Մասնակից:Son Melkumyan/Ավազարկղմոնկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Son Melkumyan/Ավազարկղմոնկ

Թելոնիուս Սֆիր Մոնկ (անգլ.՝ Thelonious Sphere Monk, ), ամերիկացի ջազ դաշնակահար և կոմպոզիտոր։ Մոնկն ունեցել է սեփական իմպրովիզացիոն ոճը և հարստացրել է ջազային ստանդարտ երգացանկը այնպիսի ստեղծագործություններով, ինչպիսիք են «Round Midnight», «Blue Monk», «Straight, No Chaser», «Ruby, My Dear», «In Walked Bud» և այլն։ Թելոնիուս Մոնկը համարվում է ամենաշատ ձայնագրություններ ունեցող երկրորդ ջազ կամպոզիտորը Դյուկ Էլինգտոնից հետո[1]։

Մոնկի բեմական կերպարն ընդգրկում էր երեք պարտադիր էլեմենտ․ կոստյումը, գլխարկը և արևային ակնոցները։ Նա ուներ նաև յուրօրինակ սովորություն ելույթների ժամանակ․ մինչ մյուս երաժիշտները նվագում էին, Մոնկը հանկարծակի կանգ էր առնում, կանգնում ու սկսում էր պարել, որից հետո միայն շարունակոււմ էր նվագը[2]։ Մոնկը ջազային այն 5 երաժիշտներից է, ովքեր հայտնվել են Թայմս ամսագրի շապիկին (մյուս երաժիշտներն են Լուի Արմսթրոնգը, Դեյվ Բրուբեկը, Դյուկ Էլինգտոնը և Ուինտոն Մարսալիսը)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան, 1917-1933[խմբագրել | խմբագրել կոդը]

Թելոնիուս Մոնկը ծնվել է 1917 թվականի հոկտեմբերի 10-ին Rocky Mount քաղաքում։ 1922 թվականին Մոնկի ընտանիքը տեղափոխվում է Նյու Յորքի պատմական կենտրոն Մանհեթեն։ Թաղամասն այդ ժամանակ հայտնի էր San Juan Hill անունով, որտեղ մեծամասամբ ապրում էին իսպանա-ամերիկյան պատերազմին մասնակցած աֆրո-ամերիկացի վետերաններ։ Մոնկը սկսում է դաշնամուր նվագել 6 տարեկանում՝ դասեր վերցնելով իրենց հարևան Ալբերտա Սիմենսից։ Վերջինս սովորեցնում էր Մոնկին նվագել Ֆեթս Ուոլերի և Ջեյմս Ջոնսոնի ոճով։ Մոնկի մայրը ևս սովորեցնում էր նրան նվագել մի քանի հիմն, և Մոնկը երբեմն նվագակցում էր մորը եկեղեցում ելույթների ժամանակ[4]։

Մոտ 2 տարի Մոնկի դաշնամուրի ուսուցիչն էր ծագումով ավստրիացի Սայմոն Ուոլֆը։ Վերջինս դաշնակահար էր և ջութակահար, դասեր էր վերցրել ջութակահար Ալֆրեդ Մեգերլինից, նաև Նյու Յորքի Ֆիմհարմոնիկ նվագախմբի ղեկավարն էր։ Այս ընթացքում Մոնկը սովորում է նվագել այնպիսի հեղինակների գործեր, ինչպիսիք էին Բախը, Բեթհովենը, Լիստը և Մոցարտը, սակայն նրան առավելապես դուր էին գալիս Շոպենի և Ռախմանինովի ստեղծագործությունները։ Դասերը դադարեցվում են, երբ պարզ է դառնում, որ Մոնկը վերջնականապես կենտրոնացել է ջազային երաժշտության վրա[4]։

Կարիերայի սկիզբ, 1934-1946[խմբագրել | խմբագրել կոդը]

17 տարեկանում Մոնկը նվագում էր երգեհոն եկեղեցում և արդեն այդ տարիքում սկսում է աշխատանք փնտրրել՝ նվագելով ջազ։ 1940-ական թվականներին նա աշխատում էր որպես դաշնակահար Minton's Playhouse ջազ ակումբում։ Մոնկի կատարողական ոճը մեծապես ձևավորվում է Minton's-ում նվագելու տարիներին, երբ նա մասնակցում էր բազմաթիվ մրցույթների ժամանակի ջազային հռչակավոր կատարողների հետ[5]։ Մոնկի ելույթները այս ջազ ակումբում որոշիչ նշանակություն ունեցան բիբոփ ժանրի կայացման մեջ, որին նպաստեցին նաև երաժիշտներ Դիզի Գիլեսփին, Չարլի Քրիստիանը, Կենի Քլարկը, Չարլի Փարքերը և այլք։ Մոնկի վրա մեծ ազդեցություն են ունեցել Դյուկ Էլինգտոնը, Ջեյմս Ջոնսոնը և այլ դաշնակահարներ[6]։ Ինչպես պատմվում է Thelonious Monk: Straight, No Chaser վավերագրական ֆիլմում, Նյու Յորքում Մոնկն ապրում էր Ջոնսոնի հարևանությամբ, և վերջինս ճանաչում էր Մոնկին դեռահաս տարիքից։

Minton's Playhouse, 1947

Մերի Լու Ուիլյամսը, ով Մոնկի ժամանակակիցն էր, խոսել է Մոնկի կատարած նորարարությունների մասին՝ նշելով, թե կենսական ինչ կարևոր նշանակություն ունեին այդ նորարարությունները ժամանակի երաժշտական արվեստում։ 1944 թվականին Մոնկը իրականացնում է իր առաջին ձայնագրությունը Քոլման Հոքինսի կվարտետի հետ։ Հոքինսը մեկն էր այն ջազ երաժիշտներից, ովքեր աջակցեցին Մոնկին վաղ շրջանում, հետագայում Մոնկը իր երախտագիտությունը հայտնեց Հոքինսին՝ 1957-ին հրավիրելով նրան ելույթ ունենալ իր և Ջոն Քոլթրեյնի հետ։

Blue Note Records ստուդիա, 1947-1952[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Մոնկը ծանոթանում է ջազային երաժիշտների շրջանում հայտնի փաստաբան Լորեյն Գորդոնի և նրա ամուսին, Blue Note Records-ի համահիմնադիր Ալֆրեդ Լիոնի հետ։ Նրանց հետ հանդիպումից շատ չանցած Մոնկը կատարում է իր առաջին ձայնագրություւնները որպես Blue Note-ի առաջատար, որի ժամանակ ի ցույց է դնում իր տաղանդը որպես օրիգինալ մեղեդիների կոմպոզիտոր իմպրովիզացիայի ժանրում։ Մոնկի մասնակցությամբ Blue Note-ի սեսսիաները ձայնագրվում են 1947-1952 թվականներին։

Ալֆրեդ Լիոնը պատմում է, որ իր գործունեության ընթացքում միայն 3 երաժիշտներ են եղել, որոնց երաժշտությունը ստիպել է նրան անմիջապես ձայնագրել այն,ինչ լսում է։ Առաջինը Մոնկն էր, երկրորդը՝ Հերբի Նիկոլսը, և երրորդը՝ Էնդրյու Հիլը, սրանք այն ջազմեններն էին, որոնց դեպքում Լիոնը չէր էլ մտածում, թե ինչքան գումար կարող է կորցնել ձախողելու դեպքում, նա ուղղակի ձայնագրում էր նրանց երաժշտությունը[7]։

Prestige Records ստուդիա, 1952-1954[խմբագրել | խմբագրել կոդը]

Blue Note-ի ձայնագրման սեսսիաներից հետո Մոնկը նոր պայմանագիր կնքեց Prestige Records ընկերության հետ 2 տարով։ Այս ստուդիայի հետ Մոնկը ձայնագրեց մի քանի նշանակալի, սակայն այդ ժամանակ չգնահատված ալբոմներ։ Ձայնագրություններին մասնակցում էին նաև սաքսոֆոնիստ Սոնի Ռոլինսը, հարվածային գործիքավորողներ Արթ Բլեքին և Մաքս Ռոուչը։ 1954 թվականին Մոնկը մեկնում է Փարիզ։ Համերգային ելույթներից բացի, Մոնկը ձայնագրում է դաշնամուրի սոլո սեսսիա ֆրանսիական ռադիոյի համար։

Riverside Records, 1955-1961[խմբագրել | խմբագրել կոդը]

Riverside ստուդիայի հետ համագործակցության առաջին տարիներին Մոնկը բարձր էր գնահատվում իր կոլեգաների և անգամ որոշ քննադատների կողմից, սակայն նրա ձայնագրությունները դեռևս կարելի էր բնորոշել որպես «վատ վաճառվող», քանզի համեմատաբար բարդ մեղեդիները ընկալելի չէին լայն շրջանակների համար։ Ուստի Մոնկը ձայնագրեց 2 նոր ալբոմ հիմնված ջազային ստանդարտների վրա՝ «Թելոնիուս Մոնկը նվագում է Դյուկ Էլինգտոն» (1955) և «Յուրօրինակ Թելոնիուս Մոնկը» (1956)։ 1956 թվականին ձայնագրված Brilliant Corners ալբոմում Մոնկը կատարում է հիմնականում իր սեփական ոճին բնորոշ գործեր։ Երգերից մեկը, որ կատարում են Ռոլինսի հետ, այնքան բարդ էր, որ ստիպված են լինում մի քանի անգամ փոփոխել։ Այս ալբոմը համարվում է Մոնկի առաջին կոմերցիոն հաջողությունը։

1961 թվական

1957 թվականին Մոնկը ձայնագրում է «Մթնշաղ Նելլիի հետ» սինգլը, որը համարվում է Մոնկի միակ ստեղծագործությունը, որ իմպրովիզացված չէ։ Մոնկը մեծ ջանքեր ու ժամանակ է գործադրել այս սինգլը գրելու համար, ինչպես նշում է Ռոբին Կելին Մոնկի կենսագրությունը գրելիս, սա Մոնկի սիրո երգն է նվիրված Նելլիին» (Մոնկը ամուսնացել է Նելլի Սմիթի հետ 1947 թվականին)[8]:

Columbia Records, 1962-1970[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար բանակցություններից հետո Մոնկը 1962-ից սկսում է աշխատել Columbia Records ձայնագրման ստուդիայի հետ, որն այդ ժամանակ ամերիկյան 4 հայտնի լեյբլներից մեկն էր։ Մոնկի և Riverside-ի միջև անհամաձայնություն է ծագում կապված հեղինակային հոնորարների հետ, արդեն 1960 թվականի ապրիլից սկսած Մոնկը չէր ձայնագրվում Riverside-ում։ Առաջին ալբոմը Columbia-ում ձայնագրվում է 1963 թվականին։ Այս ստուդիայի ռեսուրսները թույլ են տալիս Մոնկին ունենալ մեծ առաջխաղացում, որը չուներ կարիերայի սկզբում։ «Մոնկի երազանքը» ալբոմը դառնում է ամենաշատ վաճառված ալբոմը Մոնկի գործունեության ողջ ընթացքում[9]։ 1964 թվականի փետրվարի 28-ին Մոնկը հայտնվում է Թայմսի շապիկին, նրա մասին հոդվածը կոչվում էր «Միայնակ Մոնկը»։ Հոդվածը պետք է տպագրվեր 1963 թվականի նոյեմբերին, սակայն տպագրումը հետաձգվեց ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության պատճառով։ Համաձայն Կելիի տվյալների լրագրող Բարի Ֆարելը ցանկանում էր գրել ջազ որևէ երաժշտի մասին, սկզբնապես նա տատանվում էր Ռեյ Չարլզի և Մայլս Դևիսի միջև, սակայն ընտրում է Մոնկին, քանզի վերջինս քաղաքականացված անձ չէր[8]։

Մոնկը շարունակում է նոր ալբոմներ ձայնագրել Columbia Records-ի հետ, մասնավորապես Criss Cross ալբոմը 1963-ին և Underground-ը 1968-ին։ Ձայնագրվեցին նաև համերգային ալբոմներ՝ Miles and Monk at Newport (1963), Live at the It Club և Live at the Jazz Workshop։

Ուշ շրջան և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնկը թողնում է բեմը 1970-ական թվականների կեսից առողջական խնդիրների պատճառով։ Վերջին ձայնագրությունը իրականացրել է 1971 թավականի նոյեմբերին անգլիական Black Lion լեյբլի համար «Ջազի մեծերը» խորագրով համերգային տուրի ավարտին։

Thelonious Monk: Straight, No Chaser (1988) վավերագրական ֆիլմում անդրադարձ է կատարվում Մոնկի հոգեկան հիվանդությանը։ Ֆիլմում Մոնկի որդին պատմում է, որ հայրը երբեմն չէր ճանաչում իրեն։ Հոգեկան հիվանդության պատճառով, որը սրվում է 1960-ականների վերջին, Մոնկը հայտնվում է հիվանդանոցում։ Նրա հիվանդությանը կոնկրետ ախտորոշում չի տրվում, բժիշկներն առաջարկում են էլեկտրաջղաձգումային բուժում, սակայն Մոնկի ընտանիքը համաձայնություն չի տալիս, դրա փոխարեն ընդունում է հոգեմետ դեղեր։ Straight, No Chaser: The Life and Genius of Thelonious Monk գրքի հեղինակի խոսքով՝ ոչ մի բժիշկ չի կարողացել գտնել Մոնկի մոտ շիզոֆրենիայի նշաններ, մեկ այլ բժիշկ էլ նշում է, որ Մոնկին սխալ ախտորոշում են տվել և ընդունած դեղերը, հավանաբար հանգեցրել են ուղեղի վնասման[10]։

Նվագելու տեխնիկա և ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնկի խոսքերով՝ «Դաշնամուրի վրա չկան սխալ նոտաներ»[11]Bebop: The Music and Its Players հեղինակ Թոմաս Օուենսը նշում է, որ Մոնկի՝անգամ սովորական հպումը ստեղնաշարին սուր էր ու հարվածային, նույնիսկ բալլադներ նվագելիս։ Լեգատոյի ձգտելու փոխարեն նա հաճախ էր հարձակում գործում ամեն նոտան նվագելիս։ Մոնկը ստեղներին հարվածում էր ուղիղ մատներով, ոչ թե կոր, ինչպես սովորաբար լինում է, և երբեմն մի ձեռքի համար նախատեսված մեղեդիները բաժանում էր երկու ձեռքի միջև[12]։ Չնայած նվագի այս ոչ ստանդարտ տեխնիկային՝ նա կարողանում էր նվագել արպեջոներ աննկարագրելի արագությամբ ու ճշտությամբ։ Մոնկի ոճը հանրահայտ չէր, դրանով էլ յուրօրինակ էր, պատահական չէ, որ պոետ և ջազ քննադատ Ֆիլիպ Լարկինը նկարագրում է Մոնկին որպես «փիղ ստեղնաշարի վրա»[13]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Մոնկն արժանանում է Գրեմմի մրցանակի Lifetime Achievement անվանակարգում[14]։ 2006 թվականին ստանում է հատուկ Pulitzer Prize մրցանակ ականավոր և ինովացիոն երաժշտական կոմպոզիցիայի համար, որը նշանակալի ազդեցություն է ունեցել ջազի էվոլյուցիայի վրա[15]։ 2009 թվականին Մոնկը ներգրավվում է Հյուսիսային Կառոլինայի Երաժշտության Փառքի սրահ[16]։

Մոնկի անվան Ջազի ինստիտուտի շրջանավարտները Ջազի միջազգային օրը Կուբայում, 1917 թվական

1986 թվականին Մոնկի ընտանիքի ջանքերով հիմնադրվում է Թելոնիուս Մոնկի անվան Ջազի ինստիտուտ։ Վերջինիս նպատակն է հանրակրթական դպրոցներում ներդնել ջազային կրթության համակարգեր, օգնել ուսանողներին զարգացնել իմպրովիզացիոն մտածողությունը, կրեատիվությունը, ձևավորել հարգանք սեփական և օտար մշակութային արժեքների նկատմամբ։ 1987 թվականից սկսած ինստիտուտը կազմակերպում է Ջազի միջազգային փառատոն, միաժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության արդյունքում 2012 թվականից սկսած ապրիլի 30-ը հռչակել են Ջազի միջազգային օր։ 2019 թվականին ինստիտուտը վերանվանվում է Հերբի Հենքոկի ջազի ինստիտուտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Giddins, Gary (2009). Jazz.
  2. Graham, David A. (2017-10-18). «Thelonious Monk's Quiet, Slow Conquest of the World». The Atlantic (անգլերեն). Վերցված է 2023-04-26-ին.
  3. «Thelonius Monk - Feb. 28, 1964 - Jazz - Music». web.archive.org. TIME Magazine Cover:. 2007-09-30. Վերցված է 2023-04-26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. 4,0 4,1 Williams, Richard (2010-06-18). «Thelonious Monk: The Life and Times of an American Original by Robin DG Kelley» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-04-26-ին.
  5. «Thelonious Monk's Quiet, Slow Conquest of the World». web.archive.org. The Atlantic. 2018-05-18. Վերցված է 2023-04-26-ին.
  6. Van der Bliek, Rob (2001). The Thelonious Monk reader. New York : Oxford University Press. ISBN 978-0-19-512166-7.
  7. «Thelonious Monk: Expert insights and analysis of the artist & albums». Mosaic Records - Home for Jazz fans! (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-04-26-ին.
  8. 8,0 8,1 «Looking At The Life And Times Of Thelonious Monk». Music Interviews. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  9. «The Thelonious Monk Quartet - Monk's Dream» (անգլերեն). Վերցված է 2023-04-26-ին.
  10. Gabbard, Krin (1999). «Evidence: Monk as Documentary Subject». էջեր 207–225. doi:10.2307/779343. Վերցված է 2023-04-26-ին.
  11. «A quote by Thelonious Monk». www.goodreads.com. Վերցված է 2023-04-26-ին.
  12. «Bebop: The Music and Its Players». Oxford University Press. 1996-05-23. Վերցված է 2023-04-26-ին.
  13. Larkin, Phillip (1985). All What Jazz (բրիտանական անգլերեն). Faber and Faber.
  14. «GRAMMY.com - Lifetime Achievement Award». web.archive.org. 2006-02-07. Վերցված է 2023-04-26-ին.
  15. «2006 Pulitzer Prizes». www.pulitzer.org (անգլերեն). Վերցված է 2023-04-26-ին.
  16. «Thelonious Monk». North Carolina Music Hall Of Fame (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-04-26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]