Հերակլեսի աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հերկուլեսի աշտարակից)
Հերակլեսի աշտարակ
Tower of Hercules*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Իսպանիա Իսպանիա
Տիպ մշակութային
Չափանիշներ iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
Համար 1312
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Հերակլեսի աշտարակ (իսպ.՝ Torre de Hércules), գործող փարոս Իսպանիայի Լա Կորունյա քաղաքի հյուսիսային մասում։ Կառուցվել է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, համարվում է աշխարհի ամենահին փարոսը և հին աշխարհի փարոսներից միակ օգտագործվողը[1][2]։ Կառույցն ունի 55 մ բարձրություն և գտնվում է մի թերակղզու վրա, որի ժեռուտ ափը 57 մ բարձրություն ունի Ատլանտյան օվկիանոսի Բետանոս ծոցից։ Կա վարկած, ըստ որի՝ Լա Կորունյայի խորհրդանիշ դարձած աշտարակից էլ (columna) առաջացել է քաղաքի անվանումը (իսպ.՝ La Coruña)[3]։ Մեկ ուրիշ վարկածի համաձայն՝ այն կապված է կելտական «clunia» (իռլանդերեն՝ cluain) բառին, որ նշանակում է մարգագետին։

Հերակլեսի աշտարակը ազգային նշանակության կարևորություն ունի։ 2009 թվականին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Օբյեկտի մեջ են գտնվում նաև աշտարակի հարևանությամբ գտնվող հնագույն կառույցը, քանդակների պուրակը, երկաթի դարի ժայռապատկերները և մուսուլմանական դամբարանը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեոգանի հուշարձանը

Մինչ հռոմեացիների՝ Պիրենեյան թերակղզու հյուսիսարևմտյան մասում հաստատվելը այնտեղ գտնվել է Բրիգանտիայի թագավորությունը, որի մայրաքաղաքը, ինչպես ենթադրվում է, եղել է ժամանակակից Բետանսոս քաղաքը։ Քաղաքը եղել է առևտրական խոշոր կենտրոն։ Հնարավոր է, որ քաղաքի գետաբերանի մոտ եղել են ոչ մեծ պաշտպանական աշտարակներ և դիտակետեր։ Փարոսը, ըստ երևույթին, կառուցվել է փյունիկյան այդպիսի մի աշտարակի տեղում[2][5][6]։

Աշտարակի մասին հնագույն լեգենդը, որը պահպանվել է Իռլանդիայի գրավման մասին գրքում՝ գրված մոտ 1020 թվականին, վկայում է, որ կելտական թագավոր Բրեոգանը, հիմնելով Բրիգանտիում քաղաքը, վեր է խոյացրել Բրեոգանի աշտարակը, որից կարելի էր տեսնել նոր հողերը։ Բրեոգանի որդիները՝ Իտը և Միլը, բանակ են հավաքում և ուղևորվում՝ նվաճելու նոր երկիրը, որը կոչում են Իռլանդիա (Գալիցիայի և Իռլանդիայի միջև տարածությունը 900կմ է)։ Այս լեգենդի՝ Գալիցիայի տարբերակի, որը ստեղծվել է 900-1000 թվականներին՝ Տրեզենզոնիոս (Trezenzonius) անունով հոգևորականը, բարձրանալով Բրիգանտիումի աշտարակ, հեռու ծովում տեսել է հիասքանչ երկիր և Բրեոգանի որդիների նման ուղևորվել է այն գտնելու։

Հռոմեական տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան աշտարակից դեպի օվկիանոս և կողմնացույցը

Կառույցը վերագրվում է 2-րդ դարի սկզբին՝ Տրայանոսի տիրապետման շրջանին (98-117 թվականներ)։ Ք.հ. 1-ին դարում Գալիցիան գրավում են հռոմեացիները բնական պաշարներին և ատլանտյան առևտրական ճանապարհներին տիրելու համար։ Հուլիոս Կեսարի հայտնվելը «Բրիգանտիայում՝ Գալիցիայի քաղաքում», հիշատակվում է Դիոն Կասսիոսի աշխատություններում։ Հույն գիտնական Կլավդիոս Պտղոմեոսը նույնպես հիշատակել է քաղաքի հարստությունները՝ իր «Աշխարհագրություն» աշխատությունում այն անվանելով Գալիցիայի լավագույն նավահանգիստը։

Թերակղզու ափերը նավարկման համար դժվարամատչելի են եղել, ինչի պատճառով ստացել են Կոստա դա Մորտա («մահվան ափեր») անվանումը։ Շուտով հռոմեացիները ատլանտյան ափի երկայնքով կառուցում են մի քանի փարոսներ։ Բրիգանտիումի աշտարակը կառուցվել է 2-րդ դարում ճարտարապետ Կայ Սերվիուս Լուպուսի (լատին․՝ Caius Servius Lupus) կողմից։ Աշտարակը կառուցվել է Մարսի պատվին, ինչը վկայում է աշտարակի գրությունը. «MARTI AUG.SACR C.SEVIVS LUPUS ARCHTECTUS AEMINIENSIS LVSITANVS.EX.VO»[6]։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

407 թվականին հռոմեացիները լքում են Գալիցիան. նրա տեղում հիմնադրվում է անկախ պետություն։ Պատմաբան Պաուլուս Օրոսիուսը, որն ապրել է Գալիցիայի թագավորության առաջին տարիներին, հիշատակում է Բրիգանտիումի աշտարակը իր «Historia adversum Paganos» աշխատությունում։

Իսպանիայի ճանապարհի երկրորդ շրջադարձին , որտեղ Բրիգանտիա քաղաքն է, մի քանի այլ հուշարձանների շարքում վեր է խոյանում բարձր փարոս, որ ուղղված է Բրիտանիային[7]։

Միջին դարերում աշտարակը կորցնում է փարոսի իր նշանակությունը և վերածվում ամրության։ Արաբների և սաքսոնների հարձակումներից հետո Բրիտանիայի և միջերկրածովային պետությունների հետ առևտրական կապերը թուլանում են։ Մի քանի դար անց Եվրոպայի ատլանտյան ափերը ավերվում են վիկինգների և նորմանների կողմից. դա ազդում է Բրիտանիայի և Բրիգանտիայի վրա։ 844 թվականին վիկինգների 150 նավեր հարձակվում են Գալիցիայի վրա և ավերում այն։ Հարձակումը կասեցվում է Աստուրիայի թագավոր Ռամիրո 1-ինի կողմից։ Աշտարակի մոտ տեղի է ունենում ճակատամարտ, որից հետո գալիցիական ափի երկայնքով կառուցում են դիտակետեր, իսկ Բրիգանտիումի փարոսը օգտագործվում է ռազմական նպատակներով։ Սակայն 1015 թվականին սկանդինավյան նավատորմը Նորվեգիայի թագավոր Օլաֆ Հարալդսոնի ղեկավարությամբ ավերում է Բրիգանտիումը, դրա հետ էլ՝ փարոսը[6]։

Քանի որ Բետանսոս ծոցը անընդհատ լցվում էր ողողատով և էլ չէր ընդունում մեծ նավեր, Լեոն Ալֆոնսո 9-րդ թագավորը որոշում է 1208 թվականին նավահանգիստը տեղափոծել մոտակա Կրունիա քաղաք։ Նավահանգստային նոր քաղաքի արագ զարգացումը հանգեցնում է փարոսի նշանակության կորստին. այն սկսում են անվանել ուղղակի փարոս (Faro), ամրոց (Castelo) կամ հին ամրոց (Castelo Vello)[6][8]։

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Կորնիդի նախագիծը, 1792 թվական

17-րդ դարում Իսպանիայի պատերազմները Անգլիայի դեմ հանգեցրին առևտրական կապերի թուլացմանը. լքված մնաց և փարոսը։ 1862 թվականին Լերմայի դուքսը հանձնարարեց ճարտարապետ Ամարո Անտունեին (Amaro Antune) վերականգնել փարոսը։ Անտունեն աշտարակի ներսում կառուցեց փայտե աշտարակ և երկու փոքր աշտարակներ ազդանշային կրակների համար[9]։

17-18-րդ դարերում Գալիցիայի ղեկավարները մի քանի անգամ խնդրել են իսպանացի թագավորներին վերանորոգել փարոսը։ Առավել հիմնավոր առաջարկ է պարունակում Խոսե Կորնիդի աշխատությունը[10]։ Նա փարոսի հետազոտմանը նվիրել էր իր կյանքի 30 տարիները։ 1788 թվականին Կառլ 3-րդ արքան պատվիրում է սկսել փարոսի նորոգումը, որն ավարտվում է 1791 թվականին՝ Կառլ 5-րդի օրոք։ Աշտարակն ամբողջովին վերականգնվում է դասական ոճով՝ Կորնիդի նախագծի համաձայն։ Աշխատանքները գլխավորում է Էուստակիո Ջիանինին (Eustaquio Giannini). աշտարակին տրվում է այժմյան տեսքը[11]։ Փայտե սանդուղքը փոխարինվում է քարե սանդուղքով։ 1861 թվականին աշտարակի շուրջը հարթակ է հիմնվում[9]։

1849-1858 թվականներին աշտարակում կազմակերպվում են փարոսի շահագործման դասընթացներ։ 1927 թվականին աշտարակում անցկացվում է էլեկտրականություն[12]։ 1994-1995 թվականների պեղումների ընթացքում հայտնաբերվում են հինհռոմեական, միջնադարյան ավերակներ։ Բացահայտվում է, որ աշտարակն ունեցել է պաշտպանիչ արտաքին պատ, որը չի պահպանվել[13]։

Հերակլեսի լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարում կաստիլացի թագավոր Ալֆոնս 10-րդը իր «Cronica General» գրքում, օգտագործելով միջերկրածովյան լեգենդը, Բրիգանտիումի աշտարակի մասին նոր պատմություն է ստեղծում։ Դրա համաձայն՝ հին հունական առասպելական հերոս Հերակլեսը իր 10-րդ սխրանքի ժամանակ երեք օր անդադար կռվել է հսկա Գերիոնի դեմ և հաղթել նրան։ Հաղթանակի պատվին Հերակլեսը աշտարակ է կանգնեցրել, Գալաթիայից (Անատոլիա) մարդկանց է բնակեցրել քաղաքում, որից հետո էլ երկիրը կոչվել է Գալիցիա[6]։

Այս լեգենդը քարոզվել է Իսպանիայում 11-20-րդ դարերում, դրա հետևանքով էլ փարոսը ստացել է «Հերակլեսի աշտարակ» անունը։ Իսպանացի բանասեր, պատմաբան Ռամոն Մենենդես Պիդալը նույնպես ընդունում էր անվան ծագման այս տեսակետը[6]։

Աշտարակի պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերակլեսի աշտարակը Լա Կորունիի զինանշանի վրա

Փարոսի ամենավաղ պատկերները գտնվել են Էլ Բուրգո դե Օսմայի օրենսգրքում (1086)։ Միջնադարյան ամենամեծ քարտեզում, որ կազմվել է Անգլիայում 1300 թվականին, նույնպես պատկերվել է վառվող կրակով աշտարակը սուրբ Յակովի ճանապարհի վերջնակետում[6]։

Լա Կորունյայի մեզ հասած առաջին զինանշանը (1448) փոքր կնիք է ապահովագրական փաստաթղթի, որը քաղաքի կողմից տրվել է պորտուգալացի արևտրականին։ Կնիքում պատկերված է փարոսը լապտերով, եզրերում երկու ծովախեցիներ են։ 1552 թվականին Կառլ 5-րդի արքայական վկայականում հայտնվել է նոր գերբը՝ փարոսով, ութ ծովախեցիներով։ Գալիցիայի թագավորության մեզ հասած զինանշաններում երբեմն փարոսի և ծովախեցիների հետ պատկերվել է նաև Սուրբ գրաալը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Resources — Educational Materials» (անգլերեն). The United States Lighthouse Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 25.06.2009-ին.
  2. 2,0 2,1 Tower of Hercules (lighthouse, La Coruña, Spain) — Britannica Online Encyclopedia
  3. Thomas Baldwin A universal pronouncing gazetteer. — 6. — Philadilphia: Lindsay & Blakiston, 1847. — С. 169. — 630 с.
  4. «Tower of Hercules» (անգլերեն). UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 27.06.2009-ին.
  5. «The Tower of Hercules, La Coruña» (անգլերեն). UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 25.06.2009-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Coat of Arms and Flag of Corunna» (անգլերեն). County Corunna, Galicia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 25.06.2009-ին.
  7. Павел Орозий (415—417 гг.). «HISTORIARUM ADVERSUM PAGANOS PAULI OROSII LIBER PRIMUS» (լատիներեն). The Latin Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 26.06.2009-ին.
  8. «Маяк Башня Геркулеса – символ Ла-Корунья». proboating.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. 9,0 9,1 «History of the Tower — The medieval Tower» (անգլերեն). City of A Coruña. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 25.06.2009-ին.
  10. Don Joseph Cornide Investigaciones sobre la fundación y fábrica de la Torre llamada de Hércules,situada a la entrada del puerto de la Coruña. — Madrid: En la oficina de Don Benito Cano, 1792.
  11. «Torre de Hércules» (անգլերեն). Universidade da Coruña. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 25.06.2009-ին.
  12. «History of the Tower — The restoration of the Tower» (անգլերեն). City of A Coruña. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 25.06.2009-ին.
  13. «History of the Tower — The Roman lighthouse» (անգլերեն). City of A Coruña. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 25.06.2009-ին.