Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա»
ՀեղինակՊետրոս Հովհաննիսյան, Աշոտ Աբրահամյան
Ժանրսկզբնաղբյուրների ժողովածու
ԹեմաՀայոց պատմություն
Կազմված է4 հատոր
Բնօրինակ լեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1981
ԽմբագիրԳագիկ Սարգսյան, Լենդրուշ Խուրշուդյան
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայկական ԽՍՀ
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԵրևանի համալսարանի հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ1981
ԳՄԴ63.3(2Հ)

«Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի կողմից պատրաստված հայ ժողովրդի պատմության սկզբնաղբյուրների քառահատոր ժողովածու, որը կազմել են Պետրոս Հովհաննիսյանը և Աշոտ Աբրահամյանը։ Ժողովածուի մեջ ըստ ժամանակագրական հերթականության զետեղված են հայ և օտար պատմիչների, տարեգիրների երկերում, վիմագիր արձանագրություններում, այլաբնույթ գրական հուշարձաններում տեղ գտած հին Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային պատմությանը վերաբերվող կարևորագույն վկայությունները[1]։

Ծրագրի համաձայն քրեստոմատիան պետք է լիներ քառահատոր հրատարակություն[2]։ Հատորներից յուրաքանչյուրը նվիրված է որոշակի պատմական ժամանակաշրջանի՝ 1-ին հատորն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև մ․թ․ 9-րդ դարի կեսերը, 2-րդը՝ 9-րդ դարի կեսերից մինչև 18-րդ դարի վերջը, 3-րդը՝ 1800-1917 թվականները, իսկ 4-րդը՝ 1917 թվականից մինչև մեր օրերը։ Քրեստոմատիայի նպատակն է օգնել ուսանողներին, գիտաշխատողներին, ուսուցիչներին, ինչպես նաև ընթերցող լայն հասարակությանը ծանոթանալու հայ ժողովրդի պատմության ամենատարբեր պատմական ժամանակաշրջաններին ու հարցերին՝ կարևորագույն աղբյուրագիտական վկայությունների, նյութերի և վավերագրերի միջոցով։ Ժողովածուն բաղկացած է՝ հունա-հռոմեական, արաբական, պարսկա-թուրքական, արևմտաեվրոպական և այլալեզու այլ սկզբնաղբյուրների վկայությունները, որոնք արժեքավոր ու եզակի տեղեկություններ են հաղորդում հայերի և Հայաստանի մասին[1]։

1-ին հատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուի 1-ին հատորը հրատարակվել է 1981 թվականին Երևանի համալսարանի հրատարակչությունում։ Խմբագիրներն են՝ Գագիկ Սարգսյանը և Լենդրուշ Խուրշուդյանը։ 1-ին հատորը կրում է՝ «Հնագույն ժամանակներից մինչև 9-րդ դարի կեսերը» խորաագիրը։ Հատորում նյութերն ընտրված և դասավորված են այնպես, որ ընթերցողը որոշակի պատկերացում կազմի Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի ու ժողովուրդների, հայ ժողովրդի կազմավորման ընթացքի, հայկական պետականության ձևավորման ու զարգացման, օտար աշխարհակալությունների ու նվաճողների դեմ մղած ազատագրական պայքարի դրվագների, սոցիալական ու դասակարգային շարժումների և այլ հարցերի մասին։ Հնարավորության սահմաններում տրված են նաև հայ ժողովրդի ներքին կյանքին, զբաղմունքին ու տնտեսությանը, կենցաղին, նիստուկացին, սովորույթներին, հավատալիքներին, մշակույթի տարբեր հարցերին աղերսվող կարևորագույն մատենագրական վկայությունները[1]։

Քրեստոմատիայում լայնորեն օգտագործվել են անտիկ և վաղ միջնադարյան հեղինակների համապատասխան երկերի արդեն գոյություն ունեցող թարգմանությունները, հատկապես «Օտար աղբյուրները Հայաստանի ու հայերի մասին» մատենաշարով լույս տեսած հրատարակությունները։ Սեպագրական, պատմագրական և վիմագրական բնույթի նյութերի մեծ մասը հայերեն ամբողջական տեսքով լույս են տեսել առաջին անգամ։ Որոշ նյութեր՝ Ղազար Փարպեցու «Հայոց պատմությունը», վրացական աղբյուրները, Ստրաբոնի «Աշխարհագրությունը» և այլն, ներկայացված են նոր՝ քրեստոմատիայի համար կատարված թարգմանություններով։ Հայկական սկզբնաղբյուրներից ներկայացվող նյութերը տրվում են աշխարհաբար թարգմանությամբ։ Քրեստոմատիայում ընդգրկված սկզբնաղբյուրային տեքստերին կցված են փոքրիկ ներածականներ, որտեղ տրվում են հեղինակների մասին ընդհանուր տեղեկություններ, որոշ դեպքերում էլ՝ երկերի սեղմ բնութագիրը։ Նշվում է նաև տվյալ տեքստի թարգմանչի անունը և այն հրատարակությունը, որից կատարված է թարգմանությունը։ Նյութերում հանդիպող վիճելի, անհասկանալի, բացատրություններ պահանջող տեղերը ծանոթագրվում են տեքստից անմիջապես հետո։ Ծանոթագրությունները տրված են գիտության մեջ քաղաքացիություն ստացած տեսակետներին համապատասխան՝ հիմ ընդունելով ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ հրատարակված «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյակը։ Գրքի վերջում զետեղված է անձնանունների, տեղանունների և ցեղանունների ցանկ[1]։

Հատորի առաջին բաժինը, որ կրում է «Ստրկատիրական հասարակարգը Հայաստանում» խորագիրը՝ կազմել, ծանոթագրել և հրատարակության է պատրաստել պատմական գիտությունների թեկնածու Պետրոս Հովհաննիսյանը, իսկ երկրորդ բաժինը, որ կրում է «Հայաստանը վաղ ֆեոդալիզմի դարաշրջանում» խորագիրը՝ պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը։ «Ուրարտական աղբյուրները» թարգմանել, կազմել, ծանոթագրել ու հրատարակության է պատրաստել Հովհաննես Կարագյոզյանը, իսկ «Բյուզանդական աղբյուրները պավլիկյան շարժման մասին» հատվածը՝ պատմական գիտությունների դոկտոր Հրաչ Բարթիկյանը[1]։

1-ին հատորը երկրորդ անգամ վերահրատարակվել է 2007 թվականին, որը կազմել են՝ Պետրոս Հովհաննիսյանը և Արտակ Մովսիսյանը։ Ժողովածուն կրում էր այլ խորագիր՝ «հնագույն ժամանակներից մինչև 298 թ.»։ Այս հրատարակությունը ընդգրկում է անտիկ հույն և հռոմեացի պատմիչների, հին հայ հեղինակների երկասիրություններում, վիմագիր արձանագրություններում և այլաբնույթ գրական հուշարձաններում տեղ գտած հին Հայաստանի քաղաքական, տնտեսական ու մշակութային պատմությանը վերաբերվող կարևորագույն վկայությունները[2]։

2-րդ հատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2-րդ հատորը հրատարակվել է 2011 թվականին, որը կազմել են՝ Պետրոս Հովհաննիսյանը և Արտակ Մովսիսյանը։ Ժողովածուն ընդգրկում է 3-րդ դարի վերջերից մինչև 9-րդ դարի կեսերը ընկած պատմական ժամանակաշրջանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Պետրոս Հովհաննիսյան, Աշոտ Աբրահամյան, «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», հատոր 1 (Երևանի համալսարանի հրատարակչություն) (խմբ. Գագիկ Սարգսյան, Լենդրուշ Խուրշուդյան), Երևան էջ 1-5 — 944 էջ։
  2. 2,0 2,1 Պետրոս Հովհաննիսյան, Արտակ Մովսիսյան, «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», հատոր 1 (Երևանի համալսարանի հրատարակչություն), Երևան էջ 1-7 — 550 էջ, ISBN 978-5-8084-0847-0։