Հավերժ օտար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավերժ օտար, կարծրատիպ, որը հանդիսանում է նատիվիզմի ռասիստական և այլատյաց ձև։ Այն դրսևորվում է որևէ տարածքի բնիկ ժողովրդի կամ առավել վաղ հաստատված քաղաքացիների կողմից հասարակության որոշ անդամների (էթնիկ կամ այլ փոքրամասնությունների)[1] ընկալումը և ըստ այդմ նաև համապատասխան վերաբերմունքի տածումը որպես օտարականների։

Այս կարծրատիպին, ի թիվս այլնի, հաճախ նպաստում են տարբեր պետությունների ազգային օրենսդրական կարգավորումները։ Մասնավորապես, որոշ պետություններում մինչ օրս արդիականություն է վայելում հռոմեական իրավունքից փոխառված jus sanguinis սկզբունքը։ Օրինակ՝ Մյանմայում «ազգության մասին» օրենքը մինչ օրս «օտարերկրացի» կատեգորիայի ներքո է դիտարկում երկրի մուսուլմանական փոքրամասնության մաս կազմող ռոհինջա ժողովրդին։ Այսօրինակ վարմունքը 2016-2017 թվականներին հանգեցրել է ռոհինջաների նկատմամբ հալածանքների, որը որոշ փորձագետների կողմից դիտարկվում է որպես 21-րդ դարի ցեղասպանություն։

Որոշ երկրներում հավերժ օտարականի կարծրատիպը առաջին հերթին թիրախավորում է փախստականներին և ներգաղթյալներին։ Մի շարք ժողովուրդներ, օրինակ՝ արտասահմանաբնակ չինացիները, առավելապես շարունակում են կապվածություն զգալ Չինաստանի հետ, քան իրենց բնակության վայրի, ինչը շատ հաճախ դառնում է վերջիններիս նկատմամբ որպես հավերժ օտարի վերաբերմունքի ձևավորման պատճառ։ Շատ հաճախ Վրաստանի հասարակությունում որպես օտարական ընկալվում են Ջավախքում բնակվող հայերը, որոնք առավելապես կապված են Հայաստանի Հանրապետության, հայկական մշակույթի, հայոց լեզվի հետ[2][3] և որոշ դեպքերում բնավ ինտեգրված չեն վրաց հասարակությանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս կարծրատիպը հաճախ կիրառվում է երկրում բնակվող ասիացիների նկատմամբ, սակայն այն վերաբերում է նաև փոքրամասնության այլ համայնքների, ովքեր ամերիկյան հասարակությունում ընկալվում են որպես «օտարներ»[4]։ Անձնական փոխհարաբերություններում համերկրացու որպես օտարի ընկալումը կարող է դրսևորվել միկրոագրեսիայի ձևով, երբ փոքրամասնության խմբի ներկայացուցչին հղվում է հարց՝ «որտեղի՞ց ես»[5]։ Այն կարող է նաև արտահայտվել բացահայտ ագրեսիայով, երբ փոքրամասնության խմբի ներկայացուցչի նկատմամբ հնչում է ռասայական վիրավորանք․ օրինակ՝ «Վերադարձի՛ր այնտեղ, որտեղից եկել ես»։ Այսկերպ, ամերիկաբնակ աֆրիկացիների նկատմամբ երբեմն հնչում է էթնիկ վիրավորանք՝ վերջիններիս հորդորելով վերադառնալ Աֆրիկա[6]։

ԱՄՆ-ի Հավասար զբաղվածության հնարավորությունների հանձնաժողովը «Վերադարձիր այնտեղ, որտեղից ես եկել» արտահայտությունը մեկնաբանում է որպես էթնիկ ոտնձգության հնարավոր անօրինական ձև[7]։ Ատելության շարժառիթով հանցագործությունները, ինչպիսին է օրինակ Վինսենթ Չինի սպանությունը, դիտարկվում է որպես հավերժ օտարի կարծրատիպի դրսևորման ամենավտանգավոր ձև[8]։

Հետխորհրդային երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմի թաթարները Ղրիմի բնիկ ժողովուրդ են՝ սկյութական, հունական և գոթական արմատներով, սակայն իշխանությունները և բնիկները երկար ժամանակ նրանց վերաբերվել են որպես հավերժ օտարականների։ Երբ Ստալինի ժամանակաշրջանում բռնի աքսորված Ղրիմի թաթարները փորձեցին վերադառնալ Ղրիմ մինչև Պերեստրոյկան, նրանք հաճախ հանդիպում էին դաժան թշնամանքի այն պաշտոնյաների կողմից, ովքեր բռնի միջոցներ էին ձեռնարկում նրանց վտարելու համար և հրահանգներ ունեին կանխելու նրանց վերադարձը հայրենիք։ Միևնույն ժամանակ, ռուսական հրապարակումներն անդրադարձել են տեղահանված Ղրիմի թաթարներին, ովքեր վերադարձել են իրենց ծննդավայրերը որպես օտարներ[9][10]։

Վոլգայի գերմանացիները ունեին ԽՍՀՄ քաղաքացիություն, իսկ ավելի ուշ՝ նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, բայց նաև Գերմանիայում պաշտպանված էին գերմանական օրենքներով՝ jus sanguinis սկզբունքի տրամաբանությամբ։ Նացիստական Գերմանիայի վարած «Heim ins Reich»-ի քաղաքականությունը նպատակ էր հետապնդում խրախուսել նրանց վերադարձը Գերմանիա, ինչով պայմանավորված էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում վերջիններս արժանանում են խորհրդային հասարակության և իշխանությունների անվստահությանը որպես «օտարներ» («թշնամիներ») և շատերը այդ տարիներին աքսորվեցին Սիբիր։ Խորհրդային Միության փլուզումից հետո շատերը վերադարձան իրենց նախնիների հայրենիք՝ Գերմանիա, որտեղ նրանց հաճախ համարում էին ռուսներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dei, George J. Sefa; Hilowle, Shukri (2018 թ․ դեկտեմբերի 4). Cartographies of Race and Social Difference (անգլերեն). Springer. էջ 40. ISBN 9783319970769.
  2. Technologies, Peyotto. «Հայերի հանդեպ Վրաստանում չկա խտրական վերաբերմունք. Վան Բայբուրդ». 1in.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 20-ին.
  3. «Ստեղծվել է Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ». hetq.am. 24 դկտ 2009.
  4. Jacobson, Robin Dale; Wadsworth, Nancy D. (2012 թ․ փետրվարի 2). Faith and Race in American Political Life (անգլերեն). University of Virginia Press. ISBN 9780813932057.
  5. Sue, Derald Wing (2010 թ․ փետրվարի 9). Microaggressions in Everyday Life: Race, Gender, and Sexual Orientation (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 9780470594155.
  6. Hines, Bea L. (2019 թ․ հուլիսի 19). «I was told to 'Go Back to Africa.' Here's why I'm not going anywhere, Mr. Trump». Miami Herald. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  7. Silverstein, Jason (2019 թ․ հուլիսի 17). «U.S. Equal Employment Opportunity Commission specifically lists "go back to where you came from" as example of discrimination». CBS News. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  8. Rogers, Katie (2019 թ․ հուլիսի 16). «The Painful Roots of Trump's 'Go Back' Comment». The New York Times. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  9. Zisserman-Brodsky, Dina (2003). Constructing Ethnopolitics in the Soviet Union: Samizdat, Deprivation and the Rise of Ethnic Nationalism (անգլերեն). Springer. էջեր 82–83. ISBN 9781403973627.
  10. «Власти Крыма считают крымских татар диаспорой». Комментарии Украина (ռուսերեն). 2012 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.