Շիրլի Վերեթ
Շիրլի Վերեթ | |
---|---|
Շիրլի Վերեթը Միլանում 1975 թվականին | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Shirley Verrett |
Ի ծնե անուն | անգլ.՝ Shirley Verrett |
Ծնվել է | մայիսի 31, 1931[1][2][3][…] Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 5, 2010[5][1][2][…] (79 տարեկան) Էն Արբոր, Միչիգան, ԱՄՆ |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | դրամատիկական սոպրանո և մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Միչիգանի համալսարան |
Լեյբլ | RCA Victor |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց |
Պարգևներ | |
Կայք | shirleyverrett.com |
Shirley Verrett Վիքիպահեստում |
Շիրլի Վերեթ (անգլ.՝ Shirley Verrett, մայիսի 31, 1931[1][2][3][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4] - նոյեմբերի 5, 2010[5][1][2][…], Էն Արբոր, Միչիգան, ԱՄՆ)[6], ամերիկացի օպերային մեցցո-սոպրանո, որը նաև հաջողությամբ կատարել է սոպրանո դերերգեր։ Մեծ հռչակ է վայելել 1960-ական թվականների վերջից մինչև 1990-ական թվականները՝ աչքի ընկնելով հատկապես Վերդիի և Դոնիցետիի գործերի կատարմամբ։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում, սակայն հասակ է առել Լոս Անջելեսում։ Երգել է եկեղեցում և վաղ մանկությունից երաժշտական ունակություններ հանդես բերել, բայց սկզբում ընտանիքը դեմ է եղել երգչի կարիերային։ Հետագայում Նյու Յորքի Ջուլիարդյան դպրոցում ուսանել է Աննա Ֆիթցիուին և Մերիոն Ֆրեշլին։ 1961 թվականին հաղթել է «Մետրոպոլիտենի օպերայի ազգային խորհրդի լսումներ» մրցույթում։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգչուհու օպերային դեբյուտը տեղի է ունեցել 1957 թվականին՝ Բենջամեն Բրիտտենի «Լուկրեցիայի բռնաբարությունը» օպերայում։ 1958 թվականին Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում առաջին անգամ հանդես է եկել Կուրտ Վայլի «Աստղերում մոլորվածը» օպերայից Իրինայի դերերգով։ 1959 թվականին Եվրոպայում դեբյուտը կատարել է Գերմանիայի Քյոլն քաղաքում Նիկոլայ Նաբոկովի «Rasputins Tod» օպերայով։ 1962 թվականին Իտալիայի Սպոլետո քաղաքում Կարմենի դերակատարման համար քննադատների գովասանքի է արժանացել և 1963 թվականին նույն դերով հանդես եկել Մոսկվայի Մեծ թատրոնում, ապա 1964 թվականին՝ Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում։ Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում առաջին անգամ երգել է 1966 թվականին «Պարահանդես-դիմակահանդես» օպերայից Ուլրիկայի դերերգով։
Մասնակցել է 1962 թվականին Լինկոլն կենտրոնից եթեր հեռարձակված առաջին համերգին[7], ինչպես նաև նույն տարում տեղի ունեցած Լեոնարդ Բերնսթայնի «Young People's Concerts» համերգներից առաջինի հեռարձակմանը նույն վայրից։
Մետրոպոլիտեն օպերայում առաջին անգամ հանդես է եկել 1968 թվականին «Կարմեն» օպերայում, 1969 թվականին՝ Լա Սկալայում «Սամսոն և Դալիլա» օպերայում։ Մեցցո դերակատարումների շարքում են Էկտոր Բեռլիոզի «Տրոյացիներ» օպերայից Կասանդրան ու Դիդոնը (այդ թվում Մետրոպոլիտեն օպերայում կայացած պրեմիերան, որտեղ նույն բեմադրության ընթացքում միաժամանակ կատարել է այդ երկու դերը), Վերդիի Ուլրիկան, Ամներիսը, Էբոլին, Ասուսենան, Քամիլ Սեն-Սանսի Դալիլան, Գաետանո Դոնիցետիի «Մարիա Ստյուարտ» օպերայից Էլիզաբեթ I-ը, Լեոնորան «Ֆավորիտուհի» օպերայից, Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի Օրփեոսը, Ջոակինո Ռոսսինիի Նեոկլեսը «Կորինտոյի պաշարումը» և Զինաիդան «Մովսեսը Եգիպտոսում» օպերաներից։ Այս դերերգերից շատերը ձայնագրվել են կա՛մ պրոֆեսիոնալ, կա՛մ մասնավոր կերպով։
1970-ական թվականների վերջից սկսել է հանդես գալ սոպրանո դերերգերով, այդ թվում՝ Սելիկան «Աֆրիկուհին» օպերայից, Հուդիտը Բելա Բարտոկի «Կապույտ մորուքի ամրոցը» օպերայից, լեդի Մակբեթը «Մակբեթ» օպերայից, տիկին Լիդոինը Ֆրանսիս Պուլենկի «Կարմելիտների երկխոսությունը» օպերայից (Մետրոպոլիտեն 1977), Տոսկան, Նորման (Բոստոն 1976 մինչև Մեսսինա 1989), Աիդան (Բոստոն 1980 և 1989), Դեզդեմոնան (1981), Լեոնորը (Մետրոպոլիտեն 1983), Իփիգենիան (1984–85), Ալկեստեն (1985), Մեդեան (1986)։ Տոսկայի նրա դերակատարումը ուղիղ հեռարձակմամբ թողարկվել է Մետրոպոլիտեն օպերայից 1978 թվականի դեկտեմբերին, Սուրբ ծննդից ընդամենը վեց օր առաջ, որտեղ նրա խաղընկերը Լուչանո Պավարոտտին էր[8]։
1990 թվականին Փարիզի Բաստիլի օպերային թատրոնի բացման արարողությանը «Տրոյացիներ» օպերայում կատարել է Դիդոյի դերերգը և իր երգացանկում նոր դեր ավելացրել․ Սանտուցան «Գեղջկական ասպետություն» օպերայից։ 1994 թվականին Բրոդվեյ թատրոնում հանդես է եկել դեբյուտով՝ կատարելով Նեթթի Ֆոուլերի դերը Թոնի մրցանակակիր «Կարուսել» մյուզիքլում։
1996 թվականին անդամագրվել է Միչիգանի համալսարանի երաժշտության, թատրոնի և պարի դպրոցին որպես վոկալի դասախոս։ Մաթթիվիլդա Դոբսի, Թոդ Դունկանի ու Կամիլա Ուիլյամսի մեծարման գալա համերգին ասել է․ «Ես միշտ այնքան ուրախ եմ, երբ կարող եմ խոսել երիտասարդների հետ, որովհետև հիշում եմ նրանց, ովքեր բարի են եղել իմ հանդեպ։ Առաջին պատճառը, որ այսօր եկել եմ, մեծարվողների պատվին է, որ պետք է սա ասեի։ Իմ գալու երկրորդ պատճառը դու՛ք եք, երիտասարդներդ։ Այստեղ ներկա հանճարեղ մարդիկ ինձ համար ուղի են հարթել։ Ես հուսով եմ, որ ինքս ինչ որ կերպ կարողացել եմ օգնել ձեր սերնդին, և դուք էլ կօգնեք հաջորդներին։ Եվ դա հենց այդպես էլ պետք է լինի։ Պետք է պարզապես փոխանցել էստաֆետը»[9]։
Ինքնակենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին հրատարակել է «Երբեք միայնակ չեմ քայլել» հուշագրությունը (0-471-20991-0), որտեղ անկեղծորեն խոսել է ամերիկյան դասական երաժշտության աշխարհում իր հանդիպած ռասիզմի մասին։ Երբ դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկին 1960-ական թվականների սկզբին հրավիրել է իրեն երգել Հյուստոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, դիրիժորն ստիպված է եղել չեղարկել իր հրավերը, քանի որ նվագախումբը հրաժարվել է աշխատել սևամորթ մենակատարի հետ։ Ստոկովսկին հետագայում քավել է իր մեղքը՝ նրան ուղարկելով ավելի հանրահայտ Ֆիլադելֆիայի նվագախումբ[10]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է երկու անգամ, նախ՝ 1951 թվականին Ջեյմս Քարթերի հետ, ապա 1963 թվականին՝ դերասան Լու ԼոՄոնակոյի հետ։ Որդեգրել են Ֆրանչեսկա անունով աղջկա, ամուսինը, դուստրն ու թոռնուհին իրենից երկար են ապրել[11]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վախճանվել է սրտի անբավարարությունից Միչիգան նահանգի Անն Արբոր քաղաքում 2010 թվականի նոյեմբերի 5-ին, 79 տարեկանում[12]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «John Hay Whitney Foundation» դրամաշնորհ, «Martha Baird Rockefeller Fund» կրթաթոշակ, «Ford Foundation Opera» անդամություն[13]
- Ուիլյամ Մեթյուս Սուլիվանի մրցանակ
- «Essence» հանդեսի կողմից ճանաչվել է աֆրո-ամերիկացի պատվավոր կին[14]
- Մարիան Անդերսոնի մրցանակ (1957)
- Վալտեր Նաումբուրգի անվան մրցանակ (1958)
- Ֆրանսիական «Արվեստների ու գրականության» շքանշանի ասպետ (1970)
- Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի «Նվաճումների մրցանակ» կանանց բաժնում (1975)[15]
- Վուսթեր քաղաքի Սուրբ խաչի քոլեջի «Երաժշտական արվեստների պատվավոր դոկտորի» աստիճան (1978)
- Ֆրանսիական «Արվեստների ու գրականության» շքանշանի կոմանդոր (1984)
- Հյուսիսարևելյան համալսարանի «Երաժշտության պատվավոր դոկտորի» աստիճան, Վերեթի ալմա մատեր/նախկին համալսարանը (1987)
- Ջուլիարդյան դպրոցի «Երաժշտության պատվավոր դոկտորի» աստիճան (2002)
- 2011 թվականին Միչիգանի համալսարանում հիմնադրվել է «Շիրլի Վերեթի մրցանակը»[16]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2010/11/06/arts/music/06verrett.html
- ↑ Tommasini, Anthony (2010 թ․ նոյեմբերի 6). «Shirley Verrett, Opera Singer of Power and Grace, Is Dead at 79». The New York Times. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Opening Night at Lincoln Center (1962). IMDb
- ↑ Tosca (19 Dec. 1978). IMDb
- ↑ Nash, Elizabeth. "Autobiographical Reminiscences of African-American Classical Singers, 1853–Present". Edwin Mellen Press, 2007; 0-7734-5250-8
- ↑ Tommasini, Anthony "MUSIC; Shirley Verrett Finally Tells Us Where She's Been", The New York Times, 2003-07-27. Retrieved on 2008-03-19.
- ↑ Millington, Barry (2010 թ․ նոյեմբերի 8). «Shirley Verrett obituary» – via www.theguardian.com.
- ↑ «Opera trailblazer Shirley Verrett dies. Black American soprano was popular in 1970s and 1980s». Canadian Broadcast Corporation. 2010 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Metropolitan Opera's New Star». Ebony. 24: 55. 1968 թ․ դեկտեմբեր – via Google Books.
- ↑ «Shirley Verrett Biography». web.archive.org. 2004 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Robinson, Ruth (1975 թ․ ապրիլի 27). «Future Social Events». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Anita Gonzalez to be honored at the 6th Annual Shirley Verrett Award Ceremony | Center for the Education of Women | University of Michigan». www.cew.umich.edu. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Shirley Verrett's website
- University of Michigan faculty page Արխիվացված 2008-07-03 Wayback Machine
- Stryker, Mark (2010 թ․ նոյեմբերի 6). «Shirley Verrett: One of opera's greats». Detroit Free Press. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.(չաշխատող հղում)
- «Shirley Verrett». Telegraph. 2010 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
- Discography (Capon's Lists of Opera Recordings)
- An appreciation
- Highlights from Verrett's discography with analysis and discussion by F. Paul Driscoll
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրլի Վերեթ» հոդվածին։ |
|
- Մայիսի 31 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նոյեմբերի 5 մահեր
- 2010 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- ԱՄՆ-ի օպերային երգիչ-երգչուհիներ
- Ամերիկացի մեցցո-սոպրանոներ