Ձայնատեսակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձայնատեսակը ձայնային միանման տիրույթներով ձայների խումբ է, որը կարող է երգվել նմանատիպ տեսիտուրայում և ձայնային անցումի նույն կետերով[1]։ Ձայնի դասակարգումն առավելապես կապված է եվրոպական դասական երաժշտության հետ, թեև ձայնատեսակը իր տերմիններով հանդերձ, օգտագործվում է նաև երաժշտության այլ ոճերում։

Երգիչը ընտրում է իր ձայնին համապատասխան երգացանկ։ Որոշ երգիչներ, ինչպիսիք են Էնրիկո Կարուզոն, Ռոզա Պոնսելը, Ջոան Սազերլենդը, Մարիա Կալասը, Ջեսսի Նորմանը, Եվա Պոդլեսը և Պլասիդո Դոմինգոն, ունեն ձայներ, որոնք թույլ են տալիս նրանց երգել տարբեր դերեր ձայնի տարբեր տեսակներով։ Որոշ երգչուհիներ, ինչպիսիք են Շիրլի Վերեթը և Գրեյս Բամբրին, փոխում են իրենց ձայնատեսակը և նույնիսկ համադրում են դրանք։ Որոշ երգիչներ, որոնցից է Լեոնի Ռիսանեկը, ձայներ ունեն, որոնք տարիքի հետ ցածրանում են, ինչը նրանց ստիպում է անցնել տարբեր ձայնատեսակներով իրենց կարիերայի ընթացքում։ Որոշ դերեր դժվար է դասակարգել, քանի որ դրանք ունեն շատ արտասովոր վոկալային պահանջներ. Մոցարտն իր դերերից շատերը գրել է կոնկրետ երգիչների համար, ովքեր հաճախ ունեին ուշագրավ ձայներ, և Վերդիի որոշ վաղ ստեղծագործություններ ծայրահեղ պահանջներ են ներկայացնում իրենց երգիչների նկատմամբ[2]։

Կանացի ձայներ Սոպրանո Կոլորատուրային
Քնարակոլորատուրային
Լիրիկական
Լիրիկադրամատիկական
Դրամատիկ
Մեցցո-սոպրանո Լիրիկական
Դրամատիկ
Կոնտրալտո
Տղամարդու ձայներ Տենոր Ալտինո
Լիրիկական
Սպինտո
Դրամատիկ
Բարիտոն Ալտինո
Լիրիկական
Դրամատիկ
Բաս Բարձր
Կենտրոնական
Ցածր

Ձայնատեսակների թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնի տարբեր տեսակներ օգտագործվում են ձայնային մանկավարժության մեջ՝ ձայնի դասակարգման տարբեր համակարգերում։ Այս տեսակներից շատերը, այնուամենայնիվ, խմբավորված են յոթ կամ ութ հիմնական ձայնային կատեգորիաների մեջ, որոնք, մեծ մասամբ, ճանաչված են ձայնի հիմնական դասակարգման համակարգերում։ Կանայք սովորաբար բաժանվում են երեք խմբի՝ սոպրանո, մեցցո-սոպրանո և կոնտրալտո։ Տղամարդիկ սովորաբար բաժանվում են չորս խմբի՝ կոնտրտենոր, տենոր, բարիտոն և բաս։ Մինչդեռահասային ձայնի մասին խոսելիս կիրառվում է ութերորդ տերմինը՝ թրիբլը։ Այս հիմնական կատեգորիաներից յուրաքանչյուրում ենթակատեգորիաները բացահայտում են հատուկ ձայնային որակներ, ինչպիսիք են կոլորատուրայի հարմարությունը և ձայնային ծանրությունը՝ ձայները տարբերելու համար։ Դասական կատարման վոկալային տիրույթը ընդգրկում է մոտ հինգ օկտավա՝ ցածր G1-ից մինչև բարձր G6, թեև ծայրահեղությունները հազվադեպ են։ Ավելի հաճախ միջակայքը ցածր C2-ից մինչև բարձր D6 է։ Վոկալ տիրույթները խմբավորված են իրար հետ հատվող տեսակների մեջ, որոնցից յուրաքանչյուրը ընդգրկում է մոտ երկու օկտավա։ Շատ երգիչներ ընկնում են տարբեր ձայնախմբերի միջև և կարող են որոշ մասեր կատարել ցանկացած ձայնախմբով։

Կանացի ձայներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոպրանո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոպրանոյի ձայնային տիրույթը (C4–C6) ցուցադրված դաշնամուրի ստեղնաշարին կանաչ գույնով։ Կետը ցույց է տալիս միջին C-ն (C4)

Սոպրանոյի տիրույթ, սոպրանոն ամենաբարակ երգային ձայնն է։ Սոպրանոյի բնորոշ ձայնը գտնվում է C4 (միջին C) և C6 (բարձր C)-ի միջև[3]։ Սոպրանոների համար ցածրագույն շեմը մոտավորապես A3 է (միջին C-ից անմիջապես ցածր)։ Սոպրանոյի դերերից շատերը չեն տարածվում C6-ից վեր, չնայած կան մի քանի ստանդարտ սոպրանոյի դերեր, որոնք պահանջում են D6: Ամենաբարձր շեմի դեպքում, կոլորատուրային սոպրանոյի որոշ դերեր կարող են հասնել մինչև G6 (G-ն բարձր C-ից բարձր)[4]։

Սոպրանոյի տեսիտուրա, սոպրանոյի ձայնի տեսիտուրան ավելի բարձր է, քան մյուս բոլոր ձայներինը, բացի սոպրանինոյից։ Մասնավորապես, իսկ կոլորատուրային սոպրանոն ունի ամենաբարձր տեսիտուրան բոլոր սոպրանոյի ենթատեսակներից[5]։

Սոպրանոյի ենթատեսակներ, ինչպես բոլոր ձայնային տեսակների դեպքում, սոպրանոները հաճախ բաժանվում են տարբեր ենթակարգերի՝ հիմնված ձայնային տիրույթի, ձայնիերանգի կամ տեմբրի և ձայնի ծանրության վրա։ Սոպրանոները հաճախ բաժանվում են հինգ ենթակարգերի՝ կոլորատուրային սոպրանո, սուբրետ, լիրիկական սոպրանո, սպինտո սոպրանո և դրամատիկ սոպրանո[5]։

Ֆրանսիացիների համար հատկապես սիրելի սոպրանոյի երկու տեսակներ են Դուգազոնը և Ֆալկոնը, որոնք միջանկյալ ձայնային տեսակներ են սոպրանոյի և մեցցո-սոպրանոյի միջև։ Դուգազոնը ավելի մուգ գույնի սուբրետ է, իսկ ֆալկոնը ավելի մուգ գույնի դրամատիկ սոպրանո է[6]։

Մեցցո-սոպրանո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեցցո-սոպրանոյի տիրույթ, մեցցո-սոպրանոյի ձայնը կանանց համար միջին տիրույթի ձայնային տեսակ է[3]։ Այն գտնվում է սոպրանոյի և կոնտրալտոյի տիրույթների միջև՝ հատելով երկուսն էլ։ Այս ձայնին բնորոշ տիրույթը A3 -ի միջակայքն է (A-ն՝ C-ից ցածր) մինչև A5 (երկու օկտավա բարձր)։ Ստորին և վերին շեմերը որոշ մեցցո-սոպրանոների մոտ կարող են տարածվել մինչև F3 (F-ը միջին C-ից ցածր) և մինչև C6 (բարձր C)[3]:

Մեցցո-սոպրանոյի տեսիտուրա, չնայած այս ձայնը հատվում է և՛ կոնտրալտոյի, և՛ սոպրանոյի ձայների հետ, սակայն մեցցո-սոպրանոյի տեսիտուրան ավելի ցածր է, քան սոպրանոն և ավելի բարձր, քան կոնտրալտոյի ձայնը։

Մեցցո-սոպրանո ենթատեսակներ, մեցցո-սոպրանոները հաճախ բաժանվում են երեք ենթակարգերի՝ քնարական մեցցո-սոպրանո, կոլորատուրային մեցցո-սոպրանո և դրամատիկ մեցցո-սոպրանո[5]։

Մեցցո-սոպրանոյի ձայնային տիրույթը (A3–A5) ցուցադրված դաշնամուրի ստեղնաշարին կանաչ գույնով։ Կետը ցույց է տալիս միջին C-ն (C4)

Կոնտրալտո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնտրալտոյի տիրույթ, կոնտրալտո ձայնը կանանց ամենաթավ ձայնն է։ Իսկական օպերային կոնտրալտոն հազվադեպ է հանդիպում[7], այնքան, որ հաճախ կոնտրալտոյի համար նախատեսված դերերը կատարում են մեցցո-սոպրանոները։ Տիպիկ կոնտրալտո միջակայքը գտնվում է F3 -ի միջև (F-ը C-ից ցածր) մինչև F5 (երկրորդ F-ը միջին C-ից բարձր)։ Ներքևի և վերևի սահմաններում որոշ կոնտրալտոներ կարող են երգել D3-ից (D-ը C-ից ներքև) մինչև B, մեկ ամբողջ քայլ պակաս, քան սոպրանոյի բարձր C-ին[3]։

Կոնտրալտոյի տեսիտուրա, Կոնտրալտո ձայնն ունի կանանց ձայների ամենացածր տեստիտուրան։

Կոնտրալտո ենթատեսակներ. Կոնտրալտոները հաճախ բաժանվում են երեք ենթակարգերի՝ կոլորատուրաային կոնտրալտո, քնարական կոնտրալտո և դրամատիկ կոնտրալտո[5]։ Սոպրանո սֆոգատոն կոնտրալտոն է, ով ունի ընդլայնված բարձր դիապազոն, որը հասնում է սոպրանոյի բարձր C-ին։

Կոնտրալտոյի ձայնային տիրույթը (F3–F5) ցուցադրված դաշնամուրի ստեղնաշարին կանաչ գույնով։ Կետը ցույց է տալիս միջին C-ն (C4)

Տղամարդու ձայներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնտրտենոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև կոնտրտենորը գրեթե համաշխարհային մակարդակով ճանաչված է որպես ձայնային կատեգորիա, այն ամենախիստ իմաստով ձայնային տեսակ չէ։ Բացառությամբ մի քանի հազվագյուտ ձայների (օրինակ՝ ամերիկացի սոպրանո Մայքլ Մանիացին կամ երգիչներ, որոնք ունեն Կալմանի համախտանիշ), կոնտրտենորները սովորաբար ունենում են տենոր կամ բարիտոն կրծքային ձայներ և հիմնվում են իրենց ֆալցետի վրա։ Նրանք բարձր նոտաների հասնելու համար օգտագործում են իրենց մոդալ ձայնը՝ հիմնականում ամենացածր նոտաների համար։ Հետևաբար, կոնտրտենոր ձայնը ավելի հաճախ որոշակի տեխնիկական մոտեցման կիրառման արդյունք է, և շատ ավելի հազվադեպ՝ կենսաբանական գործոնների արդյունք, որոնք վաղուց վերագրվել են ձայների այլ տեսակներին։ Այս գործոնները ներառում են ձայնալարերի երկարությունը, հաստությունը և կոկորդի համամասնությունների այլ տարրերը։ Բոլոր կոնտրտենորները, բացառությամբ նախկինում նշված հազվագյուտ օրինակների, նույնպես դասվում են ավանդական տղամարդկանց ձայնային տիպերին, ինչպիսիք են տենորը և բասը[8][9][10]։

Կոնտրտենորի ձայնային տիրույթը (E3–E5) ցուցադրված դաշնամուրի ստեղնաշարին կանաչ գույնով։ Կետը ցույց է տալիս միջին C-ն (C4)

Կոնտրտենորի տիրույթ, կոնտրտենորը տղամարդու ամենաբարակ ձայնն է։ Շատ կոնտրտենոր երգիչներ կատարում են դերեր, որոնք ի սկզբանե գրված էին կաստրատի համար բարոկկո օպերաներում։ Պատմականորեն շատ ապացույցներ կան, որ կոնտրտենորը, համենայն դեպս, Անգլիայում, նույնպես նշանակել է շատ բարձր տենոր ձայն, որը համարժեք է ֆրանսիական բարձր կոնտրին։ Մոտավորապես, մինչև 1830 թվականը, բոլոր արական ձայներն օգտագործում էին ֆալցետ տիպի ձայնոր իրենց վերին տիրույթում։ Կոնտրտենոր ձայները ընդգրկում են լայն շրջանակ՝ ընդգրկելով E3-ից մինչև E5: Կոնտերտենորների ենթատեսակներ, Կոնտերտենորները հաճախ բաժանվում են երեք ենթակարգերի՝ սոպրանիստ կամ «տղամարդ սոպրանո», բարձր կոնտր և կաստրատո։ Վերջին «իսկական» կաստրատոյի երգիչ Ալեսանդրո Մորեշկին մահացել է 1922 թ.-ին[5]։

Տենոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տենորի ձայնային տիրույթը (C3–C5)ցուցադրված դաշնամուրի ստեղնաշարին կանաչ գույնով։ Կետը ցույց է տալիս միջին C-ն (C4)

Տենորի տիրույթ, տենորը մոդալ ռեգիստրի ամենաբարակ արական ձայնն է։ Տիպիկ տենոր ձայնը գտնվում է C3-ից (մեկ օկտավա C-ից ցածր) մինչև C5 (մեկ օկտավա C-ից բարձր)։ Տենորների համար ամենացածր շեմը մոտավորապես A-ն է։ Ամենաբարձր շեմի դեպքում որոշ տենորներ կարող են երգել մինչև F5 (երկրորդ F-ը միջին C-ից բարձր)[3]։

Տենորի տեսիտուրա, տենորի ձայնի տեսիտուրան գտնվում է բարիտոնի ձայնի վերևում և կոնտրտենորի ձայնի ներքևում։ Տենորինոն ունի ամենաբարձր տեսիտուրան տենորի բոլոր ենթատեսակներից[5]։

Տենորի ենթատեսակներ, տենորները հաճախ բաժանվում են տարբեր ենթակատեգորիաների՝ հիմնված տիրույթի, ձայնիերանգի կամ տեմբրի և ձայնի ծանրության վրա։ Տենորները հաճախ բաժանվում են ութ ենթակարգերի՝ տենորինո, տենորե կոնտրալտինո, լեգերո տենոր, լիրիկական տենոր, սպինտո տենոր, դրամատիկ տենոր, հոլդենտենոր և բարիտենոր[5]։ Հայտնի տենորներից են Էնրիկո Կարուզոն, Խուան Դիեգո Ֆլորեսը, Ալֆրեդո Կրաուսը, Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն և Խոսե Կարերասը։

Բարիտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարիտոնի ձայնային տիրույթը (A2–A4) ցուցադրված դաշնամուրի ստեղնաշարին կանաչ գույնով։ Կետը ցույց է տալիս միջին C-ն (C4)

Բարիտոնի տիրույթ, բարիտոն ձայնը տղամարդկանց համար միջին տիրույթի ձայնի տեսակն է և տղամարդկանց ձայնի ամենատարածված տեսակն է։ Այն գտնվում է բասի և տենորի տիրույթների միջև՝ հատելով երկուսն էլ։ Տիպիկ բարիտոնի միջակայքը A2-ից է (երկրորդ A-ն՝ C-ից ցածր) մինչև A4 (A-ն՝ C-ից վերևում)։ Բարիտոնի տիրույթը կարող է ընդլայնվել մինչև F2 (երկրորդ F-ը C-ից ցածր) կամ մինչև C5 (մեկ օկտավա C-ից բարձր)[3]։

Բարիտոնի տեսիտուրա, թեև այս ձայնային տիրույթը հատվում է և՛ տենորի, և՛ բասի տիրույթների հետ, բարիտոնի տեստիուրան ավելի ցածր է, քան տենորինը և ավելի բարձր, քան բասինը[5]։

Բարիտոնի ենթատեսակներ, բարիտոնները հաճախ բաժանվում են տարբեր ենթակարգերի՝ հիմնված տիրույթի, ձայնիերանգի կամ տեմբրի և ձայնի ծանրության վրա։ Բարիտոնները հաճախ բաժանվում են ինը ենթակատեգորիաների՝ բարիտոն-Մարտին, քնարական բարիտոն, բել կանտո, կավալիերբարիտոն, հելդենբարիտոն, Վերդի բարիտոն, դրամատիկ բարիտոն, բարիտոն-ազնվական և բաս-բարիտոն[5]։

Բաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասի ձայնային տիրույթը (E2–E4) ցուցադրված դաշնամուրի ստեղնաշարին կանաչ գույնով։ Կետը ցույց է տալիս միջին C-ն (C4)

Բասի տիրույթ, բասը ամենաթավ ձայնն է։ Բաս ձայնն ունի ամենացածր տեսիտուրան։ Բասի տիպիկ միջակայքը գտնվում է E2 -ի (երկրորդ E-ը C-ից ցածր) մինչև E4 (E-ը միջին C-ի վերևում)։ Բաս ձայնի ստորին և վերին ծայրերում որոշ բասեր կարող են երգել C2-ից (երկու օկտավա C միջինից ցածր) մինչև G4 (G-ն՝ C-ից բարձր)[5]։

Բասերի ենթատեսակներ, բասերը հաճախ բաժանվում են տարբեր ենթակատեգորիաների՝ ելնելով տիրույթից, ձայնային գույնից կամ տեմբրից և ձայնի ծանրությունից։ Բասերը հաճախ բաժանվում են վեց ենթակատեգորիաների՝ բասսո պրոֆոնդո, բասո բուֆոն, բել կանտո բաս, բասո կանտանտե, դրամատիկ բաս և բաս-բարիտոն[5]։

Մանկական ձայներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնը մանկությունից մինչև պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու ձայնը փոփոխվում է մարդու մեծանալուն զուգընթաց։ Մանկական ձայների վոկալ տիրույթն ու տեմբրը չունեն այն բազմազանությունը, ինչ մեծահասակներինը։ Երկու սեռերն էլ մինչև սեռական հասունացումը ունեն ձայնային նույն տիրույթը և տեմբրը, քանի որ երկու խմբերն էլ ունեն նույն կոկորդի չափսերը, ինչպես նաև ձայնալարերի կառուցվածքն ու գույնը։ Սեռական հասունացման սկզբում կանանց և հատկապես տղամարդկանց ձայները փոխվում են, քանի որ ձայնալարերն ավելի հստակ են դառնում, և կոկորդի աճառները կարծրանում են։ Կոկորդի երկարութհունտ շատ ավելի մեծանում է տղամարդկանց, քան կանանց մոտ։ Մեծահասակների թոքերի չափը և զարգացումը փոխում են նաև ձայնի ֆիզիկական հնարավորությունները։ Սեռահասունացման ընթացքում մարդու ձայնը գտնվում է այմ փուլում, երբ այն դեռ ոչ մանկական է, ոչ էլ մեծահասակի ձայն։ Սա չի նշանակում, որ սեռական հասունացումից հետո ձայնը դադարում է փոխվել։ Տարբեր երգիչներ զարգացմանը կհասնեն ավելի վաղ կամ ուշ, քան մյուսները, և ինչպես նշվեց վերևում, չափահասության ընթացքում շարունակական փոփոխություններ են լինում[11]։

Թրիբլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիբլի ձայնային տիրույթը (A3–A5) ցուցադրված դաշնամուրի ստեղնաշարին կանաչ գույնով։ Կետը ցույց է տալիս միջին C-ն (C4)

Թրիբլը կարող է վերաբերել ինչպես երիտասարդ երգչուհու, այնպես էլ երիտասարդ երգչին, ովքեր երգում են մեցցո-սոպրանոյի տիրույթում անփոփոխ ձայնով։ Սկզբում տերմինը կապված էր տղա սոպրանոների հետ միայն, բայց քանի որ 20-րդ դարում աղջիկների ներգրավումը մանկական երգչախմբերում ընդունելի դարձավ, տերմինն ընդլայնվեց և սկսեց վերաբերել բոլոր ոչ լրիվ հասունցացած ձայներին։ Երեխաների ձայները մեկ կատեգորիայի մեջ միավորելը նույնպես գործնական է, քանի որ տղաներն ու աղջիկները կիսում են նույն տիրույթն ու տեմբրը[11]։

Թրիբլների մեծամասնությունն ունեն մոտավոր միջակայք՝ A3 -ից (A-ն՝ C-ից ցածր) մինչև C6 (վերևից C) կամ ավելի բարձր[12][13] : Բարձր նոտաների համար տե՛ս, օրինակ, սոլոն Սթենֆորդի Magnificat-ի սկզբում՝ «Hark! The Herald Angels Sing» և ավելի բարձր սոլոյի համար՝ «Nunc dimittis»-ի Թիփեթի երեկոյան շարականներից, որոնք գրված են Քեմբրիջի Սուրբ Ջոն քոլեջի համար։ Շատ թրիբլներ կարող են նաև հասնել ավելի բարձր նոտաների՝ օգտագործելով սուլելու համար նախատեսված ձայնի ռեգիստրը, սակայն այս պրակտիկան հազվադեպ է պահանջվում կատարման մեջ[3]։

Երգիչների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոկալ մանկավարժները, ընդհանուր առմամբ, հաշվի են առնում մարդու ձայնի չորս հիմնական որակ, երբ փորձում են դասակարգել ձայները. ձայնային տիրույթ, տեսիտուրա, տեմբր և ձայնային անցումային կետեր։ Այնուամենայնիվ, ուսուցիչները երբեմն նաև հաշվի են առնում ֆիզիկական բնութագրերը, խոսքի մակարդակը և այլ գործոններ, որոնցից է ձայնային ռեգիստրը։ Ձայնի դասակարգումը ճիշտ ձայնի տեսակի մեջ կարևոր է վոկալ մանկավարժների և երգիչների համար՝ որպես ձայնի զարգացմանն ուղղորդող գործիք։

Երգչի ձայնի սխալ դասակարգումը վտանգավոր է. Այն կարող է վնասել ձայնալարերը, կրճատել երաժշտական կարիերան և տանել վոկալ գեղեցկության, ինչպես նաև ազատ ձայնարտադրման կորստի։ Վտասներից շատերը կարող են միանգամից չերևալ, քանի որ ձայնը բավականին դիմացկուն է, մանավանդ երիտասարդների մոտ և հասցված վնասը կարող է չնկատվել ամիսներով կամ նույնիսկ տարիներով։ Ցավոք սրտի, ակնհայտ անմիջական վնասի այս բացակայությունը կարող է պատճառ դառնալ, որ երգիչները վատ սովորություններ զարգացնեն, որոնք ժամանակի ընթացքում անուղղելի վնաս կհասցնեն ձայնին[3]։

Բնական վոկալ տիրույթից դուրս երգելը լուրջ ճնշում է ձայնի վրա։ Կլինիկական ապացույցները ցույց են տալիս, որ բարձր կամ շատ ցածր տոնայնությամբ երգելը վոկալ պաթոլոգիա է առաջացնում[14]։ Ըստ վոկալ մանկավարժ Մարգարեթ Գրինի, ձայնի ճիշտ բնական տիրույթը ընտրելու անհրաժեշտությունը մեծ նշանակություն ունի երգելու մեջ, քանի որ վոկալ տիրույթի սահմանները շատ զգույշ մշակման կարիք ունեն և չպետք է ծանրաբեռնվեն, նույնիսկ լավ մշակված ձայների դեպքում[15] : Ցանկացած սահմանում երգելը կարող է վնասակար լինել, բայց վնասի հավանականությունը, կարծես, շատ ավելի տարածված է չափազանց բարձր տոնով երգելու մեջ։ Բժշկական ապացույցները ցույց են տալիս, որ ձայնի բարձր տոնայնությամբ երգելը կարող է հանգեցնել ձայնային խանգարումների, որոնցից է ձայնալարերի հանգույցների զարգացման խանգարումը։ Ձայնալարերի վրա լարվածության ավելացումը ձայնը բարձրացնելու միջոցներից մեկն է։ Անհատի լավագույն տեսիտուրայի վերևում երգելը երկար ժամանակ պահում է ձայնալարերը մեծ անհարկի լարվածության տակ, և ձայնալարերի չարաշահման հավանականությունը զգալիորեն մեծանում է։ Չափազանց ցածր հաճախության վրա երգելը այնքան էլ հավանական չէ, որ վնասակար լինի, եթե երգիչը չփորձի ստիպել ձայնը իջեցնել[2]։

Արագ ձայնադասակարգման վտանգները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ վոկալ մանկավարժներ զգուշացնում են «արագ դասակարգման» վտանգի մասին։ Դասակարգման հետ կապված վաղաժամ մտահոգությունը կարող է հանգեցնել սխալ դասակարգման՝ իր բոլոր վտանգներով հանդերձ։ Վոկալ մանկավարժ Ուիլյամ Վենարդն ասել է․

որ նա երբեք հրատապ չի համարում սկսնակ ուսանողին դասակարգելը, և որ վաղաժամ ձայնադասակարգումը սխալ է, և կարող է վնասակար լինել աշակերտի համար, իսկ ուսուցչի համար սխալ է շարունակել ձգտել դեպի սխալ ընտրված նպատակը։ Լավագույնը ձայնի միջին մասից սկսելն է, շարունակելով աշխատել դեպի վեր և վար, մինչև ձայնը ինքնուրույն կդասակարգվի։

Ես երբեք հրատապ չեմ համարում սկսնակ ուսանողին դասակարգելու հարցը։ Շատ վաղաժամ դասակարգումը սխալ է, և կարող է վնասակար լինել աշակերտի համար, իսկ ուսուցչի համար սխալ է շարունակել ձգտել դեպի սխալ ընտրված նպատակ։ Լավագույնն այն է, որ սկսեք ձայնի միջին մասից և աշխատեք դեպի վեր և վար, մինչև ձայնը ինքնուրույն կդասակարգվի[16]։

Վոկալ մանկավարժների մեծամասնությունը կարծում է, որ նախքան ձայնը դասակարգելու փորձ անելը, անհրաժեշտ է հաստատել ձայնային լավ սովորություններ սահմանափակ և հարմարավետ տիրույթում[15]։ Երբ այս հարմարավետ հատվածում հաստատվեն կեցվածքի, շնչառության, հնչյունավորման, ռեզոնացիայի և արտաբերման տեխնիկան, ձայնի իրական որակը կհայտնվի, և ձայնային տիրույթի վերին և ստորին սահմանները կարող են ապահով կերպով սկսել ուսումնասիրվել։ Միայն դրանից հետո կարելի է ձեռք բերել նախնական դասակարգում, և այն կարող է ճշգրտվել, քանի որ ձայնը շարունակում է զարգանալ[15]։ Շատ վոկալ մանկավարժներ ուսուցիչներին առաջարկում են սկսել, ենթադրելով, որ ձայնը միջին դասակարգման է, քանի դեռ չի ապացուցվել հակառակը։ Դրա պատճառն այն է, որ անհատների մեծամասնությունը միջին ձայն ունի, և, հետևաբար, այս մոտեցումը քիչ հավանական է, որ սխալ դասակարգի կամ վնասի ձայնը[3]։

Երգչախմբային ձայների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն այլ դասակարգման համակարգերի՝ երգչախմբային երաժշտությունը ձայները բաժանում է բացառապես վոկալային տիրույթի հիման վրա։ Երգչախմբային երաժշտությունն ամենից հաճախ վոկալ մասերը բաժանում է սոպրանոյի, ալտոյի, տենորի և բասի։ Արդյունքում, սովորական երգչախումբը խիստ հակված է սխալ դասակարգման[3]։ Քանի որ մարդկանց մեծամասնությունն ունի «միջին» ձայն (տղամարդիկ հակված են լինել բարիտոններ, իսկ կանայք՝ մեցցո-սոպրանոներ կամ ալտոներ), այն հատվածները, որոնք վերագրվում են երգողներին, հաճախ չափազանց բարձր կամ ցածր են նրանց համար. հաճախ մեցցո-սոպրանոները պետք է երգեն սոպրանո կամ ալտ, իսկ բարիտոնները երգեն տենոր կամ բաս։ Երկու տարբերակն էլ կարող է խնդիրներ առաջացնել երգչի համար, սակայն երգիչների մեծ մասի համար ավելի քիչ վտանգներ կան շատ ցածր, քան շատ բարձր երգելու մեջ[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shewan, Robert (January–February 1979). «Voice Classification: An examination of methodology». The NATS Bulletin. 35: 17–27.
  2. 2,0 2,1 Appelman, D. Ralph (1986). The Science of Vocal Pedagogy: Theory and application. Indiana University Press. ISBN 978-0-253-20378-6.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 McKinney, James (1994). The Diagnosis and Correction of Vocal Faults. Genovex Music Group. ISBN 978-1-56593-940-0.
  4. Coffin, Berton (1960). Coloratura, Lyric and Dramatic Soprano. Vol. 1. Rowman & Littlefield. ISBN 978-0-8108-0188-2.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Boldrey, Richard (1994). Guide to Operatic Roles and Arias. Caldwell Publishing. ISBN 978-1-877761-64-5.
  6. «Soprano». Voice Classification. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. Myers, Eric (1996 թ․ դեկտեմբեր). «Sweet and Low: The case of the vanishing contralto». Opera News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին.
  8. Miller, Richard (2004 թ․ հունվարի 8). Solutions for Singers: Tools for Performers and Teachers. Oxford University Press. էջ 155. ISBN 978-0-19-803627-2.
  9. Bickel, Jan E. (2016 թ․ դեկտեմբերի 31). Vocal Technique: A Physiologic Approach, Second Edition. Plural Publishing. էջ 77. ISBN 978-1-944883-34-8.
  10. Hoch, Matthew (2014 թ․ ապրիլի 28). A Dictionary for the Modern Singer. Scarecrow Press. էջ 45. ISBN 978-0-8108-8656-8.
  11. 11,0 11,1 «Developing voice presentation» (PDF) (PowerPoint). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. «Vocal heroes: Going out on a natural high: 'High and sweet and strong'. Tess Knighton on what England expects of her cathedral choirboys» (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  13. Martin Ashley (2008). Teaching Singing to Boys and Teenagers. էջ 96. ISBN 9780773449985.
  14. Cooper, Morton (1973). Modern Techniques of Vocal Rehabilitation. Charles C. Thomas. ASIN B000JC1U76.
  15. 15,0 15,1 15,2 Greene, Margaret; Lesley Mathieson (2001). The Voice and its Disorders (6th ed.). John Wiley & Sons. ISBN 978-1-86156-196-1.
  16. Vennard, William (1967). Singing: The Mechanism and the Technique. Carl Fischer. ISBN 978-0-8258-0055-9.
  17. Smith, Brenda (2005). Choral Pedagogy. Plural Publishing. ISBN 978-1-59756-043-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]