Միաժամանակյա խաղաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միաժամանակյա խաղաշար
մրցումների համակարգ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաշախմատ Խմբագրել Wikidata
Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը միաժամանակյա խաղաշարի ժամանակ, Երևան, 2016 թ. մայիսի 9, Մանկական այգի

Միաժամանակյա խաղաշար, մարզական միջոցառման տեսակ, որտեղ մեկ մարդ (խաղաշար անցկացնողը) միաժամանակ խաղում է ինտելեկտուալ խաղ (շախմատ, շաշկի, գո) բազմաթիվ հակառակորդների դեմ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաժամանակյա խաղաշարերի ժամանակ, որպես կանոն, բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ խաղացողը խաղում է սիրողների դեմ։ Այսպես, միաժամանակյա խաղաշարեր անցկացրել են շախմատի աշխարհի գրեթե բոլոր չեմպիոնները։

Միաժամանակյա խաղաշարը դիտարժան միջոցառում է, որը ինտելեկտուալ խաղերի քարոզչության միջոցներից մեկն է։ Սիրող խաղացողների համար խաղաշարերը գործնականում միակ հնարավորությունն են դեմ առ դեմ խաղալու բարձր մակարդակի պրոֆեսիոնալի հետ, ընդ որում, այնպիսի պայմաններում, երբ պրոֆեսիոնալի ուժը որոշ չափով փոխհատուցվում է բազմաթիվ հակառակորդների առկայությամբ, այնպես որ լավ խաղացողների համար հաղթանակի հնարավորություն է ստեղծվում։ Պրոֆեսիոնալների համար խաղաշարերը հաճախ նաև գումար վաստակելու միջոց են, քանի որ սիրողների մասնակցությունը խաղաշարին, որպես կանոն, վճարովի է։

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաժամանակյա խաղաշարերի խաղացողների նվաճումները ժամանակի ընթացքում էապես աճում են։ Այսպես, շախմատում XX դարի առաջին կեսին խաղաշարում խաղացված պարտիաների քանակի ռեկորդը 100-ից քիչ ավելի էր, իսկ այժմ այն 604 է։ Ռեկորդային խաղաշարն անցկացրել է իրանցի գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամին, Թեհրանում, 2011 թվականի փետրվարի 8-ին։ Խաղաշարը տևել է 25 ժամ 5 րոպե և ավարտվել +580-8=16 հաշվով[1]։ Գինեսի ռեկորդների գրքում արձանագրված ևս մեկ ռեկորդ պատկանում է հունգարացի շախմատիստուհի Ժուժա Պոլգարին։ Նա անցկացրել է 1131 պարտիա (326 տախտակի վրա) 16 ժամում, ինչը 24 ժամում խաղացված շախմատային պարտիաների գրանցված ամենամեծ քանակն է[2]։

Բացի «1 պրոֆեսիոնալն ընդդեմ մի քանի սիրողներիների» ավանդական ձևաչափով խաղաշարերի անցկացվում են նաև ավելի զանգվածային խաղաշարեր, որտեղ խաղում են միանգամից մի քանի պրոֆեսիոնալներ, և խաղատախտակների թիվը, համապատասխանաբար, աճում է։ Այսպես, 2006 թվականին Մեխիկոյում անցկացվել է ռեկորդային միաժամանակյա խաղաշար 13,5 հազար խաղատախտակների վրա, որին մասնակցել է ավելի քան 600 պրոֆեսիոնալ։ Մրցումներն ընթացել են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովի հովանու ներքո[3]։

Խաղաշարի ավելի էքստրեմալ տեսակ է, այսպես կոչված, «կույր» խաղը, երբ սիրողները խաղում են սովորական ձևով՝ խաղատախտակի առջև նստած, իսկ պրոֆեսիոնալը՝ առանց խաղատախտակին նայելու (նրա փոխարեն քայլերը կատարում է և հակառակորդների քայլերը հաղորդում է օգնականը)։ Այդպիսի խաղի ռեկորդակիր է հունգարացի գրոսմայստեր Յանոշ Ֆլեշը, որը 1960 թվականին Բուդապեշտում անցկացրել է միաժամանակյա «կույր» խաղաշար 52 խաղատախտակի վրա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 351—352. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]