Jump to content

Հին արքաներ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին արքաներ
Ժանրպատմական, դրամա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԼեզուՀայերեն
ՌեժիսորՀարություն Շատյան
Գլխավոր
դերերում
Ժան Նշանյան
Մուրադ Ջանիբեկյան
Արման Նշանյան
Շողեր Թովմասյան
Ռուբեն Մուրադյան
Աննա Գրիգորյան
ՊրոդյուսերԱրմեն Արզումանյան
Դավիթ Բաբախանյան
Ռուբեն Մխիթարյան
Գործադիր պրոդյուսերԱրա Բաղդասարյան
ՍցենարիստՀարութ Կբեյան
Լևոն Գալատյան
ՕպերատորՀրաչ Մանուչարյան
Վազգեն Համբարձումյան
ԵրաժշտությունԱրման Պարսամյան
ՄոնտաժՄանվել Հովսեփյան
Պատմվածքի վայրԱրտաշեսյանների թագավորություն
ԴարաշրջանՄ․թ․ա․ 1 դար
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ24
Էկրաններին է2016, նոյեմբերի 5-ից 2017, փետրվարի 5
ՀեռուստաալիքՀայաստան Արմենիա Պրեմիում
ԸնկերությունUcom Արմենիա ՀԸ
Պատկերի ձևաչափ4K
Պաշտոնական կայքէջ

Հին արքաներ, հայկական պատմական հեռուստասերիալ։ Իրադարձությունները ծավալվում են նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Հայաստանում՝ Մեծ Հայքում, երբ գահ պետք է բարձրանա Տիգրան Մեծը։

Հեռուստասերիալը հեռարձակվել է Ucom ցանցում գործող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում 2016 թվականի նոյեմբերի 5-ից[1], իսկ 2018 թվականի հունվար ամսին ցուցադրվել է նաև Արմենիա հեռուստաընկերության եթերում։

Մ.թ.ա. 95 թվական, Մեծ Հայք, Արքան մահացել է, թագաժառանգ Տիգրանը պատանդ է Պարթևաստանում։ Հազարապետ Վռամը հարմար առիթ է տեսնում գահ բարձրանալու համար, իսկ Սպարապետ Զարեհը պնդում է, որ պետք է գահաժառանգին բերել հայրենիք։

Հիմնական դերերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արմեն Մարգարյան - Հազարապետի Խորհրդական (1-2 սերիա)
  • Իշխաններ (1-24 սերիաներ)
  • Հովհաննես Հովհաննիսյան - Պարթևների պատվիրակ Բալաշ (1-24 սերիաներ)
  • Գարիկ Չեպչյան–Հռոմի պատվիրակ Տիբերիոս (1-24 սերիաներ)
  • Գլակի ընկերներ (2-24 սերիաներ)
  • Դարբին (2-3 սերիաներ)
  • Ախտաբույժ (3-րդ սերիա)
  • Վհուկ (9-17 սերիաներ)
  • Հեքիմ (19-րդ սերիա)
  • Հրամանատար (21-րդ սերիա)
  • Զինվորներ
  • Տիգրան Մեծ (24-րդ սերիա)

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մտահղացումը՝ Դավիթ Բաբախանյանի, Ռուբեն Մխիթարյանի
  • Գործադիր պրոդյուսեր՝ Արա Բաղդասարյան
  • Գլխավոր պրոդյուսերներ՝ Արմեն Արզումանյան, Դավիթ Բաբախանյան, Ռուբեն Մխիթարյան
  • Բեմադրող ռեժիսոր՝ Հարություն Շատյան
  • Բեմադրող օպերատոր՝ Հրաչ Մանուչարյան
  • Բեմադրող նկարիչ՝ Մկրտիչ Շեխյան
  • Սցենարի հեղինակներ՝ Լևոն Գալստյան, Հարութ Կբեյան
  • Խորհրդատու-պատմաբան՝ Արտակ Մովսիսյան
  • Երկրորդ ռեժիսոր՝ Տաթև Կետիկյան
  • Ռեժիսորի օգնական՝ Նելլի Ղարդյան
  • Քասթինգի պատասխանատու՝ Ռաֆայել Ասատրյան
  • Զգեստների նկարիչներ՝ Լուսինե Խաչատրյան, Լիլիթ Ղազարյան
  • Նկարիչ դիմահարդարներ՝ Աննա Նալբանդյան, Հեղնար Համբարձումյան
  • Դիմահարդարի օգնական՝ Սվետլանա Հովհաննիսյան
  • Վարսահարդարներ՝ Դիանա Մնացականյան, Արա Դավոյան
  • Ռեկվիզիտներ՝ Արթուր Բարսեղյան, Արուսյան Ղազարյան
  • Օպերատոր՝ Վազգեն Համբարձումյան
  • Տեխնիկական անձնակազմ՝ Ռաֆայել Քարամյան, Հովհաննես Ռաֆայելյան, Համազասպ Հովհաննիսյան
  • Մոնտաժի ռեժիսոր՝ Մանվել Հովսեփյան
  • Համակարգչային գրաֆիկա՝ Հովհաննես Եփրեմյան
  • Ռոնինի սպասարկում՝ Վահե Համբարձումյան
  • Լուսավորություն՝ ProRental
  • Նկարահանման կռունկ՝ Սերոբ Մանուկյան
  • Հնչյունային ռեժիսոր՝ Հրայր Հովհաննիսյան
  • Հնչյունային համադրում՝ Արամ Սողոմոնյան
  • Երաժշտական լեյտմոտիվի հեղինակներ՝ Արման Պարսամյան, Ռուբեն Մխիթարյան
  • Կոմպոզիտոր՝ Արման Պարսամյան
  • Գծային պրոդյուսեր՝ Տիգրան Վիրաբյան
  • Ադմինիստրատոր՝ Տիգրան Բարսեղյան
  • Մենամարտի տեսարանների բեմադրող՝ Սարգիս Բազինյան
  • Մենամարտի տեսարանների բեմադրողի օգնականներ՝ Հրանտ Քոթանջյան, Գագիկ Հովհաննիսյան

Սերիաների համառոտ նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 95, Արտաշատ. Արքան մահացել է։ Վռամ հազարապետը հայտարարում է, որ արքան իրեն է վստահել երկիրը։ Սպարապետը առարկում է՝ ասելով, որ գահաժառանգը դեռ ողջ է։ Մի շարք իշխաններ իրենց հավատարմությունն են հայտնում Վռամին։ Խորհրդականը կասկածում է Վռամի մտադրություններին և հայտնում այդ մասին Աստղիկ արքայաքրոջը։ Մինչ այդ Վռամը հանդիպում է Պարթևստանի և Հռոմի պատվիրակներին, այնուհետև իր խորհրդականին հրահանգում է արքայի կնիքով նամակ գրել, այնուհետև սպանել է տալիս նրան։ Միևնույն ժամանակ Սպարապետի ամրոցում աղախին Սոսեն իմանում է, որ երեխայի է սպասում Սպարապետի կրտսեր որդուց՝ Հայկից, և հայտնում է նրան։ Իսկ Սպարապետը նկատում է շուկայում կոխի բռնված երիտասարդներից մեկին՝ Մուշեղին։

Սպարապետը կասկածում է, որ խորհրդականն ինքնասպան չի եղել։ Սոսեն անհանգստանում է, որ իշխանից ծնված ռամիկի որդին որբ է, իսկ Հայկն ասում է, որ ամեն ինչ լավ է լինելու։ Գլակը պարտքերի մեջ է։ Վռամը փորձում է համոզել Զարեհին միասին գործել, բայց վերջինս կոպիտ կերպով մերժում է։ Զարուհին իր անհանգստությունն է հայտնում Սպարապետին, որ վերջինիս գաղտնի որդին արդեն հասուն մարդ է, բայց դեռ չգիտի իր ծագման մասին։ Աստղիկը գահաժառանգի վերադարձի մասին բանակցում է Բալաշի հետ։ Վռամը խոսում է դստեր հետ, խնդրում Գլակի հետ իր կողմն անցնել և օգնել գահ բարձրանալ, նաև նշում է, որ պետք է արու զավակ։ Մուշեղը Սիմոսին շուկայում պաշտպանում է հարբած Գլակից։ Զարեհը խոստում է տալիս Արքայաքրոջը, որ գահի հարցն իր պատվի, կենաց մահու հարցն է և ամեն ինչ կանի, բայց երկիրն ուրիշներին չի տա։ Նռանեն խանդավառում է Գլակին, որ նա կարող է արքա դառնալ։ Սպարապետը որոշում է Մուշեղին համհարզ կարգել։

Զարեհը նախատում է Գլակին իր վարքի համար։ Վերջինս որոշում է գնալ Վռամի մոտ։ Արքայաքույրը սուրհանդակապետին է հանձնում նամակ, մատանու հետ, որ վերջինս ուղարկի գահաժառանգին։ Սուրհանդակապետն այդ մասին տեղեկացնում է Վռամին և նրան հանձնում նամակը և մատանին, վերջինս հազարապետը նվիրում է Ձյունիկին, բայց խնդրում առայժմ քիչ կրել այն։ Մուշեղը ընդունում է սպարապետի համհարզ դառնալու հրավերը։ Ձյունիկը լսում է Սուրհանդակապետի և հազարապետի ծառայի խոսակցությունը՝ սպարապետի դեմ։ Վռամը հավատացնում է Գլակին, որ նա կարող է լինել իր գահաժառանգը։ Հայկը տեղափոխվում է Սոսեի սենյակ, որպեսզի միասին ապրեն։ Սպարապետը հանդիպում է բդեշխ Շիրակին, իսկ հազարապետի մարդն ականջ է դնում նրանց խոսակցությանը։

Տիբերիոսը Վռամին հայտնում է, որ Հռոմը կուզեր նրան գահին տեսնել։ Մինչ այդ Սպարապետն ու Շիրակը որոշում են իրենց հետագա անելիքները։ Արքայաքույրը Զյունիկի մատին նկատում է Սուրհանդակապետին տված իր մատանին։ Արքունիքին արքա է պետք, Վռամը հավաքված իշխանների մոտ առաջարկում է իր գահ բարձրանալու թեկնածությունը, իսկ Սպարապետն առաջարկում է Աշխարհաժողով անել։ Վճռվում է Աշխարհաժողով հրավիրել։

Մուշեղը խնդրում է Արեգին իրեն ռազմի արվեստը սովորեցնել, ընթացքում նկատում է Ձյունիկին։ Գլակն իմանում է Աշխարհաժողովի մասին և վրդովվում։ Տիրանը նախատում է Զարեհին, որ վերջինս կարող էր իր թեկնածությունն առաջարկել։ Սպարապետը զրուցում է որդիների հետ և կրկին հիասթափվում Գլակի պահվածքից։ Հաջորդ առավոտյան Հայկը նախաճաշի սեղանի մոտ է հրավիրում Սոսեին, և խնդրում հորը՝ օրհնել նրանց միությունը։

Զարեհը օրհնում է Հայկի և Սոսեի միությունը։ Նռանեն այդ փաստից սաստիկ վրդովվում է, փորձում է Գլակին համոզել զավակ ունենալ, բայց վերջինս մերժում է, և Նռանեն դիմում է զինվորներից մեկին, այդ մասին պատահաբար լսում է Զարուհին։ Սպարապետը Զարուհուն ասում է, որ Մուշեղը երբևէ չպետք է իմանա իր ծագման մասին։ Աստղիկը հարցնում է Ձյունիկին, թե որտեղից նրան մատանին, վերջինս փախչում է։ Վռամը պարթևաց և հռոմեական պատվիրակներին հաղորդում է սպարապետի՝ ռամիկից ծնվելիք թոռան լուրը։ Աստղիկ արքայաքույրը սուրհանդակապետին ցույց է տալիս մաստանին, որը վերցրել էր Ձյունիկի մոտից։

Երվանդը փորձում է ձևացնել, թե կապ չունի մատանու հետ։ Արքայաքույրը ամոթանք է տալիս Սուրհանդակապետին։ Մուշեղը փորձում է Ձյունիկին օգնել, վերջինս իմանալով, որ նա Սպարապետի համհարզն է, կարծում է, որ կարող է օգնություն ստանալ նրանից։ Վռամը սպարապետի և պատվիրակների մոտ անհանգստություն է հայտնում, որ արքայորդին անտարբեր է երկրի նկատմամբ։ Հայկը սաստում է Աղավնուն Սոսեին վիրավորելու համար և ասում, որ յուրաքանչյուրը ով Սոսեին կնեղացնի անհապաղ կհեռացվի տանից։ Հազարապետն ու Սուրհանդակապետը որոշում են ամեն ինչ բարդել Ձյունիկի և սուրհանդակի վրա։

Արքայաքույրը Քրմապետ Տիրանին իր անհանգստությունն է կիսում գահի մասին և խնդրում հանդիպում կազմակերպել Զարեհ սպարապետի հետ, բայց ոչ ամրոցում։ Տիրանն այդ մասին տեղեկացնում է Վռամին և վերջինս խնդրում է Աստղիկին և Զարեհին հանդիպացնել իր ուզած վայրում։ Ձյունիկն ամեն ինչ պատմում է Մուշեղին և խնդրում օգնել նրան։ Նրանց գտնում է Գեղամն ու Մուշեղին ծեծել տալիս։

Ձյունիկը Վռամին խոստանում է անել իր սրտի ուզածը միայն թե ների նրան։ Սիմոսը գտնում է Մուշեղին ծեծված վիճակում։ Բալաշը փորձում է բանակցություններ վարել Վռամի հետ՝ գահաժառանգի վերադարձման մասին, Վռամը մերժում է նրան։ Ձյունիկը հազարապետի հրամանով Արքայաքույր Աստղիկին պատմում է հորինված պատմություն՝ մատանու իր մոտ հայտնվելու մասին։ Վերջինս լսելուց հետո որոշում է աղջկան իր հովանու տակ վերցնել և դաստիարակել։ Նռանեն պատվիրում է երկու թուրմ՝ մի երեխայի ծնունդ, մի երեխայի մահ։

Աստղիկն ու Զարեհը պարզում են, որ հանդիպման տեղի հարցում Տիրանն իրենց խաբել է։ Վռամը հրամայում է Սպանել Ձյունիկին։ Զարեհը արգելում է Տիրանի մուտքը իր տուն։ Վռամը կանչում է Զարեհին զրույցի, վերջինս մերժում է հրավերը։ Զարեհը հրավիրում է Բալաշին և հարցնում գահաժառանգի վերադարձի բանակցությունների մասին, և առաջարկում բանակցել իր հետ։ Նռանեն հատուկ թուրմ է խմում երեխա ունենալու համար, իսկ Սոսեի գինու մեջ լցնում է մանկասպան թուրմը։ Զարուհին նկատում է դա։

Սեղանի շուրջ Նռանեն առաջարկում է խմել Հայկի և Սոսեի ապագա երեխայի կենացը, Զարուհին դիտմամբ թափում է գինին և խանգարում Սոսեին խմել այն։ Ավելի ուշ Զարուհին նկատում է, թե ինչպես է Նռանեն դավաճանում ամուսնուն զինվորներից մեկի հետ։ Մինչ այդ Սոսեն և Հայկը իրենց ապագա զավակի անունն են որոշում։

Ձյունիկին փորձում են առևանգել, բայց Անդոկ մաղխազը կասեցնում է այդ փորձը։ Աստղիկն ու Անդոկը որոշում են Ձյունիկին ուղարկել Սպարապետի ամրոց, որպես ամենաապահով վայր։ Զարեհն ընդունում է նրան, և խնդրում ամենը պատմել Աշխարհաժողովին։ Վռամը պնդում է, որ հենց ինքը կհարցաքննի Ձյունիկին առևանգող զինվորին և հարցաքննության ժամանակ սպանում է վերջինիս։ Նռանեն հայտնում է հորը, որ Ձյունիկը սպարապետի մոտ է։

Զարեհը կրտսեր որդուն՝ Հայկին արտոնում է մեկնել Պարթևստան և բանակցություններ վարել գահաժառանգի վերադարձի մասին։ Հայկը խնդրում է Մուշեղին իր բացակայության ընթացքում ուշադիր լինել Սոսեի նկատմամբ։ Վռամը դիմում է Գլակին, հոր հետ երկակի խաղ խաղալու համար։ Զարեհը Վռամին կոպիտ կերպով հասկացնում է, որ չի պատրաստվում նրա հետ խոսել։ Վռամը ասում է Նռանեին, որ ամրոցի դռները բաց թողնի։

Հայտնի է դառնում, որ Հայքի գերագույն քրմապետը մահացել է։ Գոռը Նռանեի խնդրանքով բաց է թողնում ամրոցի դարպասները, արդյունքում, առավոտյան գտնում են Ձյունիկին՝ կախված վիճակում։

Քրմերը Տիրանին են վստահում գերագույն քրմապետի տեղակալի տիտղոսը։ Զարեհը Անահիտ աստվածուհուն խոստանում է իրազեկել Մուշեղին իր ծագման մասին և տալ իր ազգանունը, բայց ոչ այս խառը պահերին։ Գլակն առաջարկում է Զարեհին Վռամի հետ երկդիմի խաղի մեջ մտնել, իսկ Զարեհը մերժում է՝ ասելով, որ նա երկդիմի խաղեր չի խաղում։ Վռամը հիշեցնում է Տիրանին, որ շատ հիշաչար է, և խորհուրդ է տալիս իր կողմից լինել աշխարհաժողովին։ Սիմոսը տեսնում է, թե ինչպես է Գեղամը ոսկի տալիս Գոռին, լռության համար Գեղամը կտրում է Սիմոսի լեզուն։

Տիրանը եկել է Աստղիկ արքայաքրոջ մոտ որպես քրմապետի տեղակալ ներկայանա, բայց շնորհավորանքի փոխարեն հանդիպում է տիկնոջ քամահրական խոսքերին։ Վռամը Տիբերիոսին հայտնում է, որ այլևս նա Արքա է, և կարող են վստահ լինել այդ հարցում։

Սիմոսը անլեզու հասկացնում է Մուշեղին, որ Գոռը կապ ունի ոճրագործության հետ։ Զարեհը Հայկին է տալիս Արտաշես Բարեպաշտի ընծայած մատանին, և դրանով օժտում Հայկին բանակցելու։ Վռամը ցանկանում է Տիրանին ներկայացնել իշխաններին որպես ապագա քրմապետ, և դրանով իր կողմը թեքել շատերին։ Իմանալով Սիմոսի վկայության մասին՝ սպարապետը Գոռին հրահանգում է հանձնել զենքը։ Նրա սենյակում ոսկով լի քսակ են գտնում։ Նռանեն վերադառնում է վհուկի մոտ, և գնում նոր թուրմ, այս անգամ Սոսեին սպանելու համար։ Նա նաև պարզում է, որ հղի է։ Գոռն ամբողջ եղելությունը պատմում է Սպարապետին, վերջինս որոշում է, որ նա պետք է մեռնի զինվորի մահով։ Մուշեղը մենամարտում է Գոռի հետ և հաղթում։

Գլակը վիճում է հոր հետ և որոշում հեռանալ ամրոցից։ Հայկի հեռանալու պատրվակով Նռանեն Աղավնու միջոցով գինի է հյուրասիրում Սոսեին, Զարեհը որոշում է ինքը խմել այդ գինին, վերջինս թունավորված էր։ Հայկը ճանապարհ է ընկնում Պարթևստան։ Ավելի ուշ Գլակը բռնաբարում է Աղավնուն։

Գլակը հաղորդում է Վռամին, որ Հայկը հեռու ճամփորդության է մեկնել հոր հրամանով։ Վռամը գլխի է ընկնում ճամփորդության հիմնական նպատակը։ Կարգադրում է գտնել և սպանել բանագնացներից։ Աղավնին պատմում է Զարեհին ամեն ինչ Նռանեի, Գոռի, թունավորված գինու մասին։ Զարեհը ասում է Մուշեղին, որ նրա հայրն է։

Զարեհը Մուշեղին կարգադրում է հասնել փոքր եղբորը՝ Հայկին, և օգնել նրան իր հանձնարարության հարցով։ Սուրհանդակապետն իշխաններին հրավիրում է նոր քրմապետի հետ կապված հանդիպման։ Զարեհը գիր է տալիս Արեգին և խնդրում հետո տալ Մուշեղին, այդ գրով նա ընդունում է Մուշեղին, որպես իր որդի, և տալիս նրան իր տոհմանունը։ Վռամի մարդիկ շրջապատում են Հայկին։

Մուշեղը հասնում է Հայկին օգնության, նրանց շրջապատում են, Մուշեղը Հայկին ասում է, որ նրանք եղբայրներ են և խնդրում վարձկաններին իրենց արագ սպանել։ Աղավնին և Սիմոսը ընկերանում են։ Սպարապետը իր խոսքն է ասում զորքին [1]։ Վռամի հրավիրած ժողովում Գլակը արհամարհանքով հեռանում է, այնուհետև հարձակում է տեղի ունենում, որի պատճառով մաղխազին կարգադրվում է հանձնել զենքը։

Իշխանների և քրմերի մի մասը զոհվում է հարձակման ժամանակ, մարդկանց թվի անբավարարությամբ աշխարհաժողով այլևս չի կարող լինել։ Ողջ մնացած իշխանների մեծ մասը առաջարկում է Վռամի գահակալման ծեսն անցկացնել։ Վռամը հրամայում է փակել ամրոց տանող ճանապարհը, Զարեհին չեն թողնում պալատ մտնել։ Վռամը Աստղիկին առաջարկում է Արտաշիսյանների տոհմի անունից հրաժարվել գահից և օրհնել նրա գահակալությունը։ Զարեհը ասում է Շիրակին, որ մեռնում է, և խնդրում է ուշադիր լինել զորքի նկատմամբ։ Գլակն իմանում է, որ եղբորը՝ Հայկին սպանել են Վռամի հրամանով։ Վռամը հրամայում է Գլակին փակել զնդանում։

Աստղիկ արքայաքույրը օգնում է փախչել ամրոցից Անդոկին և Գլակին։ Զարեհը կարգադրում է մեծ խնջույք կազմակերպել։ Գլակը հանդիպում է Առնակին և խնդրում պատժել նրան, վերջինս նրան հանձնում է Աստվածների դատին։ Գլակը ներողություն է խնդրում նաև հորից, վերջինս պատգամում է տղամարդու պես դիմավորել եղբայրներին և սատարել թագաժառանգին։

Գլակն իմանում է, որ Նռանեի որդին իր արյունը չի կրում և որ Մուշեղն իր եղբայրն է։ Նա նաև Շիրակին և Արեգին ասում է, որ Վռամը Հայկին և Մուշեղին սպանել է տվել։ Միասին որոշում են ավարտին հասցնել Զարեհի գործը, գաղտնի մուտքով մտնել ամրոց և բանալ ամրոցի դռները ներսից։ Վռամը պատրաստվում է թագադրությանը։ Թագադրության հյուրերը հավաքվել են։ Գլակն ու Անդոկը հասնում են և թագադրության ծեսի կիզակետում հարձակում գործում։ Վռամի զինվորներին հաջողվում է կասեցնել հարձակումը, բայց հասնում են Հայկը և Մուշեղը։ Մարտը կրկին շարունակվում է։ Մուշեղը սպանում է Գեղամին։ Վռամը նիզակով փորձում է հարվածել Հայկին, բայց Գլակն իր մարմնով ծածկում է նրան։ Սուրհանդակապետը Արեգի զենքի ճնշման տակ հայտարարում է, որ սրահում կատարվածը անօրինական է, և որ Մեծ Հայքի գահի միակ օրինական ժառանգը Արտաշես Բարեպաշտ արքայի թոռ, Տիգրանի որդի Տիգրանն է։ Ներս է մտնում Տիգրանը, բոլորը ծնկի են գալիս։ Զարուհին բանից անտեղյակ ասում է սպարապետին, որ Հայկն ու Մուշեղը գահաժառանգի հետ վերադարձել են։ Զարեհը մահանում է։ Տիգրանը թագադրվում է որպես Արքա Մեծ Հայքի։ Վռամը՝ զնդանում է, Նռանեն՝ անառակատներում, Սուրհանդակապետը մահանում է, Զարեհի թոռ՝ Զարեհը ծնվում է, տոհմը վերածնվում է։

Արտաշեսյան Տիգրան II-րդ արքան 20-ամյա գերեվարությունից հետո վերադառնում է հայրենիք, նա իր ազատության դիմաց զիջում է 70 հովիտները, բայց կարճ ժամանակ անց՝ հզորացնելով երկիրը, ոչ միայն հետ վերադարձրեց կորցրած հողերը, այլ ջախջախեց և իր իշխանության տակ առավ Պարթևստանը՝ անվանվելով Արքաների Արքա։ 25 տարում տասնապատկեց Մեծ Հայքի սահմանները` 300 հզ քմ-ից հասցնելով շուրջ 3 մլն քմ։ Նա թագավորեց 40 տարի, նրա թագավորության շրջանը հայ պատմության մեջ նշանավորվեց որպես հայոց պատմության հզորագույն շրջան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]