Հանս Սաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանս Սաքս
Sachs.gif
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունգերմ.՝ Hans Sachs
Ծնվել էնոյեմբերի 5, 1494[1][2][3]
Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[4]
ԵրկիրBanner of the Holy Roman Emperor with haloes (1400-1806).svg Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էհունվարի 19, 1576[1][2][3] (81 տարեկանում)
Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[4]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, երգիչ, դրամատուրգ, դերասան և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ

Հանս Սաքս (գերմ.՝ Hans Sachs, 5 նոյեմբերի, 1494, Նյուրնբերգ - 19 հունվարի, 1576, Նյուրնբերգ), գերմանացի մայստերզինգեր, բանաստեղծ և դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Սաքսը ծնվել է 1494 թվականին, դերձակի ընտանիքում: Հաճախել է լատինական դպրոց, ապա 1509-1511 թվականներին սովորել է կոշկակարություն, որից հետո հինգ տարի եղել է շրջիկ ենթավարպետ: Այդ ընթացքում նա եղել է Ավստրիայի Ինսբրուք քաղաքում, կայսր Մաքսիմիլիան I-ի պալատում: Հավանաբար նա այստեղ է որոշել զբաղվել մայստերզինգերի արվեստով: Այդ ուղղությամբ կրթություն է ստացել Մյունխենում, Լեոնարդ Նոնենբեկի մոտ: 1520 թվականին բնակության է հաստատվել Նյուրնբերգում, որտեղ դարձել է կոշկակար-վարպետ և միաժամանակ մայստերզինգերների ընկերության նախագահն ու ակտիվ անդամը: Հանսն ամուսնացել է 1519 թվականին՝ 17-ամյա Կունիգունդ Կրոյցերի հետ: Երբ վերջինս 1560 թվականին մահացավ, Հանսը մեկ տարի անց ամուսնացավ երիտասարդ այրի Բարբարա Հարշերի հետ: Առաջին ամուսնությունից ուներ յոթ զավակ, որոնցից ոչ մեկն իրենից երկար չապրեց: Հանս Սաքսն ամենասկզբում աջակցում էր Մարտին Լյութերի ռեֆորմացիային: Նախևառաջ նա հռչակ ձեռք բերեց որպես բանաստեղծ, որ իր գրվածքներում արտահայտում էր ռեֆորմացիայի գաղափարները: Գրել է ավելի քան 6000 բանաստեղծություն և համարվում է 16-րդ դարի ամենահայտնի բանաստեղծներից մեկը:

Ճանաչումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Սաքսը նախ և առաջ իր ժամանակակիցներին հայտնի էր որպես մայստերզինգեր: Դեռ կենդանության օրոք նա ամենակարդացվող հեղինակներից մեկն էր, նրա ստեղծագործությունները հաճախ բեմ էին բարձրանում: 1558 թվականին նա ինքը սկսեց հրատարակել իր գրվածքները, որոնք հետագայում անդադար համալրում էր նոր շվանկերով, ֆաստնախտշպիլներով, դրամաներով, բանաստեղծություններով ու արձակ երկխոսություններով: Բացի դրանից նա հայտնի էր որպես ռեֆորմացիայի կողմնակից ու քարոզող: 1523 թ.-ից 1526 թվականներին նա տարածում էր թռուցիկ-երկխոսություններ՝ ռեֆորմացիայի թեմայով: Այդ պատճառով նրան արգելվեց զբաղվել գրական գործունեությամբ, և Հանսը ստիպված էր իր օրվա ապրուստը վաստակել կոշկակարությամբ: 1529 թվականին Նյուրնբերգն իրեն հռչակեց որպես բողոքական քաղաք, որից հետո այդ արգելքը վերացավ:

Հանս Սաքսի մահվան 400-ամյակին նվիրված գերմանական նամականիշ (1976 թ.):

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Սաքսի գրչին է պատկանում ավելի քան 6000 բանաստեղծություն, ինչը հատկապես զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ նա ապրուստի համար վաստակում էր ոչ թե գրական գործունեությամբ, այլ կոշկակարի արհեստով: Նրա ստեղծագործությունները խիստ բազմազան են: Այսպես, օրինակ, երգերի մի մասը հոգևոր թեմաներով են, մի մասը՝ աշխարհիկ: Նաև միևնույն երգը հանդիպում է մի քանի տարբերակներով: Շվանկերն ու ֆաստնախտշպիլները գրված են նյուրնբերգյան ավանդույթներով: Բացի դրանից, նրա գրչին են պատկանում նաև մի շարք կատակերգություններ ու ողբերգություններ, որոնց սյուժեները բխում են անտիկ շրջանի, միջնադարի կամ սուրբգրային ավանդություններից: Դրանք հաճախ ունեն դիդակտիկ կամ երգիծական բնույթ, և նրա բարոյախոսությունը զուրկ չէ կեղծ բարեպաշտությունից։ Իսկ զարգացնելով մայստերզանգի (տես Մայստերզինգեր) բանաստեղծական մտահորիզոնը՝ Սաքսն իր սյուժեները սկսեց քաղել նաև առօրյա կյանքից, ժողովրդական գրքերից և հրապարակային անեկդոտներից։ Առավել հայտնի են «Աշակերտը դրախտում» և «Փերեզակի զամբյուղը» ֆարսերը (զավեշտախաղ): Հանս Սաքսին է վերագրվում նաև միջնադարից պահպանված մեղեդային տասներեք մոդել կամ տոնայնության օրինակներ (գերմ.՝ Meistertöne), որոնցով երգել են ոչ միայն Սաքսի երգերը, այլև շատ ուրիշ մայստերզինգերների:

Հանս Սաքսի կերպարը համաշխարհային արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Սաքսի կերպարն օգտագործել են Վ․ Ցիրովեցն ու Ալբերտ Լորցինգը՝ «Հանս Սաքս» օպերայում (1834 թ.) և Ռիխարդ Վագները՝ «Նյուրնբերգյան մայստերզինգերները», օպերայում (1868 թ.) ։ Իսկ Գյոթեն գրել է պոեմ՝ նվիրված միջնադարյան հռչակավոր մայստերզինգերին («Hans Sachsens poetische Sendung»):


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Сакс Ганс // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 252 CC-BY-SA-icon-80x15.png