ներկայացնում են, ընդհանուր առմամբ ժամանակների ու ժողովուրդների առանձնահատկությունները։ Միմոսների մեջ կային «բուֆոն» կոչվող խեղկատակներ, ովքեր իրենց սրամտություններով, կատակներով հանդիսատեսին զվարճացնում էին՝ հանուն դրամի։ Միմոսներ և խեղկատակներ ի հայտ են եկել հին դարերում։ Նրանք հանդիպում էին ոչ միայն սովորական մահկանացուների մեջ, այլ նաև Օլիմպոսի աստվածների մեջ։

Ամենահայտնի միմոսներից է Եզոպոսը: Նա ստրկության մեջ էր և իր վերջին տիրոջ մոտ ուներ միմոսի պարտականություններ։ Նա շատ տգեղ էր ու անճոռնի։ Չնայած դրան՝ չափազանց սրամիտ էր[2]:

Քանի որ միմոսների տերերը շատ էին սիրում և ընդունում էին նրանց, այնքան շատ էին ատում միմոսին ծառաներն ու մեծատոհմիկները։ Սա էլ, ըստ էության, պատճառն է, որ միմոսները իրենց կատակների թիրախ էին ընտրում հենց նրանց՝ ծառաներին և մեծատոհմիկներին։ Շատ միմոսներ պատկանում էին միևնույն ընտանիքին, քանի որ իրենց արհեստը փոխանցվում էր ժառանգաբար՝ հորից որդուն։ Գոյություն ունեին նույնիսկ միմոսների դինաստիաներ։ Միմոսներ եղել են ոչ միայն թագավորների, պալատականների մոտ, այլ նաև հանդիպել են մենաստաններում. հոգևորականները ևս սիրել են զվարճանալ միմոսներով և խեղկատակներով։

Թափառող միմոսները կրում էին ամենատարբեր հագուստներ, միայն մի փոքր դետալ կարող էր նրանց տարբերել սովորական մարդկանցից։ Բայց, ինչ վերաբերում է պալատական միմոսներին, ապա նրանց հանդերձանքը հատուկ էր։ Բնորոշ հատկանիշներից էր միմոսի ձողիկը՝ զարդարված զանգուլակներով։ Բացի այդ միմոսները իրենց գլխին միշտ կրում էին զանգուլակներով սուրանկյուն գլխարկ։ Միմոսների կոստյումները հատուկ գույներ ունեին՝ դեղնականաչախառն։ Միջին դարերում նշված գույները վատ համբավ ունեին. սնանկ մարդու գլխին կանաչ գլխարկ էին հագցնում։ Իսկ դեղին գույնը խորհրդանշում էր արհամարհանքը, ստորությունը։ Պալատական միմոսները գոյություն ունեին դեռ հին ժամանակներում։ Միջին դարերում միմոսները շատ ակտուալ էին։ Նրանք առանձնանում էին իրենց հավատարմությամբ տերերի նկատմամբ, հաճախ կատարում էին թիկնապահի դեր։ Այդպիսի մի միմոս փրկել է Նորմանդիայի Վիլհելմ դուքսին դավադրությունից 11-րդ դարում[2]

Միջնադարյան միմոսի արձան Հռոմում

Ինչպես նշվեց վերևում՝ միմոսների և խեղկատակների խնդիրն էր ծիծաղեցնել իրենց տերերին կամ հանդիսատեսին։ Ֆրանսուա Ռաբլեն ասում էր, լավ է ծիծաղ առաջացնել, քան լաց, քանի որ մարդկանց ավելի հատուկ է ծիծաղը[2]: Բոլոր միմոսները, թե՛ ընտանեկան, թե՛ պալատական և ժողովրդական հասկացել են, որ զվարճանքը անհրաժեշտ է խեղճ մարկանց և ամեն ինչ անում էին, որպեսզի զվարճացնեին մարդկությանը։ Այդ ջանասիրության համար նրանք արժանանում էին շնորհակալական խոսքերի իրենց համաժամանակակիցների կողմից։

Միջնադարյան թատրոնի ու թատերական զվարճալիքների հավաքական կերպար է համարվում կատակերգուն, կամ ինչպես այս հասկացության ամենահին վկայությունն է ասում՝ խեղկատակը[3]: Միջնադարյան կատակերգակ դերասանը կրում է տարբեր անվանումներ՝ խեղկատակ, ծաղրակատակ, խաղակատակ, ասպնակատակ, հացկատակ, կատակերգու, ծաղրածու, կատակագուսան և այլն։ Այս անվանումները ենթադրում են նաև որոշակի դասային կամ տեսակային-ժանրային տարբերություններ[4]: Այս դեպքում հետաքրքրական է միջնադարյան կատակաբանի հավաքական կերպարը, առանց որի՝ չի պատկերացվում ո՛չ պալատական խնջույքը, ո՛չ շուկան կամ տոնավաճառը, ո՛չ թատրոնը, ո՛չ էլ ժողովրդական տոնախմբությունները։ Այս կերպարը հատկանշում է հասարակության ստորին խավերի վերաբերմունքը կյանքի հանդեպ և շատ դեպքերում ներկայանում է որպես ապադասակարգային ֆիգուրա։

Անհեթեթի, խենթակերպի, հիմարի, տարօրինակ մարդու կերպարը ընդհանրապես բնորոշ է միջնադարյան քաղաքին: Սա կարգից ու օրենքից դուրս մարդ է. նրան չեն հարգում, չեն դատում ու պատժում, նրա հետ չեն կռվում, նրան ծաղրում են։ Նրա արածի ու ասածի վրա ծիծաղում են և վարձատրում։ Կատակաբանը ունի որոշակի սոցիալական ֆունկցիա՝ արթուն է պահում հասարակության առողջ բանականությունը: Նա ավելի խելոք է, քան հասարակությունը, բայց ներկայանում է հիմարի տեսքով[5]: Ընդհանրապես սա տիպիկ միջնադարյան երևույթ է և որպես այդպիսին, բավական բարդ կոմպլեքս է։ Բարդ ամենից ավելի նրանով, որ այս տիպը ծնել է միջնադարի սոցիալ-դասկարգային հարաբերությունները, որ սա մարդու ապադասակարգայնացման արդյունքներից է։ Հայտնի է 7-8-րդ դարերում Եվրոպայում Կոմենդանտների մի մեծ խավ կազմվել է նախկին հոգևորականներից։ Դրանք, ասպես կոչված, վագանտներն են, որ ստեղծել են նաև իրենց գրականությունը՝ հակակղերական բովանդակությամբ։ Նրանց մի մասը դարձել են աճպարարներ, ձեռնածուներ. Ծպտվել են զանազան կենդանիների՝ շան, ավանակի, այծի դիմակներով, ամենատարբեր դերեր են կատարել թափառական ժոնգլյորների ներկայացումներում[2]:

Միմոսներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հյուգո Վ., Թշվառներ, Երևան, 1987, էջ 72
  2. 2,0 2,1 2,2 2,3 Газо А. Шуты и скоморохи всех времен и народов, С. Петербург, 1898.
  3. Орбели И. А. Из истории и культуры и исскуства Армении в X-XIII В.В. М. 1968, с. 359.
  4. Հովհաննիսյան Հ. Վ., Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Երևան, 1978, էջ 229-238
  5. Панченко А. М. Юродство как зрелище, Труды отдела древнерусской летературы, Л. 1974, с. 144-153.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 552 CC-BY-SA-icon-80x15.png