Հերման Շտաուդինգեր
Հերման Շտաուդինգեր (գերմ.՝ Hermann Staudinger, 1881-1965), գերմանացի քիմիկոս (ԳՖՀ), բարձր մոլեկուլային միացությունների քիմիայի հիմնադիրներից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Հալլեի և Մյունխենի համալսարաններում, Դարմշտադի բարձրագույն տեխնոլոգիական դպրոցում։ Եղել է Կարլսրուեի բարձրագույն տեխնիկական դպրոցի (1908-1912 թթ.), Ցյուրիխի ֆեդերալ դպրոցի (1912-1926 թթ.) և Ֆրայբուրգի համալսարանի պրոֆեսոր (1926-1951 թթ.)։
1940—1956 թվականներին՝ Բարձրամոլեկուլային միացությունների քիմիայի պետական ինստիտուտի տնօրեն։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բարձրամոլեկուլային միացությունների քիմիային։ Սինթեզել է առաջին կետենը՝ երկֆենիլկետենը (1905 թ.), ուսումնասիրել իզոպրենի, բուտադիենի, ալիֆատիկ երկազոմիացությունների ստացման եղանակները։ Առաջարկել է (1919 թ.) եռֆենիլֆոսֆինիմինի առկայությամբ կարբոնիլ խմբի թթվածնի ատոմը իմին խմբով փոխարինելու մեթոդ (Շտաուդինգերի ռեակցիա)։ Ապացուցել է, որ պոլիմերները բաղկացած են մեծ մոլեկուլներից՝ մակրոմոլեկուլներից (տերմինն առաջարկել է Շտաուդինգերը), որոնց ատոմներն իրար միացած են կովալենտ կապերով։ Առաջ է քաշել մակրոմոլեկուլների շղթայական կառուցվածքի տեսությունը, որը հետագայում լրացրեց ճյուղավորված մակրոմոլեկուլներ և եռաչափ պոլիմերային ցանց հասկացություններով։ Բացահայտել է պոլիմերի մոլեկուլային զանգվածի և նրա լուծույթի մածուցիկության կապը, մշակել մոլեկուլային զանգվածի որոշման, այժմ տարածված, մածուցիկաչափական մեթոդը։
1953 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ http://data.nobelprize.org/resource/laureate/216 — Nobel Foundation.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1953/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 577)։ ![]() |