Հանրային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանրային խորհուրդ, հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ մարմին, որն ունի ներքին ֆորմալ կառուցվածք։ Օրենսդրորեն այս մարմնին վերապահվում են որոշակի լիազորություններ։ Պետական որոշումների ընդունման և իրագործման հարցերի ժամանակ կառավարությունը սովորաբար խորհրդակցում է հանրային խորհրդի հետ[1]։ Հանրային խորհուրդը հանրային մասնակցության մեխանիզմներից մեկն է։ Հանրային խորհրդի հիմնական առանձնահատկությունը քաղաքացիների առավել մեծ ներգրավվածությունն է կառավարման մարմինների աշխատանքին։ Դրանք կարող են լինել ինչպես տեղական ինքնակառավարման, այնպես էլ օրենսդիր կամ գործադիր իշխանության մարմինները։

Հանրային խորհուրդներ կարող են ստեղծվել տարբեր նպատակներով՝

  • հատուկ հարցերի շուրջ փորձագետների հետ խորհրդակցությունների համար,
  • օրենսդրության մշակման ու պետական ​​բյուջեի ձևավորման ժամանակ աջակցություն տրամադրելու համար,
  • իշխանության որոշումների կատարումը մշտադիտարկելու համար,
  • որոշակի գործառույթներ իրականացնելու համար, որոնք պատվիրակվել են պետական իշխանության որևէ մարմնի կողմից։

Հանրային խորհուրդների գործունեության համար անհրաժեշտ պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հանրային կարծիքը հաշվի առնելու պետության շահագրգռվածությունը։ Այս հետաքրքրվածությունը կարող է արտահայտվել հարցերի լայն շրջանակի շուրջ հանրության հետ խորհրդակցություններով, քաղաքացիներին տեղեկացնելով ու կրթելով, որոնք քաղաքացիներին կօգնեն հասկանալ պետական քաղաքականության խնդիրներն ու հանդես գալ ծանրակշիռ առաջարկություններով, ինչպես նաև ստանալ բնակչության լայն շերտերի կարծիքների վերաբերյալ ընդհանուր պատկեր։ Պետության շահագրգռվածության հիմնական ցուցիչն իր աշխատանքում այն առաջարկությունների օգտագործումն է, որոնք վերջինս ստացել է հանրային խորհուրդներից։
  2. Հանրային խորհուրդների կողմից լոբբիստական ​​գործառույթ։ Հանրային խորհուրդները, որոնք մասնակցում են օրենսդրական ակտերի, պետական մարմնի գործողությունների պլանի կամ բյուջեի մշակմանը, հաճախ կարող են առաջ մղել հասարակական տարբեր խմբերի շահերը։ Դա արվում է շահագրգիռ խմբերին օգնելու՝ իրենց հետաքրքրող հարցերի շուրջ ազդել պետական ​​մարմինների վրա։
  3. Օրենսդրության դերը հանրային խորհուրդների գործունեության ապահովման գործում։ Պետական ​​մարմինների գործունեության մեջ հանրային մասնակցության հարցերը կարող են կիրառվել տարբեր մակարդակներում՝ սահմանադրության մեջ, վարչական օրենքներում կամ օրենսգրքերում, ինչպես նաև հանրային մասնակցության մասին հատուկ օրենսդրության մեջ։

Հայաստանի հանրային խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի հանրային խորհրդի գործունեությունը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ և «Հանրային խորհրդի մասին» օրենքով։ Սահմանադրության 161-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային խորհուրդը ՀՀ կառավարության խորհրդակցական մարմին է, իսկ դրա կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է «Հանրային խորհրդի մասին» օրենքով[2]։

Հայաստանի հանրային խորհուրդը ստեղծվել է դեռևս 2008 թվականի հուլիսի 12-ին, իսկ կանոնադրությունը և առաջին 12 անդամների կազմը հաստատվել է 2009 թվականի մարտի 11-ին[3]։ Այդ ժամանակ Հանրային խորհուրդը կազմված էր 36 անդամից, որոնցից 12-ին նշանակում էր ՀՀ նախագահը, 12-ին ընտրում էին հանձնաժողովները։ Հետագայում 24 անդամից յուրաքանչյուրն առաջադրում է ՀԽ-ի մեկական թեկնածու, որոնցից առավել շատ ձայներ ստացած 12 անձի առաջարկվում էր անդամակցել ՀԽ-ին։ Ըստ կանոնադրության 3-րդ կետի՝ Հանրային խորհուրդն ապաքաղաքականացված մարմին է, որի գործունեությունը հիմնվում է ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների, սփյուռքի ներկայացուցիչների կամավոր մասնակցության սկզբունքի վրա[4]։ 2009 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հանրային խորհրդի անդամներ էին նշանակվել Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Գագիկ Մանասյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գևորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Վազգեն Մանուկյանը, Սմբատ Լպուտյանը և Էդիկ Մինասյանը։ Արդյունքում Հանրային խորհրդի նախագահ ընտրվեց Վազգեն Մանուկյանը, որն այդ պաշտոնին մնաց ընդհուպ մինչև 2019 թվականը[5]։

2015 թվականին Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո սկսվեց Հանրային խորհրդի՝ գործադիր իշխանության խորհրդակցական մարմին դառնալու օրենսդրական գործընթացը։ 2018 թվականի մարտի 7-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքը։ Օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ Հանրային խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան, Կառավարության խորհրդակցական մարմին է[6]։ Բացի այդ, դրա գործունեությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա։ Օրենքը սահմանում է, որ Հանրային խորհրդի խնդիրների թվում են քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը, պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, այդ թվում` քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առաջարկություններ ներկայացնելը, ՀՀ կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը, հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտումը և այլն։

Հանրային խորհուրդը կարող է կազմակերպել նաև հանրային լսումներ կամ քննարկումներ։

Հանրային խորհուրդը կազմված է 45 անդամից, որից 15 անդամը նշանակվում է ՀՀ կառավարության կողմից։ Հերթական Հանրային խորհրդի կազմավորումը սկսվում է ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական ընտրությանը հաջորդող Կառավարության կազմավորումից հետո` 30-օրյա ժամկետում։

2019 թվականի դեկտեմբերի 19-ին Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ[7]։ Նա այդ պաշտոնում մնաց մինչև 2021 թվականի մայիս ամիսը[8]։ Սաֆարյանի հրաժարականի պատճառը 2021 թվականի հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի կազմում ընտրություններին մասնակցելն էր[9]։

2021 թվականի հունիսից ՀՀ հանրային խորհուրդը փաստացի չի գործում[10]։

Բացի Հայաստանի հանրային խորհրդից, ՀՀ նախարարություններին կից գործում են նաև հասարակական խորհուրդներ, որոնք ունեն խորհրդակցական մարմնի գործառույթ։ Դրանց թվում թերևս ամենաակտիվը ՀՀ պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհուրդն է[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ օրենքը Հանրային խորհրդի մասին». arlis.am. Վերցված է փետրվարի 27, 2024 թ.-ին.
  2. www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docID=143723. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Հանրապետության նախագահի կարգադրությունները - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  4. Հանրային խորհրդի կանոնադրություն. Երևան: ՀՀ նախագահի աշխատակազմ. 2009.
  5. Խուլյան, Արտակ (2019 թ․ նոյեմբերի 13). «Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից». «Ազատություն» ռադիոկայան. azatutyun.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  6. www.arlis.am https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120555. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. «Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ». Hetq.am. 2019 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  8. «Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել. նա կմասնակցի ընտրություններին». Armtimes.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  9. ««Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ընտրական ցուցակի առաջին 15 համարները». www.1lurer.am. 2021 թ․ մայիսի 27. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  10. Պապիկյան, Աննա (2022 թ․ հունվարի 25). «Հանրային խորհուրդը 8 ամիս է՝ չի գործում․ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում». Հրապարակ. hraparak.am. Վերցված է 20.02.2024-ին.
  11. content. «ՀՀ ՊՆ - Գրադարան». www.mil.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.