Հայկական ժողովրդական և եկեղեցական տոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տյառնընդառաջ
Քէիսրոսի հարություն առնելը

Հայկական ժողովրդական և եկեղեցական տոներ, Ավանդաբար փոխանցվող կրոնանկեղեցական և ժողովրդական տոներն են, որոնք սկզբնավորվել են հիմնականում նախաքրիստոնեական շրջանում և հետագայում հարմարեցվել քրիստոնեական տոնացույցին՝ պահպանելով հնագույն ծիսակարգին ու հավատալիքներին առնչվող մի շարք սովորույթներ և արարողակարգեր։ Եկեղեցական տոները նվիրված են Հիսուս Քրիստոսին, Մարիամ Աստվածածնին, Սուրբ Խաչին, սրբերին, ազգային նշանավոր դեմքերին ու իրադարձություններին։ Ամանոր/Նոր տարին ժամանակագրական առումով առաջին ժողովրդական տոնն է։ Մինչև 19-րդ դար հայերը տարվա սկիզբը համարել են Նավասարդը, որը շարժական տոն էր. նշվել է օգոստոսից մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները։ 19-րդ դարում, ըստ Սիմեոն Ա Երևանցու տոնացույցի, Նավասարդը փոխարինվել է Ամանոր/Նոր տարով, որն էլ դարձել է տարվա սկիզբ, ամրագրվել հունվարի 1-ով՝ իբրև անշարժ տոն։ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Ջրօրհնեք և Մկրտություն անշարժ տոնը հունվարի 6-ին է. խորհրդանշում է Հիսուսի ծնունդն ու մկրտությունը։ Հայ եկեղեցու 5 տաղավար տոներից առաջինն է։ Հորդանան գետում Հիսուսի մկրտության խորհրդով և նախնյաց ծեսի (հնում այդ օրը մարդիկ որևէ իր են գցել հոսող ջրի մեջ՝ միաժամանակ կարևոր մի բան մտքներում պահելով, որովհետև ջուրը մաքրում է հողն ու մարդկանց) նմանությամբ Հայ եկեղեցում հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեքի արարողություն, որի ժամանակ Տերունական Խաչն ընկղմում են ջրի մեջ։ Սուրբ Սարգիսը երիտասարդների ու սիրահարների խորհրդավոր երազների կատարման տոնն է, նրանց ճակատագրի նախագուշակը։ Կատարվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Տյառնընդառաջ/Տրընդեզն անշարժ տոն է, կատարվում է փետրվարի 14-ին (նշվում է փետրվարի 13-ի երեկոյից)։ Երբ 40-օրական Հիսուսին ծնողները տարել են տաճար, նրանց ընդառաջ է եկել Սիմեոն ծերունին։ Այստեղից էլ տոնի անունը՝ Տիրոջն ընդառաջ՝ Տյառնընդառաջ գնալ։ Այս տոնը համարվում է գարնան ավետաբեր, առատ բերք ու բարիքի, նոր ամուսնացող զույգերի բարօրության, պտղաբերության նախագուշակ։ Տոնի խորհուրդը խարույկ վառելն է. կրակը խափանում է չարը։ Խարույկի վրայով ցատկում են երիտասարդները, նորապսակները, որպեսզի կատարվեն իրենց նպատակները, տարին բարի լինի, և նորահարսները մայրանան։ Այս տոնին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։ Բարեկենդանը Մեծ պահքին նախորդող երկշաբաթյա տոնախմբությունների՝ ժողովրդական պարերի, թատերախաղերի, հարսանիքների ու խնջույքների ժամանակահատված է։ Ավետում է բնության զարթոնքի սկիզբը։ Առանձնանում են հատկապես 2-րդ շաբաթվա հինգշաբթին և վերջին՝ Բուն բարեկենդանի օրերը։ Հինգշաբթին հանգուցյալների հիշատակության հատուկ օր է, Հայ եկեղեցու տոնացույցում հիշատակվում է որպես Վարդանանց նահատակության օր։ Մեծ պահք/Մեծ պասն սկսվում է Բուն բարեկենդանի հաջորդ օրվանից։ Այն 7-շաբաթյա ինքնաքննության, մաքրության ու ժուժկալության ժամանակաշրջան է, որի ընթացքում սովորաբար ուրախ հանդիսություններ, նշանադրություն և հարսանիք չեն անում։ Ընդունված է հատուկ սահմանափակումներով՝ միայն բուսական կերակրատեսակներով սնվելու կարգ։ Ծաղկազարդ/Ծառզարդարը Մեծ պահքի 6-րդ կիրակին է, ազդարարում է բնության զարթոնքը։ գլխավոր արարողությունն առաջին ծաղկող ծառի՝ ուռենու և նորածիլ կանաչի օրհնությունն է։ Տոնի խորհուրդը Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքն է Երուսաղեմ, երբ ժողովուրդը նրան դիմավորել է մեծ խանդավառությամբ՝ ճանապարհին արմավենու և ձիթենու կանաչ ճյուղեր փռելով։ Հայ եկեղեցին Ծառզարդարի տոնը հռչակել է մանուկների օրհնության օր։ Մեծ պահքի 7-րդ՝ Ավագ շաբաթը Հիսուսի տնօրինական վերջին խորհուրդների հայտնության շաբաթն է։ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը։ Ավագ շաբաթ երեկոյան եկեղեցում կատարվում է ճրագալույցը, Սուրբ Պատարագի ժամանակ ավետվում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը։ Սուրբ Զատիկը՝ Հայ եկեղեցու տաղավար տոներից 2-րդը, շարժական տոն է։ Նշվում է գարնանային գիշերահավասարից հետո՝ լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը՝ մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում՝ 35 օրվա շարժականությամբ։ Հայոց շարժական տոների օրերը պայմանավորվում են Սուրբ Զատկի տոնով։ «Զատիկ» նշանակում է գատվել, ազատվել չարչարանքից։ Նախապես եղել է հեթանոսական տոն։ Քրիստոնեության շրջանում Զատիկը միավորվել է Քրիստոսի հրաշափառ Հարության հետ, որը բովանդակում է անընկճելի կյանքի խորհուրդ, իսկ ձուն, որից կյանք են առնում շատ ու շատ շնչավոր էակներ, այդ տոնի խորհուրդն է։ Ձուն կարմիր ներկելը խորհրդանշում է Քրիստոսի արյան հեղումը Տիեզերքի փրկության համար։ Սուրբ Զատկի, ինչպես և Հայ եկեղեցու մնացած բոլոր տաղավար տոների հաջորդ օրը հանգուցյալների հիշատակի օր է՝ մեռելոց։ Համբարձումը Հարությունից հետո 40-րդ օրը Հիսուս Քրիստոսի երկինք համաբարձվելու և Հոր աջ կողմը նստելու հիշատակության օրն է։ Կոչվում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի օր, Ծաղկամոր կիրակի։ Այն Երիտասարդների ճակատագրերը գուշակելու տոնն է։ Վարդավառը Հայ եկեղեցու 3-րդ տաղավար տոնն է. նշվում է Սուրբ Զատկից 14 շաբաթ անց՝ հուլիսի վերջին։ Ըստ քրիստոնեական ավանդույթի՝ Վարդավառը համընկնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին։ ժողովրդական տոնը շատ ավելի հին ծագում ունի և կապվում է ջրի պաշտամունքի հետ։ Մարդիկ զարդարվում են վարդերով և այլ ծաղիկներով, միմյանց վրա ջուր են ցողում, սպիտակ աղավնիներ են թռցնում երկինք՝ պապակ հողի համար անձրև խնդրելով։ Օրվա ծիսական պտուղը խնձորն է, որը եկեղեցում օրհնվում է և այդ օրվանից թույլատրվում է ուտել։ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Մարիամ Աստվածածնի երկինք փոխադրվելու հիշատակի օրն է։ Հայ եկեղեցու 4-րդ տաղավար տոնն է։ Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը։ Մարդիկ եկեղեցի են բերում նաև առաջին անգամ քաղած խաղողը, որպեսզի օրհնվի (այստեղից էլ՝ տոնի ժողովրդական անունը՝ Խաղողօրհնեք), միաժամանակ դա նվիրաբերություն է Աստվածածնին։ Խաղողի պաշտամունքը հին սովորություն է. նախաքրիստոնեական Հայաստանում խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը։ Խաչվերաց տոնը (կոչվում է նաև Սուրբ Խաչ, Սըբխեչ, Ուլոց) Հայ եկեղեցու վերջին՝ 5-րդ տաղավար տոնն է. նշվում է սեպտեմբերի 14-ի մերձակա կիրակի օրը։ Մարդիկ այցելում են մերձավորների շիրիմներին։ Այդ օրն ընդունված է ուլ խորովելը։ Քրիստոնեության շրջանում տոնը կապվել է Սուրբ Խաչի գերությունից դարձի (վերադարձի) պատմության հետ՝ ստանալով նոր խորհուրդ։ Բոլոր ժողովրդական տոներն ուղեկցվել են երգ-երաժշտությամբ, արտասանություններով, որոնք մշակել ու ժողովրդին են ներկայացրել բանաստեղծները, կոմպոզիտորները, գեղանկարիչները և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։